ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ժողովրդական բժշկություն. Զանգակածաղիկի օգտակար հատկությունները
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 283 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Զանգակազգիների (Campanulaceae) ընտանիքին պատկանող ավելի քան 80 ցեղերից մեկն է: Զանգակների ցեղն ընդգրկում է մոտավորապես 475 (GRIN) տեսակներ, որոնք միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր են: Դասակարգում են նաև ըստ բարձրության. բարձր` 70-150 սմ, միջին՝ 20-70 սմ ու ցածր՝ 5-20 սմ: Ըստ ցողունի կառուցվածքի ու տեսքի լինում են՝ ուղղաձիգ, ամուր, խավապատ, ճյուղավոր կամ խոնարհվող, ճկվող, հարթ, պարզ: Ինչպես նաև տարբերակում են` ըստ տերևների ձևի ու դասավորության, արմատի կառուցվածքի,  ծաղկեպսակի երկարության ու բացվածքի չափի, մանուշակագույնի ու կապույտի երանգների և այլն: Ծաղկաբույլերը նման են՝ հասկի, հուրանի, ողկույզի, գնդիկի, վահանի: Կան նաև ցածրահասակ, միածաղիկ ցողուններով տեսակներ, որոնք աճում են ոչ մեծ խմբերով:

Բնության մեջ զանգակ ծաղիկները հանդիպում են միայն Հյուսիսային կիսագնդում, բնօրրանը՝ Հարավային Եվրոպայի, Փոքր Ասիայի ու Կովկասի լեռներն են: Տարածված է Միջերկրականի ափերին, Եվրասիայում, Հյուսիսային Ամերիկայի արեւմուտքում, աճում են բոլոր կլիմայական գոտիներում:

Զանգակն ընդգրկված է կելտական օրացույց գուշակարանում, որը հունիսի 1-11-ը ծնվածների ծաղիկն է, դրուիդները կարծում են, որ զանգակ-մարդը հաջողակ է բոլոր ոլորտներում: Ըստ հնագույն հավատալիքի, միակ օրը, երբ մարդուն շնորհված է լսել զանգակ-բույսի ձայնը՝ Հովհաննես Մկրտչի տոնն է: Աստղագուշակները խորհուրդ են տալիս հավաքել զանգակ ծաղիկը Լուսնի 1-ին քառորդում՝ լուսաբացին, երբ արևը Առյուծի 1-ին տասնօրյակում է: Բույսից կտրված մասը պետք է լինի դաստակից կարճ: Հայտնի է, որ բնական տեսակներից 12-ն անհետացման եզրին են, իսկ «12»-ը Շումերի ժամանակներից մինչև մեր օրերը համարվում է տիեզերական կարգի խորհրդանիշ:

Հայերեն այլ անվանումներն են` բոժոժիկ, կաթնեղինճ, գեղձաբույս և այլն: Պատմական Հայաստանը զանգակ ծաղիկների բնօրրաններից է, ՀՀ տարածքում հանդիպում են դրանցից 21-ը, որոնցից բնաշխարհիկ են՝ Կարակուշին (Վայոց ձոր,) ու Մասալսկու (Արագածոտն, Արտենի) տեսակները: Ի դեպ, իշխան Ն.Ֆ. Մասալսկին մասնակցել է 1877թ. ռուս-թուրքական պատերազմին որպես հրետանու հրամանատար: Զ. միամյա (C.erinus) տեսակն  աճում է Սյունիքի մարզում, կրաքարային հողերի վրա, ժայռերի ճեղքերում: Հայտնի են ընդամենը 3 այլ միամյա տեսակներ, որոնցից երկուսը (զ. եղանաձև (C.dichotoma) ու զ. երկարասռնակ (C. longistyla) բնաշխարհիկ են Կովկասում, իսկ երրորդն աճում է Հիմալայներում ու Պամիրում:

Զանգակներից շատերն ունեն հակաբորբոքային, հակամանրէային, հանգստացնող, ցավազրկող, հակասկլերոտիկ, հիշողությունը լավացնող, հակատոքսիկ ազդեցություն:

Ավիցենան խորհուրդ է տվել սպիտակաթորանքի դեմ. հավաքել մանուշակագույն զանգակը, չորացնել խոտն ու երեկոյան խմել որպես թեյ: Հնում զանգակն օգտագործել են սիֆիլիսի բուժման գործընթացում: Միջատների խայթոցի կամ շան կծածի դեպքում վերքին դրել են եփած խոտը: Ժողովրդական բժշկության մեջ առավել լայն տարածում ունի զանգակ հոծախիտը՝ ստոմատիտի, գլխացավի, բկաբորբի, մաշկի բորբոքային հիվանդությունների դեպքում, խորհուրդ է տրվում կատարել ողողումներ կամ դնել թրջոց բույսի վերնամասի թուրմով: Տենդի, մկանային ցավերի, աթերոսկլերոզի, փորկապության, գլաուկոմայի, դեղնախտի, ստամոքսաբորբի դեմ օգտակար է խմել պտղի ու խոտի եփուկները, իսկ ծաղիկի կամ վերնամասի եփուկով լողացնում են չափազանց աշխույժ (հիպերակտիվ) երեխաներին ու էպիլեպտիկ նոպաներ ունեցողներին: Փոշիացրած խոտի յուղամզվածքով բուժում են պառկելախոցի հետևանքով վնասված մաշկը:

Հավաքելու և պահելու կարգը

Որպես բուժահումք են ծառայում ցողունը, տերևը և ծաղիկը: Հավաքում են ծաղկման շրջանում: Չորացնում են ստվերում ու անմիջապես մանրացնում՝ 0.5-1 սմ չափով մասերի: Կարելի է չորացնել փռված կամ փնջերով` կախած դիրքով: Ծաղկման շրջանի վերջում մթերում են նաև պտուղը` սերմերի հետ միասին: Պահեք չոր, հով տեղում, 1-2 տարի:

Դեղատոմսեր

Զանգակ բոլոնյանն էպիլեպտիկ նոպանրի դեմ. 3 ճ.գ. չոր խոտը 2 ժամ թրմեք 400 մլ եռջրում, քամեք: Խմեք 60-ական մլ, օրը 4 անգամ:   

Զանգակ բողկանմանի հյութը կերակրող մայրերի համար. խոտն աղացեք, զտեք հյութը, 1 թ.գ. լուծեք 500 մլ եռջրի մեջ: Խմեք100-ական մլ, օրը 5 անգամ, գոլ վիճակում:

Զանգակ կլորատերև (C. rotundifolia): Ոգեթուրմ. թարմ խոտը մանրացրեք, 15 օր թրմեք օղու մեջ, քամեք: 1 թ.գ. լուծեք 200 մլ գոլ ջրի մեջ, կատարեք ողողումներ անգինայի, մրսածության դեպքում: Ծաղիկի թուրմն օգտակար է էպիլեպտիկ նոպաների ժամանակ:

Դեղատոմսեր զանգակ հոծախիտով

Անքնություն, բկաբորբ. 1 թ.գ. չոր խոտը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք: Խմեք 2-ական ճ.գ., օրը 3 անգամ, ուտելուց առաջ: Կատարեք ողողումներ ստոմատիտի, բկաբորբի, մրսածության դեպքում:

Էպիլեպտիկ նոպաներ. 2 թ.գ. չոր խոտը 4 ժամ թրմեք 400 մլ եռջրում, քամեք, խառնեք լոգարանի ջրին:

Գլխացավ, ստամոքսաբորբ, առատ դաշտան. 2 թ.գ. չոր խոտը լցրեք 200 մլ եռջրի մեջ, 15 րոպե եփեք եռացող ջրային բաղնիքի վրա, փակ տարայում, 30 րոպե թրմեք, հումքը մզեք, հեղուկն ավելացրեք թուրմի մեջ ու վերականգնեք նախնական ծավալը, քամեք: Խմեք 1-ական ճ.գ., օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: Պահեք սառնարանում մինչև 48 ժամ, խմելուց առաջ թափահարեք տարան:

Գլխացավ. ծաղիկը փոշիացրեք, 1 թ.գ. 40 րոպե թրմեք 200 մլ եռջրում՝ ջերմապահի մեջ, ևս 15 րոպե թրմեք փակ տարայում, քամեք քառատակ ծալած թանզիվով: Խմեք 1-ական ճ.գ., օրը 3 անգամ: Խորհուրդ է տրվում խմել նաև էնդեմիկ խպիպի, ստամոքսի ու արգանդի ցավերի, առատ, ցավոտ դաշտանի դեպքում:

Կարծրախտ, հիշողությունը լավացնող. սերմը տրորեք, դանակի ծայրով վերցրեք 0.25-0.3 գ ու խառնեք 100 մլ եռջրին: Խմեք տաք վիճակում, կատարեք օրը 2 անգամ:

Կաթված, թերանդամալուծություն (парез), իշեմիա. 1 թ.գ. չոր ծաղիկը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, պահեք տաք տեղում, քամեք: Խմեք 1-2 ճ.գ., օրը 2-3 անգամ:

Ալերգիկ ցան, նյարդային անհանգստություն. խառնեք զանգակի ծաղիկն ու կատվալեզու եռաբաժանի խոտը (1:1): 2 թ.գ. չոր հումքը 4 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք: Լուծեք գոլ ջրի մեջ ու լողացրեք երեխային:

ԶԳՈւՇԱՑՈւՄ: Հակացուցված է հղիներին:

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 283 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: հետաքրքիր, Ժողովրդական բժշկություն | Վարկանիշ: 0.0/0