Ժողովրդական բժշկություն. Դաշտափշի բուժիչ հատկությունները
| |
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 400 | 12:00 | |
Աստղածաղկավորների (Asteraceae) ընտանիքին պատկանող երկամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր, քիստավոր խոտաբույսերի ցեղ է: Ընդգրկում է մոտ 250, ըստ The Plant List ցանկի` 484 ենթատեսակներ, որոնք հիմնականում տարածված են Հյուսիսային կիսագնդում: Դաշտափուշ ցեղի որոշիչ հատկանիշները Քիստավոր բույսերի ցեղերը մի քանիսն են ու արտաքուստ նման են իրար, բոլորի սերմերն ունեն մազիկներից բաղկացած փոմփոլիկներ, որոնց օգնությամբ սերմը տարածվում է քամու միջոցով: Սերմի երկարությունը 3-5մմ է, մազիկներինը՝ 20-25մմ: Դաշտափշերի ցեղի «թռչող սարքը» բաղկացած է փետրավոր մազիկներից, որոնց օգնությամբ սերմերը կարող են հարյուրավոր կմ հեռանալ մայր բույսից, որը տալիս է տարեկան 4-20 հազար սերմ: Հայտնվելով նոր տեղում այն ծլում է հաջորդ տարում, եթե գտնվում է հողի մակերեսից մինչև 3 սմ խորության վրա, իսկ ոչ բարենպաստ պայմաններում պահպանում է իր ծլունակությունը 5-10 տարի: Առաջին տարում ձևավորվում է տերևավարդակն ու արմատային համակարգը, հաջորդ տարիներին` ծաղկում է: Դաշտափշերը երկտուն բույսեր են, արական ծաղիկներն ավելի խոշոր են, քան` իգականները: Երբեմն առաջացնում են միասեռ բույսերի խմբեր, որոնք ծաղկում են, սակայն չեն պտղաբերում: Դաշտափշերի տեսակները տարբերվում են բարձրությամբ` 30-200սմ, արմատային համակարգի կառուցվածքով՝ առանցքային, կարճ բազմարմատ կամ կոճղարմատ: Ցողունը պարզ է կամ ճյուղավոր, նոսր կամ խիտ, թավապատ կամ փոքր փշիկներով: Տերևները մեծ մասամբ նշտարաձև են, կտրտված սուր ծակող եզրերով, խավապատ են կամ հարթ՝ տարբեր երանգավորմամբ: Ծաղկազամբյուղներն օվալաձև են, պատված փշոտ մանր տերևիկներով: Խողովակավոր ծաղիկների գունային գամման դեղնականաչավունից մինչև ծիրանագույն է: Դաշտափշերի ծաղկման շրջանը երկար է գարնան վերջից մինչև աշնան սկիզբ: Մեղրատու բույսեր են, տեսակների մեծ մասի մատղաշ ցողուններն ու ծաղիկի բողբոջներն ուտելի են: Որոշ տեսակներ օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ: Հնում սերմերի «փետուրները» լցրել են կենդանիների խրտվիլակների մեջ: Դաշտափշերի որոշ տեսակների բուսաբանական նկարագիրը Դաշտափուշ գյուղավեր (Cirsium arvense): Բազմամյա բույս է, գլխավոր արմատը խորանում է 2-3, երբեմն մինչև 6 մ, մոտավորապես 30 սմ խորությունից ձևավորվում են շրջանաձև տարածվող հորիզոնական արմատների «հարկեր», որոնք բավականին հզոր են ու լի պահեստավորված օգտակար նյութերով: Կողային արմատներն առաջացնում են նորանոր ծիլեր: Ցողունի բարձրությունը 0.8 -1.2 մ է, ուղղաձիգ, ամուր, ակոսավոր, աննշան արտահայտված կողերով, վերին մասում` ճյուղավորվող: Տերևները հերթադիր են ու նստադիր, ունեն մինչև 2 մմ երկարությամբ եզրային փշեր, ոչ թավապատ, ստորին հատվածում` կանաչ, վերին հատվածը` կանաչասպիտակավուն: Ծաղիկները մորու գույն կամ մորու բաց գույն ունեն, սերմերը` դեղին կամ շագանակագույն: Ըստ Ռ.Ս. Կարապետյանի (Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս) դժվար վերացվող, «չար» մոլախոտ է: ՀՀ բնական պայմաններում հաճախ է հանդիպում Դաշտափուշ ստևախիտը (C. Setosum), որի ցողունը, դաշտայինի համեմատությամբ, ավելի խիտ է ճյուղավորված, տերևների ստորին հատվածը նոսր թավապատ է, իսկ եզրերը` ստևախիտ: Բժիշկ ուռուցքաբան Ս.Վ. Կորեպանովը (Альтернативная онкология, библ. ЗОЖ) գրում է, որ բույսը կիրառվում է քաղցկեղի բուժման համար նախատեսված բաղադրատոմսերում: Վաճառվում է բույսի վերնամասը, որը խորհուրդ է տրվում ռադիո ու քիմիաթերպիայից հետո, սպիդի, հեպատիտ C-ի, արյան հիվանդությունների դեպքում: Դաշտափուշ տարատերև (C. heterophyllum): Բազմամյա բույս է: Արմատը չխորացող կոճղարմատ է, որը ծածկված է բազմաթիվ կարճ մազարմատներով: Տերևները երկարավուն-օվալաձև են, ամբողջաեզր, աննշան փշոտ, սրված գագաթով: Տերևաթիթեղը վրայից կանաչ է, տակից՝ ճերմակ, խավապատ: Ստորին տերևները կոթունավոր են, որոնց հիմքում կան երկուական ուղղահայաց սերտաճող, սրված տերևիկներ: Միջին ու վերին տերևները նստադիր են, ներքևի մասում` պայտանման ելուստներով: Ցողունի գույնը մուգ ծիրանագույն է, ծաղկազամբյուղին մոտ հատվածում` ճերմակ, տեղ-տեղ` խավապատ: Վերին մասում կան 1-2 ճյուղիկներ: Ծաղիկները կարմիր են, ծաղկում է հունիս-հուլիսին: Դաշտափուշ բոստանային (C.oleraceum) կամ բանջարանոցային: Բազմամյա կոճղարմատավոր բույս է, ցողունը կենտրոնական մասից ճյուղավորվող է, հարթ կամ թույլ խավապատ: Տերևները հերթադիր են, թույլ չծակող փշիկներով, ամբողջաեզր կամ փետրաձև կտրտված թաղանթով, ծաղիկների տրամագիծը 15-30 մմ է, գույնը` դեղնականաչավուն, հաճախ` կարմրավուն երանգով: Ծաղկազամբյուղները գտնվում են ցողունի ու ճյուղերի գագաթներում, դրանք թվով 3-5 հատ են, իսկ կից տերևները տարբերվում են մյուսներից՝ ավելի փոքր են, ամբողջաեզր, եռանկյունաձև, հիմքում` սրտաձև, բաց դեղնականաչավուն: Ծաղկում է հունիս-հոկտեմբերին: Հայրենական պատերազմի ժամանակ բույսն ընդգրկվել է զինվորների սննդակարգում: Դաշտափուշ ուտելի (C. esculentum): Բազմամյա, մինչև 15-25 սմ բարձրությամբ բույս է, արմատը` կարճ, ուտելի կոճղարմատ է: Ցողունը սարդոստայնանման խավապատ է, խորն ակոսավոր, ուղղաձիգ, ծիրանագույն: Մերձարմատային տերևները բազմաթիվ են, երկկողմանի պատված ոլորաձև տեղադրված մազիկներով: Տերևակոթունը խիտ փշապատ է: Ծաղիկները խմբված են տերևավարդակի կենտրոնում: Ծաղկազամբյուղի տերևիկները դեղին կամ կանաչ են, իսկ խողովակաձև ծաղիկները կարմիր: Դաշտափշի մեղրի բուժիչ հատկությունները Դաշտափշեր՝ սովորականը, բանջարանոցայինը, ստևախիտը, գյուղավերը մեծ վնաս են հասցնում մշակաբույսերին, սակայն ցանկալի են մեղուների ու մեղվաբույծների համար: Մեղրատվությունը միջին է՝ 140կգ/1հա: Մեղրը դասվում է որակյալների շարքին, որն անգույն է, կանաչավուն կամ բաց սաթագույն՝ հաճելի համ ու հոտով: Սառած մեղրի բյուրեղիկները մանր են: Մեղրն ակտիվացնում է սրտի աշխատանքը, խթանում է նյարդային համակարգը, ունի լեղամուղ ազդեցություն, նպաստում է արյունատար անոթների՝ հատկապես վերջույթների, ամրացմանը: Ստենոկարդիա. 150 մլ օղու մեջ լուծեք 150-ական մլ բազուկի ու գազարի, 50 մլ լոռամրգի (клюква) հյութեր, 3 օր թրմեք սառնարանում: Խմեք 1-ական ճ.գ., օրը 4 անգամ, ուտելուց հետո: Լեղամուղ. խառնեք 1-ական ճ.գ. ծովաբողկի քերուկ ու մեղր: Պատրաստեք ու կերեք նախաճաշից առաջ: Շարունակեք 30 օր, կրկնեք 60 օրից: Օգտակար է նաև ստենոկարդիայի դեպքում: Աթերոսկլերոզ. կես կիտրոնից ստացված հյութը լուծեք 100 մլ տաք (եռացրած) ջրի մեջ, 15 րոպե անց ավելացրեք 1 թ.գ. մեղր, խմեք քնելուց առաջ: Կամ. կիտրոնի կեղևը չորացրեք, փոշիացրեք, խառնեք մեղրին (1:2), կերեք 1-ական թ.գ,՝ օրը 2-3 անգամ, կամ` լուծեք 100 մլ ջրի մեջ ու խմեք ուտելուց առաջ: Լյարդի հիվանդություններ. մաքրեք, աղացեք 4 գլուխ սխտոր, խառնեք 200 մլ կիտրոնի հյութի ու 1 լ մեղրի հետ: Կերեք 1-ական թ.գ., օրը 3 անգամ: Քիմիական բաղադրությունը Դաշտափուշ ցեղի որևէ տեսակ ուսումնասիրված չէ, հնարավոր կազմի վերաբերյալ կարելի է պատկերացում կազմել ըստ դրանց բուժիչ ազդեցության: Վերգետնյա մասը պարունակում է եթերային յուղեր, ֆլավոններ, կումարին, ֆենոլկարբոնային թթուներ, գինեթթու, եռատերպեններ: Արմատը պարունակում է բարդ շաքարներ, ինուլին: Հայտնի է, որ սերմերը պարունակում են 27-32% ճարպայուղ: Բույսի բոլոր մասերում կան ալկալոիդներ, ցիանոգեն գլիկոզիդ, սպիրտներ: Դեղաբանական նկարագիրը Դաշտափուշ գյուղավերն ունի վարակամերժ, մանրէասպան, միզամուղ, ցավազրկող, հակակարկամային, քրտնամուղ, վերքամոքիչ, հակաբորբոքային, հակաուռուցքային ազդեցություն: Կիրառման ոլորտը Ժողովրդական բժշկությունը կիրառում է որպես դիմադրողականությունը բարձրացնող միջոց հերպեսի վարակի դեմ, մաշկային հիվանդությունների, գլխացավի, աղիների ու լյարդի խիթերի, ստենոկարդիայի, դժվար բուժվող վերքերի դեպքում: Մթերման կարգը Դաշտափուշի բոլոր տեսակների վերգետնյա մասը հավաքում են ծաղկման շրջանում, չորացնում են օդափոխվող տարածքում: Չոր հումքը պահում են կիպ փակվող տուփերի մեջ, մինչև 1 տարի: Արմատը մթերում են վաղ գարնանը կամ աշնանը: Դեղատոմսեր Դաշտափուշ գյուղավեր Չարորակ նորագոյացություններ. մանրացրեք, խառնեք 30 գ գյուղավերի ու 15 գ կռատուկի ծաղկազամբյուղներ, 30 րոպե թրմեք 600 մլ եռջրում, քամեք: Խմեք 200-ական մլ, օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: Մթերեք նոր բացվող բողբոջները: Չորացրեք արևի ճառագայթներից պաշտպանված տեղում: Կամ՝ 20 գ չոր ծաղկազամբյուղները մանրացրեք, լցրեք 200 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, 1 ժամ թրմեք, քամեք: Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ: ԶԳՈւՇԱՑՈւՄ: Բույսը պարունակում է դեռևս անհայտ կենսաբանորեն ակտիվ ու թունավոր նյութեր: Խստորեն պահպանեք չափաբաժիններն ու խորհրդակցեք բժիշկի հետ: Դաշտափուշ տարատերև Էպիլեպտիկ նոպաներ. 1 ճ.գ. չոր խոտը 5 րոպե եփեք 200 մլ ջրում, 1 ժամ թրմեք, քամեք թանզիվով: Խմեք 1-ական ճ.գ., օրը 4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: Նույն չափաբաժնով խմեք լյարդի հիվանդությունների, էնդեմիկ խպիպի (զոբ), նյարդային հիվանդությունների դեպքում: Կարևոր է իմանալ: Դաշտափուշ տարատերևի խոտից՝ նույն կերպ պատրաստված թուրմով, բուժում են անուրիան, այդ հիվանդության դեպքում սահմանափակվում է երիկամների միզարտադրության ֆունկցիան: Վերքեր, չիբան, մաշկի ցան. 3 ճ.գ. բույսի վերնամասը 2 ժամ թրմեք 400 մլ եռջրում, քամեք թանզիֆով, դրեք թրջոցներ: Ժամկետի սահմանափակում չկա: Արյունահոսությունների դեպքում. խմեք 1-ական ճ.գ., օրը 4 անգամ: Զգուշացում: Դաշտափուշ տարատերևը հակացուցված է մկանաթուլության, էնցեֆալիտի դեպքում: Դաշտափշեր բոստանային և ուտվող Ըստ գրող ու ժողովրդական բժշկության գիտակ Ռ.Բ. Ախմեդովի (Растения- твои друзья и недруги), դաշտափուշ բոստանայինի վերնամասի եփուկը կիրառվում է ստամոքսի ու թոքերի քաղցկեղի դեպքում: Դաշտափուշ ուտվողի արմատների եփուկը խորհուրդ է տրվում թոքերի աբսցեսի, թոքաբորբի, արյունոտ խորխի, իսկ վերնամասի ու ծաղիկի թուրմը` տուբերկուլոզի, նևրոզի, աղեստամոքսային համակարգի բորբոքային ու լեղուղիների հիվանդությունների դեպքում` որպես բուժման արդյունավետությունը բարձրացնող միջոց: Սերմի եփուկը խմում են կանացի հիվանդությունների դեպքում: Տուբերկուլոզ, նորագոյացություններ. դաշտափուշ ուտվողի արմատը մանրացրեք, 2 ճ.գ. լցրեք 300 մլ զտված ջրի մեջ, եռացրեք, եփեք ևս 5-6 րոպե թույլ կրակի վրա, 1 ժամ թրմեք, քամեք: Խմեք 100-ական մլ, օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ: Խոտի եփուկ. 2 ճ.գ. լցրեք 200 մլ զտված ջրի մեջ, 5 րոպե եռացրեք փակ տարայում, 1 ժամ թրմեք, քամեք, խմեք 50-ական մլ, օրը 3-4 անգամ: Սերմի եփուկ. 2 թ.գ. լցրեք 400 մլ ջրի մեջ, եռացրեք, ևս 5 րոպե եփեք թույլ կրակի վրա: 2 ժամ թրմեք, քամեք: Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ: Զգուշացում: Բոլոր տեսակի դաշտափշերը հակացուցված են հիպերտոնիայի, վարիկոզի դեպքում: |
|