ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ժողովրդական բժշկություն. Ուրցի օգտակար հատկությունները
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 377 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Ուրցն (լատ.՝ Thýmus) օգտագործում էին դեռևս հին Հունաստանում, և խորհրդանշում էր խիզախություն: Հռոմեացի զինվորները խիզախություն և ուժ ավելացնելու համար լողանում էին ուրցի ջրով:

Դեղաբույսը բուժական առումով ունի կիրառման շատ հին պատմություն: Հին եգիպտացիներն այն օգտագործում էին որպես մարսողությունը լավացնող միջոց: Ավիցեննան բույսից ստացված եթերայուղը քսելու ձևով օգտագործել է գլխացավերի, իսկ ամբողջ բույսը բղկոցների, փսխման, ասթմայի, իսկ ողողումների ձևով՝ բերանի խոռոչի բորբոքումների և անգինայի ժամանակ:

Ամիրդովլաթը նշում է, որ դեղաբույսն առանձին կամ յուղի, գինու, մեղրի կամ այլ նյութերի հետ խառնած, բացում է օրգանների խցանումները, միզամուղ է, օգնում է դեղնուկի ժամանակ, զորություն է տալիս ուղեղին, ստամոքսին, կերակրի հետ ուտելուց օգնում է ատամնացավին, ասթմային, ուժեղացնում է տեսողությունը, մաքրում շնչուղիները խուխից, կանոնավորում է շնչառությունը, դուրս բերում կլոր և տափակ որդերը:

Թուրմը թրջոցների և լվացումների ձևով օգտագործում են աչքերի բորբոքական պրոցեսների դեպքում, քթով ներշնչելու ձևով` հարբուխի ժամանակ:

Արյան բարձր ճնշման դեպքում

Փոշիացրած 1 ճ/գ ուրցը խառնել 0,5 կգ մեղրին։ Ընդունել մեկական թ/գ, օրը 2-3 անգամ։

Խառնել իշառվույտի, ջղախոտի, ձիաձետի, ուրցի, սամիթի խոտերը (3։3։2։2։1)։ Հումքի 3 ճ/գ-ն 2 ժամ թրմել ջերմապահի մեջ 400 մլ եռջրով։ Քամել, խմել 100-ական մլ, օրը 4 անգամ։ Օգնում է հիպերտոնիայի սրացման դեպքում։ Խորհրդակցել բժշկի հետ։ 

Սկսվող հիպերտոնիայի դեպքում

Խառնել ուրցի, խնկածաղկի խոտերը, երիցուկի ծաղիկը (3։2։1)։ Հումքի 1 ճ/գ-ն մեկ ժամ թրմել 200 մլ եռջրում, քամել։ Խմել 50-ական մլ, օրը 3-4 անգամ, ուտելուց անկախ։ 

50 գրամ չոր ուրցի խոտին ավելացնել 500 մլ զտված սառը ջուր, եռացնել (5 րոպե կրակի վրա), թրմել 30 րոպե, քամել, ավելացնել 200 մլ բռնչի սովորականի (Viburnum) հյութ և 150 գ մեղր։ Լավ խառնել, լցնել ապակե տարայի մեջ, կիպ փակել։ Պահել հով տեղում։ Խմել 1 ճ/գ, խառնած 100 մլ ջրի հետ, օրը 2-3 անգամ։

Բրոնխիտի դեպքում

Խառնել ուրցի, խնկածաղկի խոտերը, դաղձի տերևը (4։1։1)։ Երեկոյան խառնուրդի 6 ճ/գ-ն լցնել ջերմապահի մեջ, ավելացնել 1 լ եռջուր, թրմել 10 ժամ, բաժանել մասերի, քամել, խմել օրվա ընթացքում։ Որպեսզի ժամանակի ընթացքում թուրմի օգտակարությունը չնվազի` 20 օրը մեկ խնկածաղիկը կամ դաղձը փոխարինել մասուրի պտուղով, սրոհունդով։ Բուժումը երկարատև է։

Ուրցով պատրաստուկների չափաբաժինը խախտելու դեպքում կառաջանա սրտխառնոց։ Ուրցը հակացուցված է լյարդի և երիկամների հիվանդությունների, ստամոքսի խոցի, առիթմիայի դեպքում, նաև հղիներին։

Դեղաբույսի երկարատև օգտագործումը, որպես բարդություն, կարող է առաջ բերել  նաև վահանագեղձի հիպոֆունկցիա:

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 377 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: Ժողովրդական բժշկություն, հետաքրքիր | Վարկանիշ: 0.0/0