Ամենաաղտոտված քաղաքները․ Լինֆեն, Չինաստան
| |
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 1611 | 22:00 | |
Չինաստանի կենտրոնական հատվածում գտնվող Լինֆեն քաղաքը խոշոր ածխարդյունաբերական կենտրոն է։ Ածուխ մշակող արտադրամասերից բացի, նրա տարածքում սննդի արդյունաբերությամբ զբաղվող մի շարք գործարաններ կան։ Զարգացած արդյունաբերության արդյունքն էլ մթնոլորտում ածխածնի ու արճիճի և օրգանական ծագման այլ քիմիական նյութերի մեծ քանակությունն է։ Այդ նյութերի կուտակումն այնքան մեծ է, որ Բլեքսմիթի ինստիտուտի հետազոտությունների տվյալների համաձայն՝ Լինֆենը մոլորակի ամենաաղտոտված ու կյանքի համար վտանգավոր քաղաքների շարքում է հայտնվել։ Քաղաքի աղտոտվածության վիզուալ գնահատականն ավելի սարսափեցնող է, քան նրա աղտոտվածության մակարդակի աբստրակտ տվյալները։ Քաղաքով հիանալի չի ստացվի նույնիսկ ամենաբարձր շինության տանիքից, քանի որ Լինֆենը մշտապես խիտ ծխով է պարուրված։ Մարդիկ փողոց են դուրս գալիս շնչադիմակներով, իսկ խմելու ջուր գնում են միայն խանութներից, քանի որ ծորակի ջուրն ավելի շատ յուղ է հիշեցնում։ Արտադրամասերի մերձակա տարածքում ոչ միայն ծառ ու թուփ, այլև բուսականության նշաններ անգամ չի կարելի գտնել։ Այստեղ հողերն անպտուղ են։ Քաղաքի բնակիչները քաղցկեղից ավելի հաճախ են տառապում, քան երկրի մյուս շրջանների բնակիչները։ Չինաստանի բնակիչների շրջանում Լինֆենը վատ համբավ ունի։ Միլիոնանոց այս քաղաքը նրանք անիծված վայր են համարում, իսկ այնտեղ ապրելու անհրաժեշտությունը սարսափելի մի պատիժ, որին նույնիսկ ամենաոխերիմ թշնամուն չեն ցանկանում։ |
|