ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ամենաաղտոտված քաղաքները․ Ահվազ, Իրան
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 1722 | 22:00 Ավելացրեց: Moder-003

Իրանական Ահվազ քաղաքը, որը Խուզեստան վարչական կենտրոնի մայրաքաղաքն է, արդեն երկար տարիներ համարվում է մոլորակի ամենակեղտոտ քաղաքներից մեկը։ Խոշոր արդյունաբերական քաղաքը, որի բնակչությունը մեկ միլիոնից ավելին է, բառիս բուն իմաստով խեղդվում է խիտ ծխից։ 2013 թվականին Ահվազը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կազմած ցանկի առաջատարն էր օդի աղտոտվածության մակարդակով։ Օդի աղտոտվածության ինդեքսը հասել էր 372 միավորի։ Նշենք, որ ԱՀԿ-ի ծայրահեղ վտանգավոր ինդեքսի ցուցիչը 300 միավորն է։

Քաղաքի անբարենպաստ էկոլոգիական պայմանների պատճառը խոշոր նավթարդյունահանող ու պողպատաձուլական արտադրամասերն են։ Ահվազը երկրում նավթ արդյունահանող առաջատարներից մեկն է։ Իսկ քաղաքի «արտադրական հարստության» համար պատասխան են տալիս սովորական մարդիկ։ Փողոցներում զբոսնելիս շնչադիմակ հագած բազմաթիվ մարդկանց կհանդիպեք։ Առանց դրանց փողոցում հայտնվելը խիստ վտանգավոր ու տհաճ է։ Դժվար է անգամ պատկերացնել, որ դեռ 100 տարի առաջ խիտ ծխով լցված անդեմ արտադրական քաղաքը շքեղ ճարտարապետությամբ ու ճոխ բուսականությամբ ծաղկող առևտրային կենտրոն էր։

Փողոցներում, որտեղ այսօր արտադրամասերի անճոռնի շինություններ են, ժամանակին խոշոր պահեստներ են եղել, որտեղ պահել են Արևմտյան Ասիայի ամենաքաղցր շաքարը։ Էկոլոգիական անբարենպաստ պայմանները էլ ավելի անտանելի է դարձնում խեղդող շոգը՝ մայիսից սեպտեմբեր ընկած հատվածում օդի ցերեկային ջերմաստիճանը 40 աստիճան ցելիսուսից բարձր է։ Անձրևների բացակայությունը, տապն ու օդի մեջ փոշու հատիկների մեծ կուտակումը իսկական փորձություն են տեղացիների համար։

Ամենաաղտոտված քաղաքները․ Ահվազ, Իրան
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 1722 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: ամենաաղտոտված քաղաքներ | Վարկանիշ: 5.0/6