ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

«ՆԱՊՈԼԵՈՆ»
Բաժին: Խոհանոց | Դիտումներ: 307 | 10:00 Ավելացրեց: armenlur

Շերտավոր խմորով (տես ներքևում՝ ՇԵՐՏԱՎՈՐ ԽՄՈՐ) պատրաստված թխվածքների մեջ ամենահարգին համարվում են գաթան, փախլավան, և Նապոլեոնը, մանավանդ, եթե դրանք պատրաստվում են փորձառու տնտեսուհիների ձեռքով և բարձր որակով:

Ներկայացնում ենք «Նապոլեոնի» պատրաստման երեք բաղադրատոմս, որոնք, մեր կարծիքով, տնտեսուհիները գոհունակությամբ կընդունեն:

«Նապոլեոն»՝ առաջին բաղադրատոմս

  • Սեղանին լցնել 1,5 թեյի բաժակ ալյուր, վրան կտրտել 500 գր սառած կարագ և դանակի օգնությամբ ալյուրի հետ խառնելով՝ մանրացնել այնքան, որպեսզի կարագի կտորները դառնան լոբու կամ սիսեռի չափ: Ստացվում է փշրվող զանգված:
  • Այն բաժանել երեք մասի և դնել սառնարանի սառցի բաժնում, որպեսզի կարագը չփափկի: Էմալապատ ամանի մեջ կոտրել 3 ձու, մի քիչ հարել, ավելացնել 1 թեյի բաժակ գոլ ջուր, 1,5 ճաշի գդալ գինու քացախ (հիշեք, այս խմորի մեջ աղ պետք չէ), այնքան ալյուր (3-5 թեյի բաժակ, դա կախված է ձվի մեծությունից), որ ստացվի չկպչող, սովորական փափուկ խմոր:
  • Ալյուրը պետք է մաս-մաս լցնել, որպեսզի շատ պինդ խմոր չստացվի: Հունցելուց հետո խմորը 10-15 րոպե թողնել սեղանին, որպեսզի հանգստանա և հեշտությամբ բացվի:
  • Դրանից հետո ամբողջ զանգվածը գրտնակով բացել, մինչև կեսը լցնել սառնարանում դրված ալյուրախառն զանգվածի 1/3 մասը, խմորի մյուս կեսով ծածկել, կողքերն ամրացնել, որպեսզի կարագի կտորները չթափվեն և կրկին բացել: Այս անգամ բացված խմորը ավելի մեծ պետք է լինի:
  • Նույն ձևով լցնել երկրորդ բաժին կարագը, մինչև կեսը փակել վերը նշված ձևով և կրկնել երրորդ անգամ:
  • Վերջին անգամ կողքերը դարձյալ լավ փակել և կրկին բացել որքան հնարավոր է (0,5 սմ հաստությամբ) և ռուլետի պես փաթաթել, ձեռքով կողքերին բոլոր կողմերին ձեթ քսել և 30 րոպե դնել սառնարանի սառցի բաժնում, որից հետո հանել բաժանել 7 գնդի (եթե ջեռոցի թավան մեծ է՝ 4 տեղանոց գազoջախի համար նախատեսված չափը) իսկ եթե ավելի փոքր է, ապա ավելի շատ գնդերի կարող եք բաժանել:
  • Յուրաքանչյուր գունդը բացել շատ բարակ և թխել ոչ թե թույլ, այլ միջին կրակով:
  • Հաջորդ գունդը գրտնակով բացելուց հետո 1-2 րոպե անց ջեռոցում եղածը պետք է թխվի, հետևապես պետք է թխվելու ժամանակը յուրաքանչյուր տնտեսուհի ճիշտ իր ջեռոցի ջերմությանը համապատասխան ընտրի:
  • Գնդերը բացելիս աշխատեք առանց ալյուրի, որպեսզի փխրուն ստացվի, իսկ եթե որոշ տեղերում խմորը կպչի սեղանին, թեթևակի տակը ալյուր ցանեք:
  • Թխվելիս շերտերը շատ են բարձրանում, հետևապես կարելի է երկու մեծ «Նապոլեոն» պատրաստել:
  • Օգտագործել միայն 13-րդ կրեմը (տես ներքևում՝ ԿՐԵՄ 13), ուրիշ կրեմով համեղ չի ստացվում: Իսկ եթե այդ պահին խտացրած կաթ չլինի, խորհուրդ ենք տալիս օգտագործել «Սիրողական կրեմ»՝ (տես ներքևում՝ ԿՐԵՄ 11): 

«Նապոլեոն»՝ երկրորդ բաղադրատոմս

  • Այս «Նապոլեոնը» պետք է թխել միմիայն մարգարինով:
  • Սեղանին լցնել 3 թեյի բաժակ ալյուր, վրան կտրտել 250 գր մարգարին, ալյուրի հետ խառնելով՝ մարգարինը մանրացնել, ստացվում են փշուրներ, մեջը փոս անել, 1 թեյի բաժակի մեջ կոտրել 1 ձու, ավելացնել մեկ պտղունց աղ, 1 ճաշի գդալ քացախ, մի քիչ հարել, և մինչև բաժակի ծայրը ավելացնել սառը ջուր, լցնել ալյուրի վրա: Խմորը հունցելուց հետո բաժանել 4 մասի: Յուրաքանչյուր գունդը գրտնակով բացել, վրան քսել 25 գրամ մարգարին, ծրարի պես ծալել, 20 րոպե դնել սառնարանում: Հետո գնդերը բացել 5 մմ հաստությամբ և թխել:
  • Օգտագործել ԿՐԵՄ 14-ը (տես ներքևում): 

«Նապոլեոն»՝ երրորդ բաղադրատոմս

  • Այս «Նապոլեոնը» թխել շերտավոր խմորով (տես ներքևում՝ ՇԵՐՏԱՎՈՐ ԽՄՈՐ), որով կարող եք թխել՝ նախապես խմորը թեյի պնակով կտրելով (հատով «Նապոլեոն»): 

ՇԵՐՏԱՎՈՐ ԽՄՈՐ

  • Վերցնել 800 գր կարագ կամ մարգարին, 4 ձվի դեղնուց, 1 թ/բ գոլ ջուր, 2 ճ/գ ընտիր քացախ, մի պտղունց աղ, 6-8 թեյի բաժակ ալյուր։
  • 4 ձվի դեղնուցը մի քիչ հարել, ավելացնել 400 գր կարագ, խառնել, վրան լցնել 1,5 թեյի բաժակ գոլ ջուր, մի պտղունց աղ, 2 ճ/գ քացախ, 6-8 թ/բ ալյուր (եթե քիչ լինի, կարելի է ավելացնել), հունցել ձեռքերին չկպչող փափուկ խմոր, բաժանել 4 գնդի, 20-25 րոպե դնել սառնարանում, որից հետո յուրաքանչյուր գունդն առանձին բացել, կարագ քսել, ծալել, դնել սառնարանում։
  • Նույնը կրկնել բոլոր գնդերի հետ 3 անգամ՝ հավասարապես օգտագործելով մնացած 400 գրամ կարագը։ Նախընտրելի է խմորը պատրաստել մեկ օր առաջ։
  • Այս խմորով կարելի է թխել նաև գաթա, փախլավա, խաչապուրի, մսով կարկանդակներ, սիգարետ, ձագար (տրուբոչկա), բոնբոնչկի և այլն։

ԿՐԵՄ 11 - ՍԻՐՈՂԱԿԱՆ

  • 2 թեյի բաժակ շաքարավազը և 2 լիքը ճաշի գդալ ալյուրը լավ խառնել, ավելացնել 2 թեյի բաժակ եռացրած-սառեցրած կաթ (կարելի է նաև ջուր) և մեղմ կրակով եփել: Սառչելուց հետո քիչ-քիչ լցնել լավ հարած 300 գրամ կարագի վրա: Վերջում ավելացնել 1 հատ վանիլին:
  • Օգտագործել նաև «Բոնբոնչիկ», «Բայադերա» թխվածքների և բիսքվիտից պատրաստվող ամեն տեսակ տորթերի համար:
  • Հիշե՜ք, շերտերը սառչելուց հետո անմիջապես կրեմ քսել։

ԿՐԵՄ 13

  • 250 գր փափուկ կարագը լավ հարել և մաս-մաս ավելացնել 1,5 բանկա խտացրած կաթ, 1 հատ վանիլին:
  • Առաջին «Նապոլեոնի» համար օգտագործել միայն այս կրեմը:

ԿՐԵՄ 14

  • 200 գր կարագը լավ հարել և քիչ-քիչ ավելացնել 1 բանկա խտացրած կաթ, 1 հատ վանիլին:
  • Նպատակահարմար է շաքարային թխվածքների համար՝ շերտերն իրար միացնելիս։
  • Շերտերը կրեմով միացնել, երեսին կրեմ քսել, վրան ցանել «Նապոլեոնի» փշրանքներից և շաքարի փոշի:

Բաղադրատոմսը՝ Ամալյա Բաղդասարյանի

Բաժին: Խոհանոց | Դիտումներ: 307 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: խոհանոց, Նապոլեոն, բաղադրատոմսեր, տորթեր, Ամալյա Բաղդասարյան, քաղցրավենիքներ | Վարկանիշ: 0.0/0