Լքված քաղաքներ․ Ցենտրալիա, ԱՄՆ
| |
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 378 | 22:00 | |
Լքված քաղաքների շարքում քիչ չեն նախկին արտադրական կենտրոնները, որոնք հանքերն ամբողջությամբ շահագործելուց հետո անպիտան են դարձել։ 1866 թվականին Փենսիլվանիայում՝ ածուխի խոշոր հանքավայրի մոտ հիմնադրվել է Ցենտրալիա քաղաքը։ Մինչև 1962 թվականը այն զարգացող ու մեծ հեռանկար ունեցող քաղաք էր։ Ամեն ինչ փոխվեց մի հիմար սխալի պատճառով։ Ածուխի հանքահորերում պարբերաբար աղբ էին վառում, ինչն էլ լուրջ հրդեհի պատճառ դարձավ։ Ահռելի մասշտաբների բռնկումը շարունակվեց տասնյակ տարիներ։ Ածուխը հենց գետնի տակ դանդաղ այրվում էր, ինչն էլ վտանգի տակ դրեց ոչ միայն արտադրությունը, այլ նաև քաղաքի բնակչության կյանքը։ 1981 թվականին տեղացի երեխաներից մեկը մահից փրկվեց, երբ նրա ոտքերի տակ՝ գետնի վրա ահռելի ճեղքվածք առաջացավ։ Այս դեպքից հետո քաղաքի բնակիչները որոշում ընդունեցին հեռանալ քաղաքից, և արդեն երեսուն տարուց ավել է Ցենտրալիան դատարկ է։ Գիտնականների առաջ քաշած վարկածի համաձայն՝ ստորգետնյա հրդեհը ակտիվ կլինի նվազագույնը 250 տարի, այնպես որ՝ քաղաքի տարածքում գտնվելը շատ վտանգավոր է․ հանքահորերը ամեն պահի կարող են փլվել։ Բնակիչների՝ քաղաքը լքելուց հետո շինությունների մի մասը քանդվել է, բայց զբոսաշրջիկներին գրավող որոշ տեսարժան վայրեր դեռ պահպանվել են։ Դրանց շարքում է Սուրբ Կույս Մարիայի եկեղեցին, ինչպես նաև 4 հին գերեզմանատները։ Հետաքրքիր է, որ բաց երկնագույն գմբեթներով փոքրիկ այս եկեղեցում այսօր էլ շաբաթը մեկ անգամ եկեղեցական արարողություն է անցկացվում։ Ցենտրալիա քաղաքի տխուր պատմությունը ոգեշնչում է երաժիշտներին ու գրողներին։ Քաղաքի պատմությունն ընկած է Silent Hill և Resident Evil հայտնի համակարգչային խաղերի հիմքում։ Պատրաստեց Լուսինե Բրուտյանը |
|