ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ժողովրդական բժշկություն. Թխենու օգտակար հատկությունները
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 239 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Հայտնի են թխենու մոտ 20 տեսակներ, որոնք հիմնականում տարածված են Արևելյան Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում։ Հիմնականում տերևաթափ ծառեր են, հազվադեպ՝ թփեր։ Տերևները պարզ են, հերթադիր, ատամնաեզր։ Մանր, բուրավետ, սպիտակ ծաղիկները հավաքված են ողկույզների մեջ, պտուղը հյութալի է, մինչև 0,7-1 սմ տրամագծով։ Թխենիները պատկանում են վարդազգիների ընտանիքի սալորայինների ենթաընտանիքին։

ՀՀ բնական պայմաններում հանդիպում են թխենու երկու տեսակներ` մահալեբյան և սովորական (Padus mahaleb և P. racemosa կամ P. valium)։

Թխենի մահալեբյանը տարածված է Իսպանիայի կենտրոնական մասում, Եվրոպայի հարավում, Փոքր և Միջին Ասիայում, Պամիրում, ՀՀ հյուսիսային և կենտրոնական մարզերում, բաց քարքարոտ թեքությունների վրա, ծովի մակերևույթից մինչև 1400 մ բարձրության վրա։ Թխենին 10-12 մ բարձրությամբ ծառ է կամ՝ թուփ։ Սաղարթը խիտ է, գնդաձև կամ ձվաձև, կեղևը` մուգ շագանակագույն է, յուրահատուկ կումարինի բուրմունքով։ Տերևները գրեթե կլոր են, մինչև 9 սմ երկարությամբ և 8 սմ լայնքով, բաց կանաչ, հակառակ երեսը պատված է դեղնավուն խավով։ Ծաղկաողկույզի երկարությունը մոտ 7 սմ է։

Ծաղկում և պտղաբերում է իններորդ տարում, հասունացած միակորիզ պտուղները սև են։ Լուսասեր է, դիմացկուն երաշտի և ցրտահարության հանդեպ, մշակվում է այգիներում, ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են հուլիս-օգոստոսին։ Թխենի սովորականը հանդիպում է Պորտուգալիայից մինչև Ենիսեյ գետը և տունդրայի հարավային սահմաններից մինչև Կովկաս ընկած տարածքներում, ՀՀ Լոռիի, Տավուշի, Արագածոտնի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերի անտառների վերին եզրերին, հատկապես հյուսիսային լանջերին, գետափերին։ Մինչև 17 մ բարձրությամբ և 30-40 սմ բնի հաստությամբ ծառ է։ Երիտասարդ ճյուղերի կեղևը փայլուն շագանակագույն է, տերևները էլիպսաձև` 15 սմ երկարությամբ, ծաղկաբույլերի երկարությունը հասնում է 12 սմ-ի, լայնությունը` 2,5-3,5 սմ-ի։ Ծաղկում և պտղաբերում է 5-6-րդ տարում։ Անչափ գեղեցիկ բույս է, ծաղկման շրջանը հաճախ համընկնում է գարնանային կարճատև ցրտահարությունների օրերի հետ։

Բոլոր տեսակների թխենիների տերևները և ծաղիկներն արտազատում են շատ մեծ քանակությամբ ֆիտոնցիդներ, որոնք մահացու են մոծակների և շատ այլ մանր միջատների համար։ Ծաղկած ծառի մոտ երկար կանգնելու դեպքում կարող է առաջանալ գլխացավ։ Թխենին մեղրատու բույս է, նաև որակյալ ծաղկափոշու մատակարար։ 1 հա թխենու այգու մեղվատվությունը 20-30 կգ է։ Թխենի սովորականը մեր հայրենիքի բնական պայմաններում պտղաբերում է ամռան վերջում։ Բույսը շատ գեղեցիկ է նաև աշնանը, երբ տերևները ստանում են կարմրանարնջագույն գունավորում։

Թխենին ունի արտադրական նշանակություն. չորացրած պտուղները փոշիացնում և օգտագործում են հրուշակեղենի, հյութերի, օղու և լիքյորների արտադրությունում, կեղևից ստանում են կանաչ և գորշավուն ներկեր, բնափայտն օգտագործվում է ատաղձագործության բնագավառում։ Մշակվում է Իջևանում, Սևանում, Ապարանում, Սյունիքում։ Հայերեն այլ անվանումներն են` սիան և սևանի։

Թխենի սովորականի պտուղները պարունակում են դաբաղանյութեր, խնձորաթթու, կիտրոնաթթու, շաքարներ, ճարպային թթուներ, ֆիտոնցիդներ, երկաթ, ցինկ, պղինձ, կոբալտ, մանգան, մագնեզիում, ֆլավոններ, ասկորբինաթթու։

Օգտագործվում են գիտական բժշկությունում դիսպեպսիայի բուժման համար (ճնշում է սննդի նեխմանը նպաստող միկրոօրգանիզմներին), որպես օժանդակ միջոց` ինֆեկցիոն դիզենտերիայի դեպքում։

Ստամոքսի խանգարման դեպքում խորհուրդ է տրվում խմել թխենու և հապալաս սևի պտուղների խառնուրդից պատրաստված թեյ։

Եփուկ. 1 ճ/գ թխենու չորացրած պտուղը լցնել 200 մլ եռացող ջրի մեջ, 20 րոպե եփեք` փակ կափարիչի տակ, 1 ժամ թրմել։ Վերականգնել նախնական ծավալը եռացրած ջրով, քամել։ Խմել 100-ական մլ` օրը 2 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։

1 ճ/գ չորացրած պտուղը լցնել 200 մլ տաք (նախօրոք եռացրած) ջրի մեջ, 15 րոպե տաքացնել եռացող ջրային բաղնիքի վրա, 45 րոպե թրմել, քամել։ Վերականգնել նախնական ծավալը։ Խմել 100-ական մլ` օրը 2 անգամ, ուտելուց առաջ։

Թխենու տերևը, ծաղիկը, կեղևը, պտղի կորիզը պարունակում են գլիկոզիդ ամիգդոնիտրիլ, ցիանական միացություն (0,05-0,09 տոկոս), տերևներում կա կարոտին, զգալի քանակությամբ վիտամին E և ասկորբինաթթու։ Կեղևը պարունակում է նաև գլիկոզիդ պրուլաուրազին։

Ժողովրդական բժիշկները մթերում են պտուղը, ծաղիկը, կեղևը` գարնանային հյութաշարժման ընթացքում, տերևը` ամռան սկզբում։

Ժողովրդական դեղատոմսեր

Թոքերի հիվանդություններ. 1 ճ/գ չոր տերևի և ծաղկի խառնուրդը (1։1) 1 ժամ թրմել 200 մլ եռացրած ջրում, քամել։ Խմել 50-ական մլ` օրը 4 անգամ։

Ստամոքսաբորբ, կոլիտ. 1 ճ/գ չոր տերևը լցնել 200 մլ եռացող ջրի մեջ, 5 րոպե եփել, 30 րոպե թրմել, քամել։ Խմել 50-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Տերևի ջրային թուրմը խորհուրդ է տրվում խմել թոքերի և բրոնխների բորբոքումների ժամանակ, և կատարել ողողումներ ստոմատիտի դեպքում։

Ստամոքսի խանգարում. խառնել 1-ական թ/գ թխենու և հապալասի պտուղներ (թարմ կամ չոր), եփել ինչպես թեյը։

Կոլպիտ. 1 ճ/գ ծաղիկը և պտուղը 8-10 ժամ թրմել 400 մլ տաք ջրում ջերմապահի մեջ, քամել։ Կատարել ներլվացումներ` օրը 2 անգամ։

Միզամուղ և լեղամուղ միջոց. 1 թ/գ ծաղիկը կամ պտուղը 3 ժամ թրմել 250 մլ եռացրած ջրում` տաք տեղում, փաթաթել լաթով, քամել։ Խմել 70-ական մլ` օրը 3 անգամ, գոլ վիճակում, ուտելուց 1 ժամ հետո։

Կոնյուկտիվիտ. 1 թ/գ ծաղիկները 8 ժամ թրմել 200 մլ եռացրած ջրում, քամել։ Դնել թրջոցներ աչքերին, օրը մի քանի անգամ։

Էկզեմա, սնկային հիվանդություններ. 1 թ/գ չոր ծաղիկի և տերևի խառնուրդը (1։1) 8 ժամ թրմել 200 մլ սառը ջրում։ Օգտագործել որպես թրջոց կամ լվանալ վերքը։

Բերանի լորձաթաղանթի բորբոքում. 1 թ/գ ծաղիկը 2 ժամ թրմել 200 մլ եռացրած ջրում, քամել։ Կատարեք ողողումներ գոլ թուրմով։

Թարմ վերքեր. թխենու թարմ պտղահյութի մեջ թաթախել թանզիֆե անձեռոցիկը և դնել վերքին։ Այն ունի արագ ներգործություն։

Ռևմատիզմ, հոդատապ. 1 ճ/գ մանրացրած կեղևը 14 օր թրմել 200 մլ օղու մեջ, քամել։ Շփել ցավոտ տեղին։

Հոդատապ, ռևմատիկ ցավեր, գլխացավ. մանրացնել թխենու մատղաշ ճյուղերից ստացված չոր կեղևը, 10 գ հումքը 30 րոպե տաքացնել եռացող ջրային բաղնիքի վրա` 200 մլ ջրում, 15 րոպե թրմել, քամել։ Վերականգնել նախնական ծավալը եռացրած ջրով։ Խմել 50-ական մլ` օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ։

Քրտնամուղ. 1 թ/գ կեղևը 15 րոպե եփել 200 մլ ջրում, քամել։ Խմել 1-ական թ/գ` օրը 3 անգամ։

Զգուշացում։ Թխենու կեղևը, տերևը, ծաղիկը և կորիզը պարունակում են թունավոր նյութեր։ Խստորեն պահպանել դեղատոմսերում նշված պատրաստման և ընդունման չափաբաժինները։

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 239 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: հետաքրքիր, Ժողովրդական բժշկություն | Վարկանիշ: 0.0/0