Աչքերի գաղտնի ուժը
| |
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 2677 | 22:00 | |
Կնոջ հայացքն իսկական զենք է, բայց հարկավոր է իմանալ` ինչպես գործածել այն: Ճիշտ օգտագործիր աչքերդ ու կգրավես ցանկացած տղամարդու։ Մինա Ազոդի Արդեն հայտնի է, որ շփման մեջ մարմնի լեզուն վճռորոշ դեր ունի. ձեռքի շարժումները, ոտքերի դիրքը և կեցվածքը հատուկ ազդանշաններ են արձակում: Սակայն այս ամենի մեջ ամենախոսունը աչքերն են: Ըստ Ոչ վերբալ ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Դեյվիդ Գիվենսի. «Աչքերով հաղորդակցումը միմյանց վրա ազդելու ամենակարևոր միջոցներից մեկն է: Իրականում աչքերով հաղորդակցվելու մեր ունակությունը էվոլյուցիոն բնազդ է»: Կենդանական աշխարհում աչքերով հաղորդակցումը գործի է դրվում գրեթե ամեն ինչի համար (օրինակ` որոշելու, թե ով է խմբում գլխավոր արուն, որը պետք է զույգ ընտրի): «Քանի որ կենդանիների դիմային մկաններն այնքան զարգացած չեն, որքան մերը, իրենց հույզերն ու մտքերն արտահայտելու համար նրանք հիմնվում են աչքերով հաղորդակցման վրա»,- բացատրում է Գիվենսը: Մարդիկ նույնպես օժտված են այդ ձիրքով: Եթե լավ տիրապետեն ճիշտ հայացք ընտրելու ունակությանը, կարող են ենթագիտակցորեն տարբեր ազդանշաններ ուղարկել դիմացինին: Մեր փորձագետները բացահայտել են այդ գաղտնիքը... Ցույց տուր տղամարդուն, որ համակրում ես իրեն Հայացքը։ Հայացքդ ուղիղ նրան սևեռիր, գլուխդ մի կողմ թեքած` մի քանի վայրկյան ժպտա, հետո անմիջապես ցած նայիր` հեռացնելով հայացքդ: Ինչու է դա օգնում։ Սա մայր բնության` ծանոթություն հաստատելու լավագույն միջոցն է: «Կոչվում է զուգավորման հայացք և խիստ բնորոշ է պրիմատներին, հատկապես՝ շնակապիկներին,- բացատրում է Rutgers համալսարանի մարդաբանության պրոֆեսոր Հելեն Ֆիշերը: - Էգ շնակապիկն անընդհատ կրկնում է այս հնարքը` հմայիչ արուին գրավելու և իր մոտ կանչելու համար»: Այս ռազմավարությունն ազդում է նաև տղամարդու հիմնական բնազդների վրա: «Տղամարդիկ արձագանքում են այս քայլին, քանի որ սեքսուալ հմայքը մեկնաբանող նշանները հազարավոր տարիներ առաջ էլ փոխազդեցության ու գոյության հիմքն են եղել»,- ասում է Ֆիշերը: Երբ տղամարդուն ես նայում, հետո մի կողմ դարձնում հայացքդ, այս «անհասանելիության» նշանը ենթագիտակցորեն հրահրում է նրան «որսալ» քեզ: Իսկ գլուխը թեք բարձրացնելը հետաքրքրություն է առաջացնում քո հանդեպ ու փոքր-ինչ հնազանդություն` տղային թույլ տալով մտածել, որ չի մերժվի, եթե մոտենա: Լռեցրու նախանձ մրցակցուհուդ Հայացքը։ Ուշադիր նայիր նրա ճակատին, հետո դեմքդ մի կողմ շրջիր` խուսափելու աչքերի հաղորդակցությունից: Ինչու է դա օգնում։ «Ուղիղ նրա ճակատի մեջտեղին (հոնքերից վերև) նայելը դիտվում է որպես հեռավորություն ու առավելություն, այսինքն` դու վերև ես նայում, ոչ թե նրան»,- ասում է Ֆիշերը: Իսկ գլուխը շրջելն ահաբեկող երանգ ունեցող շարժում է, որ բնորոշ է շիմպանզեների և գորիլաների նման պրիմատներին: «Շիմպանզեներն այն կիրառում են` իշխանություն արտահայտելու և ցույց տալու, որ իրենք առավել են և կարող են թաթը խմբի մյուս անդամների վրա դնել»,- բացատրում է Գիվենսը: Մարդկանց դեպքում էլ է նույնը. հայացքը թեքելով` բառացիորեն ասում ես. «Ես քեզնից ու այս խոսակցությունից վեր եմ, այնպես որ` մի կողմ քաշվի՛ր, վհո՛ւկ» (Մի կողմ քաշվի՛ր, վհո՛ւկ մասն ավելացրեցինք, քանի որ լիովին վստահ ենք` շիմպանզեներն էլ հենց այդպես կասեին, եթե խոսել կարողանային: Շահիր տնօրենիդ վստահությունը Հայացքը։ Եթե տնօրենդ կին է, ուղիղ նրան ես նայում ու հայացքդ այդպես պահում: Իսկ եթե տղամարդ է, մոտ կես րոպե ուղիղ աչքերի մեջ ես նայում, հետո մի քանի վայրկյան իջեցնում ես հայացքդ` հետո նորից նայելու համար: Ինչու է դա օգնում։ Տղամարդ և կին տնօրենների հանդեպ ռազմավարություն առանձնացնելով` դու կարևորում ես սեռերի էվոլյուցիոն խիստ տարբերակումը, ինչը քեզ որոշակի առավելություն է տալիս: Ահա թե ինչ է պետք իմանալ, երբ տնօրենդ կին է: «Կանայք գիտեն` ինչպես հարգանք ցուցաբերել մեկը մյուսի հանդեպ` «հաղորդավարական հայացք» գցելով միմյանց վրա,- բացատրում է Ֆիշերը: - Նրանք ուղիղ միմյանց են նայում՝ էմոցիոնալ կապ հաստատելու համար: Հենց դա է պատճառը, որ նրանք տղամարդկանցից ավելի լավ են կարողանում հասկանալ` ինչ է զգում դիմացինը կամ ինչ է մտածում»: Իհարկե, կարիք չկա աչքերը չռած տնօրենին նայել: Պարզապես խոսակցության ընթացքում աչքերով հաղորդակցվիր, օրինակ` երբ հարցը որևէ փաստաթղթի է վերաբերում կամ ուզում ես համակարգչիդ էկրանի վրա ինչ-որ բան ցույց տալ: Եվ պետք չէ անտարբերությամբ ցած նայել կամ ուրիշ կողմ, երբ նա խոսում է: «Ենթագիտակցորեն կմտածի, որ փորձում ես խուսափել որևէ բանից»,- ասում է Ֆիշերը: Իսկ ահա տղամարդ տնօրենի հետ աչքերով ուղիղ հաղորդակցումը նրա կողմից դիտվում է որպես ձեռնոց` իր հեղինակությանը: «Նախնադարում ուղիղ միմյանց աչքերի մեջ նայելը թշնամուն ահաբեկելու միջոց էր, զենք, որը լայնորեն կիրառվում է կենդանական աշխարհում, և որն այսօր էլ իսկապես ներքին մղում է համարվում»,- ասում է Ֆիշերը: Ուստի հավասարակշռություն մտցրու` երբեմն-երբեմն իջեցնելով հայացքդ, որպեսզի կարողանաս ատահայտել հարգանք և ոչ թե` մարտահրավեր: Կարողացիր համոզել դիմացինիդ Հայացքը։ Քո կարծիքն արտահայտելիս աչքերով հաղորդակցման ժամանակ բարձրացրու հոնքերդ: Ինչու է դա օգնում։ «Երբ շնակապիկն ուզում է իշխանություն հաստատել, ուշադիր նայում է` հոնքերը վերև-ներքև շարժելով,- բացատրում է Գիվենսը: - Հոնքերը բարձրացնելն ավելի ազդեցիկ է դարձնում աչքերով հաղորդակցումը` հայացքը սովորականից ավելի համոզիչ դարձնելով»: Մենք նույնպես ունենք այս հակումը: «Ուշադրություն դարձրու և կտեսնես, որ քաղաքական գործիչներն ու հրապարակախոսները, ովքեր համոզելու մեծ ձիրք ունեն, խոսելիս միշտ այդպես են անում»,- ասում է Գիվենսը: Հոնքերը բարձրացնելն ավելի ազդեցիկ է դարձնում աչքերով հաղորդակցումը` հայացքը սովորականից ավելի համոզիչ դարձնելով: Այնպես արա` շուտ ներման արժանանաս Հայացքը։ Աչքերդ կախ գցիր, գլուխդ առաջ խոնարհիր, ասես աղոթում ես: Ինչու է դա օգնում։ Այս դիրքում դեմքդ բոլորովին չի երևում: Հայացքն ու գլուխը կախելը հնազանդության կեցվածք է, այսինքն` դիմացինին զգացնել ես տալիս, որ ընդունում ես սխալդ: Այս քայլով նաև խանգարում ես նրան սրել իրավիճակը: «Երբ կենդանիներին նման հարգանք ես ցույց տալիս, չեն հարձակվում,- ասում է Գիվենսը: - Սա հատուկ է կենդանական աշխարհի համարյա բոլոր ներկայացուցիչներին: Պրիմատներից սկսած մինչև սողունները` բոլորն այսպես են հաղորդակցվում աչքերով»: Երբ սխալ ես թույլ տալիս, փորձիր հաղորդակցման այս տարբերակը: Դա ի զորու է կանխել անտեղի բարկությունն ու վիճաբանությունը: |
|