ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

ՊԱՍՈՒՑ ՏՈԼՄԱ
Բաժին: Խոհանոց | Դիտումներ: 256 | 10:00 Ավելացրեց: armenlur

ՊԱՍՈՒՑ ՏՈԼՄԱ՝ ՁԱՎԱՐԵՂԵՆՈՎ

  • Պասուց տոլմայի համար օգտագործվող բոլոր մթերքները պետք է վերցնել հավասար չափով, բացի ձավարից, որը պետք է շատ լինի, ասենք, 0,5 լիտրանոց բանկայով կամ ուրիշ ամանով չափել: Առաջարկվող չափը վերը նշված ապակյա տարան է:
  • Լոբին, ոսպը, ձավարը, հաճարը լվանալ, բացի լոբուց և սիսեռից մնացածը լցնել խոր ու մեծ էմալապատ թասի մեջ, հետո ավելացնել թեթևակի խաշած լոբի, կեղևից մաքրած սիսեռը (որի համար այն պետք է թեթևակի խաշել), աղ, կարմիր պղպեղ, չորացրած խառը կանաչի: 600-700 գրամ սոխը 0,5-1 լ շիշ ձեթով տապակել, ավելացնել 2-3 ճաշի գդալ տոմատի մածուկ, լցնել ձավարեղենի վրա ու լավ խառնել:
  • Թթու դրած կաղամբի լայն թփերը նախապես մի քանի ժամ թողնել գոլ ջրի մեջ, հետո լավ լվանալ ու դրանցով տոլման փաթաթել:
  • Կաթսայի հատակին պետք է մի քանի շերտ կաղամբ փռել, որպեսզի եփվելուց տոլման չայրվի:
  • Փաթաթելիս պետք է հիշել, որ ամեն անգամ լցոնը կաղամբի մեջ դնելիս անհրաժեշտ է խառնել, որպեսզի ձեթը չնստի թասի հատակին, հավասարապես ներծծվի տոլմայի մեջ, այլապես այն չոր կստացվի:
  • Եթե ձեթը քիչ լինի, անհրաժեշտ է մի քիչ էլ ավելացնել:
  • Փաթաթելուց հետո ափսեով ծածկել, վրան լցնել տաք ջուր, մինչև ծածկվի ամբողջ պարունակությունը և առանց կափարիչը ծածկելու դնել ուժեղ կրակի վրա: Երբ սկսի եռալ, կրակը թուլացնել, կափարիչով ծածկել՝ մի փոքր ճեղք թողնելով: Եփել մինչև պատրաստ լինելը:
  • Ընթացքում եթե ջուրը պակասի, անմիջապես ավելացնել տաք ջուր:
  • Թույլ կրակով եփված տոլմայի տակը երբեք չի այրվում: 

Մատուցել սառը վիճակում: 

Նման ձևով պատրաստած պասուց տոլման կարելի է պահել 7-10 օր:

ՊԱՍՈՒՑ ՏՈԼՄԱ՝ ԲՐԻՆՁՈՎ ԵՎ ՈՍՊՈՎ

  • Ոսպը թեթևակի խաշել, խառնել բրնձին, ավելացնել 3-4 գլուխ սոխով ու բուսական յուղով պատրաստած սոխառած, չորացած կամ թարմ խառը կանաչի, կարմիր պղպեղ, աղ, լավ խառնել և խաղողի տերևով փաթաթել, վրան ափսե դնել, ավելացնել 1:2,5 հարաբերությամբ տաք ջուր և մեղմ կրակով եփել, մինչև ջրի քաշվելը: 

Մատուցել սառը վիճակում:

ՊԱՍՈՒՑ ՏՈԼՄԱ՝ ՄԻԱՅՆ ԲՐԻՆՁՈՎ

  • 3 բաժակ բրինձը լվանալ, 1 բաժակ բուսական յուղով բովել, ավելացնել 3 բաժակ ջուր, աղ ու եփել մինչև ջուրն ամբողջովին ներծծվի: Բրինձը չպետք է լրիվ եփվի:
  • Կիսաեփ բրինձը լցնել էմալապատ թասի մեջ: 1 բաժակ բուսական յուղով 3-4 մեծ գլուխ սոխ տապակել, ավելացնել 1 ճաշի գդալ տոմատի մածուկ, լավ խառնել, լցնել բրնձի վրա, ավելացնել սև ու կարմիր պղպեղ, խառը կանաչի (կարելի է և° թարմ, և° չորացրած), լավ խառնել և նախապես խաշած խաղողի տերևներով փաթաթել, վրան ափսե դնել, լցնել 3 բաժակ տաք ջուր, կափարիչով փակել ու եփել մինչև ամբողջ ջուրը ներծծվի: Կրակից վերցնել, սրբիչով կաթսան ծածկել ու թողնել սառչի: 

Մատուցել որպես սառը նախուտեստ: 

Բրինձն ու ջուրը պետք է 1:2 հարաբերությամբ վերցնել (1 բաժակ բրինձ, 2 բաժակ ջուր):

Բաղադրատոմսը՝ Ամալյա Բաղդասարյանի

ՊԱՍՈՒՑ ՏՈԼՄԱ
Բաժին: Խոհանոց | Դիտումներ: 256 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: խոհանոց, բաղադրատոմսեր, պասուց տոլմա, ուտեստներ, Ամալյա Բաղդասարյան, հայկական խոհանոց | Վարկանիշ: 0.0/0