ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ժողովրդական բժշկություն. Բնական միջոցներ անքնության դեմ
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 547 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Այսօր շատերն են անքնությամբ տառապում, իսկ քնի պակասն ազդում է առողջության վրա։ Վատ քնի առավել տարածված պատճառները սրթեսը, դեպրեսիան և անհանգստությունն են։ Կա տեսակետ, որ անքնությունը կարող է նաև բարձր ճնշման դեմ պայքարող, ինչպես նաև՝ ցավազրկող դեղորայքի հետևանք լինել․ քնաբեր միջոցները ևս կարող են օգնել ոչ բոլոր դեպքերում, քանի որ դրանք պարբերական արդյունք չեն ունենում։ Որոշ դեպքերում դրանք կարող են բացասական ազդեցություն ունենալ։ Քնաբեր միջոցների գլխավոր թերությունը դեղակայունություն առաջացնելն է։ Բացի այդ՝ դրանք կարող են կողմնակի աղդեցություն ունենալ, ինչպես գլխապտույտը, թուլությունը, որովայնի հատվածում ցավերը, փորկապությունը, հիշողության վատացումը։ Իսկ քնի պակասը մեծացնում է տարբեր խնդրների առաջացման հավանականությունը, ինչպիսիք են ավելորդ քաշը, դիաբետը և այլն։

Ցանկացած դեպքում, անկախ անքնության պատճառից, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այդ խնդրից ազատվելու համար։ Լիարժեք քունը թե ֆիզիկական, թե հոգեկան առողջության կարևորագույն բաղադրիչներից է։ Այն հնարավորություն է տալիս էներգիա կուտակել և մեծ նշանակություն ունի օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։ Ահա՝ ինչու է հարկավոր քայլեր ձեռնարկել անքնության դեմ։

Սննդամթերքի մի խումբ կարող է բավական արդյունավետ լինել անքնության դեմ պայքարում։ Դրանց պարբերական օգտագործումը թուլացնում է մկանների լարվածությունը և նպաստում քնի որակի լավացմանը։ Ներկայացնում ենք արդյունավետ բնական միջոցներ քունը կարգավորելու և անքնությունից ազատվելու համար։

Տաք կաթ։ Մեկ բաժակ տաք կաթն անքնության դեմ պայքարում լավագույն բնական միջոցներից է։ Կաթն օրգանիզմն ապահովում է հանգստացնող և քունը խթանող նյութերով։ Կաթը մեծ քանակով տրիպտոֆան է պարունակում՝ անփոխարինելի հակաօքսիդանտ, որը հարկավոր է մելատոնինի և սերոտոնինի արտադրության համար՝ երկու կարևոր նյութեր՝ քնի կայուն ցիկլի համար։

Ընդեղեն։ Ընդեղենը մեծ քանակով կալորիաներ և առողջ ճարպեր է պարունակում, ինչպես նաև մելատոնին՝ նյութ, որն օգնում է քնել։ Մի բուռ նուշը կամ ընկույզը կարող են օգնել իջեցնել սթրեսի մակարդակը, հագեցնել քաղցը։ Միայն թե հաշվի առեք, որ ընդեղենը չպետք է աղի կամ քաղցր լինի։

Խաշած ձու։ Անքնության պատճառներից մեկը սովն է, որը կարող է ստիպել արթնանալ գիշերային ժամերին և շտապել սառնարանի մոտ։ Սպիտակուցներով հարուստ սնունդը, օրինակ՝ ձուն, օգնում է առավել երկար հագեցածության զգացում ունենալ և գիշերը սովից չարթնանալ։ Ընթրիքին սննդակարգ ներառեք ձու, բանջարեղեն, հեշտ յուրացվող մթերք։

Մեղր։ Բնական մեղրը խորհուրդ է տրվում քնի որակի լավացման համար։ Մեղրն օրգանական շաքար է պարունակում, որն ուղեղին օրեքսինի արտադրությունը նվազեցնելու ազդանշան է ուղարկում՝ նյութ, որը սթափության զգացում է հաղորդում։ Բացի այդ՝ մեղրը քնաբեր հատկություններ ունի, այն օգնում է նվազեցնել ուղեղի ակտիվությունը և որակյալ քուն ապահովել։

Բնական յոգուրտ։ Բնական յոգուրտը տրիպտոֆան է պարունակում, հակաօքսիդանտներ, որոնք հարկավոր են որակյալ քնի համար։ Այն նաև կալցիում և կալիում է պարունակում՝ հանքանյութեր, որոնք օգնում են ազատվել մկանների լարվածությունից ու սթրեսից։ Ի տարբերություն սովորական յոգուրտների՝ բնական յոգուրտն ավելի քիչ լակտոզա, շաքար և ավելի շատ որակյալ սպիտակուցներ է պարունակում։

Դառը շոկոլադ։ Դառը շոկոլադի՝ չափավոր քանակով օգտագործումն օգտակար է առողջության համար, քանի որ նպաստում է ֆիզիկական և հոգեկան առողջությանը։ Այս մթերքը հակաօքսիդանտներ և ակտիվ միացություններ է պարունակում, որոնք օրգանիզմը պաշտպանում են վաղաժամ ծերացումից և մի խումբ հիվանդություններից։ Շոկոլադը խթանում է սերոտոնինի արտադրությունը՝ հորմոն, որը հանգստացնում է մարմինն ու ուղեղը։

Բանան։ Բանանը բարձրորակ և սննդարար մթերք է, որի բաղադրության մեջ մեծ քանակով տրիպտոֆան և հանքանյութեր են մտնում։ Բանանի օգտագործումը խթանում է մելատոնինի և սերոտոնինի արտադրությունը, հանգստացնում մկաններն ու նյարդային համակարգը։

Բանանի թեյ: Թեյը պատրաստելու համար անհրաժեշտ է ընդամենը 10 րոպե։ Այն պետք է խմել քնելուց առաջ։

Բաղադրիչներ.

  • 1 բանան,
  • 1 բաժակ ջուր,
  • դարչին:

Պատրաստման եղանակը

  • Մաքրեք բանանը և լցրեք եռացող ջրի մեջ։ Ջրի մեջ լցրեք նաև բանանի կեղևը։ Կրակին թողեք 10 րոպե, սառեցրեք այն։ Ավելացրեք դարչինը և խմեք քնելուց առաջ։

Հավի միս։ Սա ևս տրիպտոֆանի աղբյուր է, որն անքնության դեմ պայքարի հիմնական միջոցն է։

Կատվախոտ: Կատվախոտն ամենատարածված ու արդյունավետ հանգստացնող միջոցներից է, որը մարդիկ կիրառում են դարեր շարունակ։ Եթե նախորդ մեթոդն անարդյունավետ է լինում, ապա կարելի է փորձել կարգավորել քունը կատվախոտի արմատի միջոցով։ Գոյություն ունեն մի շարք հետազոտություններ, որոնք ապացուցել են կատվախոտի արդյունավետությունն անքնության դեմ պայքարում։ Սակայն հարկ է հիշել, որ այս միջոցի կիրառումից առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ։

Նարդոս: Դեռևս 2016 թվականին հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ քնելուց առաջ նարդոսի բույրով սպեղանու գործածության դեպքում ուսանողների գիշերային հանգստի որակն ու օրվա ընթացքում էներգիայի մակարդակը շատ ավելի բարձր են լինում, ինչից կարելի է ենթադրել, որ նարդոսն օժտված է հանգստացնող ու քունը կարգավորող հատկություններով։

Երիցուկով թեյ: Երիցուկի թեյը հայտնի է որպես բնական քնաբեր միջոց, ուստի դարեր շարունակ կիրառվել է քնի խանգարումների բուժման համար։ Այս բույսի բուժիչ հատկություններն ապացուցվել են նաև տարատեսակ հետազոտությունների արդյունքում, ուստի քնելուց առաջ մի բաժակ երիցուկով թեյ խմելը կարող է հիանալի միջոց լինել անքնության դեմ պայքարում։

Մեդիտացիաներ: Գիտական հետազոտությունները բազմիցս ապացուցել են, որ մեդիտացիաներն օգնում են թուլացնել օրգանիզմն ու հեշտությամբ քուն մտնել։ Առավել լավ արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում քնելուց 30-60 րոպե առաջ անջատել էլեկտրոնային սարքերն ու կենտրոնանալ որևէ հանգիստ երաժշտության կամ սեփական խորը շնչառության ձայնի վրա։

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 547 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: առողջական, Ժողովրդական բժշկություն | Վարկանիշ: 0.0/0