ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղակերպի հակադիր նշանների համատեղելիությունը
Բաժին: Համատեղելիություն | Դիտումներ: 5913 | 15:00 Ավելացրեց: Moder-003

Ֆիզիկոսների մոտ ամեն ինչ պարզ է ու հասարակ, երկու հակադիր նշանները՝ պլյուսն ու մինուսը, ձգում են միմյանց: Սակայն կյանքում ամեն ինչ շատ ավելի բարդ է: Շատ հազվադեպ է պատահում, որ տարբեր բնավորությամբ ու խառնվածքով կինն ու տղամարդն իրար հանդիպելով՝ սիրահարվեն: Կյանքի հանդեպ տարբեր հայացքներ ունեցող ու տարբեր ճաշակների տեր մարդիկ, որպես կանոն, ընդհանուր շփման եզրեր չեն գտնում ու դուր չեն գալիս միմյանց: Սակայն երբեմն ստացվում է այնպես, որ երկու հակադրությունները հանդիպում են հետաքրքրության, միմյանց ուսումնասիրելու համար ու ընտանիք են ստեղծում: Արևմտյան երկրներում աստղագետները այս կապերը խորհուրդ չեն տալիս, իսկ Հնդկաստանում գտնում են, որ հակադիր մարդկանց ամուսնությունից ավելի խելացի ու ներդաշնակ երեխաներ են ծնվում, քանի որ նրանք իրենց են վերցնում ծնողների հատկանիշները, որոնք նման չեն միմյանց:

Աստղակերպի ամեն նշան ունի իր հակադիր նշանը: Հակադիր զույգերը 6-ն են՝ Խոյ - Կշեռք, Երկվորյակ - Աղեղնավոր, Ցուլ - Կարիճ, Առյուծ - Ջրհոս, Խեցգետին - Այծեղջյուր և Կույս - Ձկներ:

Խոյ-Կշեռք

Խոյերը ինքնուրույն են, Կշեռքները՝ անվճռական: Խոյը պետք է անդադար առաջ շարժվի, իսկ Կշեռքներին պետք է նախ ամեն ինչ դիտել ու կշռադատել: Համատեղ կյանքի սկզբնական շրջանում այս զույգը կարող է իր համար շատ նոր բաներ բացահայտել, սակայն ժամանակի ընթացքում նրանց միջև ուժեղ ձգողականությանը փոխարինելու են գալիս Կշեռքների օտարացումն ու Խոյերի մարտական տրամադրվածությունը: Կշեռքի ու Խոյի միջև հարաբերություններն անկայուն են դեռ երիտասարդ տարիքից, իսկ որպեսզի նրանք մինչև ծերություն միասին լինեն, զիջումների պատրաստ Կշեռքը պետք է փորձի հանգստացնել մարտական Խոյին: Միայն Կշեռքի իմաստնությունն ու նրբանկատությունը կօգնեն հարթել այս զույգի հարաբերություններում առաջ եկած սուր անկյունները:


Ցուլ-Կարիճ

Ցուլն ավելի մեծ նշանակություն է տալիս սեփական գումարին, իսկ Կարիճը՝ ուրիշների ֆինանսներին: Որպեսզի այս զույգի միջև հարաբերությունները կայունանան, Կարիճը չպետք է Ցուլի հետ գումարի պատճառով վիճի, իսկ Ցուլը պետք է Կարիճի ցանկություններին ընդառաջ ավելի զիջող լինի: Այս կապը կարող է երկար տևել, եթե երկուսն էլ եսասիրության, խանդի ու համառության զգացումներին չտրվեն: Նրանց երկուսին էլ պակասում է դիմացինին լսելու ու չընդհատելու կարողությունը: Մեծ դեր այս միության մեջ խաղում են երեխաները, որոնք կարող են ընդմիշտ կապել այս հակադրություններին:


Երկվորյակ-Աղեղնավոր

Երկվորյակները նախընտրում են կոնկրետ գիտելիքները, իսկ Աղեղնավորին բավական է ընդհանուր ինֆորմացիան: Սակայն այս երկու հակադրությունների միջև միությունը հաճախ է հանդիպում, քանի որ երկուսն էլ սիրում են շփումները ու ծանոթության սկզբում կարողանում են լեզու գտնել: Երկուսն էլ հեշտությամբ են վերելքներ հաղթահարում, սիրում են ճամփորդել ու փոխել պայմանները: Սակայն նրանց միջև հարաբերությունները հեռու են իդեալական լինելուց: Աղեղնավորները ապագայի համար չափից դուրս մասշտաբային պլաններ են կազմում, իսկ Երկվորյակը սիրում է ներկայով ապրել: Բացի այդ, Երկվորյակներն էլ, Աղեղնավորներն էլ սիրում են սիրախաղը:


Այծեղջյուր-Խեցգետին

Այս կապը կարելի է անվանել միություն ծերուկի ու երեխայի միջև: Երազկոտ Խեցգետնի համար կյանքում կարևորը ընտանիքը, երեխաներն ու մարդկային հարաբերություններն են, իսկ մատերիալիստ Այծեղջյուրի համար ավելի կարևոր են կարիերան, գործընկերների հետ փոխհարաբերություններն ու ընտանեկան հարմարավետությունը: Խեցգետինը դժվարությամբ է հարմարվում ինքնամփոփ ու հույզերի հարցում սառը Այծեղջյուրի հետ, վերջինիս էլ իր հերթին նյարդայնացնում է Խեցգետնի մելանխոլիկ տրամադրությունն ու կասկածամտությունը: Խեցգետնի չափից դուր մեծ հուզականությունն ու Այծեղջյուրի սառնասրտությունը հաճախ կոնֆլիկտների ու հարաբերությունների խզման են հանգեցնում: Իդեալական այս միությունը կարող է լինել միայն մեծ տարիքում:


Առյուծ-Ջրհոս

Առյուծն ամեն ինչում սրտին է հետևում, իսկ Ջրհոսը մտավոր հաշվարկով է գործում: Ջրհոսը ցանկանում է առանձնանալ ամբոխից, իսկ Առյուծը ձգտում է բոլորին զարմացնել ու հիացնել: Այս երկուսի միջև միությունը հազվադեպ է պատահում: Հենց առաջին հանդիպումից ազատասեր Ջրհոսը նյարդայնացնում է Առյուծին, ով ձգտում է դոմինանտել հարաբերություններում: Նրանց միջև կապը գոյության իրավունք կունենա, եթե երկուսն էլ ապրեն իրենց սեփական աշխարհում՝ դրա հետ մեկտեղ աչք փակելով մեկը մյուսի հակադիր հայացքների վրա: Իսկ եթե Առյուծը փորձի կառավարել ու ճնշել Ջրհոսին, վերջինս պարզապես կհեռանա: Ջրհոսի համար ընտանեկան կապերից ավելի կարևոր է ազատությունը:


Կույս-Ձկներ

Այս կապը բացառություն է, քանի որ պրակտիկ Կույսի ու երազկոտ Ձկների միջև ոչ մի ընդհանուր բան չկա: Կույսի համար կարևոր են աշխատանքից ստացված կոնկրետ արդյունքները, իսկ Ձկները նախընտրում են փախչել գործերից: Եթե նրանք ինչ-որ հրաշքով իրար կողքի հայտնվեն, ապա ճակատագիրը շատ արագ կբաժանի նրանց՝ երկուսի միջև փոխադարձ հարգանքի ու հասկացողության բացակայության պատճառով:

Բաժին: Համատեղելիություն | Դիտումներ: 5913 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: աստղակերպ | Վարկանիշ: 5.0/7