ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 11559 | 12:00 | |
ԱՐԺԱՆԻՔՆԵՐԸ Առյուծին «մեջտեղից հանելու» ամենալավ միջոցը նրան անուշադրության մատնելն է: Թերևս սովորական ուշադրության նշաններն անգամ չեն բավարարում Առյուծին. նրան օդ ու ջրի պես հարկավոր է, որ անընդհատ հիանան իրենով ու երկրպագեն: Անշուշտ, նա հրաշալի անհատ է, բայց քանի որ նրա ուշադրության առարկան հենց ինքն է որ կա, չի կարելի նրանից սպասել, որ ձեր ցանկություններն ու զգացմունքները լիովին ու խորապես կըմբռնի: Առյուծը չի վիրավորի իր ընկերներին ու երկրպագուներին, սակայն անընդունակ է կողմնորոշվելու ուրիշի զգացմունքների լաբիրինթոսում: Ամբողջ աշխարհը նրա համար մի ասպարեզ է, որտեղ գլխավոր դերը ստանձնել է ինքը, իսկ մյուսները կարող են լինել վիճակագիր կամ հիացած հանդիսատես: Եվ շնորհիվ անչափ հմայքի, անկեղծության, շռայլության, մեծահոգության՝ Առյուծը երբեք երկրպագուների պակաս չի զգում: ՀՈՎԱՆԱՎՈՐՈՂ ՄՈԼՈՐԱԿԸ՝ ԱՐԵԳԱԿ Մարդու ծննդի քարտեզում Արեգակն ամենակարևոր գործոնն է: Այն որոշում է մեր էությունը, լիցքերի քանակն ու որակը, որ ծնվում է մարդու հետ, բայց ի հայտ գալիս ողջ կյանքի ընթացքում: Կարելի է ասել, որ մեր գերխնդիրը Արևի նշանի էներգիան դրականորեն դրսևորել սովորելն է... Արեգակի ազդեցության ներքո գտնվող նշանների մարդիկ միանգամայն յուրահատուկ են: Մեծ լուսատուն իր խնամակալներին (Առյուծ, Խոյ) պարգևատրում է վեհանձնությամբ, լայնախոհությամբ և մեծ առաքինությամբ: Այս մարդիկ լուսավորում են բոլորին, շատ ընկերասեր են, վեճերն ու խնդիրները հարթող, ուստի զարմանալի չէ, որ նրանցից շատերը հասարակական բարձր դիրք են գրավում կամ օժտված են վառ արտահայտված տաղանդով՝ գիտության, գրականության և արվեստի բնագավառում և քաղաքականության մեջ: ԲՈՒՅՍԸ՝ ԱԼՊԻԱԿԱՆ ՄԱՆՈՒՇԱԿ Սենյակային բույս ընտրելիս նախ պարզեք այդ բույսի Կենդանակերպի նշանը: Ալպիական մանուշակը (ցիկլամեն), որ էներգետիկ շատ հզոր ծաղիկ է, Կենդանակերպով Առյուծ է: Նա կլանում է բացասական էներգիան և տալիս դրականը՝ ներդաշնակեցնելով կենսաէներգետիկ դաշտը: Ալպյան մանուշակն օժտված է էներգիայի բնույթն անսխալ զգալու ունակությամբ: Բացի այդ, այն բարենպաստ ազդեցություն է թողնում մարդու ներզատիչ համակարգի վրա և նույնիսկ ուժեղացնում տղամարդկանց կարողությունը: Որպես ճշմարիտ Առյուծ, այս ծաղիկն առաջնորդ է, և կողքն այլ առաջնորդներ չի հանդուրժում, ուստի յոլա չի գնում Խոյի, Աղեղնավորի հետ: Չի սիրում Այծեղջյուրին և, առավել ևս, Կարիճին: ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Առյուծը «խոշորամասշտաբ» մտածողություն ունի. սենյակը պիտի ընդարձակ լինի, մահճակալը՝ 3 տեղանոցից ոչ պակաս, ճաշասեղանի մոտ պետք է տեղավորվի ոչ պակաս քան 25 մարդ: Տունը պետք է բավական լուսավոր լինի և որ կարևորն է՝ իսկական բուխարիով. «կենդանի» կրակն Առյուծի համար մեծ ձգող ուժ է: Նա անտարբեր չէ նաև ամեն տեսակ արդուզարդի առարկաների և արվեստի գործերի հանդեպ: Ընդհանրապես նրա համար կարևորն այնքան կարգուկանն ու հարմարավետությունը չէ, որքան ինտերիերի հագեցվածությունն ու գեղագրական արժեքը: Առյուծը նախընտրում է շքեղություն ու լիություն ամեն ինչում, այդ թվում և՝ կերակուրների մեջ: Նրան օգտակար են ընկույզը, նուշը, սալաթները, վարունգը, կաղամբը, կոկոսը և սամիթը: ՄԱՐՄՆԻ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՍԸ կրծքավանդակն ու թիկունքն է: ՏՂԱՄԱՐԴ-ԱՌՅՈՒԾ Նա քնքուշ չէ, բայց շատ կրքոտ է: Նրա համար դժվար է պատկերացնել, որ կինը կարող է մերժել իրեն: Անկեղծ ասած, կինը, նմանապես, հազվադեպ կարող է պատկերացնել, թե մի օր կլքի տղամարդ-Առյուծին: Իհարկե, Առյուծի համար սերն իսկական տոն է, բայց եթե նրան մի պահ անգամ թվա, թե սերը խոչընդոտ է բարձր դիրքի և իշխանության հասնելու ճանապարհին, Առյուծն անհապաղ օձիքը կազատի սիրո առարկայից: Ընդ որում, սրտի խորքում Առյուծը միշտ մտահոգված է իր տղամարդկային կարողություններով, և ձգտում է դարձյալ ու դարձյալ ապացուցել, որ ինքը կարող տղամարդ է, այլապես կընկնի նյարդային լարվածության գիրկը: Այն կինը, ով մեկընդմիշտ կհամոզի Առյուծին, որ նա մի քանի գլուխ բարձր է ցանկացած այլ տղամարդուց, իբրև գլխավոր մրցանակ կշահի անկրկնելի Առյուծ-ամուսնուն: ԿԻՆ-ԱՌՅՈՒԾ Կին-Առյուծը հաճախ դժվարանում է իրականացնել իր հավակնությունները և գտնել արժանի տղամարդուն: Ջանում է ամուսնանալ բարձր հասարակական դիրք ունեցողի հետ: Սերը կին-Առյուծի համար հաղթաթուղթ է: Նա ցանկացած տղամարդու հետ ինտիմ հարաբերության ամենաթեժ պահին կարող է նրան նայել հանդարտ ու անկիրք հայացքով: Ընդհանրապես, յուրաքանչյուր մտերիմ տղամարդու կին-Առյուծը գնահատում է իբրև ամուսին և իր երեխաների ապագա հայր, այլ ոչ՝ սեռական զուգակից, քանի որ կին-Առյուծն ինքն էլ կարող է լինել հիանալի կին և մայր, բայց ոչ երբեք՝ սիրուհի: ԻՆՉՊԵՍ ԳԱՅԹԱԿՂԵԼ ԱՌՅՈՒԾԻՆ Ի՞նչ է պետք արքային: Դե, իհարկե՝ պալատականներ, ովքեր պետք է մեծարեն, պաշտեն, խոնարհվեն ու երկրպագեն՝ հիացմունքի ճիչերով ընդունելով արքայական ողորմածությունը: Այս ամենն անխուսափելի է, եթե անհրաժեշտ է գայթակղել Առյուծին: Դուք շուտով փոխհատուցում կստանաք, և նորին մեծությունը կշոյի ձեզ. նա թանկարժեք ընծաներ կմատուցի և այլ բարեհաճություններով ձեզ կպարգևատրի: Միակ բանը, որ ձեզ մնում է անելու՝ պետք է հիանաք նրանով և նրա ընծաներով, աշխատելով հանկարծ զուգահեռներ անցկացնելիս չգովաբանել մեկ ուրիշ տղամարդու՝ ձեր շեֆին, դասընկերոջը կամ թեկուզ ձեր հորը: Երբեմն հարկ կլինի թեթևակի խանդել տղամարդ-Առյուծին, բայց տեսեք, չափը չանցնեք: Խանդի զգացումը միայն կշոյի Առյուծին, ու նա ձեզ ավելի կսիրի: ԾՆՈՂ-ԱՌՅՈՒԾ Հայր-Առյուծը միշտ անկեղծորեն ուրախանում է որդու (կամ դստեր) հաջողություններով և հարկ եղած դեպքում չի հանդուրժի իր երեխաների նկատմամբ ցանկացած քննադատություն, իսկ ինքը նրանց մեծ ազատություն կտա, երբեմն «մռնչալով»՝ եթե չափն անցնեն: Երեխաները հիանալի գիտեն, որ հոր այդ ահարկու մռնչոցին ոչ մի «կծոց» չի հետևի: ԵՐԵԽԱ-ԱՌՅՈՒԾ Յուրաքանչյուր Առյուծիկ դեռ օրորոցից առաջնորդ է: Մյուս երեխաներն ընդունում են նրա առավելությունն ու ճանաչում որպես լիդեր, քանի որ նա ոչ միայն կարողանում է իշխել, այլև արդարացի է: Ամենավատ կողմը նրա մեծ ինքնահամարումն է, ու եթե ոչ ոք չհիանա իրենով, Առյուծիկն ուղղակի կթոշնի: ԱՌՅՈՒԾԻՆ ՀԱՐՄԱՐ ԵՆ...
ԻՆՉՊԵՍ ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ ԱՌՅՈՒԾԻՑ Դադարեք նրանով հիանալ ու նայեք վերևից (թեև հեշտ չէ): Պետք է օրինակ բերել նրա ընկերներին: Նրանից նվեր ստանալով, իբր պատահմամբ բերանից թռցրեք, որ սա այն չէր, ինչ սպասում էիք: Ընդհանրապես, կարելի է ընտրել վարքի հակադարձ տարբերակներից մեկը. լինել չափազանց ինքնուրույն ու չափազանց խելոք ձևանալ կամ բազմոցից ամբողջ օրը չպոկվել և նրա՝ թատրոն կամ կինո գնալու ամեն մի առաջարկին ի պատասխան ասել՝ «Հավես չկա, ավելի լավ է՝ հեռուստացույց նայենք»: Նման մթնոլորտում ոչ մի Առյուծը երկար չի դիմանա: |
|