ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Տարվա և ամսվա համադրությունը. ԽՈՅ (Մաս 1-ին)
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 3883 | 12:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ-ԱՌՆԵՏ

Այս երկու նշանների միությունը յուրատեսակ որակներով անձնավորության է ծնունդ տալիս: Առնետի զգուշությունն ու ուժեղ ինտուիցիան մեղմացնում են Խոյի համառությունն ու ագրեսիվությունը: Նշանների այս համադրությամբ մարդը խելացի է, խորամանկ, չափի մեջ շփվող: Ցանկացած իրավիճակում իրեն հրաշալի ռազմավարի նման է դրսևորում, այնպես որ՝ նրա կյանքում անակնկալներ չեն լինում: Խոյ-Առնետը չի վախենում դժվարություններից, հակառակը, ուժերի ներհոսք է զգում. նրա համար ցանկացած խոչընդոտ մարտահրավեր է, այլ ոչ թե տխրելու պատճառ: Այս գործունյա մարդը հիացմունք է առաջացնում, նրա էներգիան ու հնարամտությունը սահմաններ չունեն: Ճիշտ է, նա միշտ չի կարողանում հաղթահարել սեփական անզսպությունն ու բռնկուն լինելը: Բայց անփոփոխ է մի բան՝ Խոյ-Առնետը վճռական ու նպատակասլաց մարդ է:

Բնութագիրը

Իր բազմաթիվ ծանոթներից յուրաքանչյուրի համար Խոյ-Առնետը կարողանում է անհրաժեշտ բառեր գտնել: Սուր խելքն ու նուրբ հոտառությունը նրա գլխավոր արժանիքներն են: Կարողանում է թաքցնել իր իրական մտքերը, այնպես որ՝ շատ լավ է լեզու գտնում բոլորի հետ: Միշտ բարի է, քաղաքավարի, բայց է շփման համար, սակայն իսկապես վստահում է միայն սահմանափակ քանակի մարդկանց: Խոյ-Առնետի ընկերները կարող են ամբողջությամբ վստահ լինել նրա վրա. այս մարդը չի խաբի ու չի դավաճանի: Ճիշտ է, իր շանսն էլ բաց չի թողնի. ամեն դեպքում սեփական հետաքրքրությունները նրա համար ամեն ինչից վեր են: Նրբությունը, զգացմունքայնությունը, ռոմանտիկությունը այն հատկանիշներն են, որոնք Խոյ-Առնետը շատ հազվադեպ է դրսևորում: Իսկ ահա խնայողությունը, հավաքվածությունը, սթափ դատելու ունակությունը նրան միշտ են ուղեկցում:

Խոյ-Առնետն առանձնանում է հետաքրքրասիրությամբ ու աշխատասիրությամբ, մեծ ոգևորվածությամբ, իսկ որ ամենակարևորն է՝ առանց վախենալու է ստանձնում ցանկացած աշխատանք: Նրա հետ հաճելի է գործ բռնել. այս քաղաքավարի, շփվող մարդը հիանալի գործընկեր է: Չնայած՝ Խոյ-Առնետի արտաքին հանգստությունը չպետք է մոլորության մեջ գցի: Սթրեսային իրավիճակում նա իրեն շատ ագրեսիվ է պահում: Ինքնապահպանման ուժեղ բնազդը նրան ստիպում է ամբողջությամբ կենտրոնանալ թշնամու դեմ պայքարի վրա՝ մոռանալով քաղաքավարության կանոնների մասին: Խոյ-Առնետը հատկապես սուր է արձագանքում մարդկանց՝ իրենցը պնդելու համառ ցանկությանը: Այս մարդը պատրաստ է փոխզիջման, բայց երբեք չի ենթարկվի ուրիշի կամքին: Ընդունում է միայն հարգալից վերաբերմունքը, չի հանդուրժի վիրավորանքներն ու սկանդալները:

Այս էներգիայով լի ու նպատակասլաց մարդը ձգտում է կայանալ կյանքի բոլոր բնագավառներում: Խոյ-Առնետը, չնայած առանձնանում է իմպուլսիվությամբ ու հուզականությամբ, բայց երբեք չմտածված գործողություններ չի անում: Իր էներգիան անհրաժեշտ հունի մեջ դնելու ունակություն ունի: Ինտուիտիվ կերպով զգում է՝ արդյոք արժե ստանձնել գործը, թե՞ ավելի լավ է հետ քաշվել: Դա է պատճառը, որ Խոյ-Առնետը հազվադեպ է ճաշակում պարտության համը, իսկ առավել հազվադեպ՝ հաշվում կորուստները: Նա միշտ շարժման մեջ է, ակտիվ մասնակցում է հասարակության կյանքին: Մտերիմները միշտ կարող են հույս դնել Խոյ-Առնետի աջակցության կամ գոնե բարի խորհրդի վրա: Սուր խելքն ու պրագմատիկ լինելը նրան օգնում են իրադարձությունների հետագա զարգացման լավագույն տարբերակն ընտրել:

Սիրո մեջ

Գործնականության, ռացիոնալ մտածելու հակվածության հետ միասին Խոյ-Առնետներն առանձնանում են նաև հարուստ երևակայությամբ, որոշ միամտությամբ ու նույնիսկ խոցելիությամբ: Սրբորեն հավատում են առաջին հայացքից սիրուն, երազում են ամուր ընտանիքի մասին, ինչը չի խանգարում նրանց կարճատև սիրավեպեր ունենալ: Բոլոր դեպքերում գերակտիվությունն ու արկածներին ձգտումն իրենցն ասում են: Սակայն Խոյ-Առնետները լավ են հասկանում՝ մակերեսային հարաբերությունները կարող են հաճույք պատճառել, բայց կայուն ապագայի երաշխիք չեն:

Մարդկանցից լավ գլուխ հանելու բնածին ունակությունը Խոյ-Առնետին օգնում է կյանքի արժանի ընկեր գտնել, հաճախ նա երջանիկ է ամուսնության մեջ: Սիրահետումների շրջանում նախընտրում է իր զգացմունքն արտահայտել կոնկրետ գործերով, այլ ոչ թե խոսքերով: Իրեն համարձակ է պահում, բայց չի մոռանում պատշաճության մասին: Ընտանեկան կյանքում փորձում է խուսափել անհարմար իրավիճակներից, նախընտրում է կոնֆլիկտներին խաղաղ լուծում տալ: Սակայն թույլ չի տա երկրորդ կեսին ղեկավարել իրեն, առավել ևս՝ չի հանդուրժի դավաճանությունը:

Կարիերան

Փառասեր Խոյ-Առնետի համար դժվար է պարտության հետ հաշտվելը, նա միայն անթերի արդյունքի է ձգտում: Նրան չի հմայում ողջ կյանքում քիչ վարձատրվող աշխատանքով զբաղվելու հեռանկարը: Առավելագույն ջանքեր կգործադրի, կզոհի անձնական հետաքրքրությունները, բայց հասարակության մեջ բարձր դիրք կգրավի: Նա բնածին առաջնորդ է, այնպես որ՝ իրեն միայն ղեկավարի դերում է տեսնում: Կարող է տանել լարված աշխատանքային գրաֆիկը, պատասխանատու է մոտենում իր պարտականություններին, ճշտապահ ու կատարողական է:

Բազմակողմանի զարգացած Խոյ-Առնետները բավականին հնարամիտ են, բացի այդ, հարուստ երևակայություն ունեն: Այնպես որ՝ հաճախ ստեղծագործ մասնագիտություններ են ընտրում և իրենց կարգապահության ու կազմակերպվածության շնորհիվ ճանաչում են ձեռք բերում: Միակ դժվարությունը սեփական անձի հասցեին քննադատություններ ընդունելու անկարողությունն է: Իր ողջ ճկունությամբ հանդերձ՝ Խոյ-Առնետը հազվադեպ է լսում մարդկանց կարծիքը, նրա համար գոյություն ունի մեկ հուսալի խորհրդատու՝ ինտուիցիան:

Խոյ-Առնետ տղամարդը

Էներգիայով լի Խոյ-Առնետ տղամարդը նախանշված նպատակներին հասնելու յուրահատկություն ունի, նրա համար խոչընդոտներ գոյություն չունեն: Միշտ առաջին տեղում դնում է աշխատանքը, որի համար հեշտությամբ է զոհում անձնական հետաքրքրությունները: Ցանկության դեպքում Առնետի տարում ծնված Խոյը կարող է ամենաքմահաճ գեղեցկուհու սիրտն էլ շահել: Այս հմայիչ զրուցակիցը թեթևամիտ մարդ է թվում, բայց իր սարկաստիկ շարժուձի ներքո նա թաքցնում է մարդկանց տրամադրվածությունը հրաշալի զգալու ունակությունը: Այնպես որ՝ ընտրյալը այս տղամարդու գրկից դուրս պրծնելու ոչ մի շանս չունի: Բայց ռոմանտիկ տրամադրությունը արագ կարող է հօդս ցնդել, ու նա կվերադառնա իր կյանքի միակ սիրուն՝ աշխատանքին:

Խոյ-Առնետ կինը

Խոյ-Առնետ կինն օժտված է այս նշաններին բնորոշ գծերով՝ համառություն, նպատակասլացություն, ինտուիցիա, զգուշություն: Ձգտում է կայանալ մասնագիտության մեջ, նրա համար յուրահատուկ կարևորություն ունի ֆինանսական հարցը: Իրեն արժանի է համարում ամենալավին, շատ ու համառ աշխատում է իրեն կյանքի լավ պայմաններով ապահովելու համար: Խոյ-Առնետ կինը զուսպ, ինքնավստահ էակ է երևում, բայց ցուցադրական հանգստության տակ կարելի է նկատել նրա խոցելի հոգին: Պատրաստ է բացվել միայն հուսալի ու ուժեղ տղամարդու առաջ, որին էլ կնվիրի իր ողջ նրբությունն ու սերը: Նա հրաշալի տանտիրուհի է, շատ լավ համատեղում է հագեցած գործնական կյանքն ու ընտանեկան հոգսերը:

ԽՈՅ-ՑՈՒԼ

Ուժեղ Ցուլը համառ Խոյի հետ միության մեջ ավելի մեծ ինքնավստահություն է ձեռք բերում: Նշանների այս համադրությամբ մարդիկ ամեն ինչի մասին սեփական կարծիքն ունեն, ընդ որում՝ իրենց տեսանկյունից միակ ճիշտ կարծիքը: Հպարտ, ամբիցիոզ Ցուլ-Խոյերը ոչ մի հեղինակություն չեն ընդունում: Այնպես որ՝ նույնիսկ մի փորձեք վիճել նրանց հետ, ավելի խելամիտ կլինի նրանց խորհուրդները լսելը: Այս խելացի, նպատակասլաց մարդիկ գիտեն, թե ինչ են անում: Քչախոս են, հանգիստ, կշռադատող, նրանց յուրաքանչյուր շարժումի մեջ ինքնավստահություն է դիտվում: Խոյ-Ցուլերը հավասարակշռված, էքսցենտրիկ արարքների անընդունակ մարդկանց տպավորություն են թողնում: Իսկ իրականում նրանք բավականին հուզական, նույնիսկ՝ իմպուլսիվ մարդիկ են: Նրանց վարքը մեծ մասամբ կախված է պայմաններից:

Բնութագիրը

Իշխող Խոյ-Ցուլը ձգտում է ամենուր լիդերի դեր ստանձնել: Սիրում է խորհուրդներ տալ ու կառավարել մարդկանց: Եվ իհարկե, չի էլ փորձի ինտրիգների դիմել, այլ բաց տեքստով կհայտնի իր իրավունքների մասին: Այս շատ հանգիստ, նույնիսկ դանդաղկոտ մարդը ամենաշատը գնահատում է կայունությունը: Խոյի ակտիվությունը դրսևորվում է միայն գործնական հարցերը լուծելիս, իսկ առօրյա կյանքում նա աշխարհի ամենախաղաղասեր էակն է: Բարի բնավորություն ունի, քաղաքավարի է, քանի դեռ չեն դիպել իր հետաքրքրություններին: Կատաղած Ցուլ-Խոյը կարող է լրիվ անկառավարելի դառնալ, բայց դրա համար իսկապես լուրջ պատճառներ են պետք: Սովորաբար նա փորձում է վերահսկել իրեն. դատարկ բաների համար անհանգստանալու համար շատ է մտահոգված վերջնական արդյունքով:

Խոյ-Ցուլը աջակցություն ու կարեկցություն չի փնտրում, ունակ է ինքնուրույն գլուխ հանել իր խնդիրներից: Երկաթե դիմացկունություն ունի, շատ լավ վերահսկում է իր գործողությունները, այնպես որ՝ ուրիշների խորհուրդները միայն նյարդայնացնում են նրան: Երբեմն նրան պակասում է ճկունությունը, մարդկանց իր դեմ է հանում ավելորդ ուղղախոսությամբ: Չի կարողանում հնազանդվել, առավել ևս՝ ձևացնել ու խարդավանքների դիմել: Ցուլ-Խոյը ազնիվ ու սկզբունքային մարդ է: Ավելի շուտ կընտրի միայնությունը, քան կշփվի տհաճ մարդկանց հետ: Ժամանակը զուր վատնելու համար չափազանց շատ է հարգում ու գնահատում ինքն իրեն: Նա զարմանալիորեն ամբողջական ու ներդաշնակ անձնավորություն է: Չնայած՝ երբեմն Ցուլ-Խոյը չմտածված արարքներ է գործում, որով խիստ զարմացնում է շրջապատողներին:

Համառ Խոյ-Ցուլերը սահմանափակ մարդիկ են թվում. նրանք այնքան են կենտրոնացած արդյունքի վրա, որ շուրջը ոչինչ չեն նկատում: Համարձակ վտանգի են ենթարկում ոչ միայն իրենց հեղինակությունը, այլ նաև ֆինանսական վիճակը: Ցուլ-Խոյերն ունակ չեն դավաճանել իրենց համոզմունքներից, միշտ մինչև վերջ են գնում: Չնայած՝ նրանք լավ զարգացած երևակայությամբ զգայուն մարդիկ են: Չէ՞ որ հետաքրքրասեր, հուզական Խոյը նրանց վրա մեծ ազդեցություն է թողնում: Ճիշտ է, Ցուլի ամրությունը նրանց թույլ չի տալիս շեղվել ճանապարհից, միշտ գործում են հստակ նախանշված պլանի համաձայն: Նրանց ազնվության ու նվիրվածության վրա կարելի է չկասկածել: Նշանների այս համադրությամբ մարդիկ ընտրություն անելուց հետո ողջ կյանքի ընթացքում հավատարիմ են մնում նրան: Նրանց գլխավոր քննադատը սեփական խիղճն է:

Սիրո մեջ

Սիրահարված Խոյ-Ցուլն անկեղծորեն ուզում է դուր գալ ընտրյալին: Անմիջապես անցնում է ակտիվ գործողությունների, ոչ մի կաթիլ չի կասկածում սեփական գրավչությանը: Խոյ-Ցուլին չի կարելի ռոմանտիկ անվանել, բայց նա ունակ է գեղեցիկ սիրահետումների: Ճիշտ է, միանգամից ցույց է տալիս իր դիրքը՝ հարաբերություններում գլխավորը նա է: Երբեք չի մտերմանա թեթևամիտ ու բարոյականության նորմերին չհետևող մարդու հետ: Նույնիսկ ուժեղ զգացմունքը նրան չի ստիպի հրաժարվել իր սկզբունքներից:

Ընտանեկան կյանքում Խոյ-Ցուլը անկախ սեռից որսորդ է, տունը պահողը: Նշանների այս համադրության ներկայացուցիչները չեն սիրում չորս պատերի ներսում նստել: Փոխարենը պաշտում են իրենց գործը, այնպես որ՝ ժամանակի մեծ մասն անց են կացնում տանից դուրս: Իհարկե, սիրում են իրենց երկրորդ կեսին, տաքարյուն կողակից են: Չեն կարողանում արտահայտել իրենց զգացմունքները, նախընտրում են զրույցներ վարելու փոխարեն լուծել առօրյա հարցերը: Ունակ են դավաճանության, չեն կարող դիմակայել ձանձրալի կենցաղից շեղվելու գայթակղությանը:

Կարիերան

Այս մարդկանց համար կյանքում գլխավոր արժեքը կայունությունն է: Ցանկացած փոփոխություն ցավագին են տանում: Սարսափի են մատնվում ֆինանսական խնդիրներից ու աշխատանքային տհաճություններից, հատկապես եթե անհաջողությունների շրջանը երկար է տևում: Աստիճանաբար կորցնում են ապագայի հանդեպ վստահությունը, բռնկուն ու նյարդային են դառնում: Նյութական բարեկեցության համար պատրաստ են զօրուգիշեր աշխատել, նրանց համար կարևոր է բարձր դիրքի հասնելը: Խոյ-Ցուլը երբեք չի հաշտվի ցածր վարձատրվող աշխատանքի հետ:

Այս աշխատասեր մարդիկ անհոգ կյանք ապահովելու համար միշտ մի եղանակ կգտնեն: Չեն վախենում ամենածանր աշխատանքից, պատրաստ են ժամանակավոր համաձայնել ցանկացած պայմանների: Փառասեր Խոյ-Ցուլը վաղ թե ուշ կզբաղեցնի ղեկավարի աթոռը կամ հայտնի հեռուստատեսային աստղ կդառնա: Եվ կարևոր չէ, թե որքան երկար կտևի բարձունքին տանող ճանապարհը, կարևորը՝ նպատակին հասնելն է: Ճիշտ է, վտանգ կա ֆիզիկական ու հոգեկան հյուծվածության մեջ հայտնվի. Ցուլ-Խոյը պետք է ավելի շատ հանգստանա:

Խոյ-Ցուլ տղամարդը

Խոյ-Ցուլ տղամարդը բուռն խառնվածք ունի, ինչն էլ ուժեղ կամքի հետ համադրությամբ նրան համարյա անխոցելի անձնավորություն է դարձնում: Համբերատար ու վճռական է հաղթահարում բոլոր խոչընդոտները: Վաղ երիտասարդության տարիներին կարող է հակասական արարքներ գործել, բայց տարիքի հետ իմպուլսիվությանը փոխարինելու է գալիս սեփական ուժերի հանդեպ վստահությունը: Հեշտությամբ է ստանձնում ամենաբարձր նպատակներին հասնելու գործը, համառորեն բարձրանում է կարիերայի սանդուղքներով: Նրա նպատակը կայուն ֆինանսական վիճակ երաշխավորող լավ պաշտոնն է: Կանայք Խոյ-Ցուլի հանդեպ մեծ հետաքրքրություն են տածում, բայց նրա սիրտը գրավելն այնքան էլ հեշտ չէ: Այս իշխող տղամարդը միայն հնազանդություն է պահանջում: Կինը պետք է ապրի նրա հետաքրքրություններով, դրա հետ մեկտեղ՝ ազնիվ լինի, կարողանա անմար պահել այս տաքարյուն տղամարդու զգացմունքների կրակը:

Խոյ-Ցուլ կինը

Խոյ-Ցուլ կինը զուրկ չէ փառասիրությունից, ձգտում է կայանալ մասնագիտության մեջ: Արագ ու վճռական է գործում, ցանկացած անհաջողություն նրա մեջ նյարդայնություն է առաջացնում, ընդ որում՝ նրա էներգիան բավարարում է նաև անձնական կյանքի համար: Այս կրքոտ, վառ էակը իր վրա է հրավիրում տղամարդկանց ուշադրությունը, բայց Խոյ-Ցուլը մեծ պահանջներ է ներկայացնում նրանց: Սիրային արկածներ է տենչում, կայուն հարաբերությունները ձանձրացնում են նրան: Եթե ամուսնության մեջ անհրաժեշտ հույզերը չի ստանում, հեշտությամբ այլ կապեր է հաստատում: Անհանդուրժող է ամուսնու թուլությունների հանդեպ, խանդոտ է ու ինքնասածի: Երջանիկ կլինի երևակայություն ունեցող, սիրելիի համար խենթ արարքների պատրաստ հուսալի տղամարդու հետ: Այս կինն ընդունում է միայն հավասար հարաբերությունները, ոչ մի բանում չի զիջի տղամարդուն, նույնիսկ տնային պարտականությունները պետք է կիսվեն երկուսի միջև:

ԽՈՅ-ՎԱԳՐ

Էներգիայով լի Վագր-Խոյը սովոր չէ անգործության մատնվել ու օրերն անցկացնել միայնության մեջ: Շատ խելացի ու ամբիցիոզ է իր թանկագին ժամանակը զուր վատնելու համար: Այս մարդը կգտնի իր երազանքները կյանքի կոչելու ձևը: Անտարբեր չէ հասարակական կարծիքի հանդեպ, ողջ ուժերով ձգտում է իր վրա հրավիրել ամբոխի ուշադրությունը: Խոյ-Վագրը անսովոր անձնավորություն է, չի կարող հաշտվել գործերի հանգիստ ընթացքի հետ: Փոփոխությունների կարիք է զգում, մշտական շարժման մեջ է: Նրան չեն հուզում դժվարությունները, վախեր ու կասկածներ չի ունենում, պարզապես համարձակ առաջ է շարժվում: Շատ լավ լեզու է գտնում մարդկանց հետ, հմայիչ ու բարեկիրթ է: Իր արարքների մեջ վեհանձն է, մեծ հաճույքով է հովանավորում թույլ մարդկանց: Ճիշտ է, մի փոքր բռնկուն է ու ծայրահեղ ինքնավստահ:

Բնութագիրը

Այս վառ, ինքնաբավ մարդը վստահ առաջ է շարժվում, միշտ ուրախ ու բարեհոգի է: Տխրության համար պատճառ չի տեսնում, լավատեսությամբ է նայում ապագային: Էներգիայով լի լինելն ու աշխուժությունը Խոյ-Վագրի գլխավոր առանձնահատկություններն են: Գոյություն չունեն բարձունքներ, որոնք նա չկարողանա գրավել: Բավական ռացիոնալ է մտածում, չնայած՝ երբեմն տրվում է հույզերին ու հակասական արարքներ է գործում: Գործերում այնքան էլ պատասխանատու ու բծախնդիր չէ, բայց նպատակասլաց է ու ակտիվ: Այնպես որ՝ անպայման հասնում է հաջողության, նույնիսկ եթե նրան պարտություն են կանխագուշակում: Ճակատագիրը բարեհաճ է Վագր-Խոյի հանդեպ. պայմանները մեծ մասամբ նրա օգտին են դասավորվում: Նա բնածին հաղթող է, ամբողջությամբ վստահ է իր ուժերին:

Վագր-Խոյի առատաձեռնությունը սահմաններ չունի պատրաստ է աջակցել ոչ միայն բարոյապես, այլ նաև նյութապես: Գլուխն ավելորդ մտքերով չի ծանրաբեռնում, նախընտրում է ոչ թե մտորել, այլ գործել: Հնարավոր է, շատ բռնկուն է ու գերակտիվ, փոխարենը նրան չի կարելի անտարբեր մարդ համարել: Երբեմն ավելի շատ վնասում է, քան օգնում, բայց անկեղծ ու վեհանձն է գործում: Նա փառասեր մարդ է, պաշտում է ուշադրությունն ու հաճոյախոսությունները: Ուրախանում է իր նշանակությունն ու մեծությունը ցուցադրելու ցանկացած հնարավորության համար: Խոյ-Վագրերը գործունյա մարդիկ են, աշխատում են իդեալական արդյունքի հասնել: Այս ինքնավստահ մարդկանց համար ավելի մեծ անարգանք չկա, քան հետևում մնալը:

Խոյ-Վագրի կյանքում ցանկացած տեսակի իրադարձության համար տեղ կա՝ և՛ ուրախ, և՛ տխուր: Սակայն նա տհաճությունները չնկատելու տաղանդ ունի: Աշխատում է լավատեսորեն մտածել, համառորեն հաղթահարում է խոչընդոտները: Նրա լավատեսությանը կարելի է միայն նախանձել: Ինտուիցիան օգնում է խուսափել նշանակալի դժվարություններից, բայց փոքրիկ սխալներ բոլոր դեպքերում լինում են: Շատ իմպուլսիվ ու ակտիվ է բոլոր հետևանքները մինչև վերջ հաշվարկելու համար: Խոյ-Վագրերի գործերի ընթացքը մեծ մասամբ կախված է շրջապատի հետ նրա հարաբերություններից: Նա չի լսում ուրիշների կարծիքը, բայց ընկալունակ է քննադատության հանդեպ: Բարի խոսքեր է սպասում, անկեղծորեն ուրախանում է գովասանքի համար, սիրում է գունավորել իր ձեռքբերումները: Միշտ պնդում է իր կարծիքը, երբեք չի հաշտվի պարտության հետ:

Սիրո մեջ

Խոյ-Վագրի կողակիցը պետք է հիշի նրա գերակտիվ բնավորության մասին: Այս մարդուն հնարավոր չէ ընտելացնել, ստիպել իր կամքին հակառակ գործել: Նա հուզական ու իմպուլսիվ է, աշխատում է ամեն տեղ հասցնել: Անձնական հարաբերություններում կայունությամբ չի առանձնանում: Մշտական փնտրտուքի մեջ է, առանց երկար մտածելու նոր սիրավեպեր է հաստատում: Խոյ-Վագրը ունակ է խենթ արարքների, մշտապես ռիսկի է դիմում: Այնքան խարիզմատիկ ու հմայիչ է, որ արագ է հասնում փոխադարձ զգացմունքի:

Հպարտ Վագր-Խոյը ողջ ուժերով փորձում է ընտանիքում առաջատարի դերը ստանձնել: Հազվադեպ է լսում երկրորդ կեսի կարծիքը, նրա հետ լեզու գտնելու միակ եղանակը լիակատար հնազանդությունն է: Ուշադիր հետևում է իր հրահանգների կատարմանը, տանել չի կարողանում նկատողություններն ու քննադատությունը: Փոխարենը ակտիվ ստանձնում է կենցաղային խնդիրների լուծումը, մասնակցում է ընտանիքի կյանքին: Չի կարող երկար ժամանակ հանգստի վիճակում լինել, առանց հոգնելու զվարճացնում է մտերիմներին: Խոյ-Վագրի հետ կյանքը հարմարավետ կլինի, եթե չհակառակվեք նրան:

Կարիերան

Խոյ-Վագրի կյանքում սիրելի գործից կարևոր բան չկա: Հակված չէ ավելորդ մտորումների, հստակ հետևում է նախանշված նպատակներին: Այնքան էլ չի անհանգստանում իր կարողությունների ու ունակությունների համար, հույսը դնում է հաջողակ լինելու վրա: Նա բնածին լիդեր է, այնպես որ՝ առաջին հերթին հույս ունի ղեկավար պաշտոնների: Չնայած՝ պատրաստ է երկարատև պայքարի, ունակ է երկար աշխատել բարձր պաշտոնի հասնելու համար, նույնիսկ եթե սկսել է ամենահասարակ աշխատողի գործից: Միակ բանը, որին նա պատրաստ չէ՝ ձանձրալի պարտականություններն են:

Վագր-Խոյը հավատում է իր ճակատագրին, նրան չի կարելի անգործության մեջ մեղադրել: Նա չի վախենում նորը փորձել, մի տեղում երկար չի մնում: Բացի այդ, շատ լավ լեզու է գտնում մարդկանց հետ: Իր քմահաճություններն ու տարօրինակ արարքները թողնում է աշխատասենյակի պատերից դուրս: Նա հրաշալի կազմակերպիչ է, իմաստուն ղեկավար: Կարող է կայանալ ցանկացած մասնագիտության մեջ, չի ծուլանում ողջ կյանքի ընթացքում սովորել, հաջողությամբ համատեղում է մի քանի աշխատանքները:

Խոյ-Վագր տղամարդը

Խոյ-Վագր տղամարդը էներգիայի մեծ պաշար ունի: Նա լիդեր է, սեփական հետաքրքրությունները պաշտպանելու գործում նրան հավասարը չկա: Իր մեջ հրաշալի համատեղում է Վագրի էներգիան ու Խոյի ակտիվությունը, համառորեն հասնում է դրված ցանկացած նպատակի՝ հաջող կարիերա անել կամ  շահել քմահաճ գեղեցկուհու սիրտը: Երբեմն իրեն եսասերի նման է պահում, շրջապատին քամահրանքով է վերաբերվում: Կանայք պետք է ուշադիր դիտեն այս իմպուլսիվ ու բռնկուն տղամարդուն, հասկանան, թե որքանով է իրական նրան հնազանդեցնելը: Բայց Խոյ-Վագրը, չնայած իր համառ ու անկանխատեսելի բնավորությանը, բավական գրավիչ անձնավորություն է: Սովորաբար բարձր սոցիալական դիրք է գրավում, նյութապես ապահովված է և որ ամենակարևորն է՝ շատ առատաձեռն տղամարդ է:

Խոյ-Վագր կինը

Ուժեղ, կամային Խոյ-Վագր կինը վաղ տարիներից ցուցադրում է իր հպարտ ու անկախ բնավորությունը: Նրա կյանքը դասավորվում է հենց այնպես, ինչպես ինքն է ուզում: Ոչ մի առարկություն, փաստարկ կամ խնդրանք չի կարող ստիպել նրան շեղվել իր ընտրած ուղուց: Իր համառության շնորհիվ կարիերայում մեծ բարձունքների է հասնում, սովորաբար ձգտում է ղեկավար դերի, ցածր պաշտոնում տխուր գոյությունը նրա ճակատագիրը չէ: Սիրային հարաբերություններում նույնքան համառ ու վճռական է գործում. այս վառ, զգացմունքային կինը կարող է տղամարդու կյանքն անմոռանալի հույզերով լցնել: Բայց տղամարդը ստիպված պետք է լինի հրաժարվել սեփական հետաքրքրություններից, քանի որ Խոյ-Վագրի հետ միության մեջ նրան վերապահված է պաշտողի ու կնոջը ենթարկվողի դերը:

ԽՈՅ-ԿԱՏՈՒ

Զգույշ Կատուն ակտիվ Խոյի հետ միության մեջ ուժ ու ինքնավստահություն է ձեռք բերում: Անհրաժեշտ չի համարում հարմարվել ուրիշների հետաքրքրություններին, էներգիայով լի է, նպատակաուղղված է մեծ գործերի ու վեհ արարքների: Մնացած Կատուների նման կասկածներ չի ունենում, փաստացի զուրկ է վախից: Կատու-Խոյը չի վախենում ռիսկի դիմել, դժվարություններից չի խուսափում, դրա հետ մեկտեղ՝ ճարպկորեն շրջանցում է վտանգավոր իրավիճակները: Բարեհամբույր է, հասարակության մեջ կարողանում է իրեն դրսևորել, բայց այդ նույն հասարակության հավանության կարիքը չունի: Ունակ է հասնել իր նպատակներին առանց շրջապատի օգնության: Կատու-Խոյը մեծ ուշադրություն պահանջող հակասական անձնավորություն է: Պետք չէ մտածել, որ կարելի է արհամարհել նրա կարծիքն ու անխղճաբար հիմարի տեղ դնել նրան: Իր ողջ հմայքով հանդերձ՝ նա բավական անկոտրում է:

Բնութագիրը

Նա զարմանալի անձնավորություն է, որի մեջ ներդաշնակ համադրվում են բնավորության հակասական գծերը: Հուզական Խոյ-Կատուն վայելում է հասարակության ուշադրությունը, հաճոյախոսություններ է սպասում ու շատ է վշտանում, եթե իր անձի հանդեպ հետաքրքրվածություն չի զգում: Չնայած՝ նույնքան սիրում է նաև միայնությունը, շատ ժամանակ է անցկացնում տանը, մեծ կրքով հարմարավետ է դարձնում իր բույնը: Խոյ-Կատուն բավական հաջողակ է, քանի որ նա վճռական գործողությունների համար բավարար ուժ ու էներգիա ունի: Մտածկոտ է, դիտողունակ, կարողանում է ճիշտ եզրակացություններ անել: Միշտ հանգիստ է, բարեհամբույր, հակված չէ վատ տրամադրության նոպաների: Չնայած կենտրոնացած է ինքն իր վրա, բայց ժամանակ է գտնում նաև մտերիմների համար: Նա կօգնի դժվար պահին, հատկապես, եթե խոսք գնա աղաղակող անարդարության մասին:

Հմայիչ Խոյ-Կատուն բավականին հաշվենկատ ու զգույշ է: Կասկածելի գործերի մեջ չի ներքաշվի, ճիշտ է, մյուսներին էլ չի տարահամոզի: Նախընտրում է մի կողմ քաշվել, բայց եթե օգնության խնդրանք լսի, անպայման կարձագանքի: Կատու-Խոյը խելացի է, իմաստուն, շատ լավ գիտակցում է ցանկացած գործողության հետևանքները, այնպես որ՝ կարող է օգնել դուրս գալ բարդ իրավիճակից: Նա գործունյա մարդ է, միշտ պատրաստ է արկածների: Բոլոր Կատուների նման ռացիոնալ է ու քիչ վստահող, բայց իմպուլսիվ Խոյը երբեմն հաղթում է նրան: Այնպես որ՝ պատահում են նաև պարտություններ, նրան միշտ չի հաջողվում առանց ուժգին պայքարի ու նվազագույն կորուստների հասնել նպատակներին: Չնայած հազվադեպ, բայց Խոյ-Կատուն հայտնվում է բարդ իրավիճակներում:

Իմաստուն Կատու-Խոյը կարողանում է շրջանցել անհարմար պահերը, մեղմ ու փաղաքուշ է գործում: Դրա հետ մեկտեղ՝ ոչ մի րոպե չի մոռանում սեփական հետաքրքրությունների մասին, վճռական հասնում է մտածածին: Նա հաջողության հասնելու համար ցանկացած խենթության ունակ փառասեր ու ամբիցիոզ մարդ չէ: Ձգտում է հանգիստ, հարմարավետ կյանքի, և ոչ ավելին: Սիրում է մարդկանց, ուշադիր ու առատաձեռն է նրանց հանդեպ, բայց նրա բոլոր գործողությունները հետևողական են, այնպես որ՝ նույնիսկ մի փորձեք Կատու-Խոյին մոլորության մեջ գցել: Եթե իրեն խաբված ու անարգված զգա, կգտնի արդարության հասնելու ձևը: Խոյ-Կատուն խելամիտ մարդ է, շատ լավ զգում է բարու ու չարի միջև սահմանը: Նրա մեջ դաժանություն չկա, բայց կան կամք, բնավորություն ու իր ճշմարտությունն ապացուցելու համար բավարար ուժ:

Սիրո մեջ

Սիրահարված Խոյ-Կատուն պարզապես հիասքանչ է՝ իսկական ռոմանտիկ է, տաքարյուն կողակից: Նրա մեջ մեծ է իր կրքի օբյեկտին գոհացնելու ցանկությունը, սիրելիի համար չի խնայում ո՛չ ժամանակը, ո՛չ գումարը: Ճիշտ է, այնպես է գործում, որ ամբողջությամբ իրեն կապի ընտրյալին: Մեղմ ու զիջող շարժուձևի տակ լիդեր է թաքնված. նա մտադիր չէ բաց թողնել իր երջանկությունը: Չնայած՝ երբեմն իրեն թույլ ու անպաշտպան է զգում. նման պահերին աջակցության սուր պահանջ ունի:

Խոյ-Կատվի համար ընտանիքը գանձ է, հպարտության առարկա: Նա հիանալի տանտեր է, նրա տանն իդեալական կարգուկանոն է: Կատու-Խոյի մեջ ուժեղ է իդեալի ձգտումը, նրա պատկերացումների մեջ ընտանիքը բոլոր հոգսերից ու խնդիրներից պաշտպանվելու վայր է: Նա բարեհամբույր է, խաղաղասեր, չի սիրում սկանդալներ սարքել: Նա լավ ընտանիքի մարդ է, շատ գնահատում է մտերիմներին: Չնայած՝ մի քիչ թեթևամիտ է, երբեմն այլ սիրավեպեր է հաստատում, բայց, բարեբախտաբար, նման վարքը նրա համար հազվադեպ երևույթ է:

Կարիերան

Մեղմ, նրբանկատ Խոյ-Կատուն կարողանում է պաշտպանել իր հետաքրքրությունները: Ամենաբարդ հարցերն այնպես է լուծում, որ բոլորը գոհ են մնում: Նա հիանալի ռազմավար է. անիրագործելի պլաններ չի կառուցում, բայց քչով էլ չի բավարարվում: Կատու-Խոյը խելացի, խորաթափանց մարդ է: Բնությունը նրան իմաստնությամբ, ուժեղ կամքով է օժտել, դա է պատճառը, որ նա առանց շտապելու հասնում է դրված նպատակներին: Մեծ տաղանդով է ղեկավարում մարդկանց, ենթականերին դուր է գալիս նրա բարեհամբույր բնավորությունը:

Այս նպատակաուղղված մարդը կգտնի ցանկացած բնագավառում հաջողության հասնելու ձևը: Համառ է, հաստատակամ, բայց հմտորեն թաքցնում է դա, խիստ զգույշ է գործում: Գործնական հարցերին խելամիտ մոտեցում ցուցաբերելու տաղանդ ունի, նույնիսկ եթե գերլարված վիճակում է: Հանգիստ է տանում տհաճությունները, կարողանում է դիմանալ ճակատագրի հարվածներին: Հաջողակ է արվեստի հետ կապված մասնագիտություններում, բայց այնքան խոցելի չէ, որքան արվեստի մյուս մարդիկ: Կարող է կայանալ նաև սպորտում. նրանում ուժեղ է պայքարի ձգտումը:

Խոյ-Կատու տղամարդը

Տղամարդ Խոյ-Կատուն բոլոր տեսանկյուններից հաճելի մարդու տպավորություն է թողնում. աշխատավայրում նա պատասխանատու աշխատող է, ընկերների շրջանում՝ ուրախ զրուցակից, տանը՝ բարեխիղճ ամուսին: Բայց նա բավական բարդ, հակասական անձնավորություն է: Նշանների այս համադրությունը նրան օժտում է իշխելու ցանկությամբ, վճռականությամբ ու հուզականությամբ: Նա լիդերի իր ամբիցիաները բաց չի դրսևորում, բայց նախընտրում է ոչ թե ենթարկվել, այլ իշխել: Այն իրավիճակներում, որտեղ իր առավելությունը չի վիճարկվում, նա իրեն հանգիստ ու թուլացած է զգում, հաճույքով օգնում է շրջապատողներին: Սիրային հարաբերություններում ռոմանտիկ անձնավորություն է, մեծ գումարներ է ծախսում ընտրյալի քմահաճույքների վրա: Բայց որպես կյանքի ընկեր սովորաբար կարիերայում կայացած արժանի կնոջ է ընտրում:

Խոյ-Կատու կինը

Անվախ Խոյ-Կատու կինը կարողանում է պաշտպանել իրեն ու իր ընտանիքի հետաքրքրությունները: Այս ակտիվ կարիերիստ կինը երբեք չի մոռանում իր հարազատների մասին, միշտ հոգ է տանում ամուսնու ու երեխաների մասին: Իսկ թե ինչպես է նրան հաջողվում համատեղել բազմաթիվ գործերն ու բարեհամբույր, հաճելի կին մնալ, բոլորի ու նույնիսկ մտերիմների համար է գաղտնիք: Կարողանում է գրագետ դնել առաջնահերթությունները, մանրամասն պլանավորում է իր կյանքը: Մի շարք արժանիքներ ունի՝ խելք, աշխատասիրություն, խորաթափանցություն: Իրեն ամենալավը զգում է տանը, չնայած՝ շատ է սիրում աշխատանքն ու մարդկանց հետ շփումները: Ընտանեկան կյանքում ձգտում է լիդերի դերին. նա բավականին իշխող ու իր գործողությունների վրա վստահ կին է: Այնպես որ՝ երջանիկ կլինի հուսալի տղամարդու հետ, ով պատրաստ կլինի զիջել նրան:

ԽՈՅ-ՎԻՇԱՊ

Այս անխոնջ մարդն իր առաջ արգելքներ չի տեսնում, նրա ողջ կյանքը նվիրված է պայքարին: Խոյ-Վիշապը բուռն անձնավորություն է, ուժեղ, տաքարյուն խառնվածք ունի: Բնությունը նրան իրական լիդերին բնորոշ հատկանիշներով է օժտել՝ համարձակություն, վճռականություն, նպատակասլացություն: Ճիշտ է, Խոյ-Վիշապն առանձնանում է նաև իմպուլսիվությամբ ու ուրիշների թերությունների հանդեպ անհանդուրժողականությամբ: Նրա հետ ավելի լավ է ընկերություն անել, այլ ոչ թե վիճել: Որպես թշնամի նա սարսափելի է՝ անողոք է ու անկոտրում: Համատեղելիության հորոսկոպում Խոյ-Վիշապը չափազանց ինքնավստահ է ու հպարտ: Նա խոչընդոտները չի նկատում, անհրաժեշտ չի համարում հաշվի նստել մյուսների կարծիքի հետ, միշտ շեշտակի առաջ է շարժվում: Ողջ ուժով ձգտում է փառքի ու մեծարանքի, ուրիշ ոչ մի բան նրան չի հետաքրքրում:

Բնութագիրը

Իշխող Խոյ-Վիշապը ուրիշների կարծիքը լսելու անհրաժեշտություն չի տեսնում: Նա խելացի է, հնարամիտ, բացի այդ, խիստ ինքնավստահ, այնպես որ՝ ինչ-որ մեկի հետ խորհրդակցելու իմաստ չի տեսնում: Նա բնածին լիդեր է, մարդկանց իր հետևից է տանում: Հակված չէ ավելորդ ապրումների, հաճախ արհամարհում է հասարակության մեջ ընդունված բարոյականության նորմերը: Խոյ-Վիշապի համար կյանքում կարևորը հաջողության հասնելն է, իսկ թե ինչպես նա կհասնի իր նպատակին, նշանակություն չունի: Սեփական կարծիքը միակ ճիշտն է համարում: Շփումներից չի խուսափում, մարդկանց հետ բարեհամբույր է, բայց բացառապես՝ շահադիտական նկատառումներից ելնելով: Նա հրաշալի մանիպուլյատոր է, իր տեսակետը պարտադրելու ոչ մի հնարավորություն բաց չի թողնում: Սակայն այնքան շփվող է, որ շրջապատի մոտ ոչ մի կասկած չի առաջացնում:

Խոյ-Վիշապի գլխավոր առանձնահատկությունը անսահման ամբիցիաներն են: Նա միշտ հավաք է ու կենտրոնացած է իր նպատակի վրա: Չի կարող իրենց այնպիսի ճոխություններ թույլ տալ, ինչպիսիք են տխրությունը, արցունքներն ու ապրումները: Նա արագ է գործում, ժամանակն ավելորդ մտորումների վրա չի վատնում: Հաջողության հետևից վազելիս մոռանում է ուշադրություն դարձնել մանրուքներին, բայց հաջողակ լինելու շնորհիվ խուսափում է տհաճություններից: Իսկապես, Վիշապ-Խոյը երջանիկ մարդ է երևում, որը ամբողջությամբ բավարարված է իր կյանքով: Նա առանձնանում է կենսուրախությամբ ու ցանկացած խնդրի հանդեպ լավատեսական մոտեցմամբ: Չէ՞ որ Վիշապ-Խոյը հավատում է իր անփոխարինելիությանը. միայն նրա ուժերի սահմաններում է հրաշալի արդյունքի հասնելը: Իսկ մարդկանց կարեկցությունը նրան միայն վիրավորում է:

Նշանների այս համադրությամբ մարդը միշտ ուշադրության կենտրոնում է, շրջապատված է մարդկանցով: Խոյ-Վիշապը աննկատ մնալու համար չափազանց վառ ու անսովոր է: Նրանում հզորություն ու ուժ է զգացվում, այնպես որ՝ համընդհանուր ուշադրությունն ապահովված է: Հատկապես մեծ է այս խարիզմատիկ մարդու ազդեցությունը հակառակ սեռի վրա: Չնայած՝ այստեղ Վիշապ-Խոյը խորամանկությունների չի դիմում, չի ձգտում դուր գալ: Իրեն բնական ու նույնիսկ մի քիչ օտարված է պահում. նա հիմարությունների համար ժամանակ չունի: Նրա ողջ կյանքն անցնում է երազանքի հետևից վազելով, իր առավելությունը ապացուցելու ձգտման մեջ: Այնպես որ՝ շրջապատողները պետք է ամեն հարցում աջակցեն Խոյ-Վիշապին կամ գոնե չխանգարեն նրան: Սենտիմենտալությունները, բարձր թեմաներով զրույցները տեղին չեն. նրան մեծ գործեր են սպասվում:

Սիրո մեջ

Հպարտ, ինքնասածի Խոյ-Վիշապը պատրաստ չէ զոհողությունների գնալ նույնիսկ սիրելի մարդու օգտի համար: Չնայած՝ նման վարքը անձնական ֆրոնտում խնդիրների կարող է հանգեցնել: Վիշապ-Խոյերը երազում են արժանի կողակցի մասին, բայց ամենևին չեն պատրաստվում նրան զիջել առաջատարի դերը: Նրա համար ուժեղ զգացմունքը կարիերայի աճի խթան է, այնպես որ՝ քնքշությունների համար ժամանակ չունի: Ամենայն հավանականությամբ, Վիշապ-Խոյը ուզածին կհասնի առանց սիրահետումների, պարզապես կբռնի ընտրյալի ձեռքն ու կտանի նրան իր հետևից:

Ընտանեկան հորոսկոպի համաձայն՝ ամուսնություն կնքելը չի փոխում Խոյ-Վիշապի սովորույթները: Նա շարունակում է հավատարիմ մնալ իր համոզմունքներին՝ նախկինի նման ակտիվ ու նպատակասլաց է: Այս մարդու համար սեփական հետաքրքրություններից կարևոր բան չկա: Այնպես որ՝ մտերիմները պետք է համբերությամբ զինվեն ու սպասեն, թե երբ է զբաղված Խոյ-Վիշապը ժամանակ գտնելու նրանց համար: Փոխարենը նա իսկական որսորդ է, նրա ընտանիքը ոչ մի բանի կարիք չի ունենա: Պարզապես նա փոքրիկ թուլություն ունի՝ սիրում է իշխել, վերահսկում է երկրորդ կեսի ու երեխաների կյանքը:

Կարիերան

Փառասեր Խոյ-Վիշապը կարող է հսկայական բարձունքների հասնել, եթե սովորի վստահել մյուսներին: Շատ ինքնաբավ ու հպարտ է գործընկերների կարծիքը լսելու համար: Չնայած՝ նրան երբեմն չէր խանգարի հաշվի առնել նաև կոլեգաների հետաքրքրությունները: Փոխարենը նա շատ պատասխանատու ու աշխատասեր է, ամեն հնարավորն անում է ընդհանուր գործի բարգավաճման համար: Եվ իհարկե, Խոյ-Վիշապը բացի ղեկավարից մեկ ուրիշի պաշտոնի համաձայն չէ: Մի՞թե նա կարող է ենթարկվել ուրիշի կամքին: Նա բնածին առաջնորդ է, իշխանություն ունենալը սազում է նրան:

Պետք է արժանին մատուցել Խոյ-Վիշապի գործնական ճարպկությանը. նա շահավետ գործարքներ կնքելու տաղանդ ունի: Այս արագ մտածողությամբ, զարգացած մտավոր ունակություններով մարդը գիտի՝ ինչպես շահ քաղել անհույս գործից: Նրան պետք չէ օգնել, կարևորը չխանգարելն է: Վիշապ-Խոյերն անկախ սեռից երկաթե կամք, ամրություն ու նպատակասլացություն ունեն: Այնպես որ՝ նույնիսկ ստեղծագործ մասնագիտությունների մեջ կարող են մեծ հաջողության հասնել, քանի որ նրանք ավելորդ ապրումների վրա ժամանակ չեն վատնում:

Խոյ-Վիշապ տղամարդը

Հպարտ Խոյ-Վիշապ տղամարդը լի է հաջողության հասնելու վճռականությամբ, նա հավատում է իր առաքելությանը՝ փայլուն ձեռքբերումներ, փառք, հանրաճանաչություն: Ոգևորությամբ է ստանձնում ցանկացած գործ, էներգիայով լի է, խելացի ու ակտիվ: Նա հիանալի ղեկավար է, չնայած՝ երբեմն նրա ինքնասիրահարվածությունը վնասում է աշխատանքին: Խոյ-Վիշապ տղամարդն այնքան ինքնավստահ է, որ շատերին պնդաճակատ համառի մեկն է թվում: Կանայք կարող են մի կողմ վանել իրենց այն ֆանտազիաները, որ ամուսնությունից հետո ամեն ինչ կփոխվի: Խոյ-Վիշապը ընտանիքի միակ լիդերն է, միայն նրանից է կախված միության բարեկեցությունը: Այս ազատասեր մարդը չի շտապում կապվել ամուսնությամբ, սիրում է գեղեցիկ ու խելացի կանանց: Նույնիսկ ամուսնացած ժամանակ հաճույքով այլ սիրավեպեր է հաստատում:

Խոյ-Վիշապ կինը

Ուժեղ ու կամային Խոյ-Վիշապ կինը սահմաններ ու սահմանափակումներ չի ընդունում: Ձգտում է կյանքի բոլոր բնագավառներում հաջողության հասնել, նրա համար կարևոր է բոլոր երազանքներն ու ֆանտազիաները կյանքի կոչելը: Հակված է հաջող կարիերա անել, պատրաստ է այդ վեհ գործի համար զոհել իր անձնական կյանքը: Տղամարդիկ պետք է հասկանան, որ գործ ունեն նպատակասլաց կնոջ հետ, որը արդուկի, լվացքի ու բորշչ պատրաստելու համար ժամանակ չունի: Նրան չորս պատի ներսում պահելն անհնար է, նա իր կյանքը դեսպոտի կամ տիրանի հետ չի կապի: Ճիշտ է, շատ հանգիստ կողակիցն էլ արագ կձանձրացնի նրան, Խոյ-Վիշապը վառ, ամբիցիոզ կին է, նրան մրցակցության ոգի է անհրաժեշտ: Դրա հետ մեկտեղ, կանացի թուլություններից զուրկ էլ չէ. տղամարդկանցից ռոմանտիկ արարքներ է սպասում:

ԽՈՅ-ՕՁ

Համատեղելիության հորոսկոպում Օձ-Խոյը հսկայական կամքի ուժով անսովոր մարդ է: Նա պատրանքներ չի կառուցում ու ամպերում չի սավառնում, նախընտրում է դատողություններ անելու փոխարեն գործել: Սակայն անշտապ է ու խիստ զգույշ, նրա կանոնների մեջ չէ ինչ-որ մեկի կարծիքի վրա հենվելը, օգնություն կամ խորհուրդ խնդրելը: Խոյ-Օձն առանձնանում է մտածկոտությամբ, կյանքի հանդեպ լուրջ վերաբերմունքով. նրա համար աննշան մանրուքներ գոյություն չունեն: Խելացի է, կշռադատող, միշտ գիտի՝ ինչպես է պետք վարվել այս կամ այն իրավիճակում: Իմաստուն Օձը իր ներկայացուցիչներին կանխատեսելու շնորհով է օժտում, ինչն էլ ապահովում է նրա նախաձեռնությունների հաջողությունը: Խոյ-Օձերի գործողությունները միշտ հստակ ու ժամանակին են, նրանք հեշտությամբ են հասնում մտածածին: Ոչ միայն հրաշալի պլանավորում են իրենց կյանքը, այլ նաև ակտիվ ազդում են ուրիշների ճակատագրերի վրա:

Բնութագիրը

Նպատակասլաց Խոյ-Օձը ցանկությունների հարցում իրեն չի սահմանափակում, նրա ուժերի սահմաններում է ցանկացած բարձունքի հասնելը: Խորաթափանցությունը, զգուշությունն ու կշռադատելու ունակությունն այն որակներն են, որոնք վկայում են նրա իմաստնության ու ուժերը խելամիտ բաշխելու ունակության մասին: Այս մարդուն բնութագրական չէ սպոնտան ու անկանխատեսելի վարքը: Քաոսն ու խառնաշփոթը Օձ-Խոյի համար օտար են, նրա կյանքում լիակատար կարգուկանոն է: Օձի իմաստնությունը սահմաններ չունի, նա Խոյի էներգիան անհրաժեշտ հունի մեջ է դնում: Դա է պատճառը, որ Խոյ-Օձի բոլոր գործողությունները հստակ հավասարակշռված են՝ նա չի ծուլանում մի քանի անգամ ստուգել փաստերը, մեծ նշանակություն է տալիս մանրուքներին: Միայն սեփական անվտանգության մեջ համոզվելուց հետո է կատարում իր միակ, ուղիղ նետումը. ուրիշ ոչ մի ավելորդ շարժում:

Օձ-Խոյը անկանխատեսելի մարդ է, անհնար է գուշակել, թե ինչ կա նրա մտքին: Մի կողմից՝ հանգստություն ու սեփական ուժերին վստահություն, իսկ մյուս կողմից՝ տրամադրության կտրուկ տատանումներ: Երբեմն հույզերի ազդեցության ըակ Խոյ-Օձը լուրջ սխալներ է անում, որոնք բարդացնում են նրա կյանքը: Այս դեպքում չի կարելի բացառել իմպուլսիվ ու համառ Խոյի ազդեցությունը, որը սովոր է գործել՝ առաջնորդվելով սեփական ցանկություններով: Խոյ-Օձը պետք է սովորի վերահսկել իրեն, նույնիսկ ժամանակ առ ժամանակ, այսպես ասած, քուն մտնի: Հանգիստ, լուռ միջավայրը թույլ կտա նրան առանց շտապելու գլուխ հանել իրադարձություններից: Չնայած՝ վտանգ կա, որ Խոյ-Օձը վերջնականապես կխճճվի իր մտահանգումների մեջ ու կկորցնի ժամանակի զգացումը:

Օձ-Խոյի գլխավոր առանձնահատկությունը իմաստնությունն ու հմայքն է: Նշանների այս համադրությամբ մարդիկ այնքան եսասեր չեն, որքան մյուս Խոյերը: Նրանք փորձում են բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել: Խոյ-Օձը միշտ քաղաքավարի է, ուշադիր, հազվադեպ է վեճերի ու կոնֆլիկտների մեջ ներքաշվում: Խորաթափանց ու իմաստուն է, կարողանում է արժեքավոր խորհուրդներ տալ, ինչով անսահման հարգանք ու վստահություն է առաջացնում: Մարդիկ գիտեն, որ Խոյ-Օձը ելք կգտնի նույնիսկ ամենախճճված իրավիճակից: Սակայն նա շատ գործնական է ուժերը զուր վատնելու համար: Ձգտում է ճոխության ու հարստության, շատ կախված է հարմարավետությունից: Խոյ-Օձի համար կարևոր է նյութական բարեկեցության հասնելը: Նա շատ է աշխատում, գումարի կարիք չի ունենում, բայց ժլատ է: Գրագետ է պլանավորում իր բյուջեն, սպոնտան գնումներ չի անում:

Սիրո մեջ

Խոյ-Օձն այնքան խորթափանց է, որ հարաբերությունների հենց սկզբից է հասկանում՝ արժե՞ շարունակել ծանոթությունը, թե՞ եկել է բաժանվելու պահը: Բայց նա չի շտապում անկեղծ արտահայտել իր զգացմունքները. անխռով ու մեծ արժանապատվությամբ է իրեն պահում: Կողակիցը պետք է միայն կռահի գործերի իրական վիճակի մասին, իսկ Խոյ-Օձը հանգիստ կհետևի նրա տառապանքներին: Նա երկար ու ուշադիր է դիտում իր կրքերի օբյեկտին: Սիրատածությունների է անցնում միայն նրանից հետո, երբ մանրամասն մտածում է իր վարքի ռազմավարությունը:

Խոյ-Օձի հետ մտերիմ, վստահելի հարաբերություններ կառուցելը բավականին բարդ է: Նրա իրական զգացմունքներն ու մտքերը գաղտնիք են նույնիսկ ամենամտերիմների համար: Խոյ-Օձը միշտ հանգիստ է, զուսպ. վեճերի մեջ չի ներքաշվում, խուսափում է սկանդալներից ու հարաբերությունների աղմկոտ պարզաբանումից: Ընտանեկան հորոսկոպում Խոյ-Օձը ուշադիր ու հոգատար ամուսին է, ունակ չէ դավաճանության ու ստի: Ճիշտ է, փոխարենը սեր ու կույր պաշտամունք է ակնկալում. մտերիմները պետք է ընդունեն նրան իր բոլոր արժանիքներով ու թերություններով հանդերձ:

Կարիերան

Օձ-Խոյ կանայք ու տղամարդիկ աշխատասեր, նպատակասլաց և որ ամենակարևորն է՝ հետևողական մարդիկ են: Նրանց ավելի շատ հարմար է մտավոր աշխատանքի հետ կապված գործունեությունը՝ գիտությունը, բժշկությունը, տեխնիկական մասնագիտությունները: Այս մարդիկ հաջող կարիերա անելու համար բոլոր տվյալներն ունեն: Խոյ-Օձը գործունեության ոլորտն ընտրում է իր զգացումներին համապատասխան, սակայն մեծ նշանակություն ունի նաև շուկայում դրա պահանջարկը: Նա պետք է իր աշխատանքի համար արժանի պարգևատրում ստանա:

Իր աշխատավայրում Խոյ-Օձը արքա ու աստված է, միայն նա իրավունք ունի որոշումներ ընդունել: Գործընկերները պետք է հաշտվեն նրա՝ աշխատանքային գործընթացը վերահսկելու ու հրահանգներ տալու ցանկության հետ: Խոյ-Օձի բարձր պրոֆեսիոնալիզմը կասկածներ չի հարուցում, այնպես որ՝ նրան հաճույքով ենթարկվում են: Առավել ևս, որ նա հակված չէ ավելորդ զրույցների, շատ թանկ է գնահատում իր ժամանակը: Խոյ-Օձը ձգտում է կարիերայի աճի. չի հոգնում ողջ կյանքում սովորելուց ու հմտությունները կատարելագործելուց: Իր կյանքը դատարկ հոգսերի վրա չի վատնում, պարզապես զբաղվում է գործով:

Խոյ-Օձ տղամարդը

Իմաստուն Խոյ-Օձ տղամարդը աչքի ընկնող ու անսովոր անձնավորություն է: Դիմացկունությունը, սառը հաշվարկը, խելքը այս նշանի առանձնահատուկ գծերն են: Նրանք առանձնանում են աշխատասիրությամբ, նպատակասլացությամբ, գործնական հարցերի լուծման ժամանակ հնարամիտ են, ճարպիկ: Այնպես որ՝ իսկական պրոֆեսիոնալների հեղինակություն են վայելում, մասնագիտական մեծ բարձունքների են հասնում: Սակայն պետք չէ մոռանալ Խոյի բռնկունության ու իմպուլսիվության մասին: Այս զուսպ տղամարդն էլ է հակված կասկածների, ծանր է տանում անձնական անհաջողությունները: Այնպես որ՝ սիրային գործերում զգույշ է գործում, երկար է դիտում կնոջը: Խոյ-Օձ տղամարդը խելամիտ է, կյանքը թեթևամիտ կնոջ հետ չի կապի: Փոխարենը ամուսնանալուց հետ հավատարիմ ու սիրող ամուսին կդառնա:

Խոյ-Օձ կինը

Տաքարյուն Խոյ-Օձ կինը իր մեծ ուժ է գտնում հույզերը վերահսկելու համար: Ճարպկորեն մանիպուլյացիայի է ենթարկում մարդկանց, միշտ այնպիսի դիրք է զբաղեցնում, որը շահավետ է հենց այդ պահին: Իր հետաքրքրությունները չի զոհի նույնիսկ մտերիմների համար: Էներգիայով լի, ինքնավստահ այս կինը համարձակ առաջ է շարժվում ու ուշադրություն չի դարձնում մանրուքներին: Բազմաթիվ արժանիքներ ունի՝ փայլուն խելք, գրավիչ արտաքին, նպատակասլացություն: Տղամարդկանց նա կրքոտ ու անմատչելի գեղեցկուհի է թվում: Խոյ-Օձ կինը կտրուկ ու համառ է, կողակցից երկրպագություն ու հիացմունք է սպասում: Նախընտրում է բոլոր կարևոր հարցերը միայնակ լուծել, անհրաժեշտ չի համարում ընտրյալի կարծիքը լսելը: Փոխարենը նրա հետ հարաբերությունները երբեք ձանձրալի չեն դառնա:


Տարվա և ամսվա համադրությունը. ԽՈՅ (Մաս 2-րդ)

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 3883 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6