ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ժողովրդական բժշկություն. Ինչպես ազատվել փորկապությունից
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 725 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Փորկապությունը բավական տարածված խնդիր է, որն ուղեկցվում է շատ տհաճ զգացողություններով և որպես կանոն պայմանավորված է լինում մարդկանց սխալ կենսակերպով կամ որոշակի մթերքի գործածությամբ: Այն կարող է բավական ցավոտ զգացողությունների պատճառ դառնալ՝ բացասաբար անդրադառնալով կյանքի որակի վրա, ուստի զարմանալի չէ, որ այս դեպքերում մարդիկ փորձում են հնարավորինս շուտ ազատվել խնդրից:

Գոյություն ունեն փորկապության դեմ պայքարի տարբեր դեղամիջոցներ, սակայն կան նաև շատ պարզ ու հասանելի բնական միջոցներ, որոնք իրենց արդյունավետությամբ չեն զիջում դեղորայքին, սակայն պարունակում են միայն բնական բաղադրիչներ, որոնք շատ ավելի անվնաս են ու չեն առաջացնում որևէ կողմնակի բարդություն։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ բնական միջոցներից մի քանիսը, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել փորկապությունից ու կմեղմեն տհաճ զգացողությունները։

  • 250 գրամ ծիրանաչիրը, 250 գրամ սալորաչիրը (առանց կորիզների) և 250 գրամ թզի չիրը մսաղացով մանրացնել, ավելացնել 250 գրամ մեղր ու 50 գրամ սենայի մանրացրած տերևներ, այնուհետև լավ խառնել մինչև ստացվի համասեռ մածուցիկ զանգված։ Ստացված խառնուրդը հարկավոր է ընդունել օրական երկու անգամ մեկական ճաշի գդալ։ Հարկ է հիշել, որ մեծ չափաբաժնով մածուկը կարելի է ընդունել միայն քնելուց առաջ։
  • 1 թեյի գդալ կտավատի սերմերին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 45 րոպե դնել տաք գոլորշու վրա, այնուհետև թրմել ևս մեկ ժամ։ Պատրաստի թուրմը հարկավոր է քամել, բաժանել երեք մասի ու խմել օրվա ընթացքում։
  • 1 ճաշի գդալ սամիթի սերմերին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 45 րոպե դնել տաք գոլորշու վրա, այնուհետև թրմել ևս մեկ ժամ և քամել։ Թուրմը հարկավոր է խմել քնելուց առաջ կես բաժակ։
  • Խնձորի ու բալի չրերին ավելացնել եռման ջուր, թրմել 40 րոպե և ստացված ըմպելիքը խմել օրվա ընթացքում որպես թեյ։
  • Կարտոֆիլի հյութը քամել ու խմել օրական երկու անգամ։ Հյութը հարկավոր է խմել ուտելուց կես ժամ առաջ կես բաժակ։ Բուժման կուրսը տևում է երկու շաբաթ։
  • Ալոէ վերայի հյութ։ Խորհուրդ է տրվում յուրաքանչյուր առավոտ 1 թեյի գդալ ալոէ վերայի հյութ օգտագործել՝ այն ավելացնելով 100-150 մլ ջրին։
  • Խնձոր։ Փորկապության դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը խնձորն է։ Այս միրգը պեկտին է պարունակում, որն օգնում է արագացնել աղիների աշխատանքը։ Խնձորն օրգանիզմն ապահովում է անհրաժեշտ քանակի բջջանյութով։ Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում 2 խնձոր օգտագործել։
  • Բանան։ Այս միրգն իդեալական տարբերակ է նյութափոխանակությունը և աղիների անցանելիությունը լավացնելու համար։ Այն մեծ քանակով բջջանյութ է պարունակում և օգնում է ազատվել արգասիքներից։
  • Կանաչ թեյ։ Կանաչ թեյը հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք նպաստում են նյութափոխանակությանն ու արգասիքներից ազատվելուն։ Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում 2 բաժակ կանաչ թեյ օգտագործել։
  • Վարսակ։ Վարսակն ածխաջրեր, վիտամիններ, հանքանյութեր, մանրաթելեր է պարունակում, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության կարգավորման և փորկապության կանխարգելման համար։ Խորհուրդ է տրվում վարսակն օգտագործել նախաճաշի ընթացքում կամ ավելացնել աղցաններին և ապուրներին։
  • Կտավատի ձեթ և սերմեր։ Կտավատը մեծ քանակով բջջանյութ և օմեգա-3 ճարպաթթուներ է պարունակում։ Այն օգնում է լավացնել աղիների անցանելիությունը, օրգանիզմը մաքրել նյութափոխանակության արգասիքներից։
  • Ձիթապտղի յուղ և կիտրոն։ Այս մթերքի համադրությունը թույլ է տալիս լավացնել աղիների աշխատանքը և արդյունավետորեն պայքարել փորկապության դեմ։ 1 ճաշի գդալ կիտրոնի հյութն ավելացրեք մեկ բաժակ տաք ջրին ու 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղին։ Խմեք ամեն  առավոտ՝ ուտելուց առաջ։
  • Խնձորի քացախ և մեղր։ 1 թեյի գդակ խնձորի քացախն ու 1 թեյի գդալ մեղրը լուծեք մեկ բաժակ տաք ջրում։ Խմեք օրվա ընթացքում 3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ։

Այս բաղադրատոմսերը պարզ են, արդյունավետ ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում փորկապությունը պայմանավորված է լինում առողջական խնդիրներով, ուստի դրա հաճախակի կրկնության դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանգավոր լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 725 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: հետաքրքիր, Ժողովրդական բժշկություն | Վարկանիշ: 0.0/0