ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 12186 | 12:00 Ավելացրեց: Moder-003

ԱՐԺԱՆԻՔՆԵՐԸ

Այծեղջյուրը գործնական մարդ է: Նրան շատերը հարգում են, թեև այնքան էլ չեն սիրում: Արտաքուստ թվում է, թե նա անտարբեր է այդ հանգամանքի հանդեպ, բայց այդպես չէ: Նա բավական զգայուն է, թեպետ դժվար է գլուխ հանում զգացմունքներից և անընդունակ է հասարակությանը հասկանալի ձևով արտահայտել դրանք: Բացի այդ, Այծեղջյուրն ի սկզբանե ամենևին չի վստահում մարդկանց, որի պատճառով էլ հաճախ տառապում է մենակությունից: Նա ով կկարողանա Այծեղջյուրին օգնել հաղթահարելու այդ խոչընդոտները, չի զղջա, քանի որ այդպիսով ձեռք կբերի անձնուրաց և հուսալի ընկեր, որը պատրաստ է հանուն մտերիմ մարդու նվիրաբերել անգամ կյանքը:

ՀՈՎԱՆԱՎՈՐ ՄՈԼՈՐԱԿԸ՝ ՍԱՏՈՒՐՆ

Հենց այս մոլորակն է այն նկարիչը, որ նկարում է մեր կյանքի սև ու սպիտակ գծերը: Սատուրն է պատասխանատու մեր կյանքի ճգնաժամերի, հույսերի խորտակման, ամուսնալուծության ու ճակատագրի այլ հարվածների համար, բայց հենց նա էլ խթանում է մեր մշտական բարեփոխումն ու վերակենդանացումը և պարգևում համեմատաբար կայուն ու հանդարտ կենսափուլեր: Սատուրնն անցնում է Կենդանակերպը համարյա 29,5 տարում (29 տարի և 155 օր): Ղեկավարում է Այծեղջյուրին: Սատուրնի իշխանությանը ենթարկվող մարդիկ ամբողջ կյանքում ստիպված են պայքարել ինքնահաստատման ու իրենց իրավունքների համար: Նրանք ապշեցուցիչ աշխատունակ և պատասխանատվության զգացմամբ օժտված մարդիկ են: Բայց Սատուրնը նրանց օժտում է նաև ծանր բնավորությամբ: Մռայլ են, կասկածամիտ, հիշաչար և համարյա ունակ չեն ներելու, բայց խելացի են ու հեռատես:

ՀՈՎՎԱՄԱՂԱԽԸ ԱՀԾԵՂՋՅՈՒՐ Է

Այծեղջյուրի նշան հովվամաղախը դաղձաբույր բույս է և բուժական ուժեղ հատկությամբ է օժտված: Նրա բույրը շնչելն իսկ բավական է օրգանիզմի գործունեության բարելավման համար. վերացնում է գրգռվածությունն ու նյարդայնությունը, մեղմացնում ալերգիկ երևույթները, այդ թվում և՝ բրոնխիալ ասթման, վերացնում միգրենը: Հանդարտ, հավասարակշռված, համեստ այս Այծեղջյուր-բույսը հարմարվում է բոլոր մարդկանց, բացի Կշեռքից, բայց հատկապես «սիրում» է Ցուլին, Խեցգետնին, Կույսին և Ձկներին:

ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կարևորը, որ նրա տանը գերիշխի ճաշակն ու համեստությունը: Այծեղջյուրը շատ է սիրում ինքնաշեն առարկաներ, այդ թվում և՝ կահույք: Նրան խորթ է պաճուճազարդությունը: Թեև դրանով հանդերձ նա դեմ չէ հնաոճ իրերի ներկայությանը: Ընդհանուր առմամբ ամբողջ մթնոլորտը պիտի թողնի չափավորության, ռացիոնալության և որոշ գործնականության տպավորություն, ընդ որում՝ ոչ առանց տնական հարմարավետության: Կերակուրը Այծեղջյուրը ճգնավոր է. քիչ է սնվում, նախընտրում է պարզ և առողջ կերակուրը. կաթնեղենը, ձկնեղենը, բրինձը, վարունգը, ելակը, սունկը և սպանախը պետք է անպայման լինեն նրա սեղանին: Խմիչքի մեջ նախընտրում է թեթև բաց վարդագույն գինին:

ՄԱՐՄՆԻ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՍԸ Ոտքերն են, մասնավորապես՝ ծնկները:

ՏՂԱՄԱՐԴ-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Տղամարդ-Այծեղջյուրների մեջ շատ են տարեց ամուրիներն ու կնատյացները: Նրանց բնազդները բավական հզոր են, բայց դրանք նիրհում են սկզբունքների, դատողության և այլ դրական հատկանիշների թմբիրում: Այծեղջյուրի կարգախոսն է՝ չափավորություն, զսպվածություն և սեփական արժանապատվության զգացում: Այծեղջյուրի համար սեքսն առանց սիրո գոյություն չունի: Իսկ իր զգացմունքներին արժանի էակ գտնելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ Այծեղջյուրի պահանջմունքները շատ խիստ են, և ոչ բոլոր կանայք կհամաձայնեն հանդուրժել նրա բնավորությունը: Բայց եթե նման մեկը գտնվի, Այծեղջյուրն ընդունակ է ցույց տալու, թե ինչի է ինքն ընդունակ: Ընդ որում, որքան շատ նա կապվի այդ կնոջը, այնքան զորեղ կլինի նրա հանդեպ Այծեղջյուրի հակումը:

ԿԻՆ-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Կին-Այծեղջյուրը համառ է, բայց լավ կին ու տնտեսուհի է՝ գնահատվելու և սիրվելու դեպքում միայն: Իհարկե, երբեմն նրա խաղաղ ընթացքին խանգարում է խորը թաղված կրքոտությունը, որը ճնշվել է արտաքին պատշաճությանը զոհ գնալու պատճառով: Եվ տղամարդիկ, հանդիպելով կին-Այծեղջյուրի, ցնցվում են նրա ներքին երկվությունից. մի կողմից նրանց թովում է այդ կնոջ զգայունությունը, մյուս կողմից նրանց վանում է նրա սառնությունն ու բարեպաշտությունը: Ինքը՝ կինը, կարող է տվայտանքների մեջ լինել ներքին կոնֆլիկտի պատճառով, չիմանալով՝ հարձակում գործե՞լ, թե՞ մեղքը քավել:

ԻՆՉՊԵՍ ԳԱՅԹԱԿՂԵԼ ԱՅԾԵՂՋՅՈՒՐԻՆ

Այծեղջյուրը հույժ «երկրային» նշան է, և նրան չեն գրավում ոչ թեթևամիտ կոկետուհիները, ոչ երկնքում ճախրող երազկոտ կանայք, և ոչ էլ խիզախ ու արկածախնդիր օրիորդները: Լավագույնն այն կլինի, որ ցուցաբերեք կարգապահ, զուսպ և բարեկիրթ մարդուն բնորոշ գծեր: Տղամարդ-Այծեղջյուրը կշփվի ձեզ հետ, եթե ձեր մեջ տեսնի իր ապագա կնոջը և համախոհին և ոչ՝ «տզրուկ» մորը կամ խոնարհ դստերը: Ձեր հագուստը պետք է ճչան չլինի: Ցանկալի է, որ ձեր հագուստի ինչ-որ դետալ լինի սև գույնի, օրինակ՝ պայուսակը: Այծեղջյուրին այնքան է դուր գալիս սևը, որ չզարմանաք, եթե մի օր առաջարկի ձեր խարտյաշ մազերը սև ներկել:

ԾՆՈՂ-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Ընտանիքը մեծ նշանակություն ունի Այծեղջյուրի համար: Նա սրբորեն պահպանում է ընտանեկան ավանդույթները: Այծեղջյուրը պահպանողական ծնող է, դաստիարակում է իր զավակներին առանց փորձարարության՝ ինչպես ժամանակին իրեն են դաստիարակել: Այծեղջյուրի երեխաները նույնպես միշտ զգում են, որ ընտանիքն իրենց գլխավոր պաշտպանն է ու ապավենը բառիս բուն իմաստով: Այծեղջյուրը դժվար է ընկալում երեխայի հոգեբանության նրբերանգները և չի էլ ձգտում ընկալել:

ԵՐԵԽԱ-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Բավական հասուն են: Երբեմն թվում է՝ ծնվելիս նրանք արդեն օժտվել են կյանքի նկատմամբ դիրքորոշմամբ և պատկերացումներով: Նրանք պատվախնդիր են և հասնում են իրենց նպատակներին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐԻՆ ՀԱՄԱՐ ԵՆ...

  • Եթե ուզում եք ձեզ լրացնող մեկին և նպատակների իրագործում, սիրեք Խեցգետնին: Նման ամուսնությունը համապատասխանում է աստղագիտական կանոններին:
  • Եթե փնտրում եք ձեր նմանակին, երկուստեք եսասիրություն, սիրեք ձեր նշանը՝ Այծեղջյուրին: Դա հարազատ հոգիների անխախտ դաշինք է:
  • Եթե ձեզ անհրաժեշտ է աջակցություն, խորհուրդ ու հենարան, ամուսնացեք Կշեռքի հետ:
  • Եթե մեծահոգի եք և ինքներդ եք ուզում օգնել ու մխիթարել, ձեր կյանքը կապեք Խոյի հետ:
  • Եթե դուք թեթևամիտ եք, սիրում եք փայլ ու բարձր հասարակություն, եթե սրամիտ եք, նրբաոճ, էսթետ ու սնոբ, ամուսնացեք Ձկների հետ:
  • Եթե ուզում եք մխրճվել ցանկասիրության հորձանուտն ու տառապել և տրվել ու ենթարկվել սիրելիին, միացեք Առյուծին:
  • Եթե ուզում եք սիրվել ինքնամոռաց ու կրքոտ, երկրպագվել ու պաշտվել՝ առանց փոխադարձաբար սիրելու նեղությունը տալու ինքներդ ձեզ, ապա հարմար կլինի Երկվորյակների հետ ամուսնանալը:
  • Եթե սիրում եք բանավեճեր ու չեք վախենում անկայունությունից և սեր-ընկերություն իրավիճակից, միացեք Կարիճին: Ձեր զգացմունքները կարող են խորն ու երկարատև լինել:

ԻՆՉՊԵՍ ԱԶԱՏՎԵԼ ԱՅԾԵՂՋՅՈՒՐԻՑ

Նրան ասեք, որ հիասթափվել եք իրենից: Ձեզ վերադարձնելու անօգուտ փորձերից հետո նա կգնա ու այլևս հետ չի գա, եթե նույնիսկ դուք փոշմանեք: Եթե չեք ուզում նրա ինքնասիրությունը վիրավորել և ցանկանում եք, որ ինքը հարաբերությունների խզման նախաձեռնողը լինի, ձեր տնային պարտականությունները մի կատարեք, փողը շռայլորեն ծախսեք, անճաշակ հագնվեք, փիլիսոփայական խոսակցություններ վարեք, և նա կսկսի լուրջ կասկածել իր ճիշտ ընտրության հարցում: Եթե ամեն երեկո տուն գալով ճաշասպասքի փոխարեն սեղանին ոգեհմայության ափսեներ տեսնի, ապա շուտով գլուխը կառնի ու կփախչի՝ իր համար նոր կացարան փնտրելով:

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 12186 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: այծեղջյուր, աստղակերպի նշանները, աստղակերպ | Վարկանիշ: 5.0/11