ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Տարվա և ամսվա համադրությունը. ԱՌՅՈՒԾ (Մաս 2-րդ)
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 2598 | 12:00 Ավելացրեց: Moder-003

ԱՌՅՈՒԾ-ՁԻ

Էներգիայով լի, ուրախ Առյուծ-Ձիերը շրջապատին վարակում են իրենց լավատեսությամբ: Սիրում են կյանքն իր բոլոր դրսևորումների մեջ. ամեն նոր օրը վառ, անմոռանալի արկած է: Չեն կարողանում տխրել, տրվել վշտին, լավատեսորեն են մտածում. ամեն ինչում միայն դրական կողմեր են տեսնում: Համատեղելիության հորոսկոպում Ձի-Առյուծը ձգտող, էմոցիոնալ էություն է: Նա շփումներ, արկածներ ու վառ տպավորություններ է տենչում: Շրջապատողները չեն հոգնում հիանալ նրա կենսասիրությամբ, անհատնում լավատեսությամբ: Նա չի էլ կասկածում իր ցանկացած ցանկության իրագործելի լինելու վրա, համարձակ ու վճռական է գործում: Աշխատում է ղեկավարվել տրամաբանությամբ ու առողջ բանականությամբ, բայց չի կարելի բացառել նաև հույզերի ազդեցությունը: Երբեմն Առյուծ-Ձին ստիպված է լինում անհաջողությունների բախվել, բայց դա ոչ մի կերպ չի անդրադառնում նրա տրամադրության վրա. ապագային լավատեսությամբ է նայում:

Բնութագիրը

Անհավանական գրավիչ Առյուծ-Ձին միշտ համընդհանուր ուշադրության կենտրոնում է: Մարդկանց դուր է գալիս էներգիայով լի, ակտիվ ու դրական այս մարդը, որը կարողանում է շուրջը բոլորին գրավել իր գաղափարներով: Նա հավատում է ապագա հաջողությանն ու շրջապատին վարակում է իր ոգևորությամբ. նա հրաշալի կազմակերպիչ ու տաղանդավոր մանիպուլյատոր է: Փոխարենը որպես կատարող այնքան էլ լավը չէ: Ձի-Առյուծը չի սիրում դժվարություններ հաղթահարել, չի առանձնանում համառությամբ ու հաստատակամությամբ: Այս երկու ուժեղ, հզոր էներգիայով նշանների միությունը զարմանալի հաջողակ ու երջանիկ մարդկանց է ծնունդ տալիս: Ճիշտ է, Ձին ու Առյուծը չեն կարողանում պարտվել, հակված չեն փոխզիջման գնալ: Նրանք մրցակցում են մեկը մյուսի հետ, փորձում են ապացուցել իրենց գերազանցությունն, ու արդյունքում դա խանգարում է հաջողության և բարգավաճման հասնել:

Վառ, խարիզմատիկ Ձի-Առյուծները համընդհանուր ուշադրություն են տենչում և այդ ցանկության իրագործման համար ցանկացած զոհողության պատրաստ են: Հռետորական շնորհ ունեն, պաշտում են ամենատարբեր թեմաների շուրջ դատողություններ անել: Ընդ որում՝ անկեղծորեն հավատում են նրան, ինչ ասում են. ոչ մի կաթիլ չեն կասկածում իրենք իրենց վրա: Առյուծ-Ձիու գլխավոր առանձնահատկությունը ինքնահավանությունն է: Իր հանդեպ վստահության ու անհատնում լավատեսության շնորհիվ այս մարդը կարող է միայնակ շուռ տալ աշխարհը: Սակայն չի մոռանում նաև մյուսների մասին, ամեն կերպ ձգտում է շուրջը բոլորին երջանկացնել: Կրքոտ, տաքարյուն Առյուծի ու ինքնասածի Ձիու միությունը դրսևորվում է իմպուլսիվության ու մեծահոգության տեսքով: Նշանների այս համադրությամբ մարդիկ վեհանձն ու առատաձեռն են, պատրաստ են օգնել ծանր վիճակում հայտնված ցանկացած մարդու:

Առյուծ-Ձին առանձնանում է անհատնում ակտիվությամբ. ունակ չէ երկար ժամանակ մի տեղում նստած մնալ: Ընդ որում՝ ոչ միայն ինքն է ակտիվ ապրում, այլ նաև գրավում է մյուսներին: Սիրում է կյանքը իր բոլոր դրսևորումների մեջ, չի նկատում դժվարություններն ու արգելքները: Իր կարծիքը միակ ճիշտն է համարում ու առանց վատ զգալու պարտադրում է այն մյուսներին: Առյուծ-Ձին էներգիան քաղում է մարդկանց հետ շփումներից, սիրում է ճամփորդել: Ձգտում է հնարավորինս շատ դրական հույզեր ու տպավորություններ ստանալ: Փառքի ու ուշադրության ծարավ է, խուճապի է մատնվում, եթե հավանության խոսքերի ու հաճոյախոսությունների չի արժանանում: Իհարկե, Առյուծ-Ձին չի կարող բոլորին դուր գալ, նա հաճախ է քննադատության ու անհասկացողության հանդիպում, սակայն նա կոնֆլիկտային ու հիշաչար չէ: Այս մարդը ծնվել է մեծ գործերի համար, նա ինքն իրեն ներսից ուտելու ու մանրուքների մեջ խորանալու համար ժամանակ չունի:

Սիրո մեջ

Առյուծ-Ձիու անձնական կյանքը հագեցած է վառ իրադարձություններով՝ ծանոթություններ, բաժանումներ, ռոմանտիկ ժամադրություններ: Միակ բանը, որը նրանում բացակայում է՝ ձանձրույթն է: Նրա համար զգացմունքներից կարևոր բան չկա. արագ է սիրահարվում, իր ընտրյալին իդեալ ու ճակատագրի նվեր է համարում: Սակայն նույնքան հեշտությամբ էլ առանց խղճի խայթ զգալու բաժանվում է նրանից: Սիրային հորոսկոպում Առյուծ-Ձին կրքոտ, տարվող անձնավորություն է: Նույնիսկ անձնական հարաբերություններում հավատարիմ է մնում ինքն իրեն՝ և՛ շտապում է ապրել, և՛ զգալ:

Մեծահոգի, առատաձեռն Առյուծ-Ձին սիրում է ուրախացնել մտերիմներին. հաճախ նրանց ճոխ նվերներ է մատուցում ու անակնկալներ է անում: Ճիշտ է, որպես պատասխան հիացմունք է սպասում ու բացարձակ պատրաստ չէ նկատողություններ լսել: Առյուծ-Ձիու հետ սիրային համատեղելիության գլխավոր գաղտնիքն է՝ ոչ մի հակաճառություն ու քննադատություն, նույնիսկ ամենամեղմ ձևի մեջ: Ամուսնանալուց հետո շտապում է ղեկավարել իր երկրորդ կեսին, միայնակ է ընդունում բոլոր որոշումները: Փոխարենը իրեն դրսևորում է որպես պրակտիկ, հոգատար կողակից ու սիրող ծնող. շատ ժամանակ է անցկացնում ընտանիքի հետ:

Կարիերան

Առյուծ-Ձի տղամարդիկ ու կանայք կամային, նպատակասլաց մարդիկ են: Հրաշալի հասկանում են, թե ինչի են ուզում հասնել կյանքում, իսկ որ ամենակարևորն է՝ չեն վախենում իրենց ցանկություններից: Ամբիցիոզ, փառասեր Ձի-Առյուծները բարձր պաշտոնի են ձգտում: Մարդկանց ղեկավարելու տաղանդ ունեն՝ ճարտարախոս են, համոզիչ ու վճռական: Սակայն այնքան էլ ջանասեր ու պատասխանատու չեն, ունակ չեն կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա, գործունեության հաճախակի փոփոխության կարիք են զգում: Դա է պատճառը, որ Ձի-Առյուծները հեշտությամբ մի աշխատավայրից մյուսն են տեղափոխվում, արագ հարմարվում են նոր կոլեկտիվին:

Առյուծ-Ձիերը հեշտությամբ են հաղթահարում հաջող կարիերայի ճանապարհին ընկած բոլոր խոչընդոտները: Մեկ փոքրիկ ուղղում՝ աշխատանքը պետք է նրանց հետաքրքրի: Միայն այդ դեպքում նրանք կարող են հսկայական բարձունքների հասնել: Փոփոխություններից չեն վախենում ու պատրաստ են ողջ կյանքի ընթացքում սովորել: Սովորաբար Առյուծ-Ձիերը հաջողակ են մարդկանց հետ շփումներ պահանջող մասնագիտություններում՝ հոգեբան, մանկավարժ, մենեջեր: Բնատուր արտիստիզմը, զարգացած խոսքը թույլ են տալիս նրանց դերասանի հաջող կարիերա անել: Բոլոր դեպքերում նրանք կգտնեն իրենց տաղանդները կիրառելու տեղը:

Առյուծ-Ձի տղամարդը

Առյուծ-Ձի տղամարդու կրքոտ, տվայտվող հոգին հանգիստ չունի, նա մոլագարի պես տարված է սիրելի գործով: Իշխանություն, ճանաչում, գումար է տենչում, այնպես որ՝ չի ձգտում շարքային աշխատակից դառնալ, նա մասշտաբային է մտածում: Սակայն չափազանց էմոցիոնալ ու անհամբեր է, բացի այդ, այնքան էլ աշխատասեր չէ: Այնպես որ՝ հաճախ նույնիսկ նրա ամենահեռանկարային նախագծերը եկամուտ չեն բերում: Սիրային հարաբերություններում հմայող է, նրա գրավչության ուժին անհնար է դիմակայել: Նրան դուր է գալիս ընտրյալին թանկարժեք նվերներով երես տալ: Նրա հետ ցանկացած կին իրեն ամենագեղեցիկն ու ցանկալին է զգում, սակայն կենցաղային խնդիրները լուծելու անհրաժեշտությունը այս տղամարդուն սարսափի է մատնում: Առօրյա կյանքում Առյուծ-Ձիուց օգնություն ակնկալել չարժե, նրա գործը շրջապատի համար արքա լինելն է:

Առյուծ-Ձի կինը

Առյուծ-Ձի կինը չի կասկածում իր հմայքին: Հաճույքով է հաճոյախոսություններ լսում ու սիրահետումներ ընդունում, նրա համար կենսական անհրաժեշտություն է տղամարդկանց հիացական հայացքները զգալը: Այս խելացի ու աշխատասեր անձնավորությունը ամոթ բան չի համարում գործի օգտի համար իր գրավիչ արտաքինն օգտագործելը: Հմտորեն սեթևեթում ու ֆլիրտ է անում տղամարդկանց հետ, բայց չի անցնում թույլատրելիի սահմանը: Առյուծ-Ձին գործնական կին է, ձգտում է կարիերայում մեծ բարձունքների հասնել: Իսկ ահա տնային հոգսերը նրան չեն գրավում, կրքոտ ու վառ հարաբերություններ է փնտրում: Սակայն ժամանակի հետ հրաշալի տնտեսուհի է դառնում, ճիշտ է, տնային աշխատանքն անում է առանց հատուկ ոգևորության:

ԱՌՅՈՒԾ-ԱՅԾ

Այծ-Առյուծը կրակի այս նշանի մյուս ներկայացուցիչ Առյուծներից տարբերվում է իր զսպվածությամբ ու նույնիսկ ամաչկոտությամբ: Մտածկոտ է, շփման մեջ սիրալիր, չի ձգտում փառքի ու երկրպագություն չի սպասում: Էներգիայով լի Առյուծը կամքից զուրկ Այծի հետ կիսվում է իր ուժով, նրան պրակտիկ ու կենսական իմաստություններ է սովորեցնում: Իհարկե, Առյուծը պահպանում է հասարակության մեջ փայլելու ու բոլորին հիացնելու իր ցանկությունը: Միայն թե այնքան խելամիտ է, որ իր առավելությունն ապացուցում է կոնկրետ գործերով, այլ ոչ թե պարզապես ուշադրություն է պահանջում: Նշանների այս համադրությամբ մարդիկ կարողանում են աշխատել, մտադիր են բարձր արդյունքի հասնել: Համատեղելիության հորոսկոպում Առյուծ-Այծերը հանգիստ, խաղաղասեր մարդիկ են: Մեծ հարգանքով են վերաբերվում շրջապատողներին, շփման մեջ իրենց պահում են հասարակ, բայց մեծ արժանապատվությամբ:

Բնութագիրը

Հավասարակշռված Առյուծ-Այծը կարողանում է զսպել իր տաքարյուն խառնվածքը, թույլ չի տալիս, որ զգացմունքները հաղթեն բանականությանը: Ամբիցիաներից զուրկ չէ, ուզում է դուր գալ բոլորին: Իր բնույթով Առյուծ-Այծը լիդեր է ու մտադիր չէ զիջել իր դիրքերը: Դրա հետ միասին, բավականաչափ իմաստուն ու կշռադատող է չմտածված արարքներ գործելու համար: Այնքան էլ շփվող չէ, նույնիսկ մի քիչ ծածկամիտ է, բայց կարողանում է լավ տպավորություն թողնել, վայելում է շրջապատողների հարգանքը: Այծ-Առյուծի գլխավոր առանձնահատկությունը խելամտությունն ու տրամաբանված լինելն է: Նա հակված չէ ռիսկի, տանել չի կարողանում անորոշությունն ու անհստակությունը: Երբեմն իդեալական մարդ լինելու իր ցանկության պատճառով կյանքում շատ հետաքրքիր բաներ է բաց թողնում: Ինքն իր կամքով իրեն զրկում է անհոգ ուրախանալու հնարավորությունից, ողջ ազատ ժամանակն անցկացնում է մտորումների մեջ:

Այս Առյուծը, չնայած իր կշռադատող լինելուն ու զսպվածությանը, չի ուզում ստվերում մնալ, ձգտում է համընդհանուր ուշադրության: Բացի այդ, անհավասարակշիռ ու քմահաճ Այծը վառ հույզեր ու արկածներ է տենչում: Ճիշտ է, չի առանձնանում ուժեղ կամքով, այնքան էլ ինքնավստահ չէ, դրա համար էլ հեշտությամբ է խուճապի մատնվում: Այծ-Առյուծները հաճախ շրջապատողներին տհաճ կերպով զարմացնում են իրենց վարքով: Դադարում են հասկանալ մարդկանց, մանրուքներից են կառչում ու մահացու վիրավորվում են ամենաանմեղ նկատողություններից: Իրենց մեծամիտ հպարտների նման են պահում, ամեն առիթով նեղանում են ու քմահաճություններ անում: Սակայն նման վարքը ավելի շատ բացառություն է. Առյուծ-Այծերը առանձնանում են հոգևոր առատաձեռնությամբ: Շատ լավ զգում են մարդկանց տրամադրությունը, միշտ պատրաստ են օգնել:

Էներգիայով լի Առյուծ-Այծը չի կարող անգործ նստել, ձգտում է կայանալ մասնագիտական ոլորտում և ոչ միայն: Նա ձգտում է ամեն ինչում կատարելության հասնել, շատ է աշխատում, չի հոգնում նոր գաղափարներ հղանալուց, նրա համար կարևորը մյուսներից լավը լինելն է: Իր հանդեպ պահանջկոտ է, վախենում է անուղղելի սխալ գործելուց կամ այն մարդկանց վստահությունը չարդարացնելուց, որոնց կարծիքն իր համար շատ կարևոր է: Տաքարյուն Այծի ու ինքնավստահ Առյուծի միությունը պատասխանատու մարդկանց է ծնունդ տալիս, ովքեր իրենց նպատակներին հասնելու համար պատրաստ են շատ աշխատել: Նրանք իսկական պորֆեկցիոնիստներ են, չեն նահանջի, մինչև իդեալական արդյունքի չհասնեն: Այծ-Առյուծները չեն կարող հաշտվել պարտության հետ, միայն հաղթանակի հույս ունեն: Անպաշտպանություն ու չարություն են զգում, եթե իրենց ճանապարհին դժվարությունների են հանդիպում:

Սիրո մեջ

Չնայած իր բազմաթիվ արժանիքներին՝ Առյուծ-Այծն այնքան էլ ինքնավստահ չէ, այնպես որ՝ հարաբերությունների սկզբում այնքան էլ ակտիվ չէ սիրահետումների հարցում: Հուսալի կյանքի ընկեր է փնտրում, չի ամուսնանա, մինչև չհամոզվի սիրելիի նվիրվածության մեջ: Հմայիչ, խարիզմատիկ Առյուծ-Այծը շրջապատված է երկրպագուներով ու երկրպագուհիներով, բայց դա չի նշանակում, որ նա պատրաստ է փոխադարձ զգացմունքով պատասխանել: Նա աջակցության կարիք է զգում, փթթում է հաճոյախոսություններից: Առաջին հերթին ուշադրություն է դարձնում կողակցի հոգեկան որակներին, այլ ոչ թե սեքսուալ գրավչությանը:

Առյուծ-Այծի մտերիմները ցանկացած բարդ իրավիճակում կարող են հույս դնել նրա օգնության վրա: Նա հուսալի, պատասխանատու մարդ է, ամբողջությամբ կենտրոնացած է ընտանիքի հետաքրքրությունների վրա: Նա տնակյաց է, սիրում է հանգստանալ հանգիստ, լուռ միջավայրում: Սիրային հորոսկոպում Առյուծ-Այծը իդեալական ընտանիքի մարդ է: Ճիշտ է, մտերիմները պետք է հնարավորինս շատ գովեն նրան: Անտարբեր չէ հաճոյախոսությունների հանդեպ, ձգտում է զգալ իր պիտանի լինելը: Առավել ևս, որ Առյուծ-Այծն ամեն հնարավոր ու անհնարին բան անում է իր ընտանիքի բարգավաճման համար:

Կարիերան

Աշխատասեր, նպատակասլաց Առյուծ-Այծը ոչ մի աշխատանքից չի վախենում: Սակայն երազում է լավ պաշտոնի մասին, բարձր է գնահատում իր տաղանդները: Առյուծ-Այծը լոյալ ղեկավար է, ուշադիր է իր ենթակաների հանդեպ: Ճիշտ է, միշտ վստահ չէ իր ուժերին, կոլեգաների աջակցության կարիքն ունի: Իմաստուն է, հանգիստ, անհաջողությունների պատճառով վշտին չի տրվում, բայց չի կարողանում նաև հաշտվել պարտության հետ: Սուր խելք ունի, դիտողունակ է, կարողանում է լավ տպավորություն թողնել: Վայելում է կոլեգաների հարգանքը, իր գործի լավ մասնագետի համբավ է վայելում:

Առյուծ-Այծը չի սիրում երկարատև ուղևորությունները, նախապատվությունը տալիս է հաճախակի գործուղումներ չենթադրող մասնագիտություններին: Դրա հետ միասին, չի կարող անտեսել հասարակական ելույթների հանդեպ իր պահանջմունքը: Ձգտում է իրագործել իր ստեղծագործ պոտենցիալը, սիրում է հաճոյախոսություններն ու ուշադրությունը: Առյուծ-Այծերի մեջ կարելի է շատ հայտնի մարդկանց գտնել՝ դերասաններ, երաժիշտներ, կոմպոզիտորներ, գրողներ ու քաղաքական գործիչներ: Ցանկացած գործում նրանք պատասխանատու աշխատողներ են, նույնիսկ բարեգործությամբ զբաղվելիս ամբողջությամբ տրվում են գործին:

Առյուծ-Այծ տղամարդը

Այծի տարում ծնված Առյուծ տղամարդը մեծ արժանապատվությամբ է իրեն պահում: Որպես սովորական բան է ընդունում շրջապատողների հիացմունքն ու հետաքրքրությունը, բայց աշխատում է իրեն համեստ պահել: Հակված է մտորումների ու ապրումների, չնայած՝ երբեք չի խոստովանում իր թուլությունները: Առյուծ-Այծը շրջապատի աչքին ձգտում է սոլիդ տղամարդ երևալ, նրան կարող է բավարարել միայն լավ աշխատավարձով բարձր պաշտոնը: Ամեն կերպ ձգտում է ընդգծել իր բարձր կարգավիճակը, հատուկ թուլություն ունի գեղեցիկ կանանց հանդեպ: Կարողանում է սիրահետել, ոչ մի ծախսի առաջ կանգ չի առնի, եթե ուզում է ուրախացնել ընտրյալին: Որպես պատասխան հարգալից վերաբերմունք է պահանջում, սուր է արձագանքում քննադատությանը, բռնկուն բնավորություն ունի:

Առյուծ-Այծ կինը

Գեղեցիկ, էֆեկտիվ Առյուծ-Այծ կինը հպարտ ու քմահաճ անձնավորություն է: Մեծ ոգևորությամբ է կյանքի կոչում իր երազանքները: Ճիշտ է, միշտ հույս է դնում տղամարդկանց աջակցության վրա: Երկրպագուները պետք է մեղմ ու զգույշ գործեն, չի կարելի նրան պայմաններ թելադրել կամ հիշեցնել մատուցած ծառայությունների մասին: Նա անհարգալից վերաբերմունք չի հանդուրժի, հեշտությամբ է բռնկվում, նեղացկոտ ու հիշաչար է: Սակայն ագրեսիվ չէ, վեճեր ու սկանդալներ չի սիրում: Սիրելի տղամարդու համար պատրաստ է փոխվել ու մոռանալ իր ամբիցիաների մասին: Հեշտությամբ մեղմիկ տնային կատվի է վերածվում, եթե ոչ մշտապես, ապա՝ գոնե ժամանակավոր:

ԱՌՅՈՒԾ-ԿԱՊԻԿ

Այս Առյուծն ավելի գթասիրտ ու զգայուն է, քան կրակի այս նշանի մյուս ներկայացուցիչները: Նա իշխանության չի ձգտում, պատրաստ է զիջել ու օգնել շրջապատողներին՝ մոռանալով իր հետաքրքրությունների մասին: Առանձնանում է հոգեկան առատաձեռնությամբ, հարաբերություններում ճկուն ու դիվանագետ է: Վեհանձն Առյուծի ու հնարամիտ Կապիկի միությունը ներդաշնակ համադրություն է, որն իր ներկայացուցիչներին բազմաթիվ դրական գծերով է օժտում: Նշանների այս համադրությամբ մարդիկ խելացի են, պրակտիկ, հուսալի, դրա հետ միասին՝ շփվող ու բարեհոգի են: Հումորի հրաշալի զգացում ունեն, շատ լավ նշմարում են ծիծաղելի պահերը: Մի խոսքով՝ դրական ու էներգիայով լի Առյուծ-Կապիկը ցանկացած ընկերախմբի ոգին է:

Բնութագիրը

Հրաշալի մտավոր ունակություններով հետաքրքրասեր այս մարդը հետաքրքրվում է շուրջը տեղի ունեցող ամեն ինչով: Վախենում է ինչ-որ կարևոր բան աչքաթող անելուց. միշտ շարժման, արկածների ու նոր տպավորությունների փնտրտուքի մեջ է: Անհատնում էներգիայով ու հարուստ երևակայությամբ է առանձնանում: Եթե չի տեսնում իր տաղանդները այստեղ ու այս պահին իրագործելու հնարավորությունը, մեկ ուրիշ հոգեհարազատ գործ է գտնում: Փառասեր ու ամբիցիոզ է. երբեք չի հրաժարվի իր երազանքից: Առյուծ-Կապիկը մյուսների հանդեպ ազնիվ ու բարի է, նրա կանոնների մեջ չէ մյուսներին ստելն ու անհարմար վիճակի մեջ դնելը: Նա ուժեղ, տղամարդկային ու կարգին մարդ է, մյուսներին չի օգտագործի իր նպատակներին հասնելու համար: Համառ, նպատակասլաց Առյուծ-Կապիկը հաջողակ մարդու օրինակ է, որն ամեն ինչի հասել է իր ազնիվ աշխատանքի ու ջանասիրության շնորհիվ:

Էմոցիոնալ, ճարտարախոս Առյուծ-Կապիկը ոգևորությամբ է ստանձնում մարդկանց հետ շփումներ ենթադրող ցանկացած գործ: Կարողանում է ընկերություն անել, պաշտում է մտերիմների համար տոներ կազմակերպել, հաճախ ուրախ ընկերախմբեր է հավաքում: Ունակ է ցանկացած մարդու հետ ընդհանուր լեզու գտնել: Առյուծ-Կապիկի գլխավոր առանձնահատկությունը հոգևոր առատաձեռնությունն է: Նրա հետ ոչ մի դժվարություն սարսափելի չէ. կօգնի, կպաշտպանի ու նույնիսկ կուրախացնի: Նա ոչ միայն հոգեկան կորով ունեցող մարդ է, այլև իմաստուն, լայն գիտելիքներ ու հարուստ կենսափորձ ունեցող էակ: Կշռադատող է, խորաթափանց, միշտ կարող է ճիշտ խորհուրդ տալ: Ընդ որում՝ կարողանում է բառերին զրուցակցի համար հասկանալի ձև տալ: Առատաձեռն Առյուծի ու հնարամիտ Կապիկի միությունը մեծագոհի ու բարեսիրտ մարդու է ծնունդ տալիս:

Ճարպիկ, հետաքրքրասեր Կապիկը մեղմացնում է հպարտ, անկոտրում Առյուծի բնավորությունը, օգնում է նրան տիրապետել մարդկանց հետ շփումների արվեստին: Այս Առյուծն ավելի մեղմ ու հանգիստ է դառնում, այլևս այդքան կատաղի չի ապացուցում իր ճշմարտացիությունը: Չնայած նախկինի պես ձգտում է իշխանության, բայց իր հետաքրքրությունները պաշտպանելիս դիվանագիտական հրաշքներ է ցուցադրում: Համառորեն հասնում է իր նպատակներին, դրա հետ միասին՝ բավականաչափ խելամտություն ունի բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար: Այս շփման մեջ ճկուն մարդը շրջապատողներից աջակցություն է ստանում ու դիմադրության չի հանդիպում: Չնայած՝ Կապիկ-Առյուծի կյանքը հասարակ ու թեթև անվանել չի կարելի, նրա հետ նաև անհաջողություններ, աղետներ ու վշտեր են պատահում: Սակայն նա այնքան մեծ ներքին ուժ ու էներգիա ունի, որ ցանկացած իրավիճակից հաղթող է դուրս գալիս:

Սիրո մեջ

Սիրառատ Կապիկ-Առյուծները չեն շտապում ամուսնանալ: Հեշտությամբ են սիրահարվում, աջուձախ սիրավեպեր են հաստատում: Դժվար է դիմակայել այս խարիզմատիկ, սեքսուալ մարդկանց, ովքեր կարողանում են հասկանալ կողակցի ցանկություններն ու զգացմունքները: Սիրային հորոսկոպում Առյուծ-Կապիկը անկանխատեսելի, թեթևամիտ մարդ է: Նրա հետ հարաբերությունները հագեցած են կրքով, վառ հույզերով, բայց հավատարմություն ակնկալել պետք չէ: Գեղեցիկ սիրավեպը կարող է մեկ րոպեում ավարտվել. դա կնշանակի, որ Առյուծ-Կապիկը նորից սիրահարվել է:

Թեթևամիտ, անկայուն Առյուծ-Կապիկը մտերիմների հետ հարաբերություններում զսպվածություն ու համբերատարություն է դրսևորում: Նա հրաշալի ընտանիքի մարդ է՝ սիրող ու հոգատար: Ամուսնանալուց հետո իր առաջ մեկ նպատակ է դնում՝ նրա ընտանիքը պետք է ոչ մի բանի կարիք չունենա: Ընդ որում՝ խոսքը միայն նյութականի մասին չէ: Էներգիայով լի, տեղը նստել չկարողացող Առյուծ-Կապիկը չի կարող ապրել առանց աղմկոտ տոների ու ուրախ երեկույթների: Նա հաճախ իր մտերիմների համար խոշոր անակնկալներ է պատրաստում. նրա հետ կյանքը մի մեծ տոն է:

Կարիերան

Այս զարմանալի մարդու ուժերի սահմաններում է իրագործել իր բոլոր ցանկությունները, կարևորը սեփական կոչումը գտնելն է: Առյուծ-Կապիկը անսովոր անձնավորություն է, ունակ է անկանխատեսելի արարքների: Կարող է իրեն նվիրել մարդկանց ծառայելուն, օրինակ՝ խորհրդատվական ծառայություններ մատուցելուն կամ սոցիալական աջակցության ոլորտում աշխատելուն: Կարող է անակնկալ տարվել նաև անհատական գործունեությամբ: Հրաշալի գլուխ է հանում իր պարտականություններից առանց վարձու աշխատողների աջակցության:

Առյուծ-Կապիկի անհատնում էներգիան ելք է փնտրում. ոչ մի ձանձրալի, միապաղաղ աշխատանք: Սովորաբար հաճախակի տեղափոխությունների ու ակտիվ գործունեության հետ կապված աշխատանք է ընտրում: Հրաշալի հաղորդակցական ունակություններ ունի, սիրում ու կարողանում է շփվել մարդկանց հետ: Կարող է բարձր արդյունքների հասնել մանկավարժության մեջ. նա իմաստուն ուսուցիչ է: Առյուծ-Կապիկը նույնքան հաջողակ է ցանկացած ստեղծագործ մասնագիտության մեջ: Նրա արժանիքներն են զարգացած ճարտարախոսությունը, հարուստ երևակայությունը, կենդանի խելքը: Նա մեծ հաճույք է ստանում իր ֆանտազիաները կյանքի կոչելուց:

Առյուծ-Կապիկ տղամարդը

Առատաձեռն Առյուծ-Կապիկ տղամարդը մեծ ուրախությամբ է օգնում նույնիսկ քիչ ծանոթ մարդկանց: Այս ուժեղ, ինքնավստահ մարդը աշխատում է բոլորի հետ հարգալից վարվել, հատկապես՝ մտերիմների: Անհնար է նրան չար ու նյարդային պատկերացնելը: Հակառակը, նա թեթև ու ուրախ բնավորություն ունի: Նրան չի կարելի մեղադրել նաև եսասիրության ու փառամոլության մեջ, չնայած՝ ցանկության դեպքում կարող է ամրություն ու վճռականություն ցուցաբերել: Սակայն նա չի ձգտում ուրիշների հաշվին ինքնահաստատվել: Առյուծ-Կապիկը կենսուրախ, ակտիվ տղամարդ է, նրա համար դժվար է տեղում նստած մնալը: Սիրում է նոր տեղեր այցելել, նախընտրում է հաճախակի գործուղումների հետ կապված մասնագիտությունները: Սիրային հարաբերություններում ռոմանտիկ է, պաշտում է զարմացնել ընտրյալին:

Առյուծ-Կապիկ կինը

Կապիկի տարում ծնված Առյուծ կինը իմաստուն է, նույնիսկ եթե դեռ շատ երիտասարդ է: Միշտ հաշիվ է տալիս իր գործողություններին, հրաշալի հասկանում է, թե ինչով կավարտվի իր այս կամ այն արարքը: Հեշտությամբ է հաջողության հասնում, ընդ որում՝ ոչ միայն էֆեկտիվ արտաքինի, այլև աշխատասիրության, նպատակասլացության շնորհիվ: Սիրային հարաբերություններում ձանձրույթ ու միապաղաղություն չի հանդուրժում, կողակցից ինքնատիպ արարքներ է սպասում: Դեմ չէ օդապարիկով թռիչքին կամ շուրջերկրյա ճամփորդությանը: Անհրաժեշտության դեպքում կարող է ստել. այստեղ զգացվում է Կապիկի ազդեցությունը: Եթե տղամարդը չարդարացնի նրա ակնկալիքները, առանց զղջալու հրաժեշտ կտա նրան:

ԱՌՅՈՒԾ-ԱՔԱՂԱՂ

Ինքնավստահ, իշխող Առյուծ-Աքաղաղը աջուձախ հրահանգներ ու խորհուրդներ է տալիս: Նա հրաշալի կազմակերպիչ է. կարողանում է մոտեցում գտնել, միշտ հստակ մատնանշում է իր դիրքը: Արքայական Առյուծը հակաճառություններ չի ընդունում, անձնական արժանապատվությամբ լի է, վատ չի զգում ղեկավարել մարդկանց: Աշխույժ, մարտական Աքաղաղն էլ նույնքան ակտիվ դիրք է գրավում. միշտ ուշադրության կենտրոնում է, աչքի առաջ: Նման հատկանիշներով այս երկու նշանների միությունը իր ներկայացուցիչներին ոչ միայն ուժով, այլ նաև բարի, կարեկից սրտով է օժտում: Համատեղելիության հորոսկոպում Աքաղաղ-Առյուծը բարդ բնավորությամբ հմայիչ մարդ է: Ունակ է վճռական արարքների, չափազանց խիզախ է: Ձգտում է առանձնանալ ամբոխից, հաճոյախոսությունների ու ուշադրության համար ամեն ինչի պատրաստ է:

Բնութագիրը

Հմայիչ, շփման մեջ հաճելի Առյուծ-Աքաղաղը դուր է գալիս մարդկանց: Նրա հետ հեշտ ու հուսալի է. դժվար պահին կօգնի, կպաշտպանի անարդար հարձակումներից: Սակայն վեհանձն մարդու դիմակի տակ թեկուզ հազվադեպ, բայց երևում է նրա երկրորդ էությունը՝ եսասիրությունն ու անսահման փառամոլությունը: Աքաղաղ-Առյուծը ուրիշների դժբախտությունների հանդեպ կարեկից է, օգնություն խնդրող մարդու կողքով անտարբեր չի անցնի, բայց չի մոռանա նաև շնորհակալություն ընդունել մատուցած ծառայությունների դիմաց: Շնորհակալությունը կարող է նյութական բարիքների տեսքով չլինել, չնայած՝ նվերները միշտ էլ տեղին կլինեն. երբեմն բավական են միայն հաճելի խոսքերը: Այս մարդը կարծում է, որ արժանի է գովասանքի, այնպես որ՝ մեծ հաճույքով է հաճոյախոսություններ ընդունում: Շրջապատողները պետք է գնահատեն ու հարգեն այս գթասիրտ ու բարի մարդուն, և նա ավելի շատ կջանա բարեգործի իր դերը լավ կատարել:

Այս նշանի գլխավոր առանձնահատկությունը հոգևոր առատաձեռնությունն է: Նա հրաշալի վերահսկում է իր զգացմունքները, բարդ իրավիճակներում հոգեկան հավասարակշռությունը չի կորցնում: Ուշադիր ու բարի է մյուսների հանդեպ, ինքն էլ սիրում է հաճոյախոսություններ անել: Դրա հետ մեկտեղ, Աքաղաղ-Առյուծը խնայող մարդ է, իր ծախսերին խելամիտ է մոտենում: Կարողանում է ցածր գնով իսկապես արժեքավոր իրեր գնել: Հպարտանում է իր տաղանդներով ու հատկապես՝ լավ ճաշակով: Վատ չի զգում հայտնել իր կարծիքը, լիակատար հնազանդություն է պահանջում: Առյուծ-Աքաղաղը հաճախ նախաձեռնություն է ցուցաբերում այն հարցերում, որոնք նրան չեն վերաբերվում: Սկզբում մեղմ ու նրբանկատ է գործում, բայց ժամանակի հետ, հարմարվելով նոր ծանոթներին, դադարում է հաշվի առնել նրանց կարծիքն ու համարձակ թելադրում է իր պայմանները:

Աքաղաղ-Առյուծը ներդաշնակ միություն է ու իր ներկայացուցիչներին դրական շատ հատկանիշներով է օժտում՝ շփումների հանդեպ սեր, աշխատասիրություն, բարություն: Իշխող, ամբիցիոզ Առյուծը իդեալական արդյունքի է ձգտում, իսկ ուրախ, անհոգ Աքաղաղը թույլ չի տալիս ձանձրալի գործերի մեջ լճանալ: Նշանների այս համադրությամբ մարդիկ բնածին հաղթողներ են, հեշտությամբ են հաջողության հասնում: Դժվարություններից չեն վախենում, ստանձնում են ամենաբարդ նախագծերը: Դրա հետ միասին, չեն մոռանում հանգստի մասին, սիրում են ճամփորդել, վայելում են մարդկանց հետ շփումները: Աքաղաղ-Առյուծը տանել չի կարողանում միայնությունը, չափազանց կախված է սոցիումից: Փառասեր ու փառամոլ է, ցանկացած հնարավորություն օգտագործում է հասարակության մեջ երևալու համար. իրեն բեմում է տեսնում: Միշտ հասնում է դրված նպատակներին նրա հաջողության վրա կարելի է չկասկածել:

Սիրո մեջ

Ինքնասեր Առյուծ-Աքաղաղը անձնական հարաբերություններում բծախնդիր է. նա իդեալական կողակից է փնտրում: Տաքարյուն է, ռոմանտիկ, վատ չի զգում արտահայտել իր զգացմունքները: Ուշադրություն է գրավում իր վառ ու համարձակ արարքներով. անմոռանալի ժամադրություններ է կազմակերպում, թանկարժեք նվերներ է մատուցում: Սակայն Առյուծ-Աքաղաղի սիրահետումները լուրջ մտադրությունների երաշխիք չեն: Նա չի շտապում ամուսնանալ. նրան ժամանակ է պետք իր զգացմունքների ամրության մեջ համոզվելու համար: Փոխարենը ընտրություն կատարելուց հետո ընտրյալի կարծիքը չի հարցնում. ամուսնություն և միայն ամուսնություն:

Նշանների այս համադրությամբ մարդիկ իրենց վրա են վերցնում մտերիմների համար պատասխանատվությունը: Իրենց պարտականություններին լուրջ են վերաբերվում, միշտ ընտանիքի պաշտպանն են: Հատկապես շատ են անհանգստանում երեխաների համար, ուզում են հպարտանալ նրանց հաջողություններով: Առյուծ-Աքաղաղը անկախ սեռից ընտանիքի գլուխն է: Նրա հետ սիրային համատեղելիության գլխավոր գաղտնիքը լուռ հնազանդությունն է: Ոչ միայն երեխաները, այլ նաև երկրորդ կեսը պետք է ամբողջությամբ աջակցեն նրա որոշումներին: Քննադատություն ու անհնազանդություն նա չի հանդուրժի, առավել ևս, որ ամեն ինչ անում է ընտանիքի բարգավաճման համար:

Կարիերան

Վճռական, աշխատասեր Առյուծ-Աքաղաղը համառ է իր նպատակներին հասնելու հարցում: Հաշիվ է տալիս իր գործողություններին, հստակ հասկանում է, թե ինչ է ուզում կյանքից: Նա հրաշալի կազմակերպիչ է. կարողանում է ղեկավարել մարդկանց, նրանց տանում է իր հետևից, ոգեշնչում է սեփական օրինակով: Շատ ու համառ աշխատում է, ստանձնում է բարդ նախագծերն ու ավարտին է հասցնում դրանք: Ճիշտ է, գործի հանդեպ նմանատիպ վերաբերմունք է պահանջում նաև մյուսներից. չի ուզում հասկանալ ուրիշների թուլությունները: Երբեմն կոնֆլիկտների մեջ է ներքաշվում նրա պատճառով, որ կոլեգաները չեն ուզում ռիսկի դիմել ու կուրորեն հետևել իր հրահանգներին:

Առյուծ-Աքաղաղը բաց է նոր ծանոթությունների համար, սիրում է ուշադրության կենտրոնում լինել ու ելույթ ունենալ հասարակության առաջ: Նրան գրավում է շփումների ու հաճախակի գործուղումների հետ կապված գործունեությունը: Խարիզմատիկ է, վառ, կարողանում է իր վրա ուշադրություն հրավիրել: Կարող է զբաղվել քաղաքականությամբ կամ գիտական գործունեությամբ. հաջողությունը երաշխավորված է: Նա չի սխալվի, եթե դերասանի մասնագիտություն ընտրի, քանի որ ցանկացած դերի մեջ ներդաշնակ է: Առավել ևս, որ նա վաղ տարիքից երազում է ճանաչման մասին:

Առյուծ-Աքաղաղ տղամարդը

Վեհանձն Առյուծ-Աքաղաղը իրեն իդեալական տղամարդ է համարում, որը պատասխանատու է շուրջը տեղի ունեցող ամեն ինչի համար: Հոգ է տանում մտերիմների մասին, բայց նրա լավ վերաբերմունքը շատ թանկ արժե. նա լիակատար հնազանդություն է պահանջում: Պրագմատիկ, խելացի այս մարդը կարողանում է իր առաջ հստակ նպատակներ դնել ու գիտի՝ ինչպես հասնել դրանց: Առյուծ-Աքաղաղ տղամարդը ինքնավստահ է, իրեն ցանկացած իրավիճակում ճիշտ է համարում, այնպես որ՝ վատ չի զգում պայմաններ թելադրել մյուսներին: Սիրային հարաբերություններում առատաձեռն, սիրալիր տղամարդ է, բայց կանանց այնքան էլ չի վստահում: Հիացմունք ու սիրո խոսքեր է սպասում, իսկ որպես պատասխան ընտրյալին պատրաստ է տալ աշխարհի բոլոր գանձերը: Նրա ընտանիքը ոչ մի բանի կարիք չի զգա, ճիշտ է, վճռական խոսքը պետք է բացառապես Առյուծ-Աքաղաղին պատկանի:

Առյուծ-Աքաղաղ կինը

Ամբիցիոզ այս կանայք իրենց առաջ համարձակ նպատակներ են դնում: Առյուծ-Աքաղաղները առանց վախենալու ստանձնում են ամենաբարդ գործերը, ունակ են հաղթահարել բոլոր արգելքները: Դրա հետ միասին, չոր ու խիստ կանայք չեն, կենտրոնացած չեն իրենց աշխատանքի վրա: Սիրային հարաբերություններում ոգեշնչվածություն են փնտրում, հաճոյախոսությունների կարիք են զգում, պաշտում են նվերներն ու անակնկալները: Սակայն երբեք չեն համաձայնի զիջել լիդերի դերը, նույնիսկ՝ խիստ սիրելի տղամարդուն: Նպատակասլաց այս կանայք իրենց հետաքրքրություններն ընտանիքի համար զոհելը անհրաժեշտ չեն համարում: Բայց նրանց մտերիմները իրենց բոլոր աղետներից ու դժբախտություններից պաշտպանված են զգում: Առյուծ-Աքաղաղների էներգիան բավարարում է և՛ տնային հոգսերը, և՛ գործնական հարցերը լուծելու համար:

ԱՌՅՈՒԾ-ՇՈՒՆ

Էներգիայով լի, խարիզմատիկ Առյուծ-Շները գիտեն իրենց գինը. նրանք գոռոզամիտ, հպարտ ու չափազանց ինքնավստահ մարդիկ են: Դժվարությունների առաջ չեն ընկրկում, կասկածներ չեն ունենում, պարզապես համարձակ առաջ են շարժվում: Առյուծների բնավորության գիծն է մարդկանց ղեկավարելը, և այս համադրության մեջ էլ նրանք չեն դավաճանում իրենց սովորույթներին: Դրա հետ միասին, ազնիվ, սկզբունքային Շունը հմտորեն ուղղորդում է Առյուծի էներգիան ու դնում անհրաժեշտ հունի՝ արդարության համար պայքարի վրա: Համատեղելիության հորոսկոպում Առյուծ-Շունը վառ, ուժեղ անձնավորություն է, շրջապատին ոգեշնչում է իր օրինակով: Չի վախենում ուղիղ հայտնել իր կարծիքը, մարդկանց վստահ տանում է իր հետևից: Հաշիվ է տալիս սեփական գործողություններին, չնայած՝ սիրում է նաև երազել, տրվել երևակայությանը, բայց չի կորցնում իրատեսորեն մտածելու ունակությունը:

Բնութագիրը

Շրջապատողները հարգում ու նույնիսկ մի քիչ վախենում են Առյուծ-Շնից, քանի որ բոլորին է հայտնի՝ նա բարձր բարոյական սկզբունքների տեր անձնավորություն է: Արդարացի է, անշահախնդիր, ամուր իր սկզբունքների մեջ. միշտ ճշմարտության կողմից է: Ոչ մի բանի առաջ կանգ չի առնի, եթե խոսքը պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու մասին է: Սիրում է հովանավորել ավելի թույլ մարդկանց, ամեն ինչում օգնում է նրանց: Առյուծ-Շունը պաշտպան է, հուսալի ընկեր ու լավ խորհրդատու: Ճիշտ է, լիակատար հնազանդություն է պահանջում. ոչ միայն պարզապես հրահանգներ է տալիս, այլև իշխում ու իր կամքն է թելադրում: Մտերիմները պետք է հասկացողությամբ վերաբերվեն իշխելու նրա ցանկությանը. նա բարի մտադրություններով է առաջնորդվում, այլ ոչ թե դատարկ փառասիրությամբ: Այս մարդը բնածին լիդեր է, նա չի կարող իրեն այլ կերպ պահել:

Գործունյա Առյուծ-Շունը շատ է աշխատում: Նույնքան պահանջկոտ է նաև մյուսների հանդեպ. տանել չի կարողանում ծույլերին, անընդհատ քննադատում է նրանց: Հեշտությամբ է տարվում նոր գաղափարներով, իրեն ոչնչով չի սահմանափակում, կյանքից մեծ հաճույք է ստանում: Շուն-Առյուծը խորաթափանց ու կշռադատող մարդ է. շատ լավ զգում է մարդկանց, հասկանում է նրանց արարքների մոտիվները: Պետք չէ նույնիսկ փորձել մոլորության մեջ գցել նրան, լավ է միանգամից ազնվորեն հայտնեք ձեր մտադրությունների մասին: Նա արդարացի մարդ է, բարձր է գնահատում ազնվությունն ու անկեղծությունը; Առյուծ-Շունը ներշնչելու շնորհ ունի, ունակ է ազդել շրջապատողների վրա: Ձգտում է շուրջը բոլորին հաշտեցնել, կյանքն ավելի լավը դարձնել: Նա ոչ միայն ազնիվ մարդ է, այլև՝ իմաստուն ուսուցիչ:

Առյուծ-Շան ահեղ ու անմատույց տեսքը չպետք է ձեզ մոլորության մեջ գցի. նա բարի ու գթասիրտ մարդ է: Միշտ ուշադիր է մարդկանց հանդեպ, կարեկից է նրանց խնդիրներին: Չի կարող անտարբեր մնալ ուրիշների տառապանքներին, կաշխատի ամեն կերպ օգնել: Ոչ միայն երազում է աշխարհն ավելի լավն ու բարին դարձնելու մասին, այլև ակտիվ գործում է: Առյուծ-Շունը գործունյա, նախաձեռնող մարդ է, չի վախենում ամենածանր աշխատանքից, իսկ որ ամենակարևորն է՝ կարողանում է խնդիրների լուծման արդյունավետ եղանակներ գտնել: Բնությունը նրան բազմաթիվ տաղանդներով է օժտել՝ խելք, իմաստնություն, նպատակասլացություն, կշռադատելու ունակություն, վճռականություն: Հնարավոր է՝ հենց այդ պատճառով էլ պահանջկոտ է մյուսների հանդեպ. չի հասկանում նրանց թուլությունները: Սակայն բարի սիրտ ունի ու միշտ պատրաստ է փոխզիջման գնալ:

Սիրո մեջ

Առյուծ-Շունը վառ, խարիզմատիկ մարդ է, կարողանում է անհրաժեշտ տպավորություն թողնել: Շփման համար բաց է, իրեն ազատ է պահում, ամաչկոտություն ու հուզմունք չի դրսևորում: Ուշադիր է կողակցի հանդեպ ձգտում է ամեն կերպ բավարարել սիրելիին: Առյուծ-Շունը կյանքի ընկեր է փնտրում, այլ ոչ թե պարզապես ուրախ ժամանակ անցկացնում: Նրա հետ հանգիստ ու հուսալի է, նա լիակատար վստահություն է առաջացնում: Շուն-Առյուծը սիրո իդեալներին նվիրված մարդ է: Անձնական հարաբերություններում իրեն լուրջ, կշռադատող կողակցի նման է պահում:

Առյուծ-Շան հետ սիրային համատեղելիության գլխավոր գաղտնիքը լիակատար հնազանդությունն է: Նա հավասար հարաբերություններ չի ընդունում. միայն ինքն է բոլոր կարևոր որոշումներն ընդունում: Նրա բնավորության մեջ է իր շրջապատի մասին հոգ տանելն ու պաշտպանելը: Առաջին հերթին մտածում է ընտանիքի բարեկեցության մասին, բավական լոյալ ու մեղմ է մտերիմների հանդեպ: Քննադատությունից չի վիրավորվում, միշտ պատրաստ է ընդունել իր սխալները: Առյուծ-Շունը ողջ սրտով նվիրված է իր երկրորդ կեսին, այլ արկածներ չի փնտրում: Բայց ինքն էլ հակված չէ ներել դավաճանությունը. ամուսնական հավատարմության հարցերում սկզբունքային է:

Կարիերան

Առյուծ-Շունը շրջապատի համար իրեն պատասխանատու է զգում: Բնությունը նրան ուժով ու բարի սրտով է օժտել, նա պետք է պաշտպանի թույլերին: Պատրաստ է անշահախնդիր ծառայել մարդկանց. ձգտում է հասարակությանն օգուտ բերել: Սուր է արձագանքում անարդարությանը, անկեղծորեն կարեկցում է կարիքավորներին, ձգտում է դժվար պահին օգնել: Նշանների այս համադրությամբ մարդկանց հարմար են շփումների հետ կապված մասնագիտությունները. Առյուծ-Շները լավ հոգեբաններ ու տաղանդավոր մանկավարժներ են: Ոչ միայն իմաստուն ղեկավարում ու ուղղորդում են, այլև սովորեցնում են ավելի բարի ու համբերատար լինել:

Նպատակասլաց Առյուծ-Շունը հաշիվ է տալիս իր գործողություններին, սթափ է գնահատում կարիերայի աճի հեռանկարները: Այնքան խելամիտ ու պրակտիկ է, որ առանց գործողությունների հստակ պլան ունենալու գործը չի ստանձնի: Խոսքերը քամուն չի տալիս, այլ պարզապես շատ ու համառ աշխատում է: Ունակ է լավ ղեկավար դառնալ. ազնիվ է, սկզբունքային, իսկ որ ամենակարևորն է՝ ուշադիր է ենթակաների հանդեպ: Խարիզմատիկ Առյուծ-Շունը հեշտությամբ է շահում մարդկանց համակրանքը. նա հրաշալի հռետոր է: Հաճախ նշանների այս համադրությամբ մարդիկ հաջողակ քաղաքական գործիչներ են դառնում:

Առյուծ-Շուն տղամարդը

Նշանների այս համադրությամբ տղամարդիկ բոլոր Շների մեջ ամենաակտիվն են, դրա հետ միասին՝ բաց, ազնիվ մարդիկ են: Նշանների հաջող համադրությունը նրանց բազմաթիվ արժանիքներով է օժտել: Նրանք հուսալի, նվիրված ընկերներ են, պատրաստ են օգնության հասնել: Եթե Առյուծ-Շունը թելադրում է իր պայմանները, ապա միայն բարի մտադրություններից ելնելով: Միշտ խղճով է վարվում, նրա համար արդարությունից կարևոր բան չկա: Հակված չէ տրվել ֆանտազիաներին, իրատեսորեն է մտածում: Նրա համար գլխավոր արժքները ընտանիքն ու աշխատանքն են: Սիրային հարաբերություններում լիդեր է, ընդ որում՝ ուզածին հասնում է ոչ թե ագրեսիվ վարքով, այլ սիրով ու հոգատարությամբ: Ձգտում է մտերիմներին հեռու պահել սխալներից, ամեն կերպ վերահսկում է նրանց արարքներն ու գործողությունները: Ամեն ինչ կանի ընտանիքն անհրաժեշտ բաներով ապահովելու համար:

Առյուծ-Շուն կինը

Էներգիայով լի Առյուծ-Շունն ունակ է կյանքում շատ բանի հասնել, ուրիշի կարծիքը չի լսում, միշտ վստահ է սեփական ճշմարտացիության մեջ: Մտադիր է հաջող կարիերա անել, պատրաստ է դրա համար ամեն ինչ զոհել, այդ թվում՝ նաև անձնական կյանքը: Գործնական հարցերը լուծելիս ագրեսիվ է, ոչ մի դեպքում չի հրաժարվի մտածածից, նույնիսկ եթե պլաններն անիրագործելի են թվում: Չափազանց պահանջկոտ է տղամարդուն ենթարկվելու համար, այնպես որ՝ տանը դրսևորում է իր հպարտ, անկոտրում բնավորությունը: Առյուծ-Շան հետ ընդհանուր լեզու գտնել կարելի է, պետք է միայն ընդունել նրա գերազանցությունը: Նրա սիրտն անտարբեր չի մնա թանկարժեք նվերների, հաճոյախոսությունների հանդեպ: Բոլոր դեպքերում նա կին է ու իր թուլություններն ունի: Պարզապես հետևում է իր բնածին հակումներին, լսում է իր ներքին ձայնին:

ԱՌՅՈՒԾ-ԽՈԶ

Հպարտ Առյուծի ու առատաձեռն Խոզի միությունը իր ներկայացուցիչներին հզոր էներգիայով ու առաջատարի վառ արտահայտված հատկանիշներով է օժտում: Նշանների այս համադրությամբ մարդիկ գթասիրտ են, բարի: Համատեղելիության հորոսկոպում Առյուծ-Խոզը մեծ լավատես է: Ոչ միայն հոգևոր, այլ նաև նյութական առատաձեռնությամբ է առանձնանում: Գումարի հետ ազատ է վարվում, չի խնայում իր ու իր մտերիմների վրա: Ուրախ բնավորությամբ բարեհամբույր մարդու տպավորություն է թողնում, չնայած՝ երբեմն շատ է տարվում ինքն իրենով հիանալով: Սակայն Խոզի տարում ծնված Առյուծն ավելի քիչ եսասեր ու քմահաճ է, քան կրակի այս նշանի մյուս ներկայացուցիչները: Շրջապատողները նշում են նրա լավատեսությունը, բարությունը, առատաձեռնությունն ու նվիրվածությունը: Առյուծ-Խոզի վրա միշտ կարելի է հույս դնել:

Բնութագիրը

Այս անսովոր ու ազատասեր մարդը սովոր չէ սահմանափակումներ մտցնել իր ցանկությունների մեջ: Խոզ-Առյուծը շռայլող է, պաշտում է զվարճանքներն ու ճոխ իրերը: Նա նորաձևության գիտակ է. միշտ հրաշալի հագնված է: Նրա զգեստապահարանը անթերի գեղեցկության ու էլեգանտության մարմնացում է: Առյուծ-Խոզն իր վեհանձն վարքով ու արտաքին տեսքով հարգանք է առաջացնում: Չնայած նա ոչ միայն գեղեցիկ, խնամված մարդ է, այլ նաև՝ հրաշալի հումորի զգացում ունեցող հաճելի զրուցակից: Բարյացակամ է, սիրալիր ու շատ ուշադիր մարդկանց կարիքների հանդեպ: Էներգիայով ու լավատեսությամբ լի է, հավատում է իր հաջողությանը, և ճակատագիրը արդարացնում է նրա ակնկալիքները: Արքայավայել Առյուծ-Խոզը միշտ համընդհանուր ուշադրության կենտրոնում ու հաճոյախոսությունների հեղեղի տակ է: Մարդիկ սիրում են այս բաց, բարի մարդուն, համարձակ նրան են վստահում իրենց գաղտնիքները:

Էներգիայով լի Խոզ-Առյուծը չի վախենում արագ ու վճռական գործելուց: Ցանկացած իրավիճակում դրական է մտածում, հավատում է ամենալավին ու երջանիկ կերպով խուսափում է անհաջողություններից: Չնայած նա երբեմն պետք է նաև ուշադրություն դարձնի թվացյալ մանրուքներին: Նա շատ սխալներ է անում հասարակ բաների մակարդակին չիջնելու իր ցանկության պատճառով: Չափազանց ծածկամիտ ու ինքնավստահ է շրջապատի հետ իր մտքերով ու ապրումներով կիսվելու համար: Նախընտրում է իրեն վեհանձն հովանավորի նման պահել, այլ ոչ թե գծուծ, փոքրոգի մարդու: Բարեբախտաբար, նա բավականաչափ խելք ունի ամենաբարդ իրավիճակներից պատվով դուր գալու համար: Այս մարդը ծնվել է վառ ու երջանիկ կյանքի համար, այնպես որ՝ միշտ կգտնի խնդիրներն իր համար ամենաբարենպաստ ձևով լուծելու հնարավորությունը:

Ուրախ, ընկերասեր Խոզը Առյուծին ավելի բաց ու շփվող է դարձնում: Այս մարդը հայտնի է իր բարյացակամ լինելով. չի սիրում վիճել ու սկանդալներ անել, ձգտում է հաշտեցնել վիճող կողմերին: Նրան շատ մարդիկ են շրջապատում, նա ճանաչված հեղինակություն է, հասարակության սիրելին: Շփվող Խոզ-Առյուծը ծանր է տանում միայնությունը, չի սիրում լռությունն ու միայնությունը: Միշտ պատրաստ է արկածների, հետևում է այս սկզբունքին՝ շարժումը կյանք է: Չնայած՝ երբեմն նաև ծուլության նոպաներ է ունենում, սիրում է անգործության մատնվել: Երբեմն քմահաճ ու պահանջկոտ է դառնում, հարգանք ու երկրպագություն է սպասում: Սակայն ինքն էլ քիչ բարի ու առատաձեռն չէ մարդկանց հանդեպ: Առյուծ-Խոզը գթասիրտ մարդ է, սիրում է իր տանը հյուրեր ընդունել:

Սիրո մեջ

Ինքնասեր, հպարտ Առյուծները մեծ էգոիստներ են, բայց Խոզի ազդեցությամբ համարյա կորցնում են այդ որակը: Նրանք ավելի գթասիրտ, ջերմ ու մարդկանց հանդեպ համբերատար են դառնում: Առյուծ-Խոզերը դուր են գալիս հակառակ սեռին, չնայած՝ իրենց վրա ուշադրություն հրավիրելու համար ոչ մի հատուկ բան չեն անում: Սիրային հորոսկոպում Առյուծ-Խոզերը նվիրված մարդիկ են, ուշադիր կողակիցներ, նպատակաուղղված են երկարատև հարաբերությունների: Չեն շտապում սիրո խոստովանության հարցում, երկար ժամանակ թաքցնում են իրենց զգացմունքները, ուշադիր հետևում են կողակցին:

Սիրահարված Առյուծ-Խոզը ձգտում է միայնակ տիրել իր կրքերի օբյեկտին: Խանդոտ ու շատ պահանջկոտ է իր երկրորդ կեսի հանդեպ: Վատ չի զգում հիստերիաներ անել, հարցաքննություններ անցկացնել: Բայց նման կերպ է իրեն պահում ոչ թե վնասակար լինելու պատճառով, այլ սիրող սրտի թելադրանքով: Առյուծ-Խոզի երկրորդ կեսը պետք է նվիրված լինի իրեն ու երեխաներին, չնայած՝ ինքը դեմ չէ ժամանակը ընտանիքից հեռու ուրախ ընկերախմբերում անցկացնելուն: Դրա հետ մեկտեղ, նա առատաձեռն է, նվերների հարցում ժլատ չէ, ձգտում է իրագործել իր մտերիմների բոլոր քմահաճույքները:

Կարիերան

Խոզ-Առյուծը առողջ փառասիրությունից զուրկ չէ. երբեք չի հրաժարվի իր երազանքից: Կաշխատի հարցը խաղաղ եղանակով լուծել, բայց բոլոր դեպքերում կարիերայից չի հրաժարվի նույնիսկ մտերիմ մարդկանց համար: Առյուծ-Խոզը փայլուն կազմակերպչական ունակություններ ունի, նրան հարմար է կառավարման հետ կապված գործունեությունը: Բացի այդ, մեծ նշանակություն ունի ոչ միայն աշխատանքի հարգը, այլև աշխատավարձի չափը: Նա ունակ չէ փոքր գումարով բավարարվել. փողը նրան ինքնավստահություն է հաղորդում:

Էմոցիոնալ Խոզ-Առյուծները ձգտում ունեն արվեստի հանդեպ, պաշտում են ուշադրության կենտրոնում լինել: Առանց ամաչելու ելույթ են ունենում հասարակության առաջ, հումորով են վերաբերվում անհաջողություններին: Բավական սթափ են գնահատում իրենց ուժերը. չեն վախենում բոլորին դեմ գնալ: Հաճախ նպատակին տանող ամենաբարդ ուղին են ընտրում ու համարյա միշտ հաղթող են դուրս գալիս: Առյուծ-Խոզերը աշխատասեր ու պատասխանատու մարդիկ են, եթե միայն չտրվեն րոպեական գայթակղությանն ու մի կողմ չնետեն բոլոր գործերը: Երբեմն ծուլության նոպաները խանգարում են նրանց մասնագիտական աճին:

Առյուծ-Խոզ տղամարդը

Առյուծ-Խոզ տղամարդու համար անիրագործելի խնդիրներ չկան: Նա ամբիցիոզ, ինքնավստահ մարդ է: Համառ ու համարձակ հաղթահարում է խոչընդոտները, ընդ որում՝ բավականին թեթև, չի կորցնում հոգեկան կորովը: Առյուծ-Խոզ տղամարդը սոլիդ է, հաճելի շարժուձև ունի, շատ բարի ու գթասիրտ է: Աշխատում է բարձր սոցիալական դիրքի հասնել. լավ պաշտոնն ու աշխատավարձը շոյում են նրա ինքնասիրությունը: Բացի այդ, դա ևս մեկ հնարավորություն է շրջապատողներին օգնելու համար: Սիրային հարաբերություններում առատաձեռն երկրպագու է, մեծ հաճույքով երես է տալիս ընտրյալին: Այս տաքարյուն տղամարդը սահմաններ ու սահմանափակումներ չի ընդունում, նրա կինը պետք է ամբողջությամբ պատկանի իրեն, խանդոտ է ու կասկածամիտ:

Առյուծ-Խոզ կինը

Նշանների այս համադրությամբ կանայք կարողանում են տղամարդկանց դուր գալ, ընդ որում՝ դրա համար ոչ մի ջանք չեն գործադրում: Առյուծ-Խոզերին առանձնացնում է ոչ միայն գրավիչ արտաքինը, այլև հարուստ ներքին բովանդակությունը: Նրանք ակտիվ կանայք են, բիզնես-լեդիներ, մտադիր են հաջող կարիերա անել: Նրանց դուր է գալիս սեփական նշանակալիությունը զգալը, հաճոյախոսություններ լսելը: Առյուծ-Խոզը իշխող կին է, այնպես որ՝ տղամարդու համար իր հետաքրքրությունները չի զոհի: Երկրպագուների հանդեպ բարի վերաբերմունքը դեռ չի նշանակում, որ նա պատրաստ է զիջումների գնալ: Նրա համար կարևոր է մասնագիտության մեջ կայանալը, բացի այդ, լավ աշխատավարձը բարեկեցիկ կյանք կապահովի նրա համար: Եթե տղամարդն ունակ չէ նրան ամեն անհրաժեշտ բանով ապահովել, ուրեմն նա ինքը կլուծի բոլոր հարցերը:


Տարվա և ամսվա համադրությունը. ԱՌՅՈՒԾ (Մաս 1-ին)

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 2598 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: առյուծ | Վարկանիշ: 5.0/8