Hushak.com
HY | RU

Ժողովրդական բժշկություն. Հոն

Ժողովրդական բժշկություն. Հոն

Հոնը մարդու ամենասիրելի պտուղներից մեկն է։ Դժվար թե գտնվի մի ընտանիք, որ ձմեռվա համար հոնի մուրաբա, կոմպոտ, հյութ կամ գոնե չորացրած հոն չունենա։ Դա նույնպես գալիս է դարերի ընթացքում կուտակված կենսափորձից՝ ժողովրդական բժշկությունից։ Հոնը պարունակում է մեր օրգանիզմի համար մի շարք կարևոր նյութեր` շաքար, օրգանական թթուներ, վիտամին C, դաբաղիչներ և այլն։ Տեղին է նշել, որ թվարկած նյութերի տեսակետից վայրի պայմաններում` անտառում աճած հոնն ավելի հարուստ է, քան այգում աճեցրածը։ Անտառի հոնի մեջ շաքարի քանակը հասնում է մոտ 9%֊ի, օրգանական թթուները կազմում են 2-3%, վիտամին C֊ն` 55 մ/գ%, սակայն այգում աճեցրած հոնի պտուղներն ավելի խոշոր, մսալի ու հյութալի են լինում։

Ժողովրդական բժշկության մեջ հոնը հայտնի է որպես լավագույն միջոց նյութափոխանակության, սակավարյունության, մաշկի հիվանդությունների, պոդագրայի և մկանային ցավերը բուժելու համար։ Առաջարկվում է պատրաստել հոնաջուր` մեկ բաժակ ջրի համար վերցնել մեկ ճաշի գդալ չոր հոն, դնել կրակի վրա, թողնել մինչև եռալը, վերցնել կրակից, թողնել 30-50 րոպե և օրական 3 անգամ կես բաժակի չափ խմել։

Հոնի հրաշալի դաբաղիչ հատկության շնորհիվ բժշկության մեջ այն օգտագործվում է ստամոքս-աղիքային համակարգի խանգարումների ժամանակ։ Հոնից պատրաստում են նաև դիետիկ ճաշատեսակներ, հատկապես մանկական պրակտիկայում։ Այն հրաշալի ախորժաբեր ու քրտնաբեր հատկություն ունի։ Հոնը թարմ վիճակում երկար պահելու համար պետք է այն մաքրել ավելորդ մասերից, վրան ցանել շաքարավազ ու պահել հով տեղում։ Այն կարելի է երկար պահել նաև շաքարահյութի` օշարակի մեջ։ Հոնը պետք է չորացնել շոգ օրերին, բայց ոչ արևի տակ (տանիքում և այլ տեղերում), փռելով որքան կարելի է բարակ շերտով, որ շուտ չորանա։ Հակառակ դեպքում՝ այն փչանում է։ Չորացրած հոնը ավելի լավ է պահել փայտյա ամանի մեջ, չոր տեղում։