ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 12643 | 20:00 Ավելացրեց: Moder-003

ԱՐԺԱՆԻՔՆԵՐԸ

Զգայուն ու խոցելի նշան է: Խեցգետինն օժտված է լավ կանխազգացմամբ, հաճախ հակվում է դեպի միստիցիզմը: Արտաքուստ ոչ միշտ է լավ տպավորություն թողնում, ընկալվում իբրև ինքնամփոփ և ոչնչով աչքի չընկնող մարդ: Այդ տպավորությունը Խեցգետնի՝ առանձնապես աչքի չընկնելու և պաշտպանվելու երկարատև ջանքերի արդյունք է: Խեցգետինը հաճախ պաշտպանվում է, երբ դեռ ոչ ոք չի էլ հարձակվել: Սակայն այդ «զրահի» տակ թաքնված է քնքուշ և նրբազգաց հոգի: Նրա վստահությունը շահած մարդը երբեք չի զղջում: Խեցգետինն իր ճշմարիտ մտերիմ-բարեկամներին սիրում է անկեղծ և հասկանում: Այս նշանը մեծապես ազդվում է Լուսնից:

ՀՈՎԱՆԱՎՈՐՈՂ ՄՈԼՈՐԱԿԸ՝ ԼՈՒՍԻՆ

Լուսնի հովանավորությամբ ծնված մարդիկ ապրում են իրենց երևակայության, պատրանքների աշխարհում: Ուժեղ ինտուիցիա ունեն, կանխատեսման շնորհք: Նրանք կարող են թափանցել ենթագիտակցության խորքերը: Լուսնի մարդկանց ստեղծած արվեստի գործերը միշտ մելամաղձոտության կնիքով են դրոշմված:

ԲՈՒՅՍԸ՝ ԼԵՌՆԱՎԱՐԴ

Լեռնավարդը (ազալիա) սենյակային ամենագեղեցիկ ծաղիկներից է: Այնքան ծաղիկներ է տալիս, որ տերևները չեն երևում: Նա օժտված է տանտերերի էներգետիկան զգալու և կարգավորելու ունակությամբ: Եթե ուժասպառ եք, նա սնուցում է ձեզ, եթե բարկացած եք` հանում է ավելորդ էներգիան, թույլ տալիս, որ բացասական լիցքերն իր վրա թափվեն: Ինչպես Խեցգետնի նշանի ցանկացած շնչավոր, Լեռնավարդը ևս զգայուն է, նուրբ, խոցվող: Մարդկանցից նա համակրում է Ձկներին, Կարիճին, Ջրհոսին, Կշեռքին, Այծեղջյուրին, Ցուլին, իսկ Խոյի ու Աղեղնավորի հետ այնքան էլ լավ չէ:

ԽԵՑԳԵՏՆԻ ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Ինտերիեր. Նրա տանը բազմաթիվ հնաոճ իրեր կան, որ հուշեր են արթնացնում ու սրտամոտ են նրան: Բայց դրանցից ոչ մեկը նրան անպետք չի թվում, և ոչ մի բան պետք չէ դուրս նետել: Նա շատ սենտիմենտալ է, և նրա տունը իր ներաշխարհի մի մասն է, որտեղ ոչ ոք իրավունք չունի խցկվելու և խառնելու:
  • Հագուստի հարցում Խեցգետնին դուր են գալիս կանաչի, երկնագույնի՝ ծխային, խլացված երանգները, ինչպես նաև արծաթագույնն ու սպիտակը:

ՄԱՐՄՆԻ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՍԸ՝ կրծքավանդակը:

ՏՂԱՄԱՐԴ-ԽԵՑԳԵՏԻՆ

Թե ինչպես նա կկարողանա «պոկվել մորից», ըստ այդմ էլ կպայմանավորվի նրա ողջ կյանքը: Տղամարդ-Խեցգետինն ամեն առիթով կին է փնտրում: Խեցգետինը ռոմանտիկ խառնվածքի տեր է, որը երազում է կատարյալ սիրո մասին: Նրա երևակայությունը գերազանցում է կենսափորձին: Եթե նրա առաջին սիրային փորձը իրականանա առանց խոչընդոտի, նրա նրբությունն ու հուսալիությունը հիանալի սիրեցյալ կդարձնեն նրան: Խեցգետինն առանց սիրո սեքս չի ընդունում՝ փորձելով զգացմունքներով հագեցնել անգամ պատահական կապերը: Սա այն տղամարդն է, ով կարող է սիրահարվել պոռնիկին: Խաբված ու հիասթափված Խեցգետինը հուսահատության պահին ընդունակ է դիմել սպանության կամ ինքնասպանության:

ԿԻՆ-ԽԵՑԳԵՏԻՆ

Կին-Խեցգետինները երկու տեսակ են լինում: Առաջինը գրավիչ, քնքուշ, անգամ ամաչկոտ է: Սեքսի զուգընկերոջն ընդունում է հոր պես և ենթարկվում նրան ստրկուհու նման: Մյուս տեսակը մեծամիտ է, պարծենկոտ, ինքն իրեն ներշնչում է իր անմատչելիության մասին հեքիաթներ՝ արդյունքում մնալով «պառաված օրիորդ»: Նրանք թեպետ շատ զգայուն են, բայց ձգտում են ուժեղ երևալ: Արագ կարող են լքել սեքսի զուգընկերոջը, քանի որ վախենում են ուրիշից կախվածության մեջ ընկնելուց, թեև սրտի խորքում միայն այդ են երազում:

ԻՆՉՊԵՍ ՀՐԱՊՈՒՐԵԼ ԽԵՑԳԵՏՆԻՆ

Գեղեցիկ կինը գայթակղում է տղամարդ Խեցգետնին, մտավորականը՝ հմայում, բարեհոգին ու բարեսիրտը հուզում է նրան, սիրողն ու հասկացողը՝ նվաճում: Նա կնոջ մեջ սովորաբար մայր է փնտրում: Բայց նաև բոլոր ջրային նշանների պես բարձր է դասում սերը: Նա ինքը նուրբ ու կրքոտ սիրեկան է, նաև խիստ զգայուն: Նրան հրապուրելու համար ինքդ էլ պետք է այդպիսին լինես, ցույց տաս քո համակրանքը նրա հանդեպ: Հակառակ դեպքում նա կարող է տարիներով սիրել քեզ, բայց այդպես էլ չխոստովանել:

ԾՆՈՂ-ԽԵՑԳԵՏԻՆ

Տղամարդ-Խեցգետինն իր երեխային կարող է ավելի մեծ ուշադրություն դարձնել, քան կնոջը: Նա կատարյալ ծնող է՝ զգայուն ու հոգատար: Պարզապես մի քիչ խիստ է ու շատ սիրառատ: Բայց ինտուիցիայով կարողանում է ճիշտ դաստիարակել երեխաներին:

ԵՐԵԽԱ-ԽԵՑԳԵՏԻՆ

Ներաշխարհը անչափ հարուստ է, բայց նրանք միշտ չէ, որ կարողանում են հստակ արտահայտել իրենց պահանջմունքներն ու մտքերը: Փոքրուց խիստ վիրավորվող են, և ինքնադրսևորվելու համար նրանց անհրաժեշտ է մշտական վստահության և անվտանգության մթնոլորտ:

ԽԵՑԳԵՏՆԻՆ ՀԱՐՄԱՐ ԵՆ...

  • Եթե ցանկանում եք ձեզ լրացնող մեկին, եթե ուզում եք իրականցնել ձեր մտահղացումները, ընտրեք Այծեղջյուրին: Դա համապատասխանում է աստղագուշական կանոններին:
  • Եթե ձեզ անհրաժեշտ է աջակցություն, խորհուրդ ու հենարան, ամուսնացեք Խոյի հետ:
  • Եթե դուք փնտրում եք ձեր նմանին, եթե ձեզ անհրաժեշտ է երկուստեք եսասիրություն, ընտրեք ձեր նշանը՝ Խեցգետին: Դա հարազատ հոգիների սերտ միությունն է:
  • Եթե մեծահոգի եք և ուզում եք օգնել, կարեկցել, ձեր կյանքը կապեք Կշեռքի հետ:
  • Եթե դուք թեթևամիտ եք, սիրում եք փայլ, բարձր հասարակություն, եթե սրամիտ եք, նրբագեղ, սնոբ ու էսթետ, ընտրեք Կարիճին:
  • Եթե ուզում եք դեգերել ցանկասիրության ճիրաններում, եթե չեք վախենում տառապանքից, եթե պատրաստ եք տրվելու ու ենթարկվելու, ամուսնացեք Ջրհոսի հետ:
  • Եթե կրքոտ սեր եք ուզում, եթե ուզում եք, որ ձեզ պաշտեն ու երկրպագեն, իսկ ինքներդ եսասիրությունից այն կողմ չեք անցնում, եթե ուզում եք վայելել ձեր իսկ հրահրած կրքի պտուղներն, իսկ ինքներդ անտարբեր եք, ընտրեք Աղեղնավորին:
  • Եթե ձեզ դուր են գալիս սրամիտ բանավեճերը, անկայունությունը, սեր-ընկերություն երևույթը, միացեք Ցուլին: Ձեր զգացմունքները կարող են խորունկ ու երկարատև լինել: 

ԻՆՉՊԵՍ ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ ԽԵՑԳԵՏՆԻՑ

Նախ հաճախակի նեղեք նրան հիմար հարցերով՝ ինչու է տխուր հիմա, ինչն էր անհանգստացնում երեկ՝ երբ տխուր էր... Հաճախ նրան քարշ տվեք աղմկոտ երեկույթներ և թույլ մի տվեք, որ մի պահ անգամ առանձնանա գարեջրի իր գավաթով և խանդավառված նրա թեկնածությունը դրեք հավաքույթների գլխավոր դերերի համար. թող բաժակաճառերի առյուծի բաժինն իր վրա վերցնի որպես թամադա ու... խայտառակ կլինի ներկաների առջև: Տունդարձին հետաքրքրվեք՝ չի՞ ուզում արդյոք վաղն էլ մեկ ուրիշ զվարճանքի գնալ ձեզ հետ... Շուտով Խեցգետինը կգոլորշիանա նման երեկույթներից մեկում, և դուք տուն կդառնաք միայնակ...

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 12643 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: աստղակերպի նշանները | Վարկանիշ: 5.0/9