ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

ՓԼԱՎՆԵՐ
Բաժին: Խոհանոց | Դիտումներ: 356 | 10:00 Ավելացրեց: armenlur

ԲՐՆՁՈՎ ՓԼԱՎ

Որոշ տնտեսուհիներ դժգոհում են, որ իրենց պատրաստած փլավը հաջող չի ստացվում, քանի որ այն կպչուն է լինում: Ամենևին անհանգստանալ պետք չէ, եթե պատրաստեք ստորև նշված եղանակով.

1. Եռացող ջրի մեջ ճաշի աղից մի քիչ ավելի աղ լցրեք և բրինձը եռացրեք այնքան, որպեսզի այն լրիվ չեփվի, այլ մի քիչ հում մնա: Այնուհետև քամել, կաթսայի մեջ առատ յուղ լցնել, ավելացնել բրինձը, թեթևակի խառնել (կաթսան թափահարելով) կրակից վերցնել, կափարիչով լավ փակել, սրբիչով հերմետիկ փաթաթել կաթսան ու թողնել 0,5-1 ժամ մնա:  

Փլավի որակը կախված է հետևյալից.

  • Կրակը պետք է շատ ուժեղ լինի, որովհետև ուժեղ կրակի դեպքում բրինձը ուշ կեփվի և կպչուն չի լինի,
  • Ջուրը պետք է լինի 1/5 հարաբերությամբ,
  • Յուղը առատ լինի,
  • Եփելուց հետո պետք է որոշ ժամանակ թողնել, անմիջապես չմատուցել:

Եթե անհրաժեշտ է անմիջապես մատուցել, երկրորդ եղանակով պատրաստեք:

2. Լվացած բրինձը յուղով բովել այնքան, որ դառնա հազիվ նկատելի վարդագույն, ավելացնել աղ, տաք ջուր (1:2 հարաբերությամբ), միջին կրակով եփել: Երբ ջուրը սպառվի և երեսին անցքեր երևան, վերցնել կրակից, կափարիչով փակել, սրբիչով փաթաթել կաթսան և թողնել 20-25 րոպե, որից հետո մատուցել:

Չամիչով պատրաստելիս այն տապակել յուղով, լցնել արդեն պատրաստի փլավի վրա, խառնել զգուշությամբ և ծածկել վերը նշված ձևով:

ՎԵՐՄԻՇԵԼՈՎ ՓԼԱՎ

Որոշակի դժվարություն է հարուցում նաև վերմիշելով փլավը: Գաղտնիքը նրանում է, որ վերմիշելով փլավի համար նույնպես յուղը պետք է առատ լինի:

Վերմիշելը յուղով բովել, ավելացնել այնքան տաք ջուր, որ վերմիշելի մակերեսից 1-2 մատ բարձր լինի: Ավելացնել աղ և միջինից մի քիչ ուժեղ կրակով եփել: Երբ շատ քիչ ջուր մնա (մի քիչ թանձր) վերցնել կրակից, սրբիչով կաթսան փաթաթել, թողնել 10-20 րոպե հանգստանա:

Թույլ կրակի դեպքում կստացվի կպչուն զանգված:

ՄՍՈՎ ՓԼԱՎ

Եթե ունեք շատ քիչ փափուկ միս և չեք կողմնորոշվում ինչ պատրաստել, ապա պետք է աղալ, յուղով տապակել, ավելացնել ջրով բացած 1 ճ/գ տոմատի մածուկ, աղ, սև, կարմիր պղպեղ, խառնել փլավին: 

Սկուտեղի մեջ լցնելուց հետո կողքերը զարդարել լոլիկով, կանաչ պղպեղով, ձմռանը՝ թթու վարունգով:

Բաղադրատոմսը՝ Ամալյա Բաղդասարյանի

Բաժին: Խոհանոց | Դիտումներ: 356 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: հայկական խոհանոց, Ամալյա Բաղդասարյան, բաղադրատոմսեր, փլավներ, խոհանոց | Վարկանիշ: 0.0/0