ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Թշնամիների հորոսկոպ
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 5931 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեր առջև փառասեր ու նպատակասլաց անձնավորություն է: Նա ձգտում է ամեն ինչում առաջինը լինել: Նպատակներին հասնելու ճանապարհին վճռական ու նախաձեռնող է: Որպես թշնամի վտանգավոր չէ, բավական թույլ հակառակորդ է: Հիշաչար ու վրիժառու Խոյ պատկերացնելը բավական բարդ գործ է: Եթե ինչ-որ մեկը դիպչում է նրա ցավոտ կողմերին կամ վիրավորում, ապա նա միանգամից, առանց հապաղման հակադարձում է վիրավորողին, իսկ դա արդեն որպես վրեժ չի դիտարկվում: Ավելին, եթե վիրավորանքը վիրտուալ է եղել, իսկ վիրավորանք հասցնողը տեսադաշտում չի եղել, ապա մի ժամից Խոյը կարող է ամեն ինչի մասին մոռանալ, իսկ մեկ օր հետո հաճույքով շփվել նրա հետ կարծես ոչինչ չի պատահել:

Որպեսզի Խոյի մեջ վրեժ լուծելու ցանկություն առաջանա, նրան պետք է շատ խոր և նպատակաուղղված վիրավորանք հասցնել: Խոյի վրեժը միշտ ռադիկալ է: Նա երբեք չի դիմի մանր ստորությունների: Նրան վրեժ լուծելիս միայն մի բան է անհրաժեշտ. որպեսզի վրեժի օբյեկտը դադարի գոյություն ունենալուց, գոնե՝ տեսադաշտում, ինչն էլ նա հետևողականորեն կիրագործի: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ այս գործողությունները նա որպես վրեժ չի դիտարկի, այլ պարզապես ինքնապաշտպանություն կհամարի:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեր առջև դանդաղկոտ, համառ, սակայն հուսալի անձնավորություն է: Սիրում է հարմարավետությունը, գեղեցիկ իրերը: Ցանկալիին հասնելու համար ոչ ուժ է խնայում, ոչ ժամանակ: Որպես թշնամի ծածկամիտ է ու նենգ: Ցուլի նշանի տակ ծնված մարդու մեջ թշնամության ու վրեժխնդրության զգացում կարելի է առաջացնել միայն, եթե շատ ջանքեր թափեք: Նրանք մարդու մասին համապատասխան կարծիք կազմում են միայն երկարատև ու հիմնավոր ուսումնասիրությունից հետո: Փոխարենը վրեժ ավելի կատարելագործված են լուծում, քան Խոյերը: Ցուլերի վրեժխնդրությունը, որպես կանոն, վիրավորանք հասցնողի գործունեության բոլոր ոլորտներում խոչընդոտներ ստեղծելն ու ուղիները փակելն է:

Եթե դուք ինչ-որ կերպ արժանացել եք նման թշնամի ունենալու «պատվին», ապա պատրաստեղեք, որ նա ձեզ համար վատ պայմաններ ու մթնոլորտ է ստեղծելու բոլոր այն տեղերում, որտեղ կկարողանաք ու կցանկանաք հայտնվել: Այսպես դուք կհայտնվեք մեկուսացման մեջ: Եվ եթե ինչ-որ մեկը փորձի ձեր կողմն անցնել կամ պաշտպանել ձեզ, ապա վերջինս նույնպես կանցնի Ցուլի «սև ցուցակն» ու ձեր բախտին կարժանանա: Իսկ որպեսզի կրկին Ցուլի ներմանն ու հարգանքին արժանանաք, երկար ու տանջալից, ներողություններով ճամփա պետք է հաղթահարեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿ (Gemini, 22.V–21.VI)

Ձեր առջև շփվող անձնավորություն է, որը հեշտությամբ ու հաճույքով է նոր կապեր հաստատում, ինքնատիպ ստեղծագործական մտածողություն ունի: Հմտորեն ղեկավարում է սեփական վարքն ու խոսքը: Ուժեղ ու անհաշտ թշնամի է: Երկվորյակների մեծ մասը հռչակավոր ու հարգարժան լինելու անհաղթահարելի ցանկություն ունի: Եվ քանի որ թեթև բնավորության պատճառով հաճախ նրանց այդքան էլ լուրջ չեն ընդունում, ապա նրանց վրեժխնդրության զգացումը շարժելը շատ հեշտ է: Արժանանալով Երկվորյակի թշնամու «պատվին»՝ դուք կարող եք ամենաանսպասելի բամբասանքների ու ապատեղեկատվության զոհ դառնալ:

Երկվորյակները տեղեկատվական թշնամանքի կողմնակից են, այնպես որ՝ ձեզ կարող են լուրջ վատություն անել միայն, եթե համակարգիչ ունեք. այսպես, օրինակ, կարող եք վիրուսով բեռնված նամակ ստանալ նրանից: Երկվորյակները փոփոխական բնավորություն ունեն, ուստի առավոտյան ձեզանից վրեժ լուծելու փափագն արդեն երեկոյան կարող է մարել: Եվ եթե մտածում եք, որ Երկվորյակի վրեժից վախենալ պետք չէ, ապա շատ սխալվում եք: Նախ, որովհետև մարդիկ հակված են հավատալու բամբասանքներին և ի վերջո կարող է ջրի երես դուրս գալ ու տարածվել ձեզ համար իսկապես ցավալի գաղտնիք: Եվ ընդհանրապես, այն միտքը, որ տեղեկատվությանը տիրապետողը տիրում է աշխարհին, այս նշանի մոտ բնազդային մակարդակում է դրված:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Նա որպես թշնամի վտանգավոր չէ, փոխարենը խորհրդավոր ընկեր է: Տրամադրությունը շատ փոփոխական է: Նա նուրբ է, բարի, բարյացակամ, պատրաստ է ձեզ համար ամեն ինչ անել... եթե իրեն լավ է զգում: Խեցգետնի վրեժի ամենից տարածված մեթոդը ձմռան ցուրտ գիշերին առանց վերարկուի ու գլխարկի տանից դուրս գալն է, որպեսզի վիրավորանք հասցնողն իրեն վատ զգա: Այս մեթոդը նա կիրառում է սովորաբար բոլոր դեպքերում, երբեմն` նույնիսկ առանց լուրջ պատճառի: Վրեժի մի ձև էլ նրա կողմից հարաբերությունները լրիվ խզելն է: Ընդ որում` այս դեպքում Խեցգետինը ձեզ ոչ մի կերպ ու ոչ մի պարագայում չի արձագանքի, նույնիսկ եթե խեղդվեք նրա աչքի առաջ, ներելու հավանականությունն էլ համարյա զրոյական է: Իսկ եթե Խեցգետնին լուրջ վիրավորանք հասցնեք, ապա հետևանքները կարող են անսպասելի լինել:

Զգալով իրենց ոչ այնքան մեծ ուժը` նրանք նույնիսկ ամենաթույլ մրցակցի դեմ ամենածանր վրեժի մեթոդները կարող են կիրառել: Բարկացած Խեցգետինը վտանգավոր է, սակայն շատ ավելի սարսափելի է ոչ թե նրա վրեժը, այլ հենց նրա վիրավորված լինելու հանգամանքը: Նա կարող է ստիպել ձեզ շատ երկար ժամանակ խղճի խայթ զգալ:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Առյուծները պաշտում են սիրախաղը` կին, թե տղամարդ: Նրանք առատաձեռն են ու մեծահոգի: Միևնույն ժամանակ բռնկուն են, նրանց հետ շփվելը բարդ է: Շատ ավելի լավ է նրան որպես լավ բարեկամ ունենալ: Իսկ եթե Առյուծը թշնամի է, ապա նրանից վախենալ պետք է միայն զայրույթի կամ գրգռվածության պահին: Առյուծի մեջ թշնամություն ու վրեժի զգացում հարուցելու համար բավական է միայն նրան խաբել: Իսկ նրան խաբելը ցանկության դեպքում բավական հեշտ է: Միայն թե հարց է ծագում` ինչո՞ւ խաբել:

Առյուծի նույնիսկ ամենաթեթև վրեժը մահվան նման սարսափելի է, իսկ բարդ իրագործմամբ պարզապես կործանիչ է (չնայած` գործը դրան շատ հազվադեպ է հասնում): Առյուծի վրեժի ամենատարածված ձևը ձեզ ցուցադրելն է, որ դուք լրիվ ոչնչություն եք և ձեզանից ոչինչ չեք ներկայացնում: Իսկ դա նա անում է սեփական օրինակի վրա` ցույց տալով, թե ինչ արժանիքներ ունի ինքը: Ընդ որում, եթե նա երբեք չի հետաքրքրվել այն գործով, որով դուք եք զբաղվում, պարտադիր կանի դա` ցույց տալու համար, որ կարող է դա ձեզանից լավ անել: Առյուծի վրեժ լուծելու մյուս ձևը հասարակության մեջ վիրավորողին դիմակազերծելն ու խայտառակելն է: Այսինքն` նա կպատմի բոլորին այն, ինչ մտածում է ձեր մասին, իսկ շրջապատի համակրանքը նրա կողմը կլինի (քանի որ համակրանքը միշտ Առյուծի կողմն է): Սրանով վրեժի թույլ ձևերը վերջանում են: Իսկ ահա Առյուծի դաժան վրեժը ոչ մի բանով չի վերջանում ու ոչ մի տեղ կանգ չի առնում:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Նրա վրա կարող եք հույս դնել ամեն ինչում: Եվ թող ձեզ չանհանգստացնի նրա ինքնամփոփությունն ու ծածկամտությունը: Վտանգի պահին այս մարդիկ ողջ պատասխանատվությունը վերցնում են իրենց վրա: Նրանց դժվար է թշնամի դարձնելը, սակայն եթե դա արդեն տեղի է ունեցել, ապա նա իսկական թշնամի կլինի` ուժեղ, խելացի ու նպատակասլաց: Դժվար է պատկերացնել, թե ինչ է պետք անել, որպեսզի Կույսը թշնամությամբ լցվի ձեր հանդեպ ու որոշի վրեժ լուծել, սակայն եթե գործն արդեն դրան է հասել, ապա նա կընտրի վրեժի ամենասարսափելի ձևը. նման դեպքերում երևակայության պակաս նա սովորաբար չի ունենում: Կույսի կենցաղային վրեժը շատ նուրբ է ու տարբերվում է մի առանձնահատկությամբ. նա, ումից վրեժ է լուծում, վերջինն է իմանում այդ մասին:

Օրինակ՝ նա կարող է ձեզ ներկայացնել արտաքինից անթերի փաստաթղթեր աննշան, բայց լուրջ վրիպակով. ահա սա է վրեժխնդրությունը Կույսի ձևով: Եվ ընդհանրապես, մյուս նշաններից ավելի Կույսերը հակված են պաշտոնական ու փաստաթղթային վրեժին:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեր առջև փափուկ, զգայուն և հեշտ վիրավորվող անձնավորություն է: Կշեռքները կարող են սենտիմենտալ լինել, երբեմն բամբասել. սակայն դա մաքսիմումն է, որին նրանք ունակ են որպես թշնամի: Սիրեք նրանց, և նրանք կլինեն ամենաբարին ու ամենանուրբը: Թշնամի չեն կարող լինել: Կշեռքները շուտ վիրավորվող են, սակայն իսկական թշնամություն անել չեն կարողանում: Նրանց վրեժխնդրությունն ավելի շատ երեխայական է: Այն դեպքում, երբ նրանց թվում է, թե արդեն շատ հեռուն են գնացել, չափից դուրս դաժան են վարվել, օբյեկտը, որին ուղղված է նրանց թշնամությունը, նոր միայն կարող է գլխի ընկնել, որ իր հետ թշնամացել են:

Մաքսիմումը, որին ունակ են Կշեռքները, վիրավորողին խոսքային մենամարտի կանչելն է, նրան մեղադրանքներ ներկայացնելն ու բացատրություն պահանջելն է: Սակայն մի ուժեղ կողմ, որ կարող են օգտագործել Կշեռքները թշնամություն անելիս, ամեն դեպքում կա: Նրանք կարող են, օրինակ, հմտորեն իրեն վիրավորողից խլել նրա համար թանկ մարդու համակրանքը: Դրանից բացի կարող են բարձրանալ կյանքի սանդուղքով՝ իր հետևում թողնելով նախանձով լցված վիրավորողին:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Առանց չափազանցնելու նրանք ամենահիշաչար մարդիկ են: Դրանից բացի, կարող են դաժան լինել և ունակ են վրեժխնդրության: Պետք է զգուշանալ Կարիճների թշնամությունն առաջ բերելուց: Աշխատեք նրանց ուժն ուրիշ ուղղությամբ շրջել՝ օրինակ սիրո... Կարիճների բնորոշ հատկանիշներից մեկը ամեն ինչ ու բոլորին կառավարելու ձգտում է, ամեն տեղ նա ունի իր հետաքրքրությունները: Հետևաբար, երբ ինչ-որ մեկը փորձում է խանգարել նրան, Կարիճն անմիջապես «թույնով է լցվում» ու շտապում է «կծել»:

Կարիճների վրեժխնդրության ձևերը տարբեր են, սակայն ամենից առաջ նրա գլխավոր նպատակը զոհին ոչ թե ոչնչացնելն է, այլ որքան հնարավոր է տանջալից բարոյական ցավ պատճառելը: Նրանք տիրապետում են բոլորի թույլ տեղերին, այնպես որ՝ ճիշտ տեղին հարվածելն էլ ոչ մի դժվարություն չի ներկայացնում նրանց համար: Կարիճների խայթոցից իմունիտետ ունեն միայն Երկվորյակները, քանի որ սովորաբար չունեն կամ էլ ծածկում են հոգու այն խորությունը, որտեղ Կարիճները սովոր են խայթել:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ակտիվ, գործունյա... այս մարդը պարզապես չի կարող ինչ-որ մեկի վրա երկար ժամանակ բարկացած մնալ: Նա ինքնավստահ է, ինտելեկտուալ-ինքնավստահ: Հաճախ հաջողակ է անձնական կյանքում, կարող է ցանկության դեպքում հեշտությամբ ծառայողական կարիերա անել: Աղեղնավորները անտանելի թշնամիներ են: Նրանց վրեժն սկսվում է արդարության ու սկբունքայնության մասին դասախոսություն կարդալուց, հետո այդ նույն արդարությունը պաշտպանելու համար համապատասխան նյութերը հավաքելով ու մեծ հասարակության առաջ վիրավորողին անարգանքի սյունին գամելով: Աղեղնավորները, ինչպես բոլոր սկզբունքային մարդիկ, նաև հիշաչար են: Եթե իրենց վիրավորողին 20 տարի հետո էլ հանդիպեն ու հնարավորություն լինի նրանից ինչ-որ կերպ վրեժ լուծել, առանց աչք թարթելու կանեն դա:

Աղեղնավորները բյուրոկրատական վրեժի կողմնակիցներ են: Նրանք, օրինակ, կարող են իրենց վիրավորած մարդուն փաստաթղթային քաշքշուքների մեջ ներքաշել, ստիպել հազարավոր դռներ ծեծել պետք եկած ստորագրությունը անհրաժեշտ թղթի տակ ստանալու համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հիմնավոր ու հուսալի է: Որպես թշնամի լուրջ քայլերի չի գնա, սակայն զուտ հոգեբանորեն «արյուն կխմի»: Խելացի ու սենտիմենտալ է: Հարգում է իր նման մարդկանց: Դժվար է պատկերացնել, թե ինչ պետք է անել Այծեղջյուրին հունից հանելու համար, քանի որ նա ինքն ում ասես ունակ է հունից հանել: Բայց եթե ենթադրենք, որ ձեզ հաջողվել է դա անել, ապա վրեժ, որպես այդպիսին, մեկ է՝ չի լինի: Պարզապես նա հանգամանալից կերպով կհասնի ձեզ բոլոր իրեն հասանելի շրջաններից հեռացնելուն և դրա համար հատուկ աշխատանք էլ չի անի:

Պարզապես նա ձեզանից առաջ ու ձեզանից լավ արդեն ուսումնասիրել է ամեն ինչ ու աշխատել այդ ուղղությամբ, այնպես որ՝ բոլոր խաղաքարտերը նրա ձեռքում են: Իսկ եթե նրա հակակրանքը ձեր հանդեպ անհասկանալի պատճառներով շատ մեծ չափերի է հասել, ապա նա կգործի նույն սխեմայով, ինչ Կույսը, միայն թե ավելի լայն մասշտաբներով: Եվ եթե Կույսին բավական կլիներ պարզապես փակել ձեր ջրի ծորակն ու հեռանալ, ապա Այծեղջյուրին պարտադիր պետք կգա նաև մնացած ջրի մեջ զզվելի նյութ լցնելն ու նստել-դիտելը, թե ինչ տեղի կունենա:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Արարքներում հաճախ անկանխատեսելի է, համառ է, մի քիչ այս աշխարհից չէ: Թշնամանալ չի կարողանում: Հարաբերություններում հուսալի է: Շատ բան կարող է ներել նրան, ում սիրում է: Վրեժ լուծել Ջրհոսները չեն սիրում ու չեն էլ կարողանում: Նրան հունից հանել այն աստիճան, որ նա սկսի վրեժ լուծել, փաստացի անհնար է: Պարզապես նրանց մոտ ի ծնե այնքան լավ է զարգացած հումորի զգացումը, որ ձեզ ծիծաղելի վիճակում կդնեն, մինչ դուք կհասցնեք բարկացնել նրանց: Եթե ցանկություն ունեք, կարող եք դա որպես վրեժ ընկալել: Իսկ իրենք այդպես չեն կարծում: Տիպիկ Ջրհոսը շատ նման է «Տանը միայնակի» հերոսին, նա ձեզ կիսամեռ վիճակի կարող է հասցնել՝ ինքն էլ դրա մասին գլխի չընկնելով:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կարող են հմայիչ լինել, կարող են և անտանելի դառնալ: Փոփոխական տրամադրություն ունեն, հաճախ բռնկուն են, զգույշ են նոր ծանոթություններ հաստատելիս: Նենգ ու «թունավոր» թշնամիներ են: Ձկներին վիրավորելը շատ հեշտ է: Սակայն այնպես վիրավորել, որ նրանց մեջ վրեժխնդիր լինելու ցանկություն առաջանա, կարող է միայն շատ մտերիմ մարդը: Մնացած վիրավորանքների մասին Ձկները հեշտությամբ են մոռանում: Իսկ վրեժ նրանք լուծում են բոլոր հնարավոր մեթոդներով, բացի պարզ ձևերից: Նրանք կարող են ինտրիգներ սարքել, վիրավորողի ճամփան կտրել այնտեղ, որտեղ նա դա ամենից քիչն էր սպասում ու բարդացնել նրա կյանքը բոլոր հնարավոր ձևերով:

Եթե այս ամենն օգուտ չտա, նրանք կարող են նաև ձեր մասին ամենասարսափելի լուրերը տարածել, միևնույն ժամանակ ձեզանից խիստ վիրավորված լինելով՝ նրանք իրենց այնպես կպահեն, որ դրա մասին դժվար կլինի գլխի ընկնելը: Կարիճներից ոչ ավելի պակաս նրանք կարողանում են նաև մարդու ամենացավոտ կողմերը գտնել, Աղեղնավորներից ոչ պակաս լավ կարող են բյուրոկրատական տանջանքների ենթարկել ու Կշեռքներից ոչ պակաս լավ կարող են հաղթել ինտելեկտուալ մենամարտերում: Երևի այսքանը բավարար է Ձկների վրեժի մասին պատկերացում կազմելու համար:

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 5931 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6