ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ժողովրդական բժշկություն. Բադան (մոնղոլական թեյ, Bergenia crassifolia)
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 397 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Բադանը, նույն ինքը` մոնղոլական թեյը (Bergenia crassifolia), քարբեկազգիների ընտանիքի բազմամյա, մշտադալար բույս է։ Կոճղարմատը երկար է` բազմաթիվ բարակ և մեկ խոշոր, առանցքային արմատով։

Տերևները կազմում են մերձարմատային վարդակ։ Ծաղկակիր ցողունն ուղղաձիգ է, մինչև 50 սմ բարձրությամբ։ Զանգակաձև վարդագույն ծաղիկները կազմում են խոշոր ծաղկաբույլեր։ Պտուղը բազմաթիվ մանր սերմեր պարունակող տուփիկ է։ Ծաղկում է` մայիս-հունիս, պտղաբերում` հուլիս-օգոստոս ամիսներին։

Բույսի կոճղարմատը և տերևները պարունակում են մոտ 27 տոկոս դաբաղանյութեր, որոնց 8-10 տոկոսը գալլոտանիններ են, պոլիֆենոլներ, կումարին, բերգենին, խեժ, օսլա, շաքարներ, եթերային յուղ, մարգանեց, պղինձ, ցինկ, ասկորբինաթթու։ Բույսից ստացված պատրաստուկներն ունեն հակաբորբոքային, կապող, արյունարգել, հակամանրէ հատկություն։

Տերևը պարունակում է նաև գալլաթթու, հիդրոխինոն և արբուտին։ Տերևի ջրային թուրմն անփոխարինելի միջոց է երիկամների և միզապարկի բորբոքային հիվանդությունների դեպքում` օգտագործում են 2-3 տարեկան տերևները։

Բադանը տարածված է Հարավային Սիբիրի լեռների փշատերև և սաղարթավոր անտառներում, հասնում է մինչև ալպյան գոտի։ Մշակվում է դեղագործական հումք ստանալու համար։

Ստոմատիտ, պարոդոնտոզ, անգինա. 2 թ/գ մանրացրած բադանի արմատը (կոճղարմատը) 30 րոպե թրմեք 400 մլ եռջրում։ Թուրմով կատարեք ողողումներ։

Եփուկ. 30 գ բադանի կոճղարմատը 15 րոպե եփեք 500 մլ եռջրում։

Հեղուկ մզվածք` թունավորումների, կոլիտի, աղիքային ինֆեկցիաների, միզապարկի բորբոքման դեպքում, քիմիաթերապիայի կուրսից հետո. 30 գ կոճղարմատը եփեք 500 մլ ջրի մեջ, թույլ կրակի վրա, մինչև մնա 200 մլ հեղուկ։ Խմեք 1-2 ճ/գ` ուտելուց առաջ։

Արյունահոսությամբ ուղղորդվող արգանդի բորբոքում, առատ դաշտան, արյունահոսող միոմա, ֆիբրոմա. Խմեք 2-ական ճ/գ բադանի կոճղարմատից ստացված եփուկ, օրը 2 անգամ, ուտելուց առաջ, կամ 1-ական թ/գ հեղուկ մզվածք։ Արգանդի վզիկի էրոզիայի դեպքում կատարեք ներլվացում եփուկի և ջրի խառնուրդով (1։5)։

Թութք. Կատարեք լոգանք եփուկի ջրային լուծույթով (1։2) կամ 1 ճ/գ մզվածքը լուծեք 500 մլ ջրում։

Հոդացավ. 1 ճ/գ մանրացրած կոճղարմատը 20 րոպե եփեք 200 մլ ջրում, թույլ կրակի վրա` փակ կափարիչով, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։

Գրիպ, մրսածություն. Խառնեք 1-ական թ/գ մանրացրած բադանի տերև և կղմուխի արմատ, 2 թ/գ սրոհունդի խոտ, ավելացրեք 500 մլ եռջուր, 10 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, քամեք։ Խմեք 70-ական մլ` օրը 2-3 անգամ։

*Խառնեք 1 թ/գ բադանի տերև և 2 թ/գ սև թեյ, 15 րոպե թրմեք 500 մլ եռջրում, քամեք։ Խմեք 150-ական մլ` օրը 2-3 անգամ։

Ցավեր որովայնում. Խառնեք 2-ական թ/գ բադանի մանրացրած տերև և կոճղարմատ, 20 րոպե եփեք թույլ կրակի վրա, 200 մլ ջրում, 1 ժամ թրմեք, քամեք, վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ` 10 կաթիլ չիչխանի յուղի հետ։

Աղեստամոքսային համակարգի, գինեկոլոգիական և մաշկային հիվանդություններ, անգինա, ստոմատիտ. 10 գ բադանի տերևը կես ժամ եփեք ջրային բաղնիքի վրա` 200 մլ ջրում, 15 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։

Հիպերտոնիա. 2 ճ/գ մանրացրած բադանի տերևին ավելացրեք 1 լ եռջուր։ Թրմեք 15 րոպե, հասցրեք եռման ջերմաստիճանի, անջատեք կրակը։ Թրմեք ևս կես ժամ, քամեք։ Խմեք որպես թեյ կամ խառնեք կաթի հետ (ըստ ճաշակի)։

Ցիստիտ. Խառնեք բադանի, ճահճամոշի, արծաթախոտի տերևներ և ուրցի խոտ (3։2։2։1)։ Հումքի 2 թ/գ-ին ավելացրեք 200 մլ ջուր, հասցրեք եռման ջերմաստիճանի, անջատեք կրակը։ Թրմեք 1,5 ժամ, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3-4 անգամ։ Շարունակեք 3-4 շաբաթ։

Մազարմատներն ամրացնող. Կոճղարմատների եփուկը խառնեք ջրի հետ (1։10), քամեք։ Լվացեք մազերը։ Կատարեք շաբաթական 2 անգամ։ Շարունակեք 5-6 շաբաթ։

Զգուշացում։ Կոճղարմատից ստացված պատրաստուկների երկարատև օգտագործման դեպքում հնարավոր է` առաջանա փորկապություն, խորհուրդ չի տրվում օգտագործել տախիկարդիայի, տրոմբոֆլեբիտի և հիպոտոնիայի դեպքում։

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 397 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: Ժողովրդական բժշկություն, հետաքրքիր | Վարկանիշ: 0.0/0