Ժողովրդական բժշկություն. Դանդուռի օգտակար հատկությունները
| |
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 513 | 12:00 | |
Դանդուռ բանջարանոցայինը միամյա բույս է, պատկանում է դանդուռազգիների ընտանիքին (Portulacaceae), որն ընդգրկում է ավելի քան 100 տեսակներ: Ըստ որոշ տեղեկությունների հայտնի է եղել ավելի քան 10.000 տարի առաջ՝ Հունաստանում պեղումների ժամանակ հայտնաբերվել են բույսի սերմերը: Կան տվյալներ, որ բույսն առնվազն 3000 տարի առաջ օգտագործվել է որպես սննդամթերք Արևմտյան Հնդկաստանում: Հին Եգիպտոսում պատկերել են հիերոգլիֆների վրա՝ «Մակխ-Մակայ» անվանմամբ: Եգիպտոսում ու Մերձավոր Արևելքում մինչ մեր օրերը դանդուռը հարգի սննդամթերք է՝ ավելացնում են ձվածեղի մեջ, իսկ թարմ ու չորացրած տերևներով ու ցողունով համեմած աղցանները ստացել են «ֆատուշ» անվանումը: Հնէաբան Շելլը հայտնաբերել է դանդուռի բուժիչ հատկություններն ու դեղերի պատրաստման եղանակները նկարագրող հին ասորական ձեռագրեր: Թեոֆրաստը, Հիպոկրատը, Պլինիուսը խորհուրդ են տվել կիրառել դանդուռը գլխացավի, թութքի, աչքի, ստամոքսի հիվանդությունների, արյունոտ խորխի ու որդերի դեմ: Սակայն անտիկ ժամանակներում հույներն, ի տարբերություն հռոմեացիների, չեն օգտագործել դանդուռը սննդի մեջ: Բույսի գիտական անվանումը բառացիորեն թարգմանվում է՝ «դռնակ»: Հայերենում ունի նաև փրփրեմ, խոճկորուկ, դանդռնիկ, նուկտավ, անդրաքնե, ղրֆա և այլ անվանումներ: Դանդուռ բանջարանոցայինի դեղաբանական հատկություններն ու կիրառումը Բույսից ստացված պատրասուկներն ունեն միզամուղ, լեղամուղ, հանգստացնող, վերքամոքիչ, արյունարգել, որդաթափ, ջերմիջեցնող, օրգանիզմն ամրացնող ու թույները հեռացնող, քրտնամուղ, քնաբեր, հականեխիչ, ցավամոքիչ, հակաբորբոքային, հակաօքսիդանտ, հակաուռուցքային ազդեցություն: Արաբ բժիշկները հնագույն ժամանակներից օգտագործում են դանդուռը որպես արյան մեջ շաքարի բաղադրությունն իջեցնող միջոց: Ռուս բուսաբաններն առաջարկում են կիրառել դանդուռը հիպոտոնիայի, իսկ չին ժողովրդական բժիշկությունը` սուսանակի, արթրիտի, դիզենտերիայի, ինֆեկցիոն բնույթի պարալիչների, երիկամների ու լյարդի հիվանդությունների, կրետի ու կարիճի խայթոցների դեմ: Ժողովրդական դեղատոմսեր դանդուռ բանջարանոցայինով Դիզենտերիա. 1 ճ.գ. թարմ տերևը 30 րոպե եփեք 300 մլ եռջրում՝ ջրային բաղնիքի վրա: Կրակն անջատելուց հետո ավելացրեք սխտորի 2 ատամիկ, 20 րոպե թրմեք տաք տեղում: Քամեք, խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ ուտելուց, 30 րոպե առաջ: Կամ խառնեք 50-ական գ թարմ տերև ու շաքարավազ, 1 մանր կտրատած միջին սխտոր, լցրեք 600 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա, 30 րոպե թրմեք, քամեք: Խմեք 50-ական մլ, 90-ական րոպե ընդմիջումներով: Տրիխոմոնոզ. տերևը տրորեք, 50 գ հումքը հարեք 1 ձվի սպիտակուցի հետ: Կերեք 20-ական գ, օրը 3 անգամ, ուտելուց 1ժամ հետո: Ասթմա. չոր սերմը տրորեք, խառնեք մեղրին (1:1): Կերեք 1-ական թ.գ., օրը 3 անգամ, ուտելուց առաջ: Թեփավոր որքին, խոնավ էկզեմա. սերմը փոշիացրեք, 10 գ լցրեք 200 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք, 30 րոպե թրմեք, քամեք քառատակ ծալած թանզիվով: Եփուկը նախատեսված է արտաքին օգտագործման համար: Փսորիազ. սերմը տրորեք, 2 ճ.գ.-ը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրով ջերմապահում: Թրջոց դրեք, անընդհատ թարմացրեք: Ազդեցիկ միջոց է, թեթևացնում է վիճակը: Կամ փոշիացրած սերմը 24 ժամ թրմեք երեսնակ բժշկականի գոլ յուղամզվածքում: Նախատեսված է արտաքին օգտագործման համար, կանխարգելում է հիվանդության սրացումը: Լյարդի, լեղապարկի հիվանդություններ. սերմը՝ 1-2 գ կամ 10-20 գ թարմ խոտը, լցրեք 200 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք, 2 ժամ թրմեք, քամեք: Խմեք 1-2 ճ.գ. , օրը 2-3 անգամ: Սպիտակաթորանք. 40 գ թարմ խոտը 2 ժամ թրմեք 200 մլ սառը ջրում, զտեք հյութը, ավելացրեք 2 ձվի սպիտակուց: 2-3 րոպե տաքացրեք թույլ կրակի վրա, ընթացքում խառնեք: Խմեք փոքր չափաբաժիններով` 1օրվա ընթացքում: Շարունակեք 10 օր: Արթրիտ. թարմ խոտը՝ 1ճ.գ., լցրեք 200 մլ սառը ջրի մեջ, 10 րոպե եռացրեք: Փակ տարան փաթաթեք սրբիչով, 2 ժամ թրմեք, քամեք: Խմեք 1-ական ճ.գ., օրը 4 անգամ: Օգտակար է նաև այտուցվածությամբ ուղեկցվող երիկամների հիվանդությունների, ցավոտ միզարձակության ժամանակ: Խմեք 2-ական ճ.գ., օրը 3-4 անգամ: Ստամոքսահյութի բարձր թթվայնություն, ստամոքսաբորբ, կոլիտ. չոր խոտը՝ 1 ճ.գ., լցրեք 200 մլ եռջրի մեջ, 15 րոպե եռացրեք, 2 ժամ թրմեք փակ տարայում, քամեք: Խմեք 2-ական ճ.գ., օրը 3 անգամ, ուտելուց առաջ: Առնականության անկում. չոր խոտը՝ 1 ճ.գ., 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք: Խմեք 2-ական ճ.գ., օրը 3-4 անգամ: Դանդուռի թարմ հյութի կիրառման ոլորտը Նեֆրիտ, պիելոնեֆրիտ, ցիստիտ, տրիխոմոնոզ, դիզինտերիա, սուսանակ, սիֆիլիսի հետևանքով առաջացած հոդաբորբ, միջատների ու օձերի խայթոց. հյութը ստանում են բույսի վերգետնյա մասից, խմում են թարմ վիճակում՝ 1-ական ճ.գ., օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: Թունավորում. հյութը լուծեք եռացրած, գոլ, չոր գինու մեջ (1:5): Խմեք 20-ական մլ, օրը 3 անգամ: Թութք. 2 թ.գ. հյութը լուծեք 2 թ.գ. գոլ, զտված ջրում: Թրջոց դրեք՝ օրը 1-2 անգամ: Արյունոտ խորխ. խմեք 2-ական թ.գ., օրը 3-4 անգամ: ԶԳՈւՇԱՑՈւՄ Խորհուրդ չի տրվում ուտել օրական ավելի քան 100-150 գ: Դանդուռի մեջ պարունակվող նորադրենալինն արագացնում է սրտի ռիթմը, նեղացնում է արյունատար անոթները, բարձրացնում է ճնշումը: Հակացուցված է առիթմիայի, հիպերտոնիկ հիվանդության, հաճախակի կրկնվող ջղակծկումների դեպքերում: Խորհրդակցեք բժշկի հետ: Դանդուռը պաշտպանում է մաշկը ծերացումից, վերացնում է մանր կնճիռներն ու կանխարգելում դրանց առաջացումը: Սնուցում է մաշկը, բարձրացնում մկանների տոնուսը, նեղացնում ծակոտիները, մաքրում է ցանը: Սնուցող դիմակ. տրորած թարմ տերեւը՝ 2 ճ.գ., խառնեք 1 թ.գ. թթվասերի ու 4 ճ.գ. փափուկ կաթնաշոռի հետ: Քսեք դեմքին, պարանոցին, լանջաբացվածքին: 15 րոպեից լվացեք երիցուկի կամ մաղադանոսի թուրմով: Չորանալուց հետո մշակեք մաշկը խոնավեցնող քսուկով: Չոր մաշկ. տերևը՝ 2ճ.գ., խառնեք 1-ական թ.գ. ձիթապտղի յուղի ու գոլ մեղրի հետ: Պահեք 10-15 րոպե, դեմքը մաքրեք կանաչ թեյի թուրմի մեջ թրջած խծուծով, լվացվեք: Նորմալ կամ ճարպոտ մաշկ. տերևը՝ 2 ճ.գ., խառնեք 1 թ.գ. վարսակի շիլային: Պահեք 15 րոպե, դեմքը լվացեք գոլ ջրով: |
|