ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Թեյագուշակություն
Բաժին: Գուշակ | Դիտումներ: 5510 | 15:00 Ավելացրեց: Moder-003

Համաձայնեք, որ առօրյա հոգսերից ու տագնապներից հետո հաճելի է անուշահոտ թեյ եփել և երկար ժամանակ վայելել նրա համը՝ հանգստանալով ու խորհելով: Իսկ եթե համակցեք հաճելին օգտակարի հետ: Թեյ խմելը գումարած գուշակությունը, ինչ վատ է որ: Ե՛վ ծարավն է հագեցած, և՛ ապագայի գաղտնիքը բացահայտված:

Թեյի կախարդական հատկությունների մասին հայտնի է եղել դեռևս հնագույն ժամանակներից: Աստվածային ծառի տերևները պատահաբար ընկնում են եռացող ջրի մեջ և... եռացող գոլորշու անուշահոտը այնքան գայթակղիչ է լինում, որ հնագույն կայսրերից մեկը չի կարողանում դիմանալ և անում է առաջին կումը: Եփուկի համը նույնքան է գերում նրան, որքան սուր հոտը: Շուտով թեյը վերածվում է չինական ազգային, սիրված խմիչքի, իսկ որոշ ժամանակ անց շահում է նաև մնացած աշխարհի համակրանքը:

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԹԱՍ

Ցավոք, թեյը ճանաչում է գտել միայն որպես ամենահամեղ ու ամենաօգտակար խմիչք: Իսկ ահա թեյով գուշակությունն արդեն արտակարգ երևույթ է: Միաժամանակ այն  առանձնանում է իր պարզությամբ: Նշանակություն չունի թեյի տեսակը, այն կարող է լինել և՛ սև, և՛ կանաչ, և՛ մրգային: Գլխավորը կավից հատուկ բաժակ (առանց բռինչի) և թաս ձեռք բերելն է, որը կարելի է գործածել միայն կախարդության նպատակով:

Գուշակության նպատակով նախատեսված բաժակի անհրաժեշտ «հատկանիշներն են». դրա ներսում մի եզրակից մյուսը՝ հատակով պետք է գիծ անցնի (որն, ասես, թասը բաժանում է երկու մասի), իսկ եզրագիծը պետք է ոսկե լինի: Եթե չեք կարողացել նման գծով թաս գտնել, կարող եք նկարել ինքներդ՝ ստամոքսի համար անվնաս ներկով: Ծայրահեղ դեպքում կարող եք սովորական բաժակ կիրառել: Սահմանի ֆունկցիան կարող է կատարել բռնակը:

ԿԱԽԱՐԴՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

Գուշակության համար թեյը յուրահատուկ ձևով պետք է եփել: Լցրեք այն թասի վրա (երկու թեյի գդալը բավական է) և թասը մեկ քառորդով լցրեք եռացող ջրով, ապա ափսեով ծածկեք: Հինգ րոպե անց ջուրը լցրեք մինչև վերջ և թողեք, որ թեյը դուրս տա (կափարիչի տակ): Միայն այս դեպքում թեյը կլինի նախ և առաջ համեղ, և երկրորդը՝ կախարդությանը հարմար: Ընկերական խորհուրդ. սկզբում ավելի լավ է օգտագործել մանր տերևավոր թեյ՝ մանր թեյատերևները մնում են թասի պատերին և ավելի հստակ պատկերներ են ձևավորվում: Ժամանակի ընթացքում փորձ ձեռք բերելով՝ կարող եք կախարդության համար գործածել նաև խոշոր տերևներ:

Այս գուշակությունը մյուսներից տարբերվում է նրանով, որ հուզող հարցի շուրջ մտավոր կենտրոնացում պետք չէ: Դուք ուղղակի վայելում եք հաճելի համը՝ ամբողջովին թուլանալով, դիտելով թեյի գոլորշին և մոռանալով առօրյա հոգսերը:

Տեսադաշտից հեռացրեք ժամացույցը, որպեսզի ոչինչ չհիշեցնի վաղանցուկ ժամանակի մասին:

Թեյը խմեք առանց շտապելու՝ փոքր կումերով: Վերջին կումից հետո թասը շրջեք ափսեի վրա (աջ ձեռքով, աջից ձախ կողմը): Մոգական թասը նախնական դիրք է վերադարձվում աջ ձեռքով, ոչ մի դեպքում թասը մի պտտեք մատների մեջ: Սա շատ կարևոր է նկարների ճիշտ մեկնաբանության համար: Չէ՞ որ թասի ներսի գիծը ժամանակի սահմանն է: Դրանից աջ զետեղված թեյատերևներից խորհրդանիշները ձեր ապագայինն են երաբերվում, ձախ
կողմինը՝ անցյալին: Ինչքան նախշերը մոտ են գծին, այնքան ավելի շուտ տեղի կունենա իրադարձությունը: Եթե դրանք կուտակվել են գծի մոտ, ապա դա նշանակում է, որ իրադարձությունները կծավալվեն ձեր տանը: Եթե գծից հեռու են, ապա այլ վայրում, ավելի հավանական է պետական հաստատությունում: Թասի ամենավերևում (ոսկե եզրագծի տակ) գտնվող թեյի տերևները բարի լուրերի խորհրդանիշն են, իսկ հատակին մնացածինը տխուր լուրերի:

ԹԵՅԻ ՆԱԽՇ

Գուշակողը միշտ պետք է հիշի, որ խորհրդանիշները առանձին-առանձին չեն մեկնաբանվում: Դրանք պետք է նախշ կազմեն, այնպես ինչպես խճանկարի մասերը, որոնք միասին ընդհանուր նկար են կազմում: Եվ, իհարկե, առանց հարուստ երևակայության ոչնչի չեք հասնի:

Եվ այսպես. ապագայի ինչ «ուրվականներ» կարող են ծնվել և ինչ կա այդ խորհրդանիշների  ետևում: Ահա մի քանի օրինակ:

ԱԿ. Ֆորտունան կժպտա ձեզ, կյանքում երջանիկ փոփոխություններ են սպասվում:
ԱԿԱՆՋ. ձեր մասին ինչ-որ մեկը ասեկոսեներ է տարածում: Պետք է գտնել բամբասողին և վերջ տալ անկարգությանը:
ԱՉՔ. նախանձող մեկը կհայտնվի ձեր շրջապատում: Զրպարտությունից խուսափելու համար հմայիլ գնեք:
ԱՌՅՈՒԾ. ամեն կողմից ձեզ վրա կթափվեն մանր-մունր տհաճություններ, և այն ամենը, ինչ հեշտությամբ էր ստացվում, այժմ մեծ դժվարությամբ կտրվի: Կարևոր է հիշել, որ Աստծո գործերը բարի են, նման սթափեցումը ձեզ կհանի դեպրեսիայից:
ԱՐԵՎ. հաղթանակ բոլոր տհաճությունների և չարանենգների նկատմամբ:
ԱՐՋ. եթե թեյի խոտերը մնացել են թասի պատերին, ապա ձեզ ճամփորդություն է սպասվում, իսկ եթե հատակին, ապա՝ փախուստ սեփական պրոբլեմներից: Աչք մի փակեք դժվարությունների վրա, այլ փորձեք որևէ ելք գտնել:
ԲՈՒ. պատահաբար երկակի կյանք չե՞ք վարում: Եթե այո, ապա անմիջապես վերջ տվեք դրան, հակառակ դեպքում վեճ կբռնկվի, ինչպես ամպրոպ պարզ երկնքում:
ԳԾԵՐ. ուղիղ. վկայում են պրոբլեմների բարեհաջող լուծման մասին: Գծեր, ալիքանման. վկայում են ցավոտ խնդիրների դժվար լուծման մասին:
ԳՈՒՆԴ. ձեր տանը երկար ժամանակով հաստատվել են խաղաղությունն ու բավարարվածությունը: Այս ժամանակահատվածը բարենպաստ է սպորտով զբաղվելու համար:
ԴԱՆԱԿ. ինչ-որ մեկը ձեր վրա ատամներ է սրում: Ձեզ վտանգ է սպառնում, այնպես որ զգոն եղեք:
ԴԱՐՊԱՍՆԵՐ. ձեզ նորանոր հնարավորություններ կընձեռվեն: Անպայման կհասնեք նվիրական երազանքին:
ԴԵՄՔ. սիրած էակի մասին տագնապալի մտքերը ձեզ կզրկեն հանգստից ու քնից:
ԴԵՎ. ձեր շրջապատում չարակամներ են հայտնվել: Տհաճություններից խուսափելու համար աչալուրջ եղեք և զգուշացեք արտահայտություններ անելիս:
ԵՌԱՆԿՅՈՒՆ. եթե եռանկյունու գագաթը դեպի վեր է խոյանում, ապա ձեր կյանքում լավ փոփոխություններ կլինեն, իսկ եթե դեպի ներքև՝ վատը:
ԶԱՆԳ. թեյի խոտերի կուտակումները թասի վերևում նշանակում է մասնագիտական առաջխաղացում, իսկ թասի հատակին՝ հիասթափություն:
ԼՈԲԻ. կանցնեն բոլոր հիվանդություններն ու տկարությունները:
ԼՈՒՍԻՆ. լիալուսինը խորհրդանշում է նոր երջանիկ սեր: Կիսալուսինը խորհուրդ է տալիս մտորել կրոնի և հոգևոր զարգացման մասին:
ԾԱՌ. մի խորհեք, ընդունեք նոր առաջարկները. դրանք միայն բարիք կբերեն:
ԿԱՏՈՒ. կատուն խորհրդանշում է վեճ ու տարաձայնություն: Այսպիսով, դուք կիմանաք մոտալուտ վիճաբանության մասին և թույլ չեք տա, որ այն շատ բորբոքվի:
ՀՐԵՇՏԱԿ. ուղղափառ մարդուն նման նկարը կանխագուշակում է լավ լուրեր ու երջանկություն: Այլ հավատքի մարդկանց այն կոչ է անում խորամուխ լինել ուրիշ կրոնների գաղտնիքների մեջ:
ՁԵՌՔ. ձեզ ուրախություն կպատճառեն հարազատները, որոնք ամեն րոպե պատրաստ են ամուր հենարան լինել ձեր համար:
ՁԻ. առջևում երկար ճանապարհ ունեք և կհասնեք անկախության:
ՁՈՒԿ. պարոնայք, շտապ վիտամիններ խմեք և կոփվեք, թեյի տերևները նախազգուշացնում են հնարավոր մրսածության մասին: Տիկնայք, ձեզ սպասվում է... հղիություն, այնպես որ վիտամինները ձեր պարագայում նույնպես ակտուալ են:
ՄԱՆԿԻԿ. փոփոխություններ են սպասվում: Ժամանակը օգտագործեք սխրագործությունների համար:
ՄԱՏԱՆԻ. եթե մատանին ամբողջական է, ապա այս տարի կամուսնանաք: Իսկ եթե «վնասված է», ապա այն նախազգուշացնում է, որ ձեր սերը և սիրած էակի հետ հարաբերությունները լուրջ փոփոխության կենթարկվեն:
ՄԵՂՈՒ. ձեզ փնտրում են ձեր հին ընկերները: Ինքներդ զանգահարեք նրանց: Ձեզ սպասվում է մի ուրախ ու աղմկոտ երեկոյի հրավեր: Զգույշ եղեք, շատ մարդկանց կուտակումները ձեզ համար վտանգավոր է:
ՄՈՄ. դուք կունենաք հովանավոր, որը կօգնի հաջողության հասնել:
ՄՐՋՅՈՒՆ. միօրինակ, տաղտկալի, ուժասպառ անող աշխատանքը ձեր մեջ կառաջացնի նյարդայնացում ու ատելություն: Սա ազդանշան է, փորձեք դրա մեջ գտնել հաճելի կողմեր և ապրելը ավելի հեշտ կլինի:
ՆԱՄԱԿ. շուտով խոշոր գումար կստանաք:
ՇՂԹԱ. հանգիստ շունչ քաշեք... Ընդամենը պետք է ամուսնանաք կամ իրավաբանական գործարք կնքեք:
ՇՐՋԱՆ. բոլոր նախաձեռնություններում հաջողությունը երաշխավորված է:
ՇՈՒՆ. ձեր ընկերների շարքերը կհամալրվեն: Ձեռք կբերեք մի հուսալի, լավ ընկեր: Թասի հատակի թեյի տերևները վկայում են այն մասին, որ ձեր ընկերներից մեկը օգնության կարիք ունի:
ՍԱՐԴ. ավելի ուշադիր եղեք առողջության նկատմամբ: Այս նախշը նշանակում է գլխացավ, ճնշման տատանումներ և ավիտամինոզ:
ՍԻՐՏ. մոտակա ժամանակներում ձեր համար մեծ կարևորություն կստանան «հավատ», «հույս» և «սեր» բառերը:
ՎԻՇԱՊ. ձեր բախտը բերել է: Որտեղ էլ որ լինեք, ինչ էլ որ ձեզ պատահի, այնումենայնիվ գտնվում եք վերին ուժերի հուսալի պաշտպանության ներքո:

Գուշակությունը պետք է վերջացնել այնպես, ինչպես սկսել էիք՝ դանդաղորեն թեյը խմելով և վերին ուժերին շնորհակալություն հայտնելով՝ ձեր խնդիրներին ուշադրություն դարձնելու համար:

Բաժին: Գուշակ | Դիտումներ: 5510 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/12