ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Կինոյի հոգեբանական ազդեցությունը հանդիսատեսի վրա
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 1774 | 22:00 Ավելացրեց: Moder-003

Կինեմատոգրաֆի զարգացմանը զուգահեռ մի շարք տեսաբաններ սկսեցին ուշադրություն դարձնել, թե ինչպե՞ս են ստեղծվում ֆիլմերը, ինչպե՞ս են դրանք ազդում մարդու վրա։ Որոշ տեսաբաններ սկսեցին կինոն ուսումնասիրել որպես համակարգ, որն ազդում է հասարակության կենսագործունեության վրա՝ ազդելով առանձին անհատների հոգեբանության վրա։ Այսօր կինոարտադրությունը և հոգեբանությունը ունեն շփման բավականին լայն եզրեր։ Ս. Յանգը իր «Հոգեբանությունը կինոարտադրությունում» աշխատության մեջ առաջարկում է մի յուրահատուկ համակարգ, համաձայն որի կարելի է առանձնացնել երեք մեծ ոլորտներ, որոնցում կիրառվում է հոգեբանությունը։ Դրանք են ռեժիսորի կամ կինոյի ստեղծողների հոգեբանությունը, հոգեբանությունը կինոպատկերներում և հանդիսատեսի հոգեբանությունը:

● Կինոյի ստեղծողների հոգեբանություն։ Յանգը պարզաբանել է, թե ինչպես կարող է ռեժիսորի հոգեբանությունը անդրադառնալ ֆիլմի պատկերների վրա՝ որպես նրա հոգևոր արժեքների արտահայտություն։ Դեռևս Զ. Ֆրեյդը մտցրել է այն գաղափարը, որ արվեստի ստեղծագործությամբ հնարավոր է հասկանալ հեղինակի հոգեբանության առանձնահատկությունները։

● Կինոսյուժեների հոգեբանությունը։ Սրանք այն պատկերներն են, որոնք էկրանի վրա արտածում են մեր ամենօրյա կյանքը։ Պատմում են սիրահարների, քաղաքականության, դժվարությունների, սպանություններ մասին, այն ամենի, ինչը մեզ շրջապատում է առօրյա կյանքում։ Մքլուհենը, ինչպես շատ կինոյի տեսաբաններ, ուշադրություն են հրավիրում կինոյի անգիտակցական ընկալման վրա, երբ պատկերները ընդունվում են «ստորին մակարդակում, առանց քննադատության որևէ նշույլի»։

● Հանդիսատեսի հոգեբանություն։ Կինոթատրոնների տարածմանը զուգընթաց հետազոտողների մոտ հարց էր առաջանում, թե ինչու են հանդիսատեսները ընտրում այս կամ այն ֆիլմը՝ մերժելով մյուսը։ Ըստ Բ. Օստինի որպես հիմանական մոտիվացիա հանդես են գալիս ինքնակրթությունը, առօրյա հոգսերից կտրվելու և սիրած դերասանին կամ դերասանուհուն տեսնել հնարավորությունը։ Կինոն հնարավորություն է տալիս նաև կրկնօրինակել հերոսների պահվածքը՝ իրենց հերոս զգալով։

Մ. Մքլուհենը կինոն սահմանում էր որպես ԶԼՄ-ների «տաք միջոց», որը ամբողջովին գրավում է մարդու տեսողական և լսողական զգայարանները և ստիպում նույնականացվել ֆիլմերի հերոսների հետ: Կինոյի յուրահատկությունը կայանում է նրա՝ գիտակցության ստորին շերտերի վրա ազդելու ընդունակության մեջ (մինչև անգամ անգիտակցական-արխետիպային շերտի վրա):

Կինեմատոգրաֆը հստակ ծրագրավորման դեպքում կարող է լինել քարոզչության բավականին հաջող գործիք: Այն հանդիսատեսի երևակայություն մեջ ակտիվորեն գեներացնում է աշխարհի իդեալականացված պատրանքը: Կախված հեղինակների (ռեժիսոր, սցենարիստ) մտահաղացումից՝ ֆիլմերը հանդիսատեսի մոտ կարող են ստեղծել որևէ կերպարի արդարության և բարոյական գերակայության տպավորություն՝ հաշվի չառնելով, թե իրականության մեջ ինչպիսին է եղել տվյալ կերպարի նախատիպը:

Սակայն ֆիլմերի ամենակարևոր բնութագրիչը, որը թույլ է տալիս այն օգտագործել որպես պրոպագանդայի միջոց, նրա ունակությունն է ազդել մարդկանց վրա գաղտնի, աննկատ ձևով: Ազդեցությունը լինում է հիմնականում զգայական մակարդակում՝ մարդու գիտակցական կառավարելի դաշտից դուրս. դա էլ հենց օգնում է շրջանցել մարդու ռացիոնալ մտածողությունը (զգայական ռեզոնանսի առաջացում): Զգայական ռեզոնանսը կարելի է սահմանել որպես լայն լսարանի մոտ կոնկրետ տրամադրության ստեղծում՝ միաժամանակ քարոզելով որոշակի գաղափարներ: Այն թույլ է տալիս շրջանցել գիտակցական մակարդակում գտնվող հոգեբանական պաշտպանությունը գովազդից, պրոպագանդայից և «ուղեղի լվացման» տեսակներից: Հենց այստեղ էլ հարկավոր է զգայական ռեզոնանսը, քանի որ նրա առաջին օրենքն է. «ազդել մարդու վրա զգայական մակարդակում, ոչ թե գիտակցական»:

Որպես հզոր սոցիալ-հոգեբանական ուժ՝ կինոն մարդուն ազատում է անցած օրվա հոգնածությունից, ֆրուստրացիայից և վախերից: Չի կարելի ասել, որ կինոն օգնում է խուսափել առօրյա խնդիրներից, սակայն վստահորեն կարելի է ասել, որ դիտումից հետո մարդը հասարակություն է «վերադառնում» հանգստացած: Կինոն երբեմն էլ հանդիսանում է սեփական կյանքի, արժեքների և շրջակա միջավայրի վերաիմաստավորման խթան:

Անկախ ֆիլմի բովանդակությունից՝ այն կարող է փոխել կամ ձևավորել որոշակի պատկերացում կամ կարծիք՝ սկսած ամուսնության ու սիրո թեմաներից վերջացրած կառավարության պատկերով: Այսպիսով, ենթագիտակցության մեջ ստեղծվում են բարենպաստ պայմաններ որևէ քաղաքական կառույցների, գործիչների, պետությունների կամ ազգերի նկատմամբ՝ նոր կաղապարներ «ներմուծելու» համար:

Պետությունը, որին հատուկ է քարոզչական մեխանիզմներից օգտվելու ցանկությունը, հաճախ է օգտագործում ֆիլմերը՝ մարդկանց վրա ունեցած այդ հսկայական ազդեցությունը: Քարոզչությունը կինոյում հնարավոր է տեսնել բոլոր երկրներում, բոլոր հասարակություններում: Սա նացիզմի, բռնություն դեմ պայքար է, հայրենիքի հանդեպ սիրո քարոզչություն, և այլն: Օրինակ, խորհրդային ֆիլմերում ոստիկանները ներկայացվել են որպես ազնիվ, խելացի, արժանավոր մարդիկ: Իսկ այժմ բոլոր ժամանակակից ռուսական ֆիլմերում ոստիկանները պատկերվում են որպես ստոր, որևէ մեկին չհարգող, օրենքին չենթարկվող մարդիկ: Նույնը կարելի է նկատել նաև հայկական ֆիլմերում։ Այստեղ ևս ոստիկանները դավաճաններ են կամ ստախոսներ, ովքեր հայտնվում են միայն այն ժամանակ, երբ այլևս անելիք չկա։ Իսկ բնակչության մոտ կարծիք է ձևավորվում, որ ոստիկանությունում իսկապես վատ մարդիկ են աշխատում: Հետաքրքիր է, բայց Ամերիկայում ֆիլմերում ոստիկանները հարգված մարդիկ են, նրանք միշտ օգնության են գալիս, խորհուրդ են տալիս:

«Կինոն ժամանակակից հեռուստատեսության և կինոարդյունաբերության մասնագետների հսկայական բանակի՝ սցենարիստներ, ռեժիսորներ, գրողների, արվեստագետների, գովազդային գործակալներ, դիզայներների, լրագրողների, հոգեբանների, պրոդյուսերների մտավոր գործունեության վերջնական արդյունք է։ Նրանք բոլորը զանգվածային գիտակցության մեջ ստեղծում են տարբեր նյութական և ոչ նյութական օբյեկտների պակասի զգացում: Զանգվածային գիտակցության մեջ «չբավարարվածության» վիճակն անհրաժեշտ է պահպանել զանգվածային սպառումը և տնտեսական զարգացումը ապահովելու համար: Հաճախ հեռուստադիտողը պարզապես չի կարողանում քննադատորեն ընկալել այդ տեղեկատվությունը: Զանգվածային գիտակցությունը հարձակման է ենթարկվում բոլոր կողմերից՝ գովազդի, հեռուստատեսային ծրագրերի, կինոնկարների և այլ թաքնված ձևերի կողմից»։

Կինոն ձևավորում է հասարակական կարծիք, որի միջոցով ձևավորվում է գաղափարախոսություն՝ օգտագործելով ենթագիտակցական ազդեցության ամենատարբեր մեթոդները: Հասարակության վերաբերմունքը ձևավորվում է կարծրատիպերի միջոցով, որոնք ներկայացվում են կինոյում: Սա կոնկրետ իրադարձության վերաբերյալ առաջացնում է կամ դրական, կամ բացասական արձագանք։ Շատ դեպքերում կարող են օգտագործվել նաև անօրինական մեթոդներ, ինչպիսին է 25-րդ կադրը։ 25-րդ կադրի գաղափարն այն է, որ մարդու տեսողությունը ի վիճակի է ընդունելու վայրկյանում 24 կադր։ Այդ իսկ պատճառով վայրկյանի 1/24 մասից կարճ տևողություն ունեցող կադրը, գիտակցությունը շրջանցելով, միանգամից ազդում է մարդկանց ենթագիտակցության վրա։ Այսպիսով, պարզ է դառնում, որ կինոն օժտված է յուրատեսակ հատկանիշներով: Այն կարող է ազդել ոչ միայն գիտակցական ստորին շերտերի վրա, այլ դառնալ շփման միջոց, որը օգտագործվում է ինչպես քարոզչության, այնպես էլ մանիպուլյացիայի համար։

Նյութը` https://kinoashkharh.am/ կայքից

Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 1774 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: հետաքրքիր | Վարկանիշ: 5.0/3