ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ցուլի բնութագիրը
Բաժին: Արևելյան | Դիտումներ: 12037 | 15:00 Ավելացրեց: Moder-003

Արևելյան կամ չինական հորոսկոպ

Չինական հորոսկոպում Ցուլը խորհրդանշում է բնության ուժը և նրա կոչումն է մարդկանց ծառայելը: Բայց պետք չէ մոռանալ, որ այս կենդանին ներքին հզոր ուժով է օժտված, որն ամեն պահի կարող է դուրս գալ ենթակայությունից ու իր ճանապարհին ամեն ինչ ոչնչացնել, այնպես որ՝ լավ է չարթնացնել նրա այդ ուժը:

Կենդանու սիմվոլիկ նշանակությունը

Չինաստանում հորոսկոպի բոլոր կենդանիներից Ցուլն ամենից ուժեղն ու հզորն է: Բայց քանի որ նա չկարողացավ առաջինը ներկայանալ Բուդդային, նրա մեջ ոչ միայն ուժ, այլև թուլություն է ներդրված: Դա թույլ է տալիս ընտելացնել նրան ու ծառայեցնել մարդուն: Այս կենդանին խորհրդանշում է գարունն ու հողագործությունը: Բուդդիզմի մեջ սպիտակ ցուլի կերպարը խորհրդանշում է հայեցողական իմաստնությունը:

Դիցաբանությունը

Ըստ լեգենդի, երբ Բուդդան ստեղծում է բոլոր կենդանիներին, նրան ներկայանում են միայն 12-ը: Դրանցից ամենից ուժեղը Ցուլն էր, այդ իսկ պատճառով կենդանիներից ոչ ոք չէր համարձակվում դիմակայել նրան կամ ճանապարհին առաջ անցնել նրանից: Բայց խորամանկ Առնետը գուշակում է նրա թուլությունը, կարողանում է շահել Ցուլի վստահությունը: Նրանք ընկերներ են դառնում, ու Ցուլը թույլ է տալիս Առնետին ճամփորդել իր մեջքին նստած: Երբ նրանք հասնում են Բուդդային, Առնետը մի ցատկով թռչում է Ցուլի մեջքից ու առաջինն է ներկայանում: Այդ օրվանից Ցուլը հետ մնացողի համբավ է վայելում ու միշտ կասկածում է, որ ինչ-որ մեկը փորձում է օգտվել իր վստահությունից:

Ցուլի տարի

Երբ գալիս է այս հզոր կենդանու թագավորության տարին, բոլորի վրա պատասխանատվության մեծ բեռ է ընկնում: Ցուլի տարում նյութական արժեքները, արտադրությունն ու առողջ բանականությունը առաջնակարգ դերերում են հայտնվում՝ երկրորդական տեղերում թողնելով նրանց, ում համար ամենից կարևորը հոգևորն ու բարոյականությունն են:

Կարելի է ասել, որ Ցուլի տարում ամուր դիրքերում կհայտնվեն հասարակության պահպանողական ուժերը: Մարդիկ մեծ մասամբ զբաղված կլինեն իրենց գործերով ու մեծ ուշադրություն կդարձնեն ընտանեկան օջախին: Տարին հարմար չի լինի նորարարությունների համար: Ցուլի տարուց առավելագույն օգուտ ստանալու համար պետք է շատ աշխատել, ձեռքերը ծալած չնստել, խիստ կանոնակարգի հետևել ու չշեղվել դատարկ բաների վրա:

Կենդանու ընդհանուր բնութագիրը

Գայթակղելու ունակությունն ու գրավչության ուժը Ցուլի երկու հիմնական գծերն են: Անկախ, համբերատար, հանգիստ Ցուլը կարողանում է վայելել կյանքը: Առանց հանգստանալու առաջ շարժվելու ձգտումը նրա մոտ առաջ է գալիս, եթե կարողանում է բավարարել իր ցանկություններն ու օգտվում է այն հաճույքներից, որոնց կարիքն ունի:

Այս նշանն այնպիսի զգայունություն է ցույց տալիս, որը երբեք չես սպասի այսպիսի հզոր կենդանուց: Հստակությունն ու ճշտապահությունը նրա արժանիքների հիմքն են ու շատ գնահատված են մտերիմների կողմից: Ցուլը չի սիրում զուր ժամանակ ու ուժեր վատնել: Նա հանգիստ, համբերատար ու խաղաղ մարդու համբավ է վայելում: Եվ իհարկե, լավ է նրան բարկացած չտեսնել:

Ցուլի անհատական գծերը

Միայն մեկ հայացքն էլ բավական է այս մարդու հզոր ուժը տեսնելու համար: Ցուլի շարժումները հանգիստ ու անշտապ են: Այս մարդը ձգտում է իր շուրջը հանգիստ ու հարմարավետ միջավայր ստեղծել: Երևի դրա համար էլ նա նախընտրում է անկախ կյանքը: Շատ Ցուլեր ազատ մասնագիտություններ են ընտրում: Որպեսզի Ցուլի գործողություններն արդյունավետ լինեն, պետք է նրան թույլ տալ ինքնուրույն կազմակերպել ու պլանավորել ժամանակը: Արդյունքներն իրենց սպասեցնել չեն տա: Ոչ ոք չի կարող համեմատվել այս կենդանու հետ մեթոդիկ մոտեցման, համառության ու բարեխղճության հարցերում: Նա հակված չէ հասարակական կարծիքին դեմ գնալ. հակառակը՝ սիրում է ավանդույթներին ու կանոններին հետևել:

Ցուլը այնքան ջանասեր է, որ նրա այդ հատկանիշը կարող է մոտենալ համառության սահմանին: Բառացիորեն անհնար է նրան ստիպել փոխել որոշումը կամ հրաժարվել դրանից: Նա հակված չէ ռոմանտիկայի ու երազկոտության, քանի որ մարմնական հաճույքներն ու ուրախությունները նրա համար ավելի գրավիչ են, քան հոգևորը: Սիրո մեջ հավատարիմ է, նրա խոսքը պատվի խոսք է: Եթե նրան մերժեք, վիրավորեք կամ դավաճանեք, նա բացեիբաց կարտահայտի իր ցավն ու վիրավորանքը: Տանտերն ինքն է և անհնազանդություն չի հանդուրժի, մեղավորին էլ խստորեն կպատժի:

Ինչպես ճանաչել Ցուլին

Առաջին հայացքից Ցուլը տխուր ու միայնակ մարդու տպավորություն է թողնում: Նրա շարժումները հանգիստ են ու զգույշ: Ցուլը հաճույքով է ծանոթանում հասարակական կյանքի բոլոր կողմերին, բայց դա անում է առանց վեճերի ու ուրիշներին ինչ-որ բան ապացուցելու: Պետք է հիշել, որ նա միշտ հասարակին է ձգտում ու գնահատում է բնական գեղեցկությունը: Բայց անխռով արտաքինի տակ անհանգիստ ու լարված նյարդերով արարած է թաքնված, որը միշտ պատրաստ է դիմակայել վտանգին: Եթե նրան անկյուն քաշեք, նա կսկսի կատաղի հարձակվել և դժվար կլինի ճանաչել այն նուրբ էակին, որին սովոր էիք միշտ տեսնել:

Բացասական կողմերը

Հաճախ Ցուլին մեղադրում են ծայրահեղ մատերիալիզմի ու միամտության մեջ: Նա չափազանց «հաստակաշի» է բարձր իդեալներն ու նուրբ զգացմունքները հասկանալու համար: Այս իմաստով նա կարող է սառը ու եսասեր լինել: Սիրո մեջ էլ մեծ մասամբ նույն պատկերն է: Նա հակված չէ ռոմանտիզմի, առաջին հերթին ձգտում է բավարարել իր երկրային կրքերը: Եթե իր մեծ ցանկությունը բավարարելու համար բարոյական նորմերը խախտելու կարիք լինի, նա առանց մտածելու կանի դա: Կրոնական նախապաշարմունքներն օտար են նրան: Սակայն եթե Ցուլը խոսք տա կամ իր վրա ինչ-որ պարտավորություն վերցնի, կարող եք կուրորեն վստահել նրան:

Անձնական հետաքրքրությունները

Ցուլը սիրում է իր առջև իրագործելի նպատակներ դնել ու վայելել սեփական հաղթանակների համը: Սովորաբար դրանք կոնկրետ, պրակտիկ, եկամտաբեր նպատակներ են: Ցուլը չի սիրում, երբ ինչ-որ մեկը խառնվում է իր աշխատանքի մեջ կամ բացատրություններ է պահանջում:

Նապոլեոնը (տարով Ցուլ) շատ արագ զորք հավաքեց ու կայսրություն կառուցեց: Եթե նրա ախորժակն ավելի փոքր լիներ, կայսրությունից գուցե մի բան մնար: Բայց նրա էներգիան շատ էր, ու նա չկարողացավ կանգ առնել: Ավելի ուշ նույն պատմությունը կրկնվեց նաև մյուս Ցուլի՝ Հիտլերի հետ:

Որպես շատ մեթոդիկ մարդ՝ նա դժվարությամբ է հարմարվում ուրիշի կարգացուցակին, սակայն եթե իր վրա պատասխանատվություն է վերցրել, այն հիանալի կկատարի: Եթե նա կարողանա ինքնակազմակերպվել, ոչինչ չի խանգարի հասնել նպատակին: Ցուլին դուր է գալիս ամեն հասարակը, նրա նախասիրությունների շարքում է լավ խոհանոցը: Ցուլը համադամասեր է ու կարող է մեծ գումարներ ծախսել իր խոհարարական հակումներին հագուրդ տալու համար:

Ներքին կոնֆլիկտները

Ցուլը տնական կենդանի է, նրան դուր չի գալիս ինչ-որ մեկի վերահսկողության տակ գտնվելու միտքը: Որպես ղեկավար՝ նա պահանջկոտ է, սիրում է, երբ աշխատանքը լավ է կատարվում ու տանել չի կարողանում ծույլերին: Նա հետ չի կանգնի նաև ստիպելուց, ճնշում գործադրելուց, եթե աշխատանքի կատարումը դա է պահանջում:

Ցուլը պետք է զգույշ լինի սեփական իշխանության զոհը չդառնալու համար, հակառակ դեպքում նա ինքն իր հետ մշտական պայքարի կդատապարտվի: Կշեռքի մյուս նժարին Ցուլի մյուս տիպն է, որն իր ցանկությունները բավարարելու ճանապարհին անառողջ կենսակերպ է վարում, կարող է հեշտությամբ ծախսել իր կենսական էներգիայի պաշարը:

Համատեղելիությունը

Արևելյան կամ չինական հորոսկոպի նշաններից ամենից շատ Ցուլին համապատասխանում է Աքաղաղը: Այս կապը բոլոր կողմերով հաջող կլինի: Սիրո մեջ երջանկություն, վստահություն ու հարգանք կիշխի: Ֆինանսական դաշտում էլ ամուր թիմ կկազմեն, որը օրինակ կարող է ծառայել մյուսներին:

Հաջող կլինի կապը նաև Առնետի հետ: Այն հիմնված կլինի ընկերության ու համագործակցության վրա: Ցուլն ու Առնետը առավելագույնս կվստահեն միմյանց:

Սիրո մեջ Ցուլի համար լավ զույգ կլինի նաև Օձը:

Ցուլի ոխերիմ թշնամին Վագրն է: Նրանք իրար հանդեպ մշտապես թշնամական զգացումներ են տածում:

Բաժին: Արևելյան | Դիտումներ: 12037 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: արևելյան հորոսկոպ, ցուլ | Վարկանիշ: 5.0/8