Ժողովրդական բժշկություն. Ինչպես բուժել հազը տնային պայմաններում
Ցրտերն ընկնելուն պես շատերն են բախվում մրսածության և հազի խնդրին։ Թե ինչ միջոցներով կարելի է տնային պայմաններում պայքարել հազի դեմ, կարդացեք այս հոդվածում։
Հազը առողջական ամենատարածված խնդիրներից մեկն է։ Հազն առաջանում է ի պատասխան շնչուղիների (ըմպան, կոկորդ, շնչափող, բրոնխներ) լորձաթաղանթի գրգռման, փակման։ Այն ուղեղի կողմից ընկալվում է որպես օտար տարր և հազի միջոցով մարմինը փորձում է այդ օտար տարրը հեռացնել օրգանիզմից։ Հազը կարող է լինել նաև վիրուսային վարակի, գրիպի, մրսածության, ծխելու հետևանքով։
Հազի ախտանիշներից են կոկորդի, կրծքավանդակի ցավը։ Մինչ դեղահաբերին անցնելը, փորձեք բնական միջոցներ, որոնք օգնում են ազատվել հազից։
Հազը լինում է չոր և խոնավ։ Բուժումը սկսելուց առաջ հարկավոր է հստակ հասկանալ բնույթը։
Խոնավ հազն ուղեկցվում է խորխի արտազատումով։ Չոր հազն ավելի կտրուկ է, առանց խորխի։ Այն ի հայտ է գալիս նոպայի ձևով, անսպասելի և կարող է մի քանի րոպե տևել։
Չոր հազի դեպքում կարևոր է խթանել խորխարտադրությունը և խոնավացնել լորձաթաղանթը։ Այդ նպատակով կարելի է հանքային ջրով կամ ֆիզիոլոգիական լուծույթով ինհալացիա անել։ Իսկ խոնավ հազի դեպքում պետք է խթանել խորխի դուրսբերումը։ Օգնում են ինհալացիան, մերսումը, տաքացնող քսուքները։ Չպետք է մոռանալ նաև սենյակային ջերմաստիճանի ու օդի խոնավության մասին։
Ընդհանուր խորհուրդներ հազը տնային պայմաններում բուժելու համար
Ավելի շատ տաք հեղուկ խմեք։ Այն նվազեցնում է լորձաթաղանթների գրգռվածությունը, փափկացնում դրանք, բացի այդ, հարկավոր է լորձի հեղուկացման համար, որպեսզի այն ավելի հեշտ դուրս գա հազալու ընթացքում։ Ոչ թթու ըմպելիքներ են հարկավոր՝ սովորական ջուր, չրերից պատրաստված կոմպոտ, խոտաբույսերով թեյեր։
Խոնավացրեք օդը։ Դրա համար կարելի է հատուկ սարք օգտագործել կամ օգտվել ժողովրդական մեթոդներից՝ խոնավ սրբիչ գցել տաքացուցիչի վրա (խոսքը միայն ռադիատորային ջեռուցիչների մասին է)։
Երբ պառկած եք, գլուխը պետք է կրծքավանդակից բարձր լինի։ Դա հեշտացնում է խորխի դուրսբերումը։
Կարող եք քթի լվացում անել ծովաջրի լուծույթով։ Լվացումները դուրս են բերում լորձը, հակառակ դեպքում այն հոսում է ներքև՝ դեպի կոկորդ, և ուժեղացնում հազը։
Տնային պայմաններում հազից արագ ազատվելու հարցում օգնում է նաև կրծքավանդակը տաքացնող քսուքներով շփելը (բժշկի հետ պարտադիր խորհրդակցելուց հետո)։ Շփումները բարելավում են թոքերի, բրոնխների արյան շրջանառությունը, ինչի շնորհիվ ակտիվանում է նյութափոխանակություն, արագանում է լորձի դուրսբերումը։ Սակայն 37,5°С-ից բարձր ջերմության դեպքում տաքացնող շփումները հակացուցված են։
Ժողովրդական միջոցներ
1. Բողկը մանր խորանարդիկներով կտրատեք, լցրեք հրակայուն կաթսայի մեջ ու վրան շաքարավազ արեք: Եփեք ջեռոցում 2 ժամ: Ստացված զանգվածը տրորեք, քամեք, հյութը լցրեք ապակյա տարայի մեջ: Ընդունեք 1 թեյի գդալ, օրական 3-4 անգամ ուտելուց առաջ, և գիշերը` քնելուց առաջ:
- Սև բողկի միջուկը փորեք, գոյացած փոսիկի մեջ մի փոքր մեղր լցրեք: Մի քանի ժամ անց բողկից հյութ դուրս կտա: Այն խմեք օրական 3 անգամ, 2-ական ճաշի գդալ: 4-14 տարեկան երեխաները` 1 ճաշի գդալ:
- Հազի դեմ գիշերը` քնելուց առաջ, կարող եք խմել նաև նախապես 1 ճաշի գդալ մեղրը մեջը լուծած 200 մլ տաք կաթ:
2. Եփած և ջեռոցում պատրաստած տանձերը շնչահեղձության ու ուժեղ հազի դեմ արդյունավետ մեթոդներ են: Չորացրած տանձի եփուկը հագեցնում է ծարավը բարձր ջերմության դեպքում:
- 1 բաժակ մանրացրած չոր տանձի վրա լցրեք 500 մլ ջուր, եփեք 20 րոպե: Թրմեք` փաթաթելով տաք շորով, 4 ժամ: Քամեք: Խմեք օրական 4 անգամ, 100-ական մլ, ուտելուց 30 րոպե առաջ:
3. Խորխի արտազատումը հեշտացնելու համար հապալասի (Брусника) հյութը խմեք մեղրով, կամ հապալասի օշարակ՝ 1-ական ճաշի գդալ օրվա ընթացքում: Միաժամանակ՝ թեյի փոխարեն խմեք ելակի տերևներից կամ չոր ելակից պատրաստված եփուկ:
4. Չոր հազի դեպքում կատարեք ինհալացիաներ: Մանրացրեք ու խառնեք 1-ական ճաշի գդալ էվկալիպտի, կալենդուլայի ծաղիկներ, մատուտակի (Соло́дка) արմատ ու վրան 200 մլ եռման ջուր լցրեք: 5-10 րոպե թրմեք, ապա շնչեք գոլորշին:
Փոքր երեխաներին ինհալացիա չի կարելի անել, դրանք խորհուրդ չեն տրվում նաև բարձր ջերմաստիճանի դեպքում:
5. Հնացած հազը բուժելու համար օգտագործեք թրջոցներ:
- Խառնեք 1 ճաշի գդալ ալյուրը, 1 ճաշի գդալ չոր մանանեխը, 1 ճաշի գդալ արևածաղկի ձեթը, 1 ճաշի գդալ մեղրն ու 1 ճաշի գդալ օղին:
- Խառնուրդը տաքացրեք գոլորշու վրա` անընդհատ խառնելով: Ստացված խմորանման զանգվածը քսեք թանզիֆի վրա ու դրեք կրծքին: Վրայից ծածկեք պոլիէթիլենով, ապա տաք շարֆով: Թողեք մնա մինչև թրջոցի սառչելը:
- 6. Մանրացրեք 2 հասած բանանը, վրան 200 մլ տաք ջուր լցրեք, եռացրեք 10 րոպե:
- Քամեք, ավելացրեք մեղր: Խմեք տաք վիճակում:
7. 100 գրամ բողկի կամ գազարի թարմ քամած հյութը խառնեք 100 մլ կաթի կամ մեղրաջրի հետ:
- Խմեք օրական 6 անգամ, 1-ական ճաշի գդալ:
8. Խառնեք 1-ական ճաշի գդալ քացախ, ձիթապտղի յուղ ու կամֆորա:
- Բրդյա կտորը թրջեք այդ խառնուրդով ու դրեք կրծքին:
9. Խուրմայի 9 պտուղների վրա լցրեք 500 մլ ջուր ու եփեք 30 րոպե:
- Քամեք: Չոր հազի ժամանակ տաք վիճակում խմեք: Կարել է նաև 6-7 խուրման եփել 200 մլ կաթի մեջ: Դա ևս շատ օգտակար է:
10. 30 գրամ չամիչը 45 րոպե թրմեք եռացրած-սառեցրած ջրում: Լցրեք փլավքամիչի մեջ: Չամիչը կերեք քնելուց առաջ` վրայից տաք կաթ խմելով: Այս միջոցն օգնում է նույնիսկ շատ ուժեղ հազի դեպքում:
11. Մանկական հազից ազատվել կօգնի այսպիսի խառնուրդը:
- Մանր քերիչով անցկացրեք 1-ական խնձոր, սոխ ու գազար՝ մոտավորապես նույն քաշն ունեցող: Ավելացրեք 2 ճաշի գդալ մեղր, լավ խառնեք: Տվեք երեխաներին տաք վիճակում, 1 թեյի գդալ, օրական 4-5 անգամ:
12. Ալոե և մեղր
- Ալոեի հաստ տերև կտրել, հյութը քամել։ Խառնել մեղրի հետ 1։1 հարաբերակցությամբ։ Խմել մեկական թեյի գդալ օրական երեք անգամ։ Այս միջոցը դյուրացնում է թոքերից խորխի դուրսբերումը։
13. Լիմոնը հազի բուժման մեջ կարելի է օգտագործել տարբեր ձևերով։ Լիմոնը նվազեցնում է բորբոքումը, ապահովում է օրգանիզմին անհրաժեշտ վիտամին C-ն՝ վարակի դեմ պայքարի համար։
- Հազի համար լիմոնով օշարակ պատրաստելու համար անհրաժեշտ է 2 ճաշի գդալ լիմոնի հյութը խառնել 1 ճաշի գդալ մեղրի հետ և տաքացնել։ Խմել այս առողջարար օշարակը օրը մի քանի անգամ։
14. Սխտորն ունի ինչպես հակաբակտերիալ, այնպես էլ հակամանրէային բաղադրիչներ, որոնք օգնում են բուժել կոկորդը։
- Մեկ բաժակ ջրի մեջ եռացրեք 2-3 պճեղ սխտոր և ավելացրեք 1 թեյի գդալ մանրացված դաղձ։ Թողեք այն սառի սենյակային ջերմաստիճանում, ապա ավելացրեք մի փոքր մեղր և խմեք։ Այս բնական միջոցը կօգնի շնչառությանը և կմեղմի հազը։
15. Հազի համար տնային ամենապարզագույն միջոցը սոխն է։
- Եռացող ջրի մեջ լցրեք մանրացված սոխ և շնչեք գոլորշին։
- Կարելի է նաև պատրաստել հազի օշարակ՝ եփված սոխի հյութից, քարխոտի թեյից և մեղրից։ Խմել այս օշարակը ամեն օր, որը բուժում է չոր հազը։
- Մեկ այլ տարբերակ է, 1,5 թեյի գդալ սոխի հյութը խառնել 1 թեյի գդալ մեղրի հետ և խմել օրը 2 անգամ։
16. Մեղրով տաք կաթը կարող է թեթևացնել չոր հազը, նվազեցնել կրծքավանդակի ցավը։ Լավագույն արդյունքի համար խմեք մեղրով կաթը քնելուց առաջ, որը գիշերվա ընթացքում կմաքրի կոկորդը։
17. Հազի դեմ հիանալի միջոց է բռինչով (Калина) ու մեղրով թեյը:
- Մանրացրեք ու խառնեք 1 ճաշի գդալ հաղարջի չոր տերևները, 1 ճաշի գդալ թխկու ծաղիկները, վրան 200 մլ եռացրած ջուր լցրեք: Թրմեք 30 րոպե: Խմեք տաք վիճակում, որպես թեյ, օրական 3-4 անգամ:
18. Խառնեք 300 գրամ կարագը, 300 գրամ մեղրը, 200 գրամ շաքարն ու 100 գրամ կակաոյի բնական յուղը կամ փոշին:
- Տաքացրեք ջրային գոլորշու վրա` խառնելով, բայց մի հասցրեք եռման աստիճանի: Երբ զանգվածը միատարր դառնա, վերցրեք կրակից: 1 ճաշի գդալ այս խառնուրդից բացեք 200 մլ տաք կաթի մեջ: Խմեք տաք վիճակում օրական 3-4 անգամ և պարտադիր` գիշերը:
19. Հազը թեթևացնել ու խորխի դուրսբերումը հեշտացնել կօգնի այս բաղադրատոմսը:
- Խառնեք 2 ճաշի գդալ մեղրն ու 2 ճաշի գդալ սպիրտը կամ օղին, ավելացրեք 1 հում ձվի դեղնուց: Խառնուրդն ընդունեք օրական 3 անգամ, ուտելուց առաջ՝ 1-ական թեյի գդալ:
20. 10 հատ սոխը կտրատեք խորանարդներով, մանրացրեք մեկ գլուխ սխտոր: Վրան լցրեք 500 մլ կաթ, եփեք մինչև փափկելը: Խառնուրդի մեջ անանուխ ավելացրեք ու թխկու մեղր: Թրմեք մեկ ժամ, քամեք: Խմեք 1-ական ճաշի գդալ, օրական մի քանի անգամ:
21. Հազի դեմ կոնֆետներ՝ մեղրով ու կոճապղպեղով:
- 250 գրամ մեղրը և մեկ թեյի գդալ կոճապղպեղի քերած արմատը դրեք չկպչող տակով կաթսայի մեջ ու եփեք մինչև պնդանալը: Պատրաստի խառնուրդը թողեք` սառչի: Բաժանեք 15 կոնֆետների: Օրական կերեք 2-3-ը: 3-5 օր անց հազը կանցնի:
Ինքնաբուժությունը հարկավոր է դադարեցնել հետևյալ դեպքերում․ եթե հազը ձգվում է 15 օրից ավելի, եթե հազալիս արյուն է արտազատվում, եթե ցավեր կան կրծքավանդակի հատվածում, եթե շնչառությունը դժվարացած է, ծանրություն և խռխռոցներ կան, ինչպես նաև բարձր ջերմության դեպքում։