ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ինչո՞ւ է մեզ նյարդայնացնում սեփական ձայնը ձայնագրության մեջ
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 594 | 22:00 Ավելացրեց: Moder-003

Ինչո՞ւ ենք նյարդայնանում՝ մեր սեփական ձայնը լսելով ձայնագրության մեջ: Ինչո՞ւ է այն թվում չափազանց ցածր, ճվճվան կամ բոլորովին ոչ այնպիսին, ինչպիսին մենք մտածում էիք նրա մասին: Ինչպե՞ս են իրականում այն լսում մեզ շրջապատող մարդիկ:

Վստահ ենք՝ մեկ անգամ չէ, որ ձեր ձայնը լսելով՝ ասել եք. «Մի՞թե սա ես եմ խոսում»: Ձեր գլխում հավանաբար այն բոլորովին այլ կերպ է հնչում: Իսկ ձայնագրության մեջ լսվող ձայնը ձեզ թվում է միանգամայն օտար ինչ-որ մեկի ձայնը՝ ավելի ճչացող, ավելի կոկորդային, ավելի կոպիտ կամ ավելի բարակ:

Լավ նորությունն այն է, որ դուք միակը չեք: Սեփական ձայնը ձայնագրված տարբերակով դուր չի գալիս ոչ մեկին, և դրա հետ մենք ոչինչ չենք կարող անել: Այլ հարց է, թե ինչու է դա այդպես, և ինչպես են իրականում մարդիկ լսում մեր ձայնը:

Մարդու ականջը կազմված է երեք բաժիններից՝ արտաքին, միջին և ներքին ականջից։ Արտաքին ականջը կամ ականջախեցին գտնվում է մեր գլխի արտաքին մասում, դա մեր լսողության օրգանի տեսանելի մասն է: Այն հավաքում է ձայնային ալիքները և լսողական անցուղիով դրանք ուղղում անցուղու վերջում գտնվող հատուկ թաղանթի՝ թմբկաթաղանթի վրա: Ականջի միջին հատվածը բաղկացած է լսողական 3 փոքրիկ ոսկրիկներից (մուրճ, սալ, ասպանդակ), որոնք թմբկաթաղանթի տատանումներից սկսում են թրթռալ: Նրանք ուժեղացնում են ձայնը և փոխանցում այն ներքին ականջին: Հենց այստեղ է գտնվում ականջախխունջը, որը վերափոխում է ձայնը ձայնային ազդակների և ուղարկում դրանք գլխուղեղ:

Յուրաքանչյուր ձայն, որը մենք ընկալում ենք, տատանումների հաջորդականություն է: Դրանք երեք ոսկրիկների միջոցով միջին ականջից փոխանցվում են ականջախխունջին:

Տատանումները, սակայն, մեր ականջին կարող են հասնել երկու տարբերակով՝ օդի միջով (այդպես մենք ընկալում ենք արտաքին ձայները՝ երաժշտությունը, կողմնակի խոսքը, սեփական ձայնը՝ ձայնագրության մեջ և այլն) և ոսկորների միջով (այդպես մենք ընկալում ենք մեր ներքին ձայները, այդ թվում՝ մեր ձայնալարերի տատանումները):

Ստացվում է՝ մենք մեր ձայնն ընկալում ենք որպես օդի և ոսկորների միջով փոխանցվող ձայների խառնուրդ: Բայց այդ ձայնը լսում ենք մենք և այլևս ոչ ոք:

Այս դեպքում մենք պարզապես չենք ստանում ոսկորների միջով փոխանցվող ձայնային տատանումները, այլ միայն այն ձայնը, որը փոխանցվում է օդի միջով: Մեզ ծանոթ ձայնի բաղկացուցիչ մի մասն անհետանում է, և արդյունքում մենք ստանում ենք անծանոթ հնչողություն:

Այստեղ ահա մեր ուղեղը մեզ հետ չար կատակ է խաղացել: Բանն այն է, որ մեր գլխում մեր ներքին ձայնը կարող է հնչել այնպես, ինչպես ցանկանանք:

Իրական կյանքում մեր ձայնը կարող է բոլորովին էլ այդպիսին չլինել, և հենց այդ տարբերությունն է, որ մեզ նյարդայնացնում է, երբ լսում ենք ձայնագրությունը:

Անշուշտ, սա այնքան էլ հաճելի ճշմարտություն չէ, բայց այն ձայնը, որը մենք լսում ենք ձայնագրության մեջ, այն ձայնն է, որ լսում են մյուսները (մասամբ, իհարկե, դա կախված է նաև ձայնագրության որակից): Դա այդպես է բոլորիս դեպքում, և հավատացեք, գրեթե ոչ ոքի դուր չի գալիս իր ձայնի ձայնագրությունը:

Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 594 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: հետաքրքիր | Վարկանիշ: 0.0/0