ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ժողովրդական բժկություն. Արծաթախոտը որպես ժողովրդական միջոց
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 358 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Արծաթախոտ անվանումը կապված է գուտտացիայի երևույթի հետ` վաղ առավոտյան տերևներին գագաթների և եզրերի վրա առկա են ցողի կաթիլներ։

Արծաթախոտն ամրապնդում է փոխադարձ սերը: Կնոջ կյանքում կա մի շրջան, երբ երիտասարդ տարիքին բնորոշ հորմոնալ ֆոնն էականորեն փոխվում է։ Բազմաթիվ գործընթացներ կորսվում են, սակայն միանշանակ հնարավոր է վերականգնել նախկին էներգիան և կենսուրախությունը։ Բնությունը ստեղծել է բույսեր, որոնք պարունակում են հորմոնանման նյութեր. դրանցից մեկն է գայլաթաթը։

Գայլաթաթը վարդազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է, հաստ, փայտացած, հորիզոնական կոճղարմատով և տերևների վարդակով։ Տերևներն ունեն բնորոշ ծալքավորություն, ոչ խորը կտրվածքով` արտաքուստ նման յոթ կամ ինը գագաթներով աստղի։ Ստորին տերևները երկարակոթուն են, վերինները` նստադիր։ Ծաղիկներն աննշմար մանր են, կծիկաձև հավաքված։ Ցողունը տարածվող է, երբեմն ուղղաձիգ` մինչև 20-40 սմ բարձրությամբ, ունի բազմաթիվ այլատեսակներ։ Մատղաշ տերևները և ցողունը պարունակում են մինչև 210 մգ ասկորբինաթթու (100 գ հումքի մեջ), պատրաստում են աղցաններ և ապուրներ։

Բույսը տարածված է ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի, Լոռու մարզերում։ Աճում է մարգագետիններում, անտառային բացատներում, ճամփեզրերին, գետափներին։ Բույսի գիտական անվանումն է` Alchemilla, հնում վերգետնյա մասի թունդ թուրմով ներկել են կտորեղենը` վառ դեղին գույնով։ Ալքիմիկոսները կարծել են, որ բույսը ոսկի է պարունակում։

Գայլաթաթը հայերենում անվանվում է նաև ոսկեծիլ, չտաբլիթ և արծաթախոտ։ «Ոսկեծիլ» անվանման ծագումն արդեն իսկ պարզ է և տրամաբանական։

Կաթիլն արտաքուստ նման է սնդիկի գնդիկի թե՛ ձևով և թե՛ փայլով։ Նույնիսկ կեսօրյա տապին տերևի կենտրոնում հաճախ կարելի է տեսնել հեղուկի կաթիլ։ Արծաթախոտի տերևի վրա հավաքվող կաթիլը միջնադարում համարվել է «երկնային ցող», որից փորձել են առանձնացնել «իմաստասիրության քարը», այս հանգամանքով է բացատրվում բույսի լատիներեն անվանումը` «ալքեմիլա»։ Միջնադարում կարծել են, որ բույսն օժտված է մոգական հատկությամբ, իսկ տերևների վրա հավաքվող ցողը վերադարձնում է տարիքի հետ կորսված գեղեցկությունը` դրանով լվացվելու դեպքում։

Շվեյցարիայում մինչև մեր օրերը տերևները քսում են դեմքին, քանի որ կարծում են, թե ցողն ունի պեպենները սպիտակեցնող և կորյակները չորացնող հատկություն։

Առաջին հայացքից աննկատ արծաթախոտն ունի արտահայտված դեղաբանական հատկություններ, որոնք անցել են դարերի փորձություն։ Բուժիչ նպատակներով օգտագործվում է վերգետնյա մասը, որում օգտակար նյութերն առավել շատ են ծաղկման շրջանում։ Պարունակում է դաբաղանյութեր (մոտ 9,5 տոկոս), ֆլավոններ (2,5 տոկոս), ֆենոլկարբոնային թթուներ, լիպիդներ, կումարին, դառնանյութ, խեժ, ֆիտոստերին, բոր, մարգանեց, ցինկ, անտոցիաններ, ասկորբինաթթու և այլն։

Բույսն օգտագործվում է միայն ժողովրդական բժշկությունում` բրոնխիտի, լարինգիտի, քրոնիկ ստամոքսաբորբի (ոչ բավարար ստամոքսահյութի արտազատում), կոլիտի, լուծի, այտուցների, միզապարկի բորբոքման, քրոնիկ պիելոնեֆրիտի, ներքին արյունահոսությունների, մարսողության խանգարման, փքվածության դեպքում։ Արծաթախոտից ստացված պատրաստուկներն ի զորու են վերականգնել թոքախտի ինֆեկցիայով խոցված մազանոթները, օգտակար են առիթմիայի, ստենոկարդիայի, արյան հիվանդությունների համալիր բուժման ընթացքում։

Բուլղարացի բուժարարները խորհուրդ են տալիս խմել արծաթախոտի ջրային թուրմը` որպես ուղեղի արյունազեղումը կանխարգելող միջոց։ Գերմանիայում չոր խոտը խառնում են թեյի հետ` սակավարյունության, դիսբակտերիոզի, լյարդի հիվանդությունների դեպքում։

Պոլիֆենոլների առկայության շնորհիվ արծաթախոտից ստացված պատրաստուկներն իջեցնում են շաքարի և խոլեստերինի պարունակությունն արյան մեջ, ինչի շնորհիվ մեծ կիրառում ունեն աթերոսկլերոզի և շաքարային դիաբետի դեպքում` որպես օժանժդակ միջոց։

Բույսի արժեքավորմանը մեծապես նպաստել են ավստրիացի բժիշկ Ռուդոլֆ Բրոյսի հետազոտությունները։ «Արծաթախոտը մեծապես նպաստում է օնկոլոգիական հիվանդությունների բուժման ընթացքին»,- գրել է գիտնականը։

Ժողովրդական դեղատոմսեր

Ունենալով կիրառման մեծ ոլորտ, արծաթախոտը գործնականում չունի հակացուցումներ։ Բույսը վաղուց ի վեր մշակվում է, մատղաշ ցողունը և տերևն օգտագործվում են սննդի մեջ։ Վաղուց ի վեր հարգի է արծաթախոտից պատրաստված աղցանը։ Կա կարծիք, որ այն ամրացնում է ամուսնական զույգի կապը` չէ՞ որ բույսը ֆիտոհորմոնների շտեմարան է.

-Լվանալուց հետո արծաթախոտի կանաչին մեկ րոպեով ընկղմեք եռջրի մեջ, մանր կտրատեք։ 150 գ հումքին ավելացրեք մի փոքր կանաչ սոխ, համեմեք աղով, ծովաբողկի արմատով (կամ մանանեխի սերմով), կերեք կաթնասերի հետ` 30-50 գ։

Եռջրում դաղված տերևը կարելի է ավելացնել ցանկացած բանջարեղենից և մսեղենից պատրաստված կերակուրի (կամ կոմպոտի) մեջ։

Թուրմ - 2 թ/գ չորացրած տերևը 4 ժամ թրմեք 400 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ կամ 1,5 ժամ հետո։ Շարունակեք 1 ամիս, կրկնեք 10 օրից։ Թուրմն օգտակար է ցավոտ դաշտանի, պարբերության խանգարման դեպքում, դաշտանադադարի շրջանում, արգանդի վիրահատությունից հետո։ Հնում կարծել են, որ թուրմն օգտակար է հղիության շրջանում (4-րդ ամսից) և ծննդաբերությունից հետո, քանի որ նպաստում է պատռվածքների ապաքինմանը և ամրացնում է հարթ մկանները։

Լայն կիրառում ունեն արծաթախոտի կանաչ զանգվածի գինու և օղու ոգեթուրմերը.

15 գ կանաչին 10 րոպե եփեք 500 մլ չոր խաղողի գինու մեջ, 24 ժամ թրմեք։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 2 անգամ։ Շարունակեք 10 օր, կրկնեք 10 օրից։

50 գ կանաչին 14 օր թրմեք 500 մլ օղու մեջ, պահեք մութ տեղում։ Խմեք 1-ական թ/գ` օրը 1 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։ Ոգեթուրմերը խմեք բոլոր վերոգրյալ հիվանդությունների դեպքում։

Ետծննդաբերական գիրություն. Խառնեք 1-ական թ/գ չորացրած արծաթախոտի և խուլ եղինջի տերևները, 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ։ Շարունակեք 1 ամիս, կրկնեք 10 օրից։ Ռ. Բրոյսը խորհուրդ է տվել խմել կումերով, օրվա ընթացքում։

Մկաններն ամրացնող. 50 գ կանաչ զանգվածը 30 րոպե թրմեք 5 լ եռջրում, ավելացրեք լոգանքի ջրին` լողացրեք երեխաներին։

Յուղամզվածք. 50 գ չոր խոտը փոշիացրեք և խառնեք 500 գ հալեցրած կարագին (60-70 C)։ Հարթեցնում է մաշկը, ունի սկրաբի հատկություն` առավել արդյունավետ է, եթե քսեք լոգանք կամ ցնցուղ ընդունելուց հետո։

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 358 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: հետաքրքիր, Ժողովրդական բժշկություն | Վարկանիշ: 0.0/0