ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Տարվա և ամսվա համադրությունը. ԽԵՑԳԵՏԻՆ (Մաս 2-րդ)
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 2435 | 12:00 Ավելացրեց: Moder-003

ԽԵՑԳԵՏԻՆ-ՁԻ

Խոցելի Խեցգետնի ու կամային Ձիու միությունը ներդաշնակ համադրություն է, որն իր ներկայացուցիչներին վեհանձնությամբ, զգայունությամբ ու հոգեկան առատաձեռնությամբ է օժտում: Այս մարդիկ համեստ են, զգայուն, կախված են շրջապատի կարծիքից, բայց դրա հետ միասին, բավականաչափ ներքին ուժ ունեն ուրիշներին օգնելու համար: Ամաչկոտ Խեցգետինները դիմացկուն Ձիու ազդեցությամբ հուզականորեն ավելի կայուն են դառնում, ուժ ու ինքնավստահություն են ձեռք բերում: Ճիշտ է, պահպանում են իրենց հատուկ զգուշությունը, չեն շտապում ամեն մեկի առաջ բացվել: Համատեղելիության հորոսկոպում Խեցգետին-Ձին հավասարակշռված, ներդաշնակ զարգացած անձնավորություն է: Այս համադրությամբ մարդիկ դիմացկունություն ու ինքնավերահսկողություն ունեն, այնպես որ՝ կարողանում են զսպել իրենց բնավորության բացասական դրսևորումները: Նրանք երջանիկ, իրենց կյանքից գոհ մարդկանց տպավորություն են թողնում:

Բնութագիրը

Այս Խեցգետինները թանկ են գնահատում իրենց հեղինակությունը՝ խոցելի են, վիրավորվող, քննադատությունը ծանր են տանում: Չնայած՝ նրանք ոչ մի կերպ չեն բացահայտում իրենց անվստահությունը. միշտ ուրախ են, լավատես: Քմահաճ, տաքարյուն Ձին ունակ չէ հաղթել Խեցգետնի ամաչկոտությանը, ստիպել նրան ավելի ազատ ու անկաշկանդ դառնալ: Ջրային այս նշանն առանձնանում է անվճռականությամբ, ինքն իրեն ներսից քրքրելու հակվածությամբ: Նույնիսկ Ձիու հետ համատեղված՝ նա հավատարիմ է մնում իրեն՝ շատ լավ պահպանում է սեփական գաղտնիքները: Խեցգետին-Ձիերն առանձնանում են փակ բնավորությամբ, ծածկամտությամբ. վախենում են տհաճ իրավիճակում հայտնվելուց կամ իրենց մասին վատ կարծիք լսելուց: Նախընտրում են ընկերական, ոչ մի բանի չպարտավորեցնող շփումները, հաճելի զրուցակից են, բայց՝ ոչ ավելին:

Հմայիչ Խեցգետին-Ձիերը կարողանում են լավ տպավորություն թողնել, հաճելի շարժուձև ունեն: Ամեն կերպ խուսափում են կոնֆլիկտներից, չեն սիրում վիճել ու հարաբերություններ պարզել: Ձին քմահաճ ու ազատասեր էակ է, բայց Խեցգետնի հետ համատեղված՝ ավելի համբերատար ու հավաք է դառնում: Այնպես որ՝ մարդիկ ձգտում են դեպի նա, նրա մոտ հասկացողություն ու մխիթարություն են փնտրում: Խեցգետին-Ձիու գլխավոր առանձնահատկությունը գթասրտությունն է: Սակայն պետք չէ Խեցգետին-Ձիու բարյացակամությունն ու մեղմությունը շփոթել թույլ բնավորության ու կամքից զուրկ լինելու հետ: Նրանք ունակ են պաշտպանել իրենց տեսակետը, ուրիշների քմահաճությունները չեն կատարի ու իրենց կամքին հակառակ չեն գործի: Իհարկե, գլուխ կհանեն առանց վեճերի ու սկանդալների, բայց անպայման իրենց ուզածը կանեն:

Հավասարակշռված ու հանգիստ Խեցգետին-Ձիերն իրականում այնքան էլ ինքնավստահ չեն: Հակված են տրամադրության տատանումների, երկար մտորումների, նրանց համար դժվար է որոշում ընդունելը: Երբեմն բռնկուն ու նյարդային են դառնում, վեճի թունդ պահին կարող են ավելորդ բաներ ասել: Ճիշտ է, կարողանում են ժամանակին վերահսկել իրենց ու հաղթահարել խուճապային տրամադրությունը: Շրջապատողների համար Ձի-Խեցգետինները ուրախ, շփվող մարդիկ են, ունակ են զրուցել ցանկացած թեմայի շուրջ: Նրանց մեջ ոչ մի նյարդայնացնող բան չկա, հակառակը, գրավում են հաճելի վարքով: Նրանք ճարտարախոս են, հարուստ երևակայություն ունեն, սիրում են տրվել երազանքներին: Բայց դրա հետ միասին գործնական ու կշռադատող են, հստակ հետևում են հետևյալ սկզբունքին՝ ամեն մարդ ինքն իր ճակատագիրը կռողն է:

Սիրո մեջ

Սիրային հարաբերություններում Խեցգետին-Ձին նուրբ, ռոմանտիկ մարդ է: Շատ լավ զգում է իր կողակցին, հուզականորեն արձագանքում է նրա տրամադրության տատանումներին: Հնարավոր է՝ այնքան էլ արտահայտիչ չի ցուցադրում իր կապվածությունը, բայց հարաբերություններին լուրջ է մոտենում: Խեցգետին-Ձին երազում է ամուր ամուսնության մասին, հակված չէ թեթևամիտ կապերի: Այս մարդու վրա կարելի է հույս դնել. զգացմունքների հրավառություն նա չի խոստանում, բայց ձեր մասին հոգ կտանի մինչև կյանքի վերջ: Առաջին տեղում դնում է ոչ թե արտաքին գրավչությունը, այլ կողակցի հոգեկան որակները:

Սիրային հորոսկոպը Խեցգետին-Ձիուն հաջող ընտանեկան կյանք է խոստանում: Նա շատ կապված է իր մտերիմներին, նուրբ ու հոգատար է նրանց հանդեպ: Սիրում է ժամանակ անցկացնել տանը, ցավագին է տանում ընտանիքից բաժանումը, հազվադեպ ու մեծ տհաճությամբ է գործուղումների մեկնում: Ձի-Խեցգետինը ընտանեկան ավանդույթների թունդ հետևորդ է, մեծ հաճույք է ստանում հանգիստ ու համաչափ կյանքից: Իր երկրորդ կեսին աստվածացնում է, նրա մեջ ոչ մի թերություն չի նկատում: Շատ ժամանակ է հատկացնում երեխաների դաստիարակությանը, աշխատում է նրանց բարեկեցության համար:

Կարիերան

Կշռադատող, զուսպ, ջանասեր Խեցգետին-Ձին իդեալական աշխատողի օրինակ է: Առանձնանում է ազնվությամբ, աշխատասիրությամբ ու գործին պատասխանատու մոտեցմամբ: Գործունեության ինչ ոլորտ էլ որ ընտրի, անպայման իրեն լավագույն կողմերով կդրսևորի: Նա որակների այնպիսի մի փունջ ունի, որ կարող է իրեն չսահմանափակել ընտրության հարցում: Մարդկանց հետ հեշտությամբ է լեզու գտնում՝ կոնֆլիկտային չէ, միշտ պատրաստ է փոխզիջման: Այնպես որ՝ զարմանալի չէ, որ Խեցգետին-Ձին իմաստուն ու տաղանդավոր ղեկավարի հեղինակություն է վայելում:

Կատարողական, մանրուքներին ուշադիր Խեցգետին-Ձին չի վախենում միապաղաղ աշխատանքից: Չնայած ակտիվ Ձին ձգտում է ազատության, գործունեության բնույթի հաճախակի փոփոխությունների կարիք է զգում, բայց Խեցգետինը նրան սովորեցնում է գործին պատասխանատու վերաբերվել: Այնպես որ՝ նշանների այս համադրությամբ մարդիկ կարողանում են աշխատել կոլեկտիվում, չեն վախենում իրենց վրա պատասխանատվություն վերցնել: Հրաշալի կազմակերպչական ունակություններ ունեն, հաջողակ են որպես քաղաքական ու հասարակական գործիչներ: Բացի այդ, Խեցգետին-Ձիերի մեջ շատ են հայտնի մարզիկները, գիտնականները, դերասաններն ու գրողները:

Խեցգետին-Ձի տղամարդը

Զգայուն ու խոցելի Խեցգետին-Ձին փորձում է ինքնավստահ մարդ երևալ: Մարդկանց դուր է գալիս նրա քաղաքավարի, սիրալիր շարժուձևը: Նա աշխատում է վերահսկել իր խոսքերն ու արարքները, սակայն բնույթով բավականին հուզական մարդ է: Բացի այս, անինքնավստահ է ու անընդհատ կասկածում է ինքն իրեն: Չնայած իր շփվողականությանը՝ հաճախ առանձնանալու, բոլորից թաքնվելու ցանկություն է ունենում: Խեցգետին-Ձի տղամարդը զուրկ է առաջատարի ամբիցիաներից, այնպես որ՝ հոգեհարազատ աշխատանք է ընտրում: Ոչ ոք չի կարող նրան մեղադրել ծուլության մեջ, նա շատ պատասխանատու ու աշխատասեր մարդ է: Սիրային հարաբերություններում ամաչկոտ է, պատրաստ է զիջումների: Երջանիկ կլինի իշխող, ինքնավստահ կնոջ հետ, որը կկարողանա կառավարել նրան:

Խեցգետին-Ձի կինը

Խեցգետին-Ձի կինը հակասություններով լի է, դժվար է կանխագուշակել նրա իսկական զգացմունքները: Նա խելամիտ անձնավորություն է, անսահման նվիրված է իր ընտանիքին: Վաղ տարիներից երազում է ամուսնանալ ու հուսալի պաշտպան ձեռք բերել: Բայց դրա հետ միասին, բավականաչափ ազատասեր կին է, ունակ է ներքաշվել կասկածելի արկածախնդրությունների մեջ: Տղամարդկանց դուր է գալիս նրա մեղմությունը, կանացիությունը, սակայն Խեցգետին-Ձին կարող է նաև համառ ու եսասեր լինել, նույնիսկ՝ դեսպոտ: Այնպես որ՝ նրան պետք է տղամարդ, որը պատրաստ կլինի առաջին կանչից օգնության վազել, բայց չի սահմանափակի նրա ազատությունը: Նշանների այս համադրությամբ կինը բարդ, բայց բավականին կանխատեսելի է, եթե տղամարդը կարողանա նրա հանդեպ մոտեցում գտնել: Ճիշտ է, երբեք չի կարելի վստահ լինել նրա իրական զգացմունքների հարցում, քանի որ Խեցգետին-Ձի կնոջ ներքին աշխարհը մեծ գաղտնիք է:

ԽԵՑԳԵՏԻՆ-ԱՅԾ

Նուրբ, զգայուն Խեցգետինը արտիստիկ Այծի հետ համադրությամբ պահպանում է իրեն հատուկ խոցելիությունը: Դրա հետ միասին, ավելի շփվող, մարդկանց տրամադրության հանդեպ զգայուն անձնավորություն է դառնում: Նա ձգտում է լավ տպավորություն թողնել, մեղմ, զիջող շարժուձև ունի: Համատեղելիության հորոսկոպում Խեցգետին-Այծը բարի, գթասիրտ, շփման մեջ հաճելի մարդ է: Ամեն կերպ խուսափում է վեճերից ու կոնֆլիկտներից, հմտորեն թաքցնում է իր վիրավորանքն ու դժգոհությունը: Կասկածամիտ է ու շատ խոցելի, հասկացողություն ու աջակցություն է փնտրում, իսկ քննադատությունը նրա համար պարզապես կործանարար է: Ապրում է զգացմունքներով ու հույզերով, բայց չի մոռանում նաև գործի մասին. կենցաղում նա կշռադատող ու գործնական է: Չնայած իր հոգեկան թուլությանը՝ Խեցգետին-Այծը ակտիվորեն մասնակցում է հասարակական կյանքին: Ժամանակ առ ժամանակ նույնիսկ չափազանց փութագար է, տանել չի կարողանում միայնությունը:

Բնութագիրը

Բարյացակամ Խեցգետին-Այծը հայտնի է իր զիջող բնավորությամբ. նա հեշտությամբ է կապի դուրս գալիս, պատրաստ է փոխզիջման: Ավելորդ հարցեր չի տալիս, չի վիճում ու իր կարծիքը չի պարտադրում: Պարզապես ապրում է այնպես, ինչպես հարմար է գտնում՝ առանց փորձելու ապացուցել շրջապատին սեփական նշանակալիությունը: Շրջապատողները Խեցգետին-Այծի հարցում հաճախ են սխալվում, թերագնահատում են նրա բնավորության ուժը: Չնայած նա կամազուրկ մարդու տպավորություն է թողնում, բայց իրականում բավականին գործնական ու վճռական է: Բաց պայքարի մեջ չի մտնում, այլ փորձում է իր ուզածին զարտուղի ճանապարհներով հասնել: Նա կարողանում է դուր գալ մարդկանց, գիտի ինչպես գործն իր օգտին ծառայեցնի: Բացի այդ, Խեցգետին-Այծն ուժեղ ինտուիցիա ունի, կանխազգում է վտանգը, կասկածելի գործերի մեջ չի ներքաշվում:

Քմահաճ Այծը գերզգայուն Խեցգետնի ազդեցությամբ կորցնում է իրեն հատուկ խանդավառությունն ու լավատեսությունը: Նա ավելի խոցելի, կասկածամիտ է դառնում, շրջապատի կարծիքից ցավագին կախվածության մեջ է հայտնվում: Այծ-Խեցգետինը հեշտությամբ է նեղանում, նույնիսկ մեկ անզգույշ բառը կարող է նրանում բուռն վրդովմունք առաջացնել: Ճիշտ է, այս նրբանկատ մարդը իր վիրավորանքը բացահայտ ցույց չի տալիս, այլ պարզապես ամփոփվում է ինքն իր մեջ: Նա հակված է վախերի ու կասկածների, վախենում է դավաճանությունից ու ստից, այնպես որ՝ նախընտրում է շուրջը բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել: Իր բնույթով Խեցգետին-Այծը բարի, գթասիրտ ու մի փոքր միամիտ մարդ է: Նա հուսալի կողակից է, հավատարիմ ընկեր, պատրաստակամությամբ նետվում է օգնության, հաճախ ուրիշների բարեկեցության համար զոհում է սեփական հետաքրքրությունները:

Խեցգետին-Այծի գլխավոր առանձնահատկությունը կայունության ձգտումն է: Նա անտարբեր է նյութականի հանդեպ, նրա համար առաջին տեղում հոգեկան հարմարավետությունն է: Փառասիրությամբ չի առանձնանում, չի երազում փառքի ու համընդհանուր ճանաչման մասին: Նա փառասեր, հպարտ էակ կամ կրակոտ հեղափոխական չէ, որը պատրաստ է մինչև վերջ պայքարել իր իրավունքների համար: Հակառակը, Այծ-Խեցգետինը պահպանողական է, դժվարությամբ է հարմարվում նոր պայմաններին, սարսափելի վախենում է փոփոխություններից: Բացասական է վերաբերվում այն ամենին, ինչը կարող է կտրուկ փոխել իր կյանքը: Կարողանում է ուրախանալ հասարակ բաներով, սիրով ու նվիրումով է վերաբերվում մարդկանց: Երբեմն նույնիսկ ձանձրացնում է իր հոգատարությամբ, բոլորի կյանքը թեթևացնելու ձգտմամբ: Նրա հետ շփումները միայն հաճույք են: Չնայած՝ ժամանակ առ ժամանակ քմահաճ է դառնում. այստեղ զգացվում է անկանխատեսելի Այծի ազդեցությունը:

Սիրո մեջ

Նրբազգաց Այծ-Խեցգետինները երազում են իդեալական սիրային հարաբերությունների մասին՝ ռոմանտիկա ու լրիվ փոխհասկացողություն: Երբեմն անբարեխիղճ մարդկանց զոհերն են դառնում՝ ինչ-որ մեկի ուժեղ ուսին հենվելու ցանկության պատճառով: Խեցգետին-Այծ տղամարդիկ ու կանայք հուսալի կողակից են փնտրում, որն ունակ կլինի ազատել նրանց վախերից ու կասկածներից: Սիրահետումների շրջանում ուշադիր դիտում են իրենց երկրպագուին կամ երկրպագուհուն. մեկ սխալ քայլ ու մահացու վիրավորանքից խուսափել չի ստացվի: Սիրային հորոսկոպում Խեցգետին-Այծերը տաքարյուն, կրքոտ մարդիկ են, բայց նրանց ժամանակ է պետք կողակցին հարմարվելու համար:

Խեցգետին-Այծը շատ կապված է իր տանը, նրա համար լավագույն հանգիստը մտերիմների շրջանում անցկացրած ժամանակն է: Նա իսկական ընտանիքի մարդ է՝ նուրբ, նվիրված ամուսին ու սիրող հայր: Չնայած՝ փոփոխական բնավորություն ունի, կարող է դատարկ բանից բռնկվել: Խոցելի ու կասկածամիտ Խեցգետինը ամեն կերպ խուսափում է վեճերից ու սկանդալներից, իսկ անկանխատեսելի Այծը հաճախ կողակցին պրովոկացիայի է ենթարկում: Այնպես որ՝ Խեցգետին-Այծի երկրորդ կեսը պետք է չվշտացնի նրան ու չանհանգստացնի մանրուքների պատճառով, քանի որ փոքրիկ թյուրիմացությունը կարող է խոշոր սկանդալի վերածվել:

Կարիերան

Շատերը Խեցգետին-Այծին զգայուն, սենտիմենտալ մարդ են համարում, որն ունակ չէ զբաղվել լուրջ գործով: Սակայն նա լավ գործնական հոտառություն ունի, խելամիտ է տնօրինում ֆինանսները: Սուր խելքով, պատասխանատվությամբ ու աշխատասիրությամբ է օժտված: Չնայած երբեմն շատ է իրար խառնվում ու փորձում է գոհացնել ղեկավարությանը, բայց միայն գործի հետաքրքրության շրջանակներում: Բծխանդիր կերպով է կատարում իր պարտականությունները, միշտ սկսած գործն ավարտին է հասցնում: Նրան կարելի է վստահել ցանկացած գործ. իդեալական արդյունքը երաշխավորված է:

Պատասխանատու, կատարողական Խեցգետին-Այծը չի սիրում գործից գործ անցնել, երբեք մի քանի գործ միաժամանակ չի ստանձնի: Հարգ ունեցող պաշտոնի մասին չի երազում, չնայած՝ ունակ է հավատարիմ համախոհների օգնությամբ բարձր դիրքի հասնել: Հաճախ բավարարվում է քչով, նախընտրում է հանգիստ աշխատել իր տեղում, չշեղվել անպիտան խարդավանքների վրա: Իրեն հարմարավետ է զգում համախոհների շրջանում, նրան հարմար են շփումների հետ կապված մասնագիտությունները: Կարող է կայանալ ստեղծագործ ոլորտում՝ դերասան, գրող, նկարիչ:

Խեցգետին-Այծ տղամարդը

Խեցգետին-Այծ տղամարդուց վճռական գործողություններ ակնկալել պետք չէ, նա չի սիրում կյանքում կտրուկ փոփոխությունները, ավելին՝ վախենում է դրանցից: Սթափ է դատում, ցանկացած հարցի գործնական տեսանկյունից է մոտենում, դրա հետ միասին՝ հարուստ երևակայություն, նուրբ, խոցելի հոգի ունի: Ցանկության դեպքում կարող է կարիերայում մեծ բարձունքների հասնել, բայց լրիվ զուրկ է ամբիցիաներից: Նրա համար կարևոր է իր համար հարմարավետ միջավայրում ապրելը: Բոլոր մարդկանց հետ աշխատում է ընկերական հարաբերություններ պահպանել, տանել չի կարողանում վեճերն ու սկանդալները: Սիրո մեջ ռոմանտիկ է, գեղեցիկ սիրահետում է կանանց: Խեցգետին-Այծ տղամարդը հրաշալի ընտանիքի մարդ է, նրան մեծ հաճույք են պատճառում երեխաների հետ շփումները:

Խեցգետին-Այծ կինը

Փխրուն, միամիտ Խեցգետին-Այծ կանայք պաշտպանության ու հովանավորության կարիք ունեն: Նրանք անհետևողական ու հուզական են, ծանր են տանում քննադատությունը: Նրանց վիրավորելը շատ հեշտ է, իսկ ահա վստահությունը շահելը՝ բավականին բարդ գործ: Խեցգետին-Այծ կինը դաստիարակված է, սկանդալներ չի անի ու հարաբերություններ չի պարզի, բայց սուտն ու դավաճանությունը չի ների: Նա բավականին ակտիվ, էներգիայով լի անձնավորություն է, սիրում է ճամփորդություններն ու շփումները, ծանր է տանում միայնությունը: Սակայն դժվարությամբ է հարմարվում փոփոխություններին, նույնիսկ բարձր աշխատավարձը նրան չի ստիպի փոխել աշխատանքի վայրը: Բացի այդ, նա նվիրված է մարդկանց, փորձում է ամեն գնով պահպանել հարաբերությունները: Ուժեղ տղամարդ է փնտրում, որը կպաշտպանի իրեն, սիրով ու հոգատարությամբ կպարուրի:

ԽԵՑԳԵՏԻՆ-ԿԱՊԻԿ

Անհանգիստ, զգայուն Խեցգետին-Կապիկները հակված են ավելորդ ապրումների: Առանձնանում են սուր խելքով, իմպուլսիվությամբ, խոցելիությամբ: Հայտնի են իրենց փոփոխական բնավորությամբ, ունակ են անկանխատեսելի գործողությունների: Խոցելի Խեցգետնի ու տեղը նստել չկարողացող Կապիկի միությունը հակասական համադրություն է, որն իր ներկայացուցիչներին բարդ բնավորությամբ է օժտում: Այս մարդկանց տրամադրությունն այնքան արագ է փոխվում, որ շրջապատողներին մնում է միայն կռահել նրանց տխրության կամ հանկարծահաս ուրախության պատճառների մասին: Համատեղելիության հորոսկոպում Կապիկ-Խեցգետինը խորհրդավոր ու անսովոր անձնավորություն է, ունակ է խորը ապրումների: Չի կարող միապաղաղ ապրել, ձգտում է կյանքի կոչել իր բոլոր ցանկությունները, դրա հետ միասին՝ զգույշ ու կասկածամիտ է: Այնքան էլ ինքնավստահ չէ, վախենում է ծիծաղելի ու հիմար երևալուց:

Բնութագիրը

Ճարպիկ, հնարամիտ Կապիկը պլաններով ու գաղափարներով լի է, հեշտությամբ է ստանձնում ամենաանիրագործելի նախագծերը: Փոխարենը կասկածամիտ, անինքնավստահ Խեցգետինը վախենում է կարևոր որոշումներ ընդունելուց: Սակայն այս երկու նշանները հաջողությամբ լրացնում են մեկը մյուսին, գործարար գործունեության մեջ հաջողակ, ներդաշնակ միություն են ստեղծում: Կապիկ-Խեցգետինները հիանալի կազմակերպիչներ են, լավ ղեկավարներ ու հաջողակ բիզնեսմեններ: Շահավետ գործարքների լավ հոտառություն ունեն, կարողանում են կենտրոնանալ ընթացիկ խնդիրների վրա, իսկ որ ամենակարևորն է՝ բարեհաջող լուծում են դրանք: Դրա հետ միասին, գումարին կառչած չեն, հեշտությամբ են այն ծախսում, սիրում են զվարճանալ ու սպոնտան գնումներ անել: Էքսցենտրիկ են իրենց ցանկությունների մեջ, հաճախ անակնկալներ են մատուցում:

Խեցգետին-Կապիկը մեծ երեխա է, հաճելի ու միամիտ մանուկ: Նշանների այս համադրությամբ մարդն ապրում է երազանքների ու հեքիաթների աշխարհում, ոչ մի կերպ չի ուզում մեծանալ: Դրա հետ միասին, հզոր ինտելեկտ ու հրաշալի հիշողություն ունի: Չի մոռանում ու չի ներում շրջապատողների ամենափոքր սխալներն անգամ: Հնարավոր է՝ իր բողոքները բարձրաձայն չարտահայտի, բայց հրաշալի կնշմարի բոլոր մանրուքները: Նա բարեհոգի բնավորություն ունի, չի սիրում վիճել ու հարաբերություններ պարզել: Գործնական Խեցգետին-Կապիկը լավ տպավորություն է թողնում. նրա հետ վատ չես զգա հասարակության մեջ երևալ: Սակայն նրա բարեհոգի տրամադրությունը կարող է կտրուկ վերափոխվել դեպրեսիայի ու հիասթափության: Երբեմն միայնության կարիք է զգում, նրան ժամանակ է պետք ինքն իրենից գլուխ հանելու համար: Ոչ մի սահմանափակում չի ընդունում, ամեն կերպ պաշտպանում է իր անձնական տարածքը:

Տաղանդավոր, օժտված Խեցգետին-Կապիկը հայտնի է իր շնորհներով՝ զարգացած էսթետիկ ճաշակ, կենդանի երևակայություն: Նրանից միատոն աշխատանքի պատասխանատու կատարում ակնկալել չարժե, փոխարենը կարելի է վստահել ստեղծագործ նախագծերը: Դժվարությունները նրան չեն վախեցնում, հակառակը, ոգեշնչում են նոր ձեռքբերումների ու հերոսությունների: Հնարամիտ Կապիկը միշտ կգտնի խոչընդոտները հաղթահարելու ձևը, իսկ համառ, աշխատասեր Խեցգետինը ազնիվ կկատարի իր պարտականությունները: Կապիկ-Խեցգետինները կարողանում են իրենց ֆանտազիաներից եկամուտ քաղել՝ գործնական են, ճարպիկ ու խորաթափանց: Բացի այդ, առանձնանում են բարությամբ ու անշահախնդրությամբ. ոչ ոքի օգնության խնդրանքը չեն մերժի: Նրանց հետ շփումները լի են հաճելի հույզերով, բայց շրջապատողները պետք է հիշեն այս մարդկանց անկանխատեսելիության մասին:

Սիրո մեջ

Խորհրդավոր Կապիկ-Խեցգետինները շրջապատի մոտ հսկայական հետաքրքրություն են առաջացնում: Իրենց մեղմ ու նրբանկատ են պահում, աշխատում են բոլորին դուր գալ: Նուրբ, խոցելի ու մի փոքր ամաչկոտ մարդկանց տպավորություն են թողնում: Ճիշտ է, ժամանակի հետ ինքնավստահություն են ձեռք բերում, պահանջկոտ ու նույնիսկ մի փոքր դեսպոտիկ են դառնում: Սիրային հորոսկոպում Խեցգետին-Կապիկը քմահաճ, անկանխատեսելի կողակից է: Խանդոտ է, կասկածամիտ, փորձում է ամեն հնարավոր ձևերով սիրելի մարդուն իրեն կապել:

Խեցգետին-Կապիկները շփման մեջ հաճելի են, նրանց հետ թեթև ու ուրախ է, բայց միայն որոշ ժամանակ: Կենցաղում պահանջկոտ են, տանել չեն կարողանում քաոսն ու անկարգապահությունը: Իրենց տնարար, տնակյաց մարդկանց նման են պահում: Վերահսկում են մտերիմների կյանքը, վատ չեն զգում հրահանգներ տալուց, հնազանդություն են պահանջում: Ընդհանուր առմամբ Խեցգետին-Կապիկը ընտանիքի լավ մարդ է, չնայած՝ երբեմն երկրորդ կեսին տհաճություններ է պատճառում՝ աջուձախ ֆլիրտ է անում ու սեթևեթում: Մտերիմները պետք է հստակ զգան նրա տրամադրության փոփոխությունները, գովեն կամ աջակցեն նրան բոլոր նախաձեռնություններում:

Կարիերան

Փառասեր Խեցգետին-Կապիկը մտադիր է հաջող կարիերա անել, ձգտում է կայանալ իր մասնագիտության մեջ: Հրաշալի ստրատեգ է, խելացի ու խորաթափանց մարդ: Ոչ միայն գիտի այս կամ այն մասնագիտության առավելությունները, այլ նաև ինտուիտիվ կերպով որոշում է իր կոչումը: Իրեն հոգեհարազատ գործ է ընտրում, բայց չի մոռանում նաև նյութականի մասին: Զարգացած երևակայություն ունի, խնդիրների լուծման անսովոր տարբերակներ է գտնում: Հայտնի է իր գործնական հոտառությամբ: Կարող է կայանալ ցանկացած ոլորտում, եթե միայն չկորցնի գործի հանդեպ հետաքրքրությունը:

Խոցելի Կապիկ-Խեցգետինները վախենում են անհաջողություններից ու պարտություններից, ծանր են տանում քննադատությունը: Հավատարիմ ու նվիրված օգնականների կարիք ունեն, որոնք պատրաստ կլինեն հաշտվել նրանց բնավորության առանձնահատկությունների հետ: Փոխարենը այս տաղանդավոր մարդիկ գաղափարներով լի են, շրջապատողներին միայն մնում է գրագետ կյանքի կոչել նրանց մտահղացումները: Կապիկ-Խեցգետինների հետ համատեղ աշխատանքը կարող է հաջող ու պտղաբեր լինել, եթե նրանց անընդհատ գովեք: Նրանք կոլեկտիվին կարող են հաղթանակների տանել. Խեցգետին-Կապիկները ոչ միայն լավ ղեկավարներ են, այլ նաև զգայուն, ուշադիր մարդիկ:

Խեցգետին-Կապիկ տղամարդը

Կապիկի տարում ծնված Խեցգետին տղամարդը գաղափարներով ու համարձակ պլաններով լի է, բայց բավականաչափ հոգեկան ուժ ու աշխատասիրություն չունի դրանք կյանքի կոչելու համար: Ակտիվ գործելու համար չափազանց խորացած է երազանքների ու ֆանտազիաների մեջ: Փորձառու ու հուսալի ղեկավարի կարիք ունի, որը կօգնի նրա գաղափարները իրականություն դարձնել: Նա նախընտրում է հանգիստ, համաչափ կյանք վարել, չնայած՝ երբեմն խենթ արարքներ գործում է: Կարող է հանկարծակի որոշել ու ճամփորդության մեկնել կամ սիրավեպ սկսել գործընկերուհու հետ: Բայց նա հիմնականում հուսալի ու իր արարքների մեջ կանխատեսելի տղամարդ է: Կնոջից հասկացողություն, աջակցություն է սպասում, մտադիր է ամուր ընտանիք ստեղծել: Մեծ հաճույքով է ժամանակ անցկացնում երեխաների հետ, նա շատ նուրբ ու հոգատար հայր է:

Խեցգետին-Կապիկ կինը

Խեցգետին-Կապիկ կնոջ համար առաջին տեղում միշտ ընտանիքի հետաքրքրություններն են: Նա անսահման համբերատարություն ունի, աշխատում է մտերիմներին սիրով ու հոգատարությամբ պարուրել: Դրա հետ միասին, բավականին հաջողակ է իր մասնագիտության մեջ, լավ աշխատող է համարվում: Այս տաղանդավոր կանայք նախընտրում են ստեղծագործ աշխատանքը, նրանց դուր է գալիս նոր ու անսովոր բան մտածելը: Նրանք հավաք ու նպատակասլաց մարդիկ են, ճիշտ է, միշտ չէ, որ ինքնավստահ են: Շրջապատողներին դուր է գալիս նրանց փափուկ բնավորությունը, լսելու ու արժեքավոր խորհուրդ տալու ունակությունը: Սակայն Կապիկի անհավասարակշռությունն ու անկանխատեսելիությունը երբեմն արտահայտվում են ամենաանհարմար պահին: Այս բարեխիղճ կինը կարող է կյանքը զուր վատնող դառնալ, բայց միայն մի քանի օրով:

ԽԵՑԳԵՏԻՆ-ԱՔԱՂԱՂ

Հպարտ Աքաղաղը ոչ ոքի թույլ չի տա վիրավորել իրեն. նա ցանկացած նկատողության ագրեսիվ է արձագանքում: Խեցգետնի ազդեցությամբ քննադատության հանդեպ էլ ավելի անհանդուրժող է դառնում: Նշանների այս համադրությամբ մարդը միայն գովասանք է ուզում լսել, քանի որ նա շատ խոցելի ու անինքնավստահ է: Չնայած՝ կենսուրախ Աքաղաղը կարողանում է բարձրացնել նրա տրամադրությունը: Այս Խեցգետինը հաղորդակցական լավ հմտություններ ունի, բաց է շփումների համար, ուշադիր է շրջապատողների հանդեպ: Զարգացած ինտուիցիան նրան թույլ է տալիս զգալ մարդկանց տրամադրությունը: Համատեղելիության հորոսկոպում Աքաղաղ-Խեցգետինը շփվող, գթասիրտ ու շատ վստահող մարդ է: Նա հրաշալի զրուցակից է. միշտ կլսի ու կոգևորի: Նրա հետ ոչ միայն հաճելի է շփվելը, այլև կարելի է համարձակ հույս դնել նրա աջակցության վրա:

Բնութագիրը

Բարյացակամ Խեցգետին-Աքաղաղը բոլորի հետ հրաշալի լեզու է գտնում՝ գթասիրտ է, ուշադիր ու անշահախնդիր: Մարդկանց դուր է գալիս կյանքի հանդեպ նրա մտածված մոտեցումը, մյուսներին լսելու ու հասկանալու ունակությունը: Չնայած Խեցգետին-Աքաղաղը շրջապատողների համեմատ իրեն հանգիստ է պահում, բայց կարողանում է առանձնանալ ամբոխից: Սիրում է շփվել, չի խուսափում աղմկոտ ու ուրախ ընկերախմբերից: Բարյացակամ է տրամադրված փոփոխություններին, չի կորցնում լավատեսական տրամադրությունը: Նա ունակ է էքստրավագանտ արարքների, հուզական ու նույնիսկ բռնկուն է: Սիրում է պարծենալ, կիրք է տածում ինքնատիպ դիզայներական իրերի հանդեպ, շատ ճաշակով ու ոճային է հագնվում: Աքաղաղ-Խեցգետինը մեծ ժամանակ է տրամադրում իր զգեստապահարանին, նույնքան պահանջկոտ է նաև շրջապատողների հանդեպ: Սիրում է նորաձևության հետ կապված խորհուրդներ տալ, միշտ պատրաստ է օգնել հագուստի ընտրության հարցում:

Աքաղաղ-Խեցգետինը համընդհանուր ճանաչման է ձգտում, հաճոյախոսությունների կարիք է զգում: Նա ենթարկվում է ներքին հակասությունների ազդեցությանը, այնպես որ՝ արտաքուստ աջակցություն է ակնկալում: Շրջապատողները պետք է հասկացողությամբ վերաբերվեն նրան: Այս անսովոր մարդը առանձնանում է փոփոխական բնավորությամբ, նրա համար դժվար է հասկանալ սեփական արարքների մոտիվները: Ամաչկոտ, կասկածամիտ Խեցգետինը միայնություն է փնտրում, իսկ մարտական Աքաղաղը տանել չի կարողանում միայնությունն ու լռությունը: Նշանների այս համադրությամբ մարդը ցանկացած դատարկ բանից կարող է բռնկվել, չի վախենում պնդել իր կարծիքը: Խեցգետին-Աքաղաղի գլխավոր առանձնահատկությունը ուղղախոսությունն է: Նա ակտիվ ու համառ է սեփական տեսակետը պարտադրելու ցանկության մեջ: Անընդհատ խառնվում է ուրիշների գործերին, բայց հաճախ նրա ոգևորությունը հիասթափությամբ է փոխարինվում, քանի որ ոչ ոքից շնորհակալության խոսքեր չի ստանում:

Ուշադիր, սիրալիր ու հասկացող Աքաղաղ-Խեցգետինը վստահություն ու հարգանք է առաջացնում: Նա հիացնում է իր անշահախնդրությամբ, ինքնազոհաբերման պատրաստ լինելով: Դրա հետ միասին, բռնկուն, անզուսպ է լինում, ունակ է կռիվ սարքել: Նման վարքը շրջապատի մոտ զարմանք ու նույնիսկ շոկ է առաջացնում: Երբեմն Աքաղաղ-Խեցգետինը ոչ միայն հաշվի չի առնում մյուսների կարծիքը, այլ նաև թույլ չի տալիս նրանց արտահայտվել: Քնննադատությունը չի ընդունում, համառ ու սկզբունքային է. նա իդեալական է, ու դա չի քննարկվում: Նրանում այնքան կիրք ու ուժ կա, որ անհնար է չհնազանդվել: Դրա հետ միասին, նա այնքան հաճելի ու նուրբ է, որ դժվար է նրա ազդեցության տակ չընկնելը: Նա տաղանդավոր մանիպուլյատոր ու դերասան է. մեղմ ու նրբանկատ ձևով պարտադրում է իր կարծիքը: Բայց Աքաղաղ-Խեցգետինը կարող է նաև կտրուկ ու կոպիտ լինել, եթե շրջապատողները չեն ուզում հասկանալ նրան:

Սիրո մեջ

Շփվող, բարյացակամ Խեցգետին-Աքաղաղները հաճույքով են նոր ծանոթություններ հաստատում: Ձգտում են լավ տպավորություն թողնել, սիրում են պարծենալ ու փայլել իրենց տաղանդներով: Մանրամասն պատրաստվում են յուրաքանչյուր ժամադրության, փորձում են զարմացնել ընտրյալին: Սիրային հորոսկոպում Խեցգետին-Աքաղաղը հուսալի, ուշադիր, բայց միաժամանակ նեղացկոտ ու պահանջկոտ կողակից է: Իր հանդեպ արհամարհական վերաբերմունքն ու իր հասցեին կծող մեկնաբանությունները չի ների:

Արդեն ընտանիքի տեր Խեցգետին-Աքաղաղը արկածներ չի փնտրում, նվիրված է իր երկրորդ կեսին ու երեխաներին: Երազում է ամուր ամուսնության մասին, ամեն հնարավորն անում է, որ ցանկություններն իրականանան: Շատ է աշխատում, իր մտերիմների համար իդեալական պայմաններ է ստեղծում: Աքաղաղ-Խեցգետինը մեծ սիրով է կահավորում տունը. նա բնածին դիզայներ է: Նրա ընտանիքում վեճեր ու սկանդալներ չեն լինում, բացառությամբ այն դեպքերի, երբ Աքաղաղի բռնկուն բնավորությունն իրեն զգացնել է տալիս: Նա կարող է վիրավորվել երկրորդ կեսի անարդար քննադատությունից կամ երեխաների անհնազանդությունից, բայց չափազանց շատ է նրանց սիրում երկար ժամանակ կոնֆլիկտը շարունակելու համար:

Կարիերան

Այս մարդը ղեկավար պաշտոնին հավակնելու համար բավական ինքնավստահ է, փառասեր ու ամբիցիոզ: Խեցգետին-Աքաղաղը պատասխանատու աշխատակից է, կարողանում է լեզու գտնել մարդկանց հետ: Ճիշտ է, չի հանդուրժում քննադատությունը, չի ուզում քննարկել վիճելի հարցերը. բոլոր որոշումները միայնակ է ընդունում: Ղեկավարման ավտորիտար ոճի կողմնակից է, աշխատակիցներից իրենց պարտականությունների պատասխանատու կատարում է ակնկալում: Խեցգետին-Աքաղաղը ենթակայի դերում նույնքան ակտիվ է, որքան ղեկավար պաշտոնում:

Խեցգետին-Աքաղաղի համար անիրագործելի խնդիրներ գոյություն չունեն. նա կգտնի իր երազանքը կյանքի կոչելու ձևը: Նա մտադիր է լավ արդյունքի հասնել. ամբողջությամբ նվիրվում է աշխատանքին: Այնքան տաղանդավոր է, որ կարող է ցանկացած մասնագիտություն յուրացնել: Սիրում է աչքի առաջ լինել, ձգտում է համընդհանուր ճանաչման հասնել: Կարիերայում մեծ բարձունքների կհասնի, եթե ստեղծագործ մասնագիտություն ընտրի՝ դերասան, երգիչ, հաղորդավար կամ նկարիչ: Խելամիտ Աքաղաղ-Խեցգետինը հեշտությամբ գլուխ կհանի նաև ուշադրություն ու երկար նստելու ունակություն պահանջող գործերից՝ ֆինանսական ու կառավարման գործունեությունից:

Խեցգետին-Աքաղաղ տղամարդը

Կասկածամիտ ու անվճռական այս տղամարդը փորձում է ավելի ուժեղ երևալ, քան կա իրականում: Բնությունը նրան ինտուիցիայով, մարդկանց տրամադրությունը զգալու ունակությամբ է օժտել: Խեցգետին-Աքաղաղը նախընտրում է թաքցնել իր զգացողություններն ու մտքերը, շատ նեղացկոտ է, բացարձակ չի ընդունում քննադատությունը, բայց դրա հետ միասին, աշխատում է չտխրել: Խեցգետին-Աքաղաղ տղամարդը գործունյա է, այնպես որ՝ տառապանքները նրան չեն խանգարում գործնական հարցերը լուծելիս: Սովորաբար նա բավական հաջողակ բիզնեսմեն կամ լավ ղեկավար է: Ամեն կերպ պաշտպանում է իր ներքին աշխարհն օտարների միջամտությունից, կարող է բացվել միայն ընտրյալի առաջ: Սիրային հարաբերություններում գնահատում է ազնվությունը, քանի որ շատ լավ գիտի, թե ինչ է դավաճանությունը:

Խեցգետին-Աքաղաղ կինը

Նուրբ, խոցելի Խեցգետին-Աքաղաղ կինը տղամարդու մեջ առաջին հերթին պաշտպան է փնտրում: Կարողանում է սիրել ու ապրումակցել, պատրաստ է ամեն պահի օգնության նետվել: Մշտական ուշադրության կարիք է զգում, ցավագին է տանում քննադատությունը: Այս ամաչկոտ ու հանգիստ կինը իրեն շատ խելամիտ է պահում, ճիշտ է, տառապում է տրամադրության տատանումներից: Կարող է չար, համառ ու փնթփնթան դառնալ. նման պահերին նա չափազանց վատ տպավորություն է թողնում: Նա նորաձևության սիրահար է, հիանալի ճաշակ ունի, սիրում է գեղեցիկ հագուստը: Խելացի ու աշխատասեր է, ցանկության դեպքում կարող է հաջող կարիերա անել: Սակայն իրեն ավելի հանգիստ է զգում տանը, մտերիմ մարդկանց շրջանում: Խեցգետին-Աքաղաղ կինը տնարար ու գործնական է, նա կյանքի բոլոր դեպքերի համար արժեքավոր խորհուրդ ունի պահած: Նա հրաշալի կին ու հոգատար մայր է:

ԽԵՑԳԵՏԻՆ-ՇՈՒՆ

Խորհրդավոր, խոցելի ու զգայուն Խեցգետին-Շան իրական մտքերը շրջապատողների համար գաղտնիք են: Նշանների այս համադրությամբ մարդիկ մի քիչ փակ են ու շատ շրջահայաց. շատ քչերի առաջ են բացում իրենց սիրտը: Չեն ձգտում լավ տպավորություն թողնել, այլ պարզապես վարվում են այնպես, ինչպես անհրաժեշտ են համարում: Խեցգետին-Շները հակված չեն ձևականությունների, միշտ վարվում են իրենց տրամադրության համաձայն: Կարող են տարբեր լինել՝ ծածկամիտ, լուրջ մարդիկ կամ աշխույժ զվարճասերներ: Համատեղելիության հորոսկոպում Խեցգետին-Շունը իմպուլսիվ, անկանխատեսելի անձնավորություն է, հեշտությամբ է տրվում տարաբնույթ գայթակղություններին: Այս ազարտով լի, նոր տպավորությունների ծարավ մարդը կրքերով ու հույզերով է ապրում: Սակայն Խեցգետին-Շունը կայուն է մի հարցում՝ նա շատ նվիրված է իր մտերիմներին:

Բնութագիրը

Վեհանձն Խեցգետին-Շունը հաճախ զոհում է իրեն ուրիշների երջանկության համար: Զգայուն է, սենտիմենտալ ու շատ խոցելի. գերզգայուն է քննադատության հանդեպ: Կարող է լաց լինել վիրավորանքից, ինչը բացատրելի է. Խեցգետնի նուրբ էությունը կոպտություն չի հանդուրժում: Դրա հետ միասին, Շունը կարողանում է պաշտպանել իրեն, անվախ պայքարում է արդարության համար: Նշանների այս համադրությամբ մարդիկ նպատակներին հասնելու հարցում կարող են վճռական ու համառ լինել: Ճիշտ է, նույնիսկ արդյունքին կենտրոնացվածությունը նրանց չի խանգարում ճախրել ամպերում ու շեղվել դատարկ բաների վրա: Խեցգետին-Շները հակված են հակասական արարքների: Հաճախ իրենց կրքերի գերին են դառնում. պատրանք-նպատակներին հասնելու համար անընդհատ ինչ-որ տեղ են սլանում:

Խեցգետիններին հատուկ է ամենաանշան մանրուքների համար հուզվելն ու անհանգստանալը: Հատկապես, եթե իրենց անպիտան, անհետաքրքիր մարդ են զգում: Այս համադրության մեջ Խեցգետինները պահպանում են ապրումներին իրենց հակվածությունը, բայց Շան ազդեցությամբ արտաքին գրգռիչներին պակաս ընկալունակ են դառնում: Իրենց զուսպ են պահում, հատկապես քչախոս են անծանոթ մարդկանց շրջանում: Ճիշտ է, մտերիմների հետ լրիվ անկեղծ են, վատ չեն զգում քմահաճություններ անել ու մեծ ուշադրություն պահանջել: Երբեմն անտանելի են դառնում: Մտերիմների անհասկացողությունը, դավաճանության ցավն ու աղաղակող անարդարությունն այն պատճառներն են, որոնք կարող են Խեցգետին-Շներին կատաղության հասցնել:

Նշանների այս համադրությամբ մարդիկ ուշադիր ունկնդիրներ են. անկեղծորեն ապրումակցում են զրուցակցին: Խեցգետին-Շները ոչ միայն ժամանակ են հատկացնում մարդկանց, այլև իսկապես փորձում են օգնել: Ունակ են արագ և որ ամենակարևորն է՝ ճիշտ որոշումներ ընդունել: Ոչ ստանդարտ ու ազատ մտածողություն ունեն, չեն վախենում նորն ու նախկինից տարբերվողը փորձել: Շուն-Խեցգետինը բարդ, բազմաշերտ անձնավորություն է: Այս մարդն այնքան կապված է իր տանը, որ մի քիչ փակ ու ամաչկոտ է, բայց դրա հետ միասին, շփվող է: Խեցգետին-Շունը կրքերի գերի է, անհրաժեշտ չի համարում սահմանափակել իրեն իր ցանկությունների հարցում: Նա արդարության կատաղի մարտիկ է, անշահախնդիր մարդ, որը չի մտածում սեփական օգտի մասին: Դրա հետ միասին, անտարբեր չէ նյութական բարիքների հանդեպ, կիրք է տածում կուտակելու հանդեպ:

Սիրո մեջ

Նուրբ հոգեկան ունեցող, զգայուն Խեցգետին-Շունը մեծ ուշադրություն է պահանջում: Սիրահարվելուց հետո ավելի ինքնավստահ է դառնում, նույնիսկ՝ մի փոքր եսասեր: Սիրային հորոսկոպում Շուն-Խեցգետինը քմահաճ, ինքնասածի կողակից է, բայց իր իրական դեմքը պարզում է միայն իսկապես մտերիմ մարդու առաջ: Հակառակ սեռի հետ հարաբերություններում հավատարիմ է ինքն իրեն՝ հակված է կրքերի խաղի, էմոցիոնալ է ու շատ խանդոտ: Կարողանում է գեղեցիկ սիրահետել, ունակ է անսպասելի ռոմանտիկ արարքների:

Ընտանեկան կյանքում Շուն-Խեցգետինը իրեն սիրող կողակցի նման է պահում, նվիրված է երկրորդ կեսին ու երեխաներին: Նրան չեն հետաքրքրում այլ սիրավեպերը, նրա մտքերն ամբողջությամբ կենտրոնացած են մտերիմների վրա: Անտարբեր չէ գեղեցիկ իրերի հանդեպ, մեծ հաճույքով է կահավորում իր տունն ու զբաղվում է ընտանիքի բոլոր անդամների զգեստապահարանով: Սակայն ոչ միայն աշխատում է հօգուտ ընտանիքի, այլև չի հոգնում ընդգծել սեփական նշանակալիությունը: Նա նուրբ ու խոցելի է, սիրո, հարգանքի ու իր տաղանդներն ամբողջությամբ գնահատելու հույս ունի: Հենց ընտանիքն է Խեցգետին-Շան ոգեշնչվածության աղբյուրն ու հուսալի հենարանը:

Կարիերան

Աշխատասեր Խեցգետին-Շները չեն վախենում նույնիսկ ամենապատասխանատու աշխատանքից: Գործի մեջ մոռանում են իրենց ամաչկոտության մասին, հեշտությամբ մի կողմ են վանում վախերն ու կասկածները: Շուն-Խեցգետինները էմոցիոնալ, տպավորվող անձնավորություններ են, ունակ են խոր ապրումների: Երբեմն չափազանց շատ են տարվում իրենց ֆանտազիաներով ու կորցնում են իրականության հետ կապը: Չնայած՝ հարուստ երևակայությունը բոլոր օժտված մարդկանց բնորոշ հատկությունն է: Խեցգետին-Շները կարող են կայանալ ստեղծագործ մասնագիտությունների մեջ, հատկապես մեծ կիրք են տածում դերասանության ու գրական աշխատանքի հանդեպ:

Չնայած փխրուն ու զգայուն լինելուն՝ Խեցգետին-Շունը գործունյա անձնավորություն է: Հեշտությամբ է հարմարվում նոր պայմաններին, ճիշտ և որ ամենակարևորն է՝ ժամանակին որոշումներ է ընդունում: Գործերում հաջողակ է, շահավետ գործարքների հանդեպ հոտառություն ունի: Անտարբեր չէ գումարի նկատմամբ, ձգտում է մեծ եկամուտ ապահովող մասնագիտություն ձեռք բերել: Շուն-Խեցգետինը նպատակաուղղված է արդյունքին, նրան առաջին հերթին ղեկավար պաշտոններն են հետաքրքրում: Մեծ հաճույքով է մասնակցում խոշորամասշտաբ նախագծերին. փառասեր ու ամբիցիոզ է:

Խեցգետին-Շուն տղամարդը

Զգույշ Խեցգետին-Շուն տղամարդը քիչ ծանոթ մարդկանց հետ մտերմիկ զրույցի չի բռնվում, մի քիչ օտարված է իրեն պահում: Նման վարքը պաշտպանվելու արդյունք է. նա ամեն կերպ հեռու է պահում իրեն ավելորդ ապրումներից: Մոտ ծանոթությունից հետո պարզվում է, որ նա հաճելի մարդ, հավատարիմ ընկեր է: Նշանների այս համադրությամբ տղամարդը երազող է, հարուստ երևակայություն ունի, երբեմն չափազանց շատ է տարվում ֆանտազիաներով: Բայց գործերում ճարպիկ է, ուժեղ ինտուիցիայի շնորհիվ խուսափում է անհաջողություններից: Փոխարենը անձնական հարաբերություններում ամբողջությամբ ընկնում է կողակցի իշխանության տակ. նա փափուկ ու զիջող տղամարդ է: Սկանդալներ չի սարքում, միշտ սիրալիր է: Չնայած՝ նա էլ փորձում է գրավել լիդերի դերը, ճարպկորեն մանիպուլյացիայի է ենթարկում կնոջը, փորձում է նրան կապել իրեն, խղճահարություն առաջացնել:

Խեցգետին-Շուն կինը

Մարդկանց տրամադրությունը նրբորեն զգացող Խեցգետին-Շուն կինը ունակ է ապրումակցելու: Պատրաստ է օգնել ոչ միայն խոսքերով, այլև կոնկրետ գործերով: Չնայած իր արտաքին փխրունությանը, բավականին ուժեղ անձնավորություն է: Վստահ բարձրանում է մասնագիտական սանդուղքով, փորձում է հաղթահարել իր ապրումները, գործի մեջ սթափ է ու հաշվենկատ: Պահանջկոտ է ոչ միայն իր, այլ նաև կողակցի հանդեպ: Անընդհատ խորհուրդներ է տալիս, դայակություն է անում ու վերահսկում իր տղամարդուն: Բայց սրանք եսասեր կնոջ քմահաճություններ չեն, այլ հոգատարության բնական պահանջ: Ամուսինը պետք է ներողամիտ լինի իր կնոջ՝ ընտանիքը բոլոր դժբախտություններից հետու պահելու ցանկության հանդեպ: Խեցգետին-Շան զգայուն էությունը իր մտերիմների համար մշտական վախի մեջ է: Այս կինը նրանց բարեկեցության համար պատրաստ է ցանկացած զոհողության:

ԽԵՑԳԵՏԻՆ-ԽՈԶ

Հեգնական, ինքնաբավ Խեցգետին-Խոզերը հետաքրքիր են մարդկանց. միշտ համընդհանուր ուշադրության կենտրոնում են: Սակայն նրանք անտարբեր են սեփական հաջողության հանդեպ, փառքի ու ճանաչման չեն ձգտում: Համատեղելիության հորոսկոպում Խոզ-Խեցգետինը գաղտնիքներով լի ոչ միանշանակ անձնավորություն է: Անպաշտպան, նուրբ Խեցգետինը զգում է ուրախ Խոզի աջակցությունը, ավելի հանգիստ ու հավասարակշռված է դառնում: Սակայն նույնքան խոցելի ու նեղացկոտ է, որքան այս ջրային նշանի մյուս ներկայացուցիչները: Նա տառապում է տրամադրության տատանումներից, հաճախ ներամփոփ է դառնում: Դրա հետ միասին, բարեհամբույր է, բաց է շփումների համար, բայց նախընտրում է ընկերների նեղ շրջանակը: Ընդհանուր առմամբ Խեցգետին-Խոզը հրաշալի հումորի զգացում ունեցող հաճելի մարդ է, հուզական է ու զգացմունքների արտահայտման հարցում շատ անկեղծ:

Բնութագիրը

Սիրալիր Խեցգետին-Խոզը գիտի՝ ինչպես իր կողմը գրավի զրուցակցին: Հրաշալի թաքցնում է իր հույզերը, շրջանցում է վիճելի թեմաները: Հազվադեպ է արտահայտում իր դժգոհությունը, ցանկացած տհաճ իրավիճակ կատակի է վերածում: Հասարակության մեջ երջանիկ մարդու, ճակատագրի սիրելիի դեր է խաղում: Լավ հարաբերություններ է պաշտպանում բոլորի հետ, չի սիրում վեճերն ու սկանդալները: Իր բնույթով Խոզ-Խեցգետինը փակ ու զգույշ է: Իր սիրտը քչերի առաջ է բացում, նախընտրում է ոչ մի բանի չպարտավորեցնող շփումները: Վախենում է վստահել խաբեբաներին ու սրիկաներին: Նրա լավ վերաբերմունքը շահելը բավականին հեշտ է՝ լավատեսություն, շփման մեջ թեթևություն ու քծնանք: Չնայած իր խորաթափանցությանը՝ Խեցգետին-Խոզը հավատում է գովասանքի խոսքերին, պաշտում է հաճոյախոսություններ լսել:

Նպատակասլաց, կազմակերպված Խեցգետին-Խոզը վստահ է ապրում իր կյանքը: Գործերում հաջողությունն ուղեկցում է նրան, և այլ կերպ լինել չէր էլ կարող. նա կարողանում է կապի դուր գալ մարդկանց հետ, ճիշտ է գնահատում սեփական ուժերը: Անգործության մատնվել չի սիրում, ժամանակն առավելագույնս օգտավետ է ծախսում: Նա ինքնաբավ, երջանիկ մարդու տպավորություն է թողնում: Խեցգետին-Խոզն առանձնանում է լավատեսական տրամադրությամբ, համառությամբ ու ջանասիրությամբ: Ճիշտ է, միշտ չի կարողանում վերահսկել սեփական հույզերը: Երբեմն կորցնում է ինքնավստահությունը. չափազանց տպավորվող է անարդարությանն ու չարին դիմակայելու համար: Շրջապատողներից հասկացողություն ու աջակցություն է ակնկալում, իսկ երբեմն նույնիսկ պահանջում է դրանք: Վտանգի պահին առավել հուզական է դառնում, դադարում է թաքցնել իր իրական մտքերը:

Խեցգետին-Խոզն ունակ չէ դիմակայել գայթակղություններին, հեշտությամբ է գումար ծախսում իր քմահաճությունների վրա: Չմտածված գնումների համար քիչ է անհանգստանում, քանի որ կենսուրախ Խոզը անհրաժեշտ չի համարում լսել հաշվենկատ Խեցգետնի կարծիքը: Նա սիրում է հարմարավետությունը, անտարբեր չէ ճոխ իրերի հանդեպ: Իրեն ցանկացած քմահաճույք կարող է թույլ տալ. նա կյանքի հանդեպ գործնական մոտեցում ունի, լավ եկամուտ ունի ու գումարի պակաս չի զգում: Բծախնդիր ու պատասխանատու է, բոլոր գործերում նախաձեռնողականություն է ցուցաբերում: Խեցգետին-Խոզը հույսով է նայում ապագային, միակ բանը, որը կարող է խախտել նրա ինքնավստահությունը՝ քննադատությունն է: Նա բացարձակապես տանել չի կարողանում նկատողությունները, չի ուզում, հնարավոր է նույնիսկ վախենում է խոստովանել իր սխալները: Նրա վրա կարելի է ազդել բարի խոսքով ու հոգատար վերաբերմունքով. այդժամ Խոզ-Խեցգետինը սարեր շուռ կտա:

Սիրո մեջ

Սիրահարված Խոզ-Խեցգետինը ամբողջությամբ տրվում է հարաբերություններին, ամեն կերպ երես է տալիս իր կողակցին, աշխատում է գոհացնել նրան: Ճիշտ է, որպես պատասխան հոգատարություն ու ուշադրություն է ակնկալում: Համատեղելիության հորոսկոպում Խեցգետին-Խոզը վեհ անձնավորություն է, ձգտում է ներդաշնակության, հասկացող ու նրբազգաց կողակից է փնտրում: Չնայած՝ երբեմն հարաբերություններում թեթևամտություն է դրսևորում. աջուձախ ֆլիրտ է անում ու սեթևեթում: Բոլոր դեպքերում սիրառատ Խոզը մեծ ազդեցություն է թողնում նշանների այս համադրությամբ մարդկանց կյանքի վրա:

Խեցգետին-Խոզը նպատակաուղղված է ամուր ամուսնության, ծառայում է իր ընտանիքի հետաքրքրություններին: Մոռանում է իր բոլոր նախասիրությունների մասին, ամբողջությամբ կենտրոնանում է կողակցի վրա: Խոզ-Խեցգետինը ռոմանտիկ է, չի կարող առանց գեղեցիկ հաճոյախոսությունների ու հաճելի անակնկալների: Այս խոցելի ու զգայուն մարդը ծանր է տանում դավաճանությունն ու սուտը: Նույնիսկ փոքրիկ ընտանեկան տհաճությունները սրտին մոտ է ընդունում: Խոզ-Խեցգետինը պաշտում է երեխաներին, պատասխանատու է մոտենում նրանց դաստիարակությանը:

Կարիերան

Կազմակերպված Խեցգետին-Խոզը կարող է հարմարվել աշխատանքային ցանկացած ռիթմի: Խիստ գրաֆիկից չի շեղվում, հստակ կատարում է իր ծառայողական պարտականությունները: Իր հմայքի ու կառուցողական երկխոսություն վարելու ունակության շնորհիվ Խեցգետին-Խոզը լավ հարաբերություններ է պահպանում բոլոր կոլեգաների հետ: Հիանալի է ղեկավարի դերում, միշտ ազնիվ ու արդարացի է ենթակաների նկատմամբ: Չնայած երբեմն չափազանց խիստ է լինում, բայց երբեք չի պահանջում ավելին, քան պետք է գործի համար:

Հուզական Խեցգետին-Խոզը զգայուն է շրջապատողների տրամադրության հանդեպ: Կարողանում ու սիրում է աշխատել մարդկանց հետ: Ձգտում է շրջապատողների հետ կիսվել իր զգացմունքներով: Եթե առօրյայում ամաչկոտ է, ապա բեմում ամբողջությամբ բացվում է: Խոզ-Խեցգետինը կարող է դերասանի, ռեժիսորի, հաղորդավարի մասնագիտություն ընտրել ու անպայման հաջողության կհասնի: Չնայած կարող է նաև հաջողակ հաշվապահ, շինարար կամ մանկավարժ դառնալ: Նա զարմանալի աշխատասիրությամբ է օժտված, միշտ պատասխանատու է վերաբերվում իր աշխատանքին:

Խեցգետին-Խոզ տղամարդը

Գաղտնապահ Խեցգետին-Խոզ տղամարդիկ այրող հետաքրքրություն են առաջացնում հակառակ սեռի մետ: Թվում է, թե այս խորհրդավոր մարդիկ ուրիշների գաղտնիքների հուսալի պաշտպանն են: Իսկ ինչպես հայտնի է, ոչ մի կին բաց չի թողնի ինչ-որ յուրահատուկ բան իմանալու հնարավորությունը: Սակայն Խեցգետին-Խոզ տղամարդիկ բաց են, բարի, պարզապես այնքան էլ չեն վստահում շրջապատողներին: Այնպես որ՝ աշխատում են խիստ, անմատչելի մարդիկ երևալ: Կարող են ամբողջությամբ վստահել միայն իսկապես սիրելի կնոջը: Նշանների այս համադրությամբ տղամարդու կյանքը հաճելի իրադարձություններով լի կլինի: Նա նուրբ, հոգատար կողակից է, շատ կապված է կնոջն ու երեխաներին: Նրա համար տան պատերի ներսում մտերիմների հետ շփումը լավագույն ժամանցն է:

Խեցգետին-Խոզ կինը

Հուզական Խեցգետին-Խոզ կանայք տառապում են տրամադրության հաճախակի տատանումներից: Չնայած փորձում են վերահսկել իրենց, բայց դա նրանց միշտ չի հաջողվում: Չափազանց խոցելի են ու անինքնավստահ, երազում են ուժեղ կողակցի մասին: Ճիշտ է, բարձրաձայն չեն հայտնի իրենց մտքերը, քանի որ վախենում են քննադատությունից ու հավանության չարժանանալուց: Խեցգետին-Խոզը ինքնաբավ մարդու տպավորություն է թողնում, շատ լավ գլուխ է հանում իր մասնագիտությունից, լավ գումար է աշխատում: Չի կարող իրեն ամբողջությամբ երջանիկ զգալ, եթե կողքին ամուսին ու երեխաներ չունի: Խոցելի, ամաչկոտ այս կինը անկեղծ է մարդկանց հանդեպ, այնպես որ՝ չի կարողանում թաքցնել իր սիրահարվածությունը: Վիրավորանքները ծանր է տանում, հուսալի, ուժեղ տղամարդ է փնտրում, որի վրա կարելի է ամեն հարցում հույս դնել:


Տարվա և ամսվա համադրությունը. ԽԵՑԳԵՏԻՆ (Մաս 1-ին)

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 2435 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6