ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ծնողների հորոսկոպ
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 4430 | 15:00 Ավելացրեց: Moder-003

Խոյերը սիրում են երեխաներին ու հպարտանում նրանցով: Նրանք ցանկացած երեխայի մոտ համակրանք են առաջացնում: Խոյ ծնողները հասկանում են իրենց երեխաներին, նրանց համար ընկեր ու խորհրդատու են: Խոյ մայրերը հաճախ խիստ սկզբունքներ ունեն, սիրում են, երբ երեխաները առանց հակաճառելու ենթարկվում են իրենց: Նրանք պետք է կառավարեն իրենց ու ավելի համբերատար լինեն: Խոյերի բնական ցանկությունն ամենուր առաջինը լինելն է, նրանք նաև երեխաներին են փորձում ղեկավարել` հաշվի չառնելով նրանց բնավորությունն ու հակումները: Անհրաժեշտություն չկա երեխաներին սեփական փորձը պարտադրել, պետք է թույլ տալ նրանց դասեր քաղել սեփական սխալներից ու գնալ իրենց ուղով:

Ցուլն ամենից սիրառատ նշանն է: Ցուլ հայրերը մեծ ուշադրություն են նվիրում երեխաներին ու շատ բան էլ պահանջում նրանցից: Լինելով անկեղծ, արդար ու հուսալի` ձգտում են նման հատկանիշներ դաստիարակել նաև իրենց երեխաների մեջ: Նրանք համբերատար են, երբեք չեն շտապում: Ցուլերը պետք է խուսափեն երեխաներին ծայրահեղ նյութապաշտ դաստիարակելուց: Խուսափեք նրանց շքեղությամբ շրջապատելուց, տվեք երեխաներին առարկաներ, որոնք կօգնեն նրանց զարգացմանը (օրինակ, անիմաստ թանկ խաղալիքների փոխարեն նրանց համար երաժշտական գործիքներ գնեք):

Երկվորյակներն իրենք երեխաների նման են: Հաճախ ծնողական պարտականությունները նրանց համար ծանր բեռ են: Երկվորյակ ծնողները վստահում են երեխաներին, նրանց հետ շփվում են որպես հավասարը հավասարի հետ, սակայն այնքան էլ ուշադիր չեն նրանց հանդեպ ու հաճախ զարմանում են երեխաների կողմից արժանի հարգանքի բացակայությունից: Նրանց երբեմն չի հերիքում համառությունն ու խստությունը: Հաշվի առնելով այս նշանի թեթևամտությունը` նրանց երեխաները ստիպված են լինում իրենք ոտքի կանգնել. ծնողներն այս դեպքում դժվար թե նրանց համար հենարան լինեն:

Խեցգետիններն իդեալական ծնողներ են` համբերատար, սիրող երեխայի ցանկացած խնդրին մեծ ուշադրություն են դարձնում: Խեցգետին հայրերը հատկապես ուժեղ կապված են իրենց աղջիկների հետ: Խեցգետինները փորձում են երեխաներին մեծ ազատություն չտալ, անհանգստանում են նրանց համար, հաճախ երեխաներին ամուսիններից շատ են սիրում: Նրանք ուշադիր են, ձգտում են զարգացնել երեխայի տաղանդներն ու ունակությունները: Այս ծնողները նաև շատ նվիրված են իրենց երեխաներին: Նրանց դաստիարակության հարցում Խեցգետին ծնողներին, ըստ երևույթին, միայն խստությունն է պակասում:

Առյուծները հաճախ ինքնամոռաց սիրում են իրենց երեխաներին` չնկատելով նրանց թերությունները, ու չեն հանդուրժում երեխաների կողմից իրենց հանդեպ անհարգալից վերաբերմունքը: Նրանց սիրտը մշտապես բաց է երեխաների համար, և նրանք սովորաբար գնահատում են ծնողների ջանքերը: Առյուծները համարյա ողջ կյանքում լուծում են իրենց երեխաների խնդիրները, աջակցում են նրանց ցանկացած հարցում: Իսկ հետո լուծում են նաև թոռների խնդիրները:

Ամեն ինչի հստակ գիտակցումը դժվարացնում է Կույսերի ծնողական պարտականությունների կատարումը: Նրանց անհանգստացնում են այնպիսի հարցեր, որոնց մասին մյուս նշանի ծնողներն անգամ չեն էլ մտածում: Կույսերը համառորեն երեխաների մեջ կարգապահություն ու կայուն սովորույթներ են դաստիարակում: Նրանց երեխաների համար առաջնայինը պետք է գործը, ապա նոր միայն խաղը լինի: Կույս հայրերը հաճախ սիրառատ չեն. նրանց չի հերիքում համբերատարությունը, նրանք նյարդայնանում են երեխաների աղմուկից, շարժունությունից: Կույսերը մեծ նշանակություն են տալիս նաև երեխաների մտավոր զարգացմանը, հետևում են երեխաների ուսմանը:

Կշեռք ծնողները հարգում են երեխաներին ու նրանց մեջ նաև շրջապատի հանդեպ հարգանք են սերմանում, համագործակցում են նրանց հետ: Կշեռքների նպատակն ընտանիքում ներդաշնակության հասնելն է: Կշեռք հայր ունեցող երեխաները կարող են հույս դնել նրանց աջակցության ու խորհուրդների վրա: Այս ծնողները հեշտ ու նրբանկատ դաստիարակելու, համոզելու ունակություն ունեն, այս իսկ պատճառով էլ մեծ հեղինակություն են վայելում երեխաների մոտ: Կշեռքները շատ հազվադեպ են մեծ ընտանիքներ ունենում:

Սովորաբար Կարիճները մեծ ընտանիք են ունենում, սակայն դժվարությամբ են նրանում մարդկային հարաբերություններ պահպանում: Նրանք իշխող են, սեփականատիրական զգացում ունեն, երեխաների դաստիարակության մեջ առաջ են տանում իրենց գիծը, հպարտանում են իրենց երեխաներով: Կարիճների անսահման ինքնասիրությունը նաև նրանց երեխաներին է փոխանցվում: Կարիճ մայրերի մոտ հաճախ պակասում է մեղմությունն ու համբերատարությունը: Նրանք բռնկվող են, սակայն հեշտ են հանգստանում ու երեխաներին նույնիսկ ժամանակից շուտ ներում: Սպառնալիքները համարյա երբեք կյանքի չեն կոչում:

Աղեղնավորները հեշտությամբ են լեզու գտնում երեխաների հետ, մայրերը սիրում են նրանց ընկերակցությունը: Աղեղնավոր ծնողներն ակտիվ են, և ծնողական պարտականությունները նրանց ոչ մի կերպ չեն հոգնեցնում: Աղեղնավորները հյուրասեր են, նրանց տունը միշտ լի է հարևանների երեխաներով: Այս ծնողները մշտապես տեղյակ են երեխաների գործերից, նրանց խնդիրներից ու դպրոցի իրադարձություններից: Հաճույքով շփվում են իրենց երեխաների ընկերների հետ, մասնակցում ընդհանուր խաղերին:

Այծեղջյուրները հավատում են կարգապահությանն ու հաստատված կանոններին, ուժեղ ընտանեկան բնազդներով են առաջնորդվում: Սրանք գործնական մարդիկ են, ովքեր դաստիարակության մեջ դեմ են ժամանակակից թեորիաներին ու փորձարկումներին, հետևում են հասարակ ու փորձված մեթոդներին: Նրանք սիրում են ընտանեկան հավաքներն ու հարգում են ավանդույթները: Գործնական հարցերում Այծեղջյուրներից լավ ծնողներ չկան: Փոխարենը հոգեբանական հարցերը նրանց համար հաճախ անլուծելի են: Նրանք չափից դուրս ավանդապաշտ ու կանխատեսելի են իրենց վարքի մեջ, երեխաների համար էլ երբեմն ձանձրալի են:

Ջրհոսների երեխաները ժառանգում են իրենց ծնողների լայն հետաքրքրությունների շրջանակը: Այս ծնողները երեխաների մոտ վստահություն են վայելում, կարող են հեշտությամբ համոզել նրանց: Նրանց ընտանիքում լիակատար փոխըմբռնում ու ընկերական հարաբերություններ են՝ չնայած այն հանգամանքին, որ Ջրհոսները ոչ միշտ են ընտանիքին բավարար ուշադրություն ու ժամանակ հատկացնում: Ջրհոս ծնողներին հաճախ պակասում է խստությունն ու երեխաների արարքների հանդեպ քննադատական հայացքը, այնպես որ նրանց երեխաները հաճախ երես տված ու եսասեր են մեծանում:

Ձկները ընդհանրապես ունակ չեն դաստիարակել իրենց երեխաներին: Նրանց սերը երեխաների հանդեպ պաշտամունքի է հասնում, ինչն էլ վնասում է դաստիարակությանը: Իրենց էությամբ Ձկները պատրաստ են զոհաբերության և չեն կարողանում մերժել երեխաների հազար ու մի պահանջները: Ձկները հոգ չեն տանում երեխաների հոգևոր զարգացման մասին, սակայն ձգտում են նրանց համար հեշտ ու հաճելի կյանք ապահովել: Այսպիսի դաստիարակության հետևանքն էլ հաճախ ողջ կյանքը ծնողների ուսերին նստած ու նրանց հաշվին ապրող երեխաներն են լինում:

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 4430 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6