Հնդկական հորոսկոպ
| |
Բաժին: Հին աշխարհ | Դիտումներ: 7361 | 22:00 | |
Հնդկական տարին բաժանված է ոչ թե 12 հավասար մասերի, ինչպես մենք ենք սովոր, այլ մի ամբողջ 27 մասի: Բոլոր 27 նակշատրերը (լուսնային ցիկլի մասեր) խորհրդանշում են կենդանիների, որոնց խառնվածքը զգալի չափով ազդում է նաև մարդու կյանքի և արարքների վրա: Ձեզ ենք ներկայացնում հնդկական հորոսկոպը: Մանգուստ. 11 հունվար - 23 հունվար Այս մարդիկ հակված են իդեալականացնել իրենց ու իրենց ծանոթների կյանքը: Դա է պատճառը, որ նրանց համար դժվար է գոյատևել կոլեկտիվում, հաճախ են հիասթափվում մարդկանցից: Նրանք շատ հմայիչ են, բայց նրանց վստահությունը շահելը բարդ գործ է: Սակայն եթե դա ձեզ հաջողվի անել, ավելի լավ գործընկեր կամ ընկեր դժվար է գտնել: Միաժամանակ բավական ազատասեր են, կպչուն չեն: Նրանց համար կարևոր է սիրելի գործը գտնելն ու կայանալը: Աշխատանքի մեջ տեսնում են նպատակը՝ առանց նկատելու խոչընդոտները, մյուսներին վարակում են իրենց աշխատասիրությամբ ու համբերատարությամբ: Կապիկ. 24 հունվար - 5 փետրվար Կողքից այս մարդիկ կարող են սառն ու անտարբեր թվալ, իսկ իրականում այդ հատկանիշների տակ խոցելի հոգի է թաքնված: Քչերը գիտեն, որ միայնակ մնալով՝ նրանք կարող են փիլիսոփայել ու խոշոր ծրագրեր կառուցել: Հաճախ են ձգտում հոգևորին, փորձում են դառնալ ավելի լավը, քան կան հիմա: Կոլեկտիվում էլ իրենց հրաշալի են զգում, կարողանում են գրավել մարդկանց, հիացնում են իրենց հումորի զգացումով: Էջ առյուծ. 6 փետրվար - 18 փետրվար Էգ առյուծի նշանի տակ ծնված մարդիկ շատ խարիզմատիկ են ու ճարտարախոս: Առաջատարի հատկանիշներ ունեն, բայց միաժամանակ կարողանում են նաև զիջել: Նրանք բարեհոգի են, պատրաստ են վերջին ունեցածը տալ ոչ միայն մտերիմ մարդու, այլև լրիվ անծանոթի համար: Հնարավոր է՝ նրանց կյանքը կապված լինի բարեգործության հետ կամ էլ նրանք երազեն իրենց կյանքը նվիրել բարեգործությանը: Էգ առյուծները կարող են նաև պահանջկոտ լինել շրջապատողների հանդեպ, նեղանալ դատարկ բաների պատճառով: Բնավորության այս գծերի դեմ նրանք պետք է պայքարեն: Ձի. 19 փետրվար - 3 մարտ Այս մարդիկ հանգիստ ու պահպանողական են թվում: Բայց դա խաբուսիկ է: Իրականում հաճախ նրանց հոգում կրքերն են եռում, բացի այդ, նրանք հաճախ անինքնավստահ են, կասկածում են իրենց ուժերին: Չեն կարող ապրել առանց ուրիշների, աջակցության կարիք ունեն: Նրանց կյանքի գլխավոր նպատակը սերն է: Նրանք պատրաստ են հարմարվել զուգընկերոջն ու չնկատել նրա թերությունները: Կարիերան նրանց համար երկրորդական նշանակություն ունի: Նրանք տաղանդավոր են, և եթե կարողանան դրսևորել իրենց տաղանդները, ոչ միայն հաջողակ, այլև անկախ կդառնան: Առյուծ. 4 մարտ - 16 մարտ Այս մարդիկ սովորաբար շատ արտիստիկ են, հուզական ու տաքարյուն: Նրանք վստահ են իրենց գրավչության վրա, հակառակ սեռին մագնիսի պես ձգում են: Նրանք իրենց կյանքը չեն պատկերացնում առանց սեփական անձի հանդեպ ուշադրության ու հոգատարության: Չնայած՝ իրենք էլ կարող են շատ բան զոհել մտերիմների ու սիրելիների համար: Երբեմն նրանք այնքան են տարվում ուրիշներին օգնելով ու նրանց մասին հոգ տանելով, որ չեն նկատում, թե ինչպես են իրենց օգտագործում: Բայց Առյուծները չեն վախենում հիասթափությունից, ապրում են տվյալ օրով: Կով. 17 մարտ - 30 մարտ Նրանք կարողանում են կառավարել իրենց զգացմունքներն ու հույզերը: Իրենց մտադրություններում ամուր են, հստակ գիտեն, թե ինչ են ուզում կյանքից: Յուրաքանչյուր սխալից դաս են քաղում ու այլևս երբեք չեն կրկնի այն: Նրանց համար կարևոր է ինքնակատարելագործվելը, նոր բան սովորելը: Մյուս մարդկանց հանդեպ իմաստուն են ու համբերատար: Այս հատկանիշները նրանց կարող են օգնել լավ ղեկավար կամ ընտանիքի գլուխ դառնալ: Էգ փիղ. 31 մարտ - 12 ապրիլ Հնդկական հորոսկոպում նրանք համարվում են ամենաառատաձեռն մարդիկ: Նրանց համբերատարության ու մեծահոգության մասին լեգենդներ են հյուսվում: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ նրանք երբեք չեն պարծենում իրենց բարի գործերով, մարդկանց անկեղծորեն են օգնում: Ճիշտ է, երբեմն անինքնավստահության պատճառով կարող են խանդոտ ու կասկածամիտ թվալ: Դա տեղի չի ունենա, եթե մտերիմներն օգնեն նրանց: Հովատակ. 13 ապրիլ - 26 ապրիլ Այս մարդիկ շատ շփվող ու հաղորդակցվող են, ձգտում են հաջողության: Դժվարությամբ են տեղում նստած մնում, միշտ ձգտում են նոր գիտելիքներ ստանալ, մշտական փնտրտուքի մեջ են: Միայն թե մեկ կոնկրետ նպատակ նրանք սովորաբար չեն ունենում: Նպատակը անընդհատ փոխում են: Բայց եթե նրանց կողքին ավելի ուժեղ մարդ հայտնվի, որը կարողանա սանձել նրանց տաքարյուն ու ազատասեր էությունը, նրանք կկարողանան ներդաշնակ կյանքով ապրել: Փիղ. 27 ապրիլի - 10 մայիս Այս նշանի ներկայացուցիչները ամբիցիոզ են, շատ դիմացկուն: Թվում է, թե նրանք կարող են գլուխ հանել ցանկացած աշխատանքից ու հասնել նույնիսկ անհնարին թվացող նպատակին: Այս մարդիկ նախընտրում են կայունությունն ու հուսալիությունը: Ընդ որում՝ ամեն ինչում, ինչպես հասարակական, այնպես էլ անձնական կյանքում: Զուգընկերոջ հանդեպ խանդոտ են, սիրում են վերահսկել հարաբերություններն ու ամեն ինչ իրենց ձեռքը վերցնել: Ոչխար. 11 մայիս - 24 մայիս Այս նշանի մարդիկ միաժամանակ հանգիստ ու տաքարյուն են: Նրանք հակված են իրենք իրենց հետ ներքին երկխոսություն վարել ու ներդաշնակություն փնտրել առանց հոգեբանների ու մտերիմների օգնության: Նրանք կարիերայում կարող են լիդեր լինել, բայց երկրորդական դեր ստանձնել հարաբերություններում: Նրանց սիրտը գրավելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: Օձ. 25 մայիս - 7 հունիս Այս նշանի ներկայացուցիչները ամենազգայունն են: Անտարբերության ու մեծամտության դիմակի տակ նրանք նուրբ ու խոցելի հոգի են թաքցնում: Մարդկանց մեջ գնահատում են ինտելեկտն ու լավ շարժուձևը, քանի որ իրենք, անկախ ծագումից, ունեն այդ հատկանիշները: Իսկ ահա սիրո հարցում նրանց համար դժվար է լինում: Երբեմն Օձերը շատ են իդեալականացնում հարաբերությունները, ինչի պատճառով էլ կարող են հիասթափություն ապրել: Էգ օձ. 8 - 20 հունիս Այս մարդիկ ձգտում են ուրիշների համար օրինակ ծառայել ու իշխել նրանց: Ամեն դեպքում, շատ կախված են ուրիշների կարծիքից: Իսկ պատճառն այն է, որ իրենք ողջ կյանքը նվիրում են սովորելուն ու ինքնակատարելագործվելուն: Եվ դա այն դեպքում, երբ առաջին հայացքից ի ծնե իմաստուն են թվում: Անձնական կյանքում շատ շրջահայաց են: Մարդուն իրենց մոտիկ թողնելուց առաջ հարյուր անգամ կմտածեն: Շուն. 21 հունիս - 4 հուլիս Նվիրվածությունն ու օգնելու պատրաստակամությունն առանձնացնում են այս նշանի ներկայացուցիչներին: Նրանք իրենց կյանքը միայնության մեջ չեն պատկերացնում, միշտ ձգտում են գտնվել մտերիմների շրջանում: Ընդ որում՝ ինչպես ուրախության, այնպես էլ տխրության պահերին: Բացի այդ, նրանք վերլուծական մտածողություն ունեն, ճիշտ խորհուրդներ են տալիս ու կարողանում են ցանկացած իրավիճակում աջակցել: Էգ կատու. 5 հուլիս - 18 հուլիս Նրանք շատ նրբանկատ են ու բարյացակամ: Թվում է՝ չկա մարդ, որին նրանք չկարողանան դուր գալ: Փոխարենը իրենք գործընկերներին ու ընկերներին շատ զգուշորեն են ընտրում: Կատուները նաև շատ մաքրասեր են, սիրում են հարմարավետությունն ու հանգիստը: Աղմկոտ երեկույթներն ու ընկերախմբերը նրանց տարերքը չեն: Խոյ. 19 հուլիս - 1 օգոստոս Այս մարդիկ սովոր են ամեն հարցում հույս դնել իրենք իրենց վրա: Երբեմն իրենց վրա ուժերից վեր բեռ են վերցնում՝ առանց բողոքելու ու իրենք իրենց խնայելու: Կողքից նրանք հասարակ ու բաց մարդիկ են թվում, իրականում հարուստ երևակայություն ունեն, հակված են խորը մտորումների, չեն սիրում ցուցադրել զգացմունքները: Չնայած՝ շատ մտերիմ մարդկանց հետ նրանք կարող են իրենց ծայրահեղ հուզական պահել: Կատու. 2 օգոստոս - 15 օգոստոս Հնդկական հորոսկոպի ամենահակասական նշանն է: Հաճախ բարու ու չարի սահմանագծին է, իսկ թե ինչ ճամփա կընտրի՝ կախված է միայն իրենից: Պարզ է միայն մի բան՝ այս մարդիկ իրենց խորաթափանցության շնորհիվ մագնիսական իշխանություն ունեն մարդկանց հանդեպ, ցանկացածին կարող են հմայել: Դժվարությամբ են լուրջ հարաբերություններ հաստատում: Որպեսզի նրան ձեր կողքին պահեք, պետք է անընդհատ հիանաք նրանով: Առնետ. 16 օգոստոս - 29 օգոստոս Սիրում են կյանքն իր բոլոր դրսևորումների մեջ, ձգտում են նյութական ու սոցիալական բարեկեցության: Սիրում են շքեղությունը, հարմարավետությունը: Սիրում են նաև իշխել մարդկանց, վերահսկել իրավիճակը: Հաճախ պահանջկոտ են մարդկանց հանդեպ. դա է պատճառը, որ երկար են իրենց կողակից ընտրում: Էգ առնետ. 30 օգոստոս - 12 սեպտեմբեր Նրանք պահպանողական են, ռացիոնալ ու հաշվենկատ: Եվ այս հատկանիշներն էլ օգնում են կարիերայում ու ընտանիքում: Եթե ընտրության առաջ կանգնեն, կընտրեն սիրելիին ու երեխաներին: Ավելին, տան ու հարազատների հարմարավետությունը նրանց համար դեռ վաղ մանկությունից կյանքի ամենակարևոր բաներն են: Ցուլ. 13 սեպտեմբեր - 25 սեպտեմբեր Արտաքուստ նրանք հանգիստ ու անվրդով են թվում, սակայն հոգու խորքում ինքնավստահ չեն, անհանգիստ են: Բանն այն է, որ նրանք շատ պահպանողական են, այնպես որ՝ կյանքում ցանկացած փոփոխություն նրանց մոտ սթրես է առաջացնում կամ էլ բացասական հույզեր: Իրենց ներդաշնակ զգալու համար նրանք պետք է այնպիսի զուգընկեր ունենան, որի հավատարմության ու նվիրվածության վրա հարյուր տոկոսով վստահ կլինեն: Էգ գոմեշ 26 սեպտեմբեր - 9 հոկտեմբեր Առանձնանում են բարեհոգությամբ ու գրավչությամբ: Հակված են տրամադրության տատանումների, դժվարությամբ են կառավարում զգացմունքները: Նրանց կողքին անպայման պետք է լինի մեկը, ով պատրաստ կլինի նրանց հասկանալ ու ընդունել այնպիսին, ինչպիսին որ նրանք կան: Նրանք նաև պետք է իրենց էներգիան ուղղեն դեպի աշխատանքն ու ստեղծագործական կյանքը՝ փորձելով հարաբերություններում կայուն ու համբերատար լինել: Էգ վագր. 10 հոկտեմբեր - 22 հոկտեմբեր Սիրում են ուշադրության կենտրոնում լինել, արտիստիկ են, խարիզմատիկ, իրենց կյանքը չեն պատկերացնում առանց արկածների ու սուր զգացումների: Խենթանում են նորաձևության ու արվեստի համար: Նրանց հետ հնարավոր չէ ձանձրանալ: Բայց պետք չէ նրանց բարկացնել ու առավել ևս՝ դավաճանել: Նրանք նման վերաբերմունքը չեն հանդուրժի: Գոմեշ. 22 հոկտեմբեր - 5 նոյեմբեր Նրանք վառ ու անկախ են թվում: Թվում է, թե փառքն ու հաջողությունը նրանց համար առաջին տեղում են: Աշխատանքի մեջ հետաքրքրասեր են, պատրաստ են անել ամեն ինչ, որպեսզի ոլորտում լավագույնը լինեն: Բայց պետք է իմանալ նաև, որ նրանց համար առաջին տեղում ընտանիքն է: Մտերիմների աջակցության կարիքը շատ են զգում: Վագր. 6 նոյեմբեր - 18 նոյեմբեր Այս նշանի ներկայացուցիչները հնդկական հորոսկոպում ամենաամբիցիոզ ու նպատակասլաց մարդիկ են: Ուզածին հասնելու համար կարող են չուտել ու չխմել: Բայց ուզածը ստանալուց հետո կորցնում են հետաքրքրությունը, անցնում մեկ ուրիշ բանի: Իրենց այս հատկանիշի դեմ էլ նրանք պետք է պայքարեն: Էգ եղջերու. 19 նոյեմբեր - 1 դեկտեմբեր Այս մարդիկ ձգտում են խելամիտ ապրել, հետևում են իրենց խղճին: Չնայած պատահում է, որ կյանքի ընթացքում, հոգևորի ու նյութականի միջև ընտրություն կատարելիս, ընտրում են վերջինը: Առաջին հայացքից լավատես ու կենսուրախ են թվում: Բայց դա կապված է միայն նրա հետ, որ նախընտրում են շրջապատողների հետ կիսվել միայն դրական հույզերով, ապրումները թողնում են իրենց ներսում: Եղջերու. 2 դեկտեմբեր - 14 դեկտեմբեր Փառասեր են ու ամբիցիոզ: Նրանք համար կարևոր է անընդհատ զարգանալն ու ինքնակատարելագործվելը: Կամքի ուժի շնորհիվ ստանում են ուզածը: Այս մարդիկ խարդավանքներ չեն հանդուրժում, նույնիսկ հակառակ սեռի հետ բաց ու անկեղծ են շփվում: Նրանց համար կարևոր է, որ զուգընկերը գրավիչ լինի ոչ միայն արտաքուստ, այլ նաև ներքուստ: Արու շուն. 15 դեկտեմբեր - 27 դեկտեմբեր Այս մարդիկ համարձակ են, ակտիվ ու հաղորդակցվող: Թվում է, թե նրանք կարող են իրենց գտնել ցանկացած կոլեկտիվում ու ցանկացած գործի մեջ: Նրանց հետ շփվելը հետաքրքիր է, միշտ նոր գաղափարներ ունեն, ունակ են յուրաքանչյուրին ոգեշնչել: Նրանք նաև հավատարիմ ու նվիրված ընկերներ են, շատ բան են պատրաստ զոհել ուրիշների համար: Արու կապիկ. 28 դեկտեմբեր - 2 հունվար Համարձակ են ու վճռական: Հավատարիմ են իրենց իդեալներին, միշտ ամեն ինչի մասին իրենց կարծիքն ունեն: Նրանց շեղելը շատ դժվար է, երբեմն՝ նաև անհնար: Պահպանողական են, ողջ կյանքի համար են կյանքի ընկեր փնտրում: |
|