ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2021 թվականի կանխատեսումները աստղակերպի բոլոր նշանների համար
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 20441 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Տարվա սկզբին առավել ուշադիր է պետք լսել ինտուիցիայի հուշումները: Այդ հատվածում շատ նոր բաներ կիմանաք ձեր և ուրիշների մասին, գլուխ կհանեք նրանից, ինչի մասին նախկինում միայն մոտավոր պատկերացում ունեիք: Հունվարն ու փետրվարը հարմար են ինքներդ ձեզ վրա աշխատելու, հոգեբանական խնդիրները լուծելու, թուլություններն ու կոմպլեքսները հաղթահարելու արդյունավետ եղանակ փնտրելու համար:

Գարունը բարենպաստ կլինի ֆինանսական և մասնագիտական տեսանկյուններից: Հետաքրքիր աշխատանք գտնելու, նախասիրությունը եկամուտների աղբյուր դարձնելու շանս կլինի: Ձեր գիտելիքներն ու տաղանդները ավելի ու ավելի պահանջված կդառնան, չի բացառվում՝ հնարավոր լինի մի քանի հետաքրքիր առաջարկներից մեկն ընտրել: Չի հիասթափեցնի և ամառվա առաջին կեսը. դրական միտումների ազդեցությունը կշարունակվի, աստղերը կաջակցեն ձեր նախաձեռնությունները: Եթե ուզում եք կյանքում ինչ-որ բան փոխել, կարող եք վճռական գործել. ինտուիցիան անսխալ կհուշի՝ ինչպես հասնել նպատակին: Աշնան մոտ իրավիճակը կբարդանա, օգոստոսին ապրումների ու տագնապի նոր առիթներ կստեղծվեն:

Աշունը չարդարացված, երբեմն լրիվ անհիմն ամբիցիաների ժամանակ կլինի: Շատ Խոյեր այնպես կձգտեն մասնագիտական հաջողությունների ու հասարակական ճանաչման, որ կմոռանան խելամտության մասին, կանեն այն, ինչի համար շուտով կսկսեն զղջալ: Դեկտեմբերը հնարավորություն կտա կյանքում կարգուկանոն հաստատել, որոշակիություն մտցնել եկող տարվա առաջնահերթությունների ու նպատակների մեջ:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ուշադրություն դարձրեք այն բոլոր գաղափարներին, որոնք կունենաք տարվա սկզբին: Դրանք անսահման տարօրինակ կթվան, չափազանց համարձակ, անիրագործելի, բայց այդ ամենը ձեզ չպետք է ստիպի հրաժարվել մտածածն իրագործելուց: Տարվա առաջին ամիսներին ձեր առաջ նոր նպատակներ կդնեք՝ երբեմն ինքներդ էլ դա չգիտակցելով: Նոր ցանկություններ կունենաք, կվերանայեք առաջնահերթությունները. գարնան սկզբին կհասկանաք, թե ինչ ուղղությամբ է պետք շարժվել: Բայց հազիվ թե առաջին հաջողություններին հասնելը հեշտ լինի: Ավելի հավանական է հակառակը. առաջին քայլերն անհաջող կլինեն, սխալներ թույլ կտաք, որոնք ուղղելը ջանքեր կպահանջի:

Դրական փոփոխությունները կնկատվեն հունիսի սկզբին, իսկ ամռան կեսից նոր հնարավորություններ կընձեռվեն: Հուլիսից սեպտեմբերն ընկած հատվածը հագեցած կլինի փոփոխություններով և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում: Կարևոր կլինի իրադարձությունները ճիշտ գնահատելը, իրավիճակն ընդհանուրի մեջ տեսնելը: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան, որ նախկինում ճիշտ չեն վարվել ու կուղղեն իրենց սխալները:

Մինչև տարվա վերջ շատ բան պիտի անեք: Աշունը շատ արդյունավետ կլինի: Այդ հատվածում հաճույքով ջանքեր կգործադրեք, քանի որ կհասկանաք՝ շուտով հասնելու եք դրված նպատակներին: Կարևոր կլինի համախոհների, օգնականների, ընկերների ճիշտ ընտրությունը: Մի շտապեք ու լսեք ինտուիցիայի ձայնին. այն կօգնի եկող տարին լավ միջավայրում, լավ մարդկանց հետ դիմավորել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Տարին հետաքրքիր ու ոգեշնչող կսկսվի, նշանի շատ ներկայացուցիչներ կտեսնեն իրենց կյանքը փոխելու հնարավորությունն ու պատրաստ կլինեն լրիվ նոր ուղղությամբ շարժվել: Բայց իրադարձությունները կարող են սպասվածի նման չզարգանալ: Նկատի ունեցեք, որ ինչքան ճկուն լինեն ձեր ծրագրերը, այնքան մեծ կլինեն հաջողության հասնելու շանսերը:

Գարնանը կդժվարանա շրջապատողների հետ լեզու գտնելը, չեն բացառվում լարված պահերը և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններում: Սակայն դուք ձեզ ճիշտ կպահեք, և շուտով ամեն ինչ կհարթվի: Այս հատվածը չի կարելի վատը անվանել. դուք ձեր խնդիրներից գլուխ կհանեք, բարդ իրավիճակից ելք կգտնեք: Չեն բացառվում մասնագիտական հաջողություններն ու կարիերայում աճը: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչները կկարողանան արագ հարմարվել նոր դերին: Ժամանակ կանցնի ու կհասկանաք, որ փոփոխությունները լավն էին:

Ամռան սկզբից մինչև աշնան կեսն ընկած հատվածը բարենպաստ կլինի: Այն հնարավորություն կտա հաջողությունների հասնել աշխատանքի, ուսման մեջ, ստեղծագործական կյանքում: Հետաքրքիր է, որ հաճախ դրա համար ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի, ամեն ինչ ինքն իրեն կստացվի:

Տարվա վերջին պետք է մեծ ուշադրություն դարձնեք գործերին: Կհաջողվի կենտրոնանալ, այդ իսկ պատճառով այնպիսի սխալներ չեք անի, որոնք կարող էին տհաճություններով ավարտվել: Ժամանակը լավն է ապագայի ծրագրեր կառուցելու համար: Դուք հստակ կիմանաք, թե ինչ է պետք ստանձնել 2022-ի սկզբին:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Տարվա սկիզբը հարուստ կլինի իրադարձություններով, հանդիպումներով ու գաղափարներով: Հարմար ժամանակ է նոր բան ստանձնելու համար, ընդ որում՝ խոսք կարող է գնալ շատ լուրջ, մասշտաբային գործերի ու նախագծերի մասին: Նկատի ունեցեք, որ ծրագրեր կառուցելիս ինչքան քիչ հույս դնեք շրջապատողների վրա, այնքան մեծ կլինեն աջակցություն ստանալու շանսերը: Երբեմն այն կառաջարկեն նույնիսկ մարդիկ, որոնց չէիք էլ մտածել դիմել: Մինչև գարուն ձեզ հետաքրքիր ծանոթություններ են սպասվում, որոնց մեջ կլինեն այնպիսիք, որոնք կարող են սիրային շարունակություն ստանալ:

Գարնան սկզբին հավանական են ոչ մեծ դժվարություններ, ձգձգումներ գործերում: Բայց դուք արագ կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել բոլոր խնդիրներից և իրավիճակը դեպի լավը փոխել: Նշանի շատ ներկայացուցիչների կայցելի ոգեշնչվածությունը, նրանք իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին կռահում:

Մայիսի կեսից վառ ու գրավիչ շրջան կսկսվի: Այն հարմար կլինի և՛ աշխատանքի, և՛ ուսման, և՛ ճամփորդությունների համար: Կարևոր է, որ ամեն ինչում և միշտ նոր բան կգտնեք, անկեղծորեն կհետաքրքրվեք այն գործով, որը կստանձնեք:
Ձեր կյանքում շատ բան կարող է փոխվել: Դուք ուրախությամբ կընդունեք նորը, չեք կառչի նրան, ինչը կարելի է անցյալում թողնել:

Ձեզ շատ հագեցած աշուն է սպասվում: Դուք սովորականից հաճախ կհայտնվեք ուշադրության կենտրոնում, գործ կունենաք ամենատարբեր մարդկանց հետ: Հնարավոր են անսովոր առաջարկներ: Չի բացառվում՝ տարվա վերջին մոտ ձեր մասնագիտական կյանքում նոր փուլ սկսվի: Մի շտապեք: Երբեմն իրադարձություններն ավելի դանդաղ կզարգանան, քան կուզենայիք, և այս տարվա համար դրված նպատակներից մի քանիսին կհաջողվի հասնել միայն հաջորդ տարի:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հունվարն ու փետրվարը փոփոխությունների ամիսներ կլինեն: Այդ փոփոխությունները կողքից նկատելի չեն լինի, բայց շատ կարևոր կլինեն ձեզ համար: Շրջապատողների հետ հարաբերություններում նույնպես ամեն ինչ նախկինի նման չի լինի: Մարդիկ ձեզ առաջվա նման չեն ընկալի, կնկատեն այն, ինչին ուշադրություն չէին դարձրել: Նոր ընկերներ, համախոհներ ու օգնականներ ձեռք կբերեք: Շատերը հաճույքով կկիսվեն իրենց փորձով: Մի հրաժարվեք այն աջակցությունից, որը ձեզ կառաջարկեն: Գարնան սկզբին նոր ծրագրեր ու առաջադրանքներ կհայտնվեն, և այստեղ ավելորդ չի լինի այն գիտակցումը, որ կողքին կան մարդիկ, որոնց կարելի է դիմել:

Մայիսը խոստումնալից ու հետաքրքիր կլինի: Այդ հատվածի համար կարող եք ուղևորություններ ու հանդիպումներ կազմակերպել մարդկանց հետ, որոնց վաղուց չեք տեսել: Կարող եք ստեղծագործ նախագծեր սկսել: Ավելի ուշ պետք է կենտրոնանաք ավելի ձանձրալի, բայց կրկին ուշադրության կարիք ունեցող գործերի վրա: Դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք:

Օգոստոսից բարենպաստ շրջան կսկսվի, որը կտևի մինչև տարվա վերջ: Երբեմն ոչ մեծ դժվարություններ կառաջանան, բայց դրանք բոլորը կանխատեսելի ու հասկանալի կլինեն: Դուք կիմանաք՝ ինչպես անցնել լուծում պահանջող խնդիրներին, ում դիմել օգնության խնդրանքով: Շատ Առյուծների պետք կգա առաջնահերթությունները ճիշտ դնելու, կարևորն ու անկարևորն արագ զատելու ունակությունը:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեր առաջ իրական նպատակներ դրեք: Չարժե հույս ունենալ, որ բոլոր թշնամիներն ինքնակամ գերի են ընկնելու, իսկ իրադարձությունները միշտ զարգանալու են այնպես, ինչպես պետք է: Բայց եթե դուք լավ աշխատեք (իսկ դա ձեզ համար իսկապես հետաքրքիր կլինի), ապա կհասնեք ավելիին, քան ակնկալում էիք: Կարևոր կլինեն կարգապահությունը, կազմակերպվածությունը, գործերին լուրջ մոտեցումը: Հենց դրանց շնորհիվ հաղթանակներ կտոնեք այնտեղ, որտեղ մյուսները, որոնք սովոր են հույս դնել հաջողության վրա, դա անել չեն կարողացել:

Տարվա առաջին ամիսները կարելի է օգտագործել երկարաժամկետ պլանավորման, նոր նպատակներ նախապատրաստելու համար: Այդ հատվածում ձեզ շատ ու շատ անակնկալներ են սպասվում, և լավ է, եթե ձեր ծրագրերը ճկուն լինեն: Նահանջի ուղիներն ու պահուստային տարբերակներն էլ ձեզ չեն խանգարի:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունն ուժեղանալու է, բացի այդ, փորձ ձեռք կբերեք, որի շնորհիվ ճիշտ որոշումներ ընդունելը կհեշտանա: Այն ամենը, ինչ կվերաբերի կարևոր ընտանեկան գործերին, ամուսնությանը, անձնական հարաբերություններին, արժե ծրագրել տարվա երկրորդ կեսի համար: Այն ավելի բարենպաստ կլինի նաև հուզական տեսանկյունից: Ձեզ համար ավելի հեշտ կլինի դրական տրամադրվածությունը պահպանելը, մտերիմների հոգեկան հարմարավետության մասին հոգ տանելը:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հետտոնական արձակուրդները մի երկարաձգեք, հնարավորինս վաղ հանգստից օգտակար գործունեության անցեք: Հունվարն ու փետրվարը կորոշեն տարվա ընթացքը, կարևոր նպատակների հասնելու շանս կա: Ճիշտ է, ձեր տրամադրության տակ կլինի նաև մարտի առաջին կեսը, բայց այն ավելի դժվար կանցնի, անսպասելի իրադարձություններ կբերի, որոնց պատճառով ստիպված կլինեք վերամշակել ծրագրերը: Բացի այդ, գործերն էլ կշատանան:

Ապրիլին ու մայիսին պետք է կարևոր բաների մասին մտածեք: Հենց այդ հատվածում նշանի շատ ներկայացուցիչներ որոշումներ կընդունեն, որոնք կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ կդնեն:

Ամռանը հանգստանալու և շունչ քաշելու հնարավորություն կունենաք: Պարտադիր չէ՝ բոլոր երեք ամիսներին արձակուրդ վերցնեք, քանի որ հազիվ թե հոգնեցնող գործեր լինեն: Կարող եք աշխատել թեթև ու հաճելի ռիթմով: Չեն բացառվում անսովոր հանդիպումները, ծանոթությունները, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն:

Աշնանը կաճի գործնական ակտիվությունը, մինչև տարվա վերջ շատ արդյունավետ կաշխատեք: Որոշ Կշեռքներ կգտնեն վաղուց ծագած խնդիրները լուծելու ձևն ու թեթևացած շունչ կքաշեն՝ պատասխաններ ստանալով նախկինում հանգիստ չտվող հարցերին:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հունվարն ու փետրվարը սովորելու ամիսներ են: Ինտուիցիան անպայման կհուշի, թե կոնկրետ ինչ: Հատուկ ուշադրություն դարձրեք նրան, ինչը ձեզ վաղուց է հետաքրքրում, բայց այնքան էլ օգտակար ու պրակտիկ չէր թվում, իրական կյանքի հետ քիչ կապ ուներ: Օգտակար կլինի հին նախասիրությունների, երազանքների, վաղուց անցյալում մնացած հույսերի մասին հիշելը, որոնք այդպես էլ իրականություն չէին դարձել:

Գարնանը ավելի անհրապույր, սովորական գործեր կհայտնվեն: Աշխատանքը կշատանա, տանը լրիվ նոր ու ոչ այնքան հաճելի հոգսեր կհայտնվեն: Աշխատեք ինչ-որ հետաքրքիր բան գտնել այն ամենում, ինչով զբաղվում եք. այդպես գարնանային բոլոր օրերը վառ գույներով կներկվեն:

Ամռանը ստիպված եք լինելու շատ աշխատել, ձեր առաջ ոգեշնչող նպատակներ կկանգնեն: Ձեր էներգիային միայն նախանձել կարելի է. հասկանալով, որ անհրաժեշտ արդյունքից երկու քայլի հեռավորության վրա եք՝ լրիվ կմոռանաք հանգստի մասին, ոչ մի բանի վրա չեք շեղվի, չեք սխալվի նույնիսկ մանրուքներում: Ֆինանսական վիճակը կարող է նշանակալիորեն բարելավվել:

Տարվա վերջին ամիսները հուզական տեսանկյունից ամենահարմարավետը կլինեն: Դրանք վստահություն կբերեն, որ ամեն ինչ ճիշտ է արվել. իսկ նման վստահության կարիք դուք կունենաք: Դուք դրական տրամադրված կլինեք, ապագային լավատեսությամբ կնայեք ու պատրաստ կլինեք նոր գործեր ստանձնել, որոնք կավարտեք արդեն 2022 թվականին:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Որոշումների ու եզրակացությունների հարցում մի շտապեք: Տարվա սկզբին կարևոր կլինի իրատես լինելը, ուրիշի փորձը վերլուծելը: Հնարավոր է՝ հասկանաք, որ ավելի քիչ գիտեք ու ավելի քիչ բան եք կարողանում, քան նախկինում էիք մտածում, և միանգամից սկսեք լրացնել բաց թողածը, սովորել այն, ինչ շուտով պետք կգա:

Գարնանը կյանքը լրիվ այլ գույներով կներկվի: Հավանական են անսպասելի ծանոթություններ, ոգեշնչող հանդիպումներ, աշխատանք նոր նախագծերի վրա, որոնց մեջ գլխովին կսուզվեք: Ձեր բոլոր տաղանդներն առավել նկատելի կդառնան, այդ իսկ պատճառով հետաքրքիր առաջարկների պակաս էլ չի լինի:

Ամռան սկզբին գործեր սովորականից շատ կլինեն: Չի բացառվում՝ ստիպված լինեք լուծել ուրիշների խնդիրները: Բայց արդեն հուլիսի երկրորդ կեսից արդյունավետ ու հաջող շրջան կսկսվի, որը կձգվի մինչև տարվա վերջ: Հնարավոր է՝ հոգսերը շատանան, բայց դուք ամեն ինչի համար ժամանակ կգտնեք: Տարվա վերջի համար կարող եք ռոմանտիկ ուղևորություններ, անձնական բնույթի կարևոր իրադարձություններ ծրագրել: Կարող եք նաև չծրագրել. այդ հատվածում ձեզ հաճելի անակնկալներ են սպասվում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Տարվա առաջին ամիսները թեթև ու անօգուտ կանցնեն: Կենտրոնանալը սովորականից բարդ կլինի, ամեն անգամ սկսածն ավարտին չեք հասցնի: Չնայած դրան՝ տրամադրությունը լավը կլինի, ուրախության առիթներ էլ շատ կլինեն: Հուզական դաշտը բարենպաստ է, շրջապատողների հետ հարաբերությունները ներդաշնակ ու թեթև կլինեն, կյանքից բողոքելու պատճառ չի լինի:

Ապրիլից սեպտեմբեր ձեզ բարդ, բայց արդյունավետ, օգտակար ու կարևոր աշխատանքի շրջան է սպասվում: Դուք միշտ չէ, որ ձեզանից գոհ կլինեք, բայց պիտի հիշեք, որ նույնիսկ մեծ հաջողությունները միանգամից նկատելի չեն դառնում: Շատ շուտով բոլորին, այդ թվում՝ նաև ձեզ, պարզ կլինի, որ շատ բանի եք կարողացել հասնել, արել եք այն, ինչը շատերի ուժերի սահմաններում չէ:

Աշունը կյանքի բոլոր ոլորտներում դրական փոփոխություններ է խոստանում: Չի բացառվում ձեզ նոր աշխատանք առաջարկեն կամ հնարավորություն ընձեռեն աշխատել իսկապես հետաքրքիր ու հեռանկարային նախագծի վրա: Դուք անընդհատ ինչ-որ բանով զբաղված կլինեք, բայց, միևնույն է, ժամանակ կգտնեք նաև մտերիմների հետ շփվելու և ընտանեկան գործերի համար: Փոքր ու մեծ ընտանեկան տոների համար առիթներ կլինեն, դուք մեծ հաճույք կստանաք՝ ուրախացնելով ձեզ համար թանկ մարդկանց:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Տարին իրադարձություններով լի կլինի: Դրանք ամեն անգամ նշանակալի չեն լինի, բայց հաստատ չեք ձանձրանա: Հենց սկսի թվալ, թե իրավիճակը կայունացել է ու կարելի է երկարաժամկետ ծրագրեր կառուցել, պետք է զգուշանալ. դա կնշանակի, որ շուտով ձեզ լրիվ անսպասելի ու շատ հնարավոր է նաև անհավանական բան է սպասվում:

Դուք կսովորեք նկատել այն, ինչ առաջ չէիք տեսնում, նորովի կնայեք անցյալի իրադարձություններին: Հնարավոր է հաշտվեք մարդկանց հետ, որոնց հետ երկար ժամանակ է, վիճել էիք, վերականգնեք հին կապերը: Ավելի կամրանան ընտանեկան կապերը, և խոսքն այստեղ ոչ այնքան բարեկամական կապերի, որքան հոգեհարազատ մարդկանց հետ կապերի մասին է: Լավ տարի է կյանքում նոր փուլ սկսելու համար: Հնարավոր է նոր բնակավայր տեղափոխվեք, փոխեք գործունեության ոլորտը, ընտանիքում նշանակալի փոփոխություններ տեղի ունենան: Բայց չեն բացառվում նաև ներքին կերպափոխությունները, որոնք շրջապատողներին նկատելի չեն լինի, բայց շատ նշանակալի կլինեն, ամեն ինչ արմատապես կփոխեն:

Տարին հարթ ու հանգիստ չի լինի: Ձեզ ամերիկյան բլուրներ, վառ տպավորություններ, ճակատագրի նվերներ, հանդիպումներ ու հնարավորություններ են սպասվում, որոնց մասին նույնիսկ չէիք էլ մտածել: Ինչ էլ պատահի, աշխատեք չթուլանալ, արագ կողմնորոշվել նոր իրավիճակում, վճռական գործել: Այս տարի ճակատագրական պահերը շատ կլինեն, իսկ դրանք բաց թողնելը ցավալի կլինի:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Տարին ուրախ ու հետաքրքիր կսկսվի: Հունվարը կուրախացնի հաճելի մանրուքներով, ուրախ միջոցառումներով, ընկերական հանդիպումներով: Լավ ժամանակ է նոր ծանոթությունների, շփումների, աշխարհայացքն ընդլայնելու համար: Նոր նախասիրություններ կհայտնվեն, արագ կսովորեք ամենն, ինչ կարող է պետք գալ: Փետրվարից լուրջ մտորումների շրջան կսկսվի: Դրանք կարող են կապված լինել աշխատանքի, անձնական կյանքի, հասարակական ու քաղաքական իրադարձությունների հետ, բայց բոլոր դեպքերում խորը բնույթ կկրեն. փաստացի դուք կփնտրեք կյանքում ձեր տեղը: Հենց այս ժամանակահատվածում սուր կդրվի համախոհների փնտրտուքի հարցը, որոնց հետ կարելի է լավ ժամանակ անցկացնել:

Գարնան երկրորդ կեսը լավը կլինի մասնագիտական տեսանկյունից: Նոր առաջադրանքներ կլինեն, որոնց վրա գլուխ կոտրելը հետաքրքիր կլինի: Դուք լավ գլուխ կհանեք դրանցից, շրջապատողները կնկատեն ու կգնահատեն դրանք, շուտով հնարավոր կդառնա մասնագիտական աճը, եկամուտներն էլ կմեծանան: Ամռանը հնարավոր կլինի ոչ մեծ դադար վերցնելը, բայց լավ կլինի, եթե գործերի մասին լրիվ չմոռանաք: Ձեզ ամենայն հավանականությամբ պետք կգան այդ շրջանում ձեռք բերած ամենաանսպասելի գիտելիքները:

Աշունը վատը չի լինի և՛ աշխատանքի, և՛ անձնական կյանքի տեսանկյուններից. այստեղ լուրջ խնդիրներ հազիվ թե ծագեն: Հոգ տարեք ձեր մասին, խուսափեք ավելորդ տագնապներից, առողջ կենսակերպ վարեք, օրգանիզմն ամրության փորձության մի ենթարկեք և նոր տարին դիմավորեք առանց մռայլ մտքերի:

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 20441 | Ավելացրեց: brutyanlusine | Պիտակներ: աստղակերպ, 2021 | Վարկանիշ: 5.0/3