Hushak.com
HY | RU

Ժողովրդական բժշկություն. Ինչպե՞ս նպաստել նյարդային բջիջների վերականգնմանը

Ժողովրդական բժշկություն. Ինչպե՞ս նպաստել նյարդային բջիջների վերականգնմ

Չնայած նեյրոգենեզը երկար ժամանակ անհնարին էր թվում, այսինքն՝ գիտնականները մտածում էին, որ հնարավոր չէ վերականգնել կորցրած նեյրոնները, փաստորեն, իրականում դա այդպես չէր: Պետք է միայն հետևել առողջ սովորություններին: Նեյրոգենեզը, հիրավի, հիանալի պրոցես է, որի միջոցով մեր ուղեղը կարող է խթանել նոր նեյրոնների և նրանց միացությունների ստեղծումը: Հնարավոր է՝ դա ձեզ ինչ-որ առումով հակասական կթվա:

Չէ՞ որ դեռ բոլորովին վերջերս գիտական շրջանակներում ակտիվորեն շրջանառվում էր այն գաղափարը, որ տարիքի հետ մարդկային ուղեղը կորցնում է իր նյարդային բջիջները: Դրանք պարզապես քայքայվում են, և դրա հետևանքներն անդառնալի են: Ավելին, ենթադրվում էր, որ վնասվածքը կամ ալկոհոլի չարաշահումը մարդուն անխուսափելիորեն հասցնում էին գիտակցության ճկունության կորստի, ինչն առողջ մարդու ցուցիչ է:

Բայց այսօր արդեն քայլ է արվում դեպի «նյարդաճկունություն» բառը, որը հույս է ներշնչում: Այո, բացարձակ ճշմարտություն է այն, որ տարիքի հետ մեր ուղեղը փոխվում է, որ վնասվածքներն ու վատ սովորությունները նրան մեծ վնաս են հասցնում: Սակայն ուղեղն ունակ է ռեգեներացվելու. Այն կրկին կարող է ստեղծել նյարդային բջիջներ և նրանց միջև կապ-կամրջակներ: Բայց որպեսզի այս զարմանալի գործողությունը կատարվի, պետք է, որ մարդը գործի, որ նա ակտիվ լինի և ամեն կերպ խթանի ուղեղի բնական ունակությունները:

 

  • այն, ինչ դուք անում եք կամ ինչի մասին մտածում եք, վերակազմակերպում է ձեր ուղեղը:
  • մարդկային ուղեղն ընդամենը 1.5 կգ քաշ ունի, սակայն ծախսում է օրգանիզմում եղած ողջ էներգիայի գրեթե 20%-ը:
  • այն ամենը, ինչ մենք անում ենք, կարդում ենք, սովորում թե պարզապես ինչ-որ մեկի հետ խոսում, զարմանալի փոփոխությունների է հանգեցնում ուղեղի կառուցվածքում: Այսինքն՝ բացարձակապես ամեն բան, որ մենք անում ենք կամ մտածում, օգտակար է:
  • եթե մեր ամենօրյա կյանքը լի է սթրեսով կամ տագնապներով, որոնք տառացիորեն մեզ պարուրում են, ապա, որպես կանոն, ուղեղի՝ հիշողության հետ կապված հիպոկամպ հատվածն անխուսափելիորեն ախտահարվում է:
  • ուղեղը նման է մեր էմոցիաներից, մտքերից, գործողություններից կամ ամենօրյա սովորություններից պատրաստված քանդակի:
  • այդպիսի ներքին քարտեզը պահանջում է հսկայական քանակությամբ հղումներ, կապեր, կամուրջներ և տարատեսակ այլ ուղիներ, ինչպես նաև՝ ուժեղ իմպուլսներ, որոնք մեզ թույլ են տալիս իրականության հետ կապի մեջ մնալ:

Հաջորդիվ կփորձենք բացատրել՝ ինչպես բարձրացնել կյանքի որակը՝ կենտրոնանալով ուղեղի առողջության վրա:

Նեյրոգենեզի խթանման 5 սկզբունքները

1. Ֆիզիկական վարժություններ

Ֆիզիկական ակտիվությունն ու նեյրոգենեզն ուղիղ կապ ունեն միմյանց հետ: Ամեն անգամ, երբ մենք մեր մարմնին պարտադրում ենք աշխատել (լինի դա զբոսանք, լող կամ մարզումներ մարզասրահում), մենք նպաստում ենք ուղեղի օքսիգենացիային, այսինքն՝ այն հագեցնում ենք թթվածնով:

  • Ի հավելումն նրա, որ դեպի ուղեղ տեղի է ունենում ավելի մաքուր և թթվածնով ավելի հագեցած արյուն, խթանվում է նաև էնդորֆինների արտադրությունը:
  • Էնդորֆինները լավացնում են ձեր տրամադրությունը և դրանով իսկ հնարավորություն տալիս պայքարել սթրեսի դեմ՝ ամրապնդելով շատ նյարդային կառույցներ: Այլ կերպ ասած՝ սթրեսի մակարդակը նվազեցնող ցանկացած գործունեություն նպաստում է նեյրոգենեզին: Ձեզ մնում է միայն գտնել հարմար զբաղմունք՝ պար, քայլք, հեծանիվ վարել, և այլն:

2. Ճկուն միտք, ուժեղ ուղեղ

Ճկուն միտք ունենալու շատ եղանակներ կան: Դրա համար պետք է աշխատել այն առույգ պահել: Այդ ժամանակ ուղեղն ունակ կլինի արագ վերամշակել շրջակա միջավայրից մուտքագրվող բոլոր տվյալները: Դրան հասնել կարելի է զանազան զբաղմունքների միջոցով: Վերոնշյալ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը մի կողմ թողնելով՝ նշենք հետևյալները՝

  • Ընթերցանություն: Կարդացեք ամեն օր: Դա օժանդակում է շուրջը կատարվող բոլոր իրադարձությունների նկատմամբ ձեր հետաքրքրությանն ու հետաքրքրասիրությանը:
  • Օտար լեզվի ուսումնասիրություն:
  • Երաժշտական որևէ գործիք նվագելը:
  • Իրերի ծայրահեղ ընկալում, ճշմարտության որոնում:
  • Ընկալունակ ուղեղ, սոցիալականացում, ճանապարհորդություններ, բացահայտումներ, հետաքրքրություններ:

3. Սննդակարգ

Ուղեղի առողջության համար ամենավտանգավոր թշնամիներից մեկը հագեցած ճարպերով հարուստ սնունդն է: Կիսաֆաբրիկատների և ոչ բնական մթերքների գործածությունը դանդաղեցնում է նեյրոգենեզը:

Շատ կարևոր է ցածր կալորիական սննդակարգի հետևելը: Սակայն այդ դեպքում սնունդը պետք է բազմազան և հավասարակշռված լինի, որ սննդարար նյութերի դեֆիցիտի չհանգեցնի:

  • Միշտ հիշեք, որ մեր ուղեղն էներգիայի կարիք ունի, և առավոտյան, օրինակ, նա մեզ շնորհակալ կլինի քաղցրի համար:
  • Այնուամենայնիվ այդ գլյուկոզան ցանկալի է, որ ուղեղը ստանա մրգերի կամ սև շոկոլադի, մի գդալ մեղրի կամ վարսակի փաթիլներով շիլայի միջոցով:
  • Իսկ օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ մթերքները, անկասկած, հանդիսանում են նեյրոգենեզն ակտիվացնելու ամենահարմար միջոցը:

4. Սեքսը նույնպես օգտակար է

Սեքսը նույնպես մեր ուղեղի հանճարեղ ճարտարապետներից է, նեյրոգենեզի բնական շարժիչը:

  • Սեքսը ոչ միայն հանում է լարվածությունն ու կարգավորում սթրեսը, այլև մեզ ապահովում է հզոր էներգետիկ լիցքով, որը խթանում է հիշողության համար պատասխանատու ուղեղի բաժինների աշխատանքը:
  • Իսկ սեռական մերձեցման ժամանակ արտադրվող այնպիսի հորմոններ, ինչպիսիք են սերոտոնինը, դոֆամինը կամ օքսիտոցինը, օգտակար են նոր նյարդային բջիջների ստեղծման համար:

5. Մեդիտացիա

Անվիճարկելի է մեդիտացիայի օգտակարությունը մեր ուղեղի համար: Էֆեկտը որքան զարմանալի, նույնքան էլ հիասքանչ է:

  • Մեդիտացիան նպաստում է որոշակի ճանաչողական ունակությունների՝ ուշադրության, հիշողության և կենտրոնացման զարգացմանը:
  • Այն մեզ թույլ է տալիս ավելի լավ հասկանալ իրականությունը և ճիշտ ուղղորդել մեր տագնապներն ու կառավարել սթրեսը:
  • Մեդիտացիայի ժամանակ մեր ուղեղն այլ ռիթմով է աշխատում: Այն արտադրում է ավելի շատ ալֆա-ալիքներ, որոնք աստիճանաբար գեներացնում են գամմա-ալիքները:
  • Ալիքների այս տիպը նպաստում է լարվածության թուլացմանը՝ միաժամանակ խթանելով նեյրոգենեզը և նեյրոնային կապը:

Չնայած նրան, որ պետք է սովորել մեդիտացիայով զբաղվել, իսկ դա բավական ժամանակ կարող է խլել, անպայման արեք դա, քանի որ դա հիանալի նվեր է ձեր ուղեղի և ընդհանուր բարեկեցության համար:

Որպես վերջաբան՝ նշենք, որ բոլոր այս 5 սկզբունքներն իրականում այնքան էլ բարդ չեն, որքան կարելի է ենթադրել: Փորձեք իրականացնել դրանք գործնականում և հոգ տարեք ձեր ուղեղի առողջության համար: