Ամենաաղտոտված քաղաքները․ Հազարիբաղ, Բանգլադեշ
| |
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 2009 | 22:00 | |
Հազարիբաղը կաշվի արդյունաբերության խոշոր կենտրոնի կարգավիճակ է ստացել դեռ մի քանի հարյուր տարի առաջ։ Վերջին տարիներին արտադրության ծավալները լուրջ աճ են գրանցել, իսկ ահա կաշի մշակելու մեթոդները մի քանի գործարանում նույնն են, ինչ հարյուր տարի առաջ։ Բանգլադեշում մոտ 300 կաշվի գործարան կա, որոնց 90 տոկոսը գտնվում է Հազարիբաղում։ Տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են որոշ գործարաններում, ոչ միայն հնացած են, այլ նաև՝ շրջակա միջավայրի համար խիստ վտանգավոր։ Ամեն օր Բուրիգանգա գետ են լցվում ավելի քան 20 հազար լիտր թունավոր թափոններ, որոնք իրենց մեջ մեծ քանակությամբ քրոմ են պարունակում։ Թունավոր նյութերի հսկա արտանետում է տեղի ունենում նաև դեպի մթնոլորտ, երբ գործարանները սկսում են այրել ռեակտիվ նյութերով հագեցած թափոնները։ Ղազարիբաղում էկոլոգիական իրավիճակը հասել է սահմանային կետի։ Այստեղ աղտոտված է փաստացի ամեն ինչ՝ ջուրը, օդը, բուսական ու կենդանական աշխարհը։ Կենդանիների ու թռչունների միսը, որը տեղացիներն օգտագործում են սննդի մեջ, մասնագետները շատ վտանգավոր են համարում։ Մթնոլորտում քրոմի մեծ քանակությունն անխուսափելիորեն հանգեցնում է շնչառական համակարգի քրոնիկ հիվանդությունների զարգացման և հազար անգամ մեծացնում է չարորակ ուռուցքների առաջացման հավանականությունը։ Ներկայումս գործարաններում մոտ 15 հազար մարդ է աշխատում, որոնց թվում շատ են կանայք ու երեխաները։ Երեխաներին աշխատանքի են ընդունում 11 տարեկանից սկսած։ Հումքի մշակման համար տեղի գործարանները շարունակում են քրոմի վեցվալենտ լուծույթ օգտագործել։ Հենց դրա համատարած օգտագործումն էլ կործանել է խոշոր արտադրական քաղաքի էկոլոգիան։ |
|