ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Տարվա և ամսվա համադրությունը. ԿՇԵՌՔ (Մաս 1-ին)
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 3055 | 12:00 Ավելացրեց: Moder-003

ԿՇԵՌՔ-ԱՌՆԵՏ

Ուրախ, շփումների համար բաց Կշեռք-Առնետները դուր են գալիս մարդկանց: Միշտ բարյացակամ ու հաճելի են, իրենց քաղաքավարի են պահում, նրբանկատ են բոլորի հետ: Հեշտությամբ են շահում մարդկանց համակրանքը, ցանկացած իրավիճակում արժանապատիվ երևալու ունակություն ունեն: Կշեռքների դիվանագիտությունն ու Առնետների անդիմադրելի լինելը նրանց մեծ հմայք են հաղորդում: Նրանք այնքան հետաքրքիր անձնավորություններ են, որ անպայման իրենց վրա ուշադրություն են հրավիրում: Առնետ-Կշեռքները սիրում են ուշադրության կենտրոնում լինել, մարդկանց դուր է գալիս նրանց դիտելը: Նրանց հետ շփումները հաճելի տպավորություն են թողնում, ընդ որում՝ նրանք պարզապես չեն կշռադատում, այլ հեռուն գնացող մտքեր են հայտնում: Այս իմաստուն մարդիկ կարող են արժեքավոր խորհուրդ տալ ու ելք գտնել բարդ իրավիճակից: Նրանց վրա կարելի է ամբողջությամբ հույս դնել:

Բնութագիրը

Այս մարդիկ առանձնանում են ուրախ բնավորությամբ ու լավատեսությամբ: Կշեռք-Առնետները մեծ օպտիմիստներ են, պատրաստ են բոլորի հետ կիսվել իրենց ուրախությամբ: Ներշնչելու ունակություն ունեն, կարողանում են հարթել կոնֆլիկտները: Նրանց խոսքերին անհնար է չհամաձայնել ու չհետևել, շատ համոզիչ են իրենց փաստարկներում: Կշեռք-Առնետները իմաստուն մարդիկ են, սեփական հետաքրքրությունների հետևից ընկած չեն, այլ պարզապես ուզում են օգնել: Բնությունը նրանց օժտել է խնդրի էությունը ու դրա լուծումը տեսնելու ունակությամբ: Նրանց համար ամենակարևորը արդարության հաղթանակն է: Փորձում են բոլոր միջոցներով ներդաշնակության հասնել, չեն կարողանում հաշտվել դաժանության ու չարի հետ: Շրջապատողները բարձր են գնահատում նրանց ջանքերը, մեծ հարգանքով են լցված նրանց հանդեպ: Այս մարդիկ թշնամիներ համարյա չունեն:

Կշեռքի դիվանագիտությունն ու շփումների հանդեպ սերը հարթում են Առնետի շահադիտությունն ու ծածկամտությունը: Այս համադրությամբ մարդիկ սիրում են լայն ժեստեր անել, դեմ չեն ուրախ ընկերախմբում ժամանակ անցկացնելուն: Նրանց դուր է գալիս իրենց վրա ուշադրություն հրավիրել, այնպես որ՝ ունակ են խենթ արարքներ անել ու շատ ժամանակ տրամադրել զվարճանքներին: Կշեռք-Առնետը խմբի հոգին է, հասարակության սիրելին: Ճիշտ է նա հեռու է իդեալական լինելուց՝ սիրում է բամբասել, երբեմն չարաշահում է մարդկանց լավ վերաբերմունքը, փորձում է նրանց ծանրաբեռնել իր խնդիրներով: Բացի այդ, ծույլ է, թուլանում է քծնանքի առաջ, պաշտում է իր հասցեին հաճոյախոսությունները: Անտարբեր չէ շքեղ իրերի հանդեպ, սիրում է գտնվել գեղեցիկ մարդկանց շրջապատում:

Բարեհոգի Առնետ-Կշեռքներն այնքան էլ հասարակ չեն. չեն համաձայնի իրենց համար ոչ շահավետ պայմաններին: Լավ հոտառություն ունեն, բավական լավ են վարում իրենց գործերը: Սովորաբար նյութապես ապահովված են և իրենց գործունեության մեջ հաջողության հասած: Եթե իհարկե, կարողանում են հաղթահարել հաջողության տանող ճանապարհին նրանց խանգարող միակ խոչընդոտը՝ ծուլությունը: Երբեմն այնքան են տարվում երազանքներով, որ կորցնում են ժամանակի զգացումը: Ունակ են պատասխանատվությունն ուրիշի ուսերին գցել: Մեծ հաճույքով են աշխատում զույգով կամ մեծ կոլեկտիվում: Հեշտությամբ հարմարվում են նոր պայմաններին, հաճույքով են ընկալում փոփոխությունները, շատ լավ լեզու են գտնում մարդկանց հետ: Անտարակույս Կշեռք-Առնետների հետ հաճելի է գործ ունենալ:

Սիրո մեջ

Կենսուրախ Կշեռք-Առնետները հեշտությամբ են նոր ծանոթություններ հաստատում ու հաջողություն են վայելում հակառակ սեռի մոտ: Հակված չեն հիստերիաների, չեն սիրում հարաբերություններ պարզել, այնպես որ՝ նրանց հետ հարմարավետ է: Բացի այդ, ռոմանտիկ, զգայուն արարածներ են, կարողանում են գեղեցիկ ժեստեր անել: Ճիշտ է, որպես պատասխան նույնպիսի շքեղ նվերներ ու լայն ժեստեր են ակնկալում: Քմահաճ ու իշխող են լինում, բայց միևնույն է շարունակում են հաճելի ու գրավիչ մարդիկ մնալ: Կարողանում են գրագետ կառուցել հարաբերությունները, նրանց անհնար է չսիրահարվել:

Ընտանեկան կյանքում Կշեռք-Առնետներն իրենց համարյա անթերի են պահում: Հմտորեն վարում են տնտեսությունը, աշխատում են գումարն առանց խիստ անհրաժեշտության չծախսել: Չեն կորցնում լավատեսությունը, բայց երբեմն հոգնում են կենցաղից: Հակված են ինտրիգների, շատ ակտիվ ու գրավիչ են տանը նստելու համար: Չնայած՝ ժամանակի հետ սկսում են ավելի շատ գնահատել մտերիմ մարդկանց ու օրինակելի ամուսին են դառնում: Ընդհանուր առմամբ Առնետ-Կշեռքները լավ ամուսինները են, իմաստուն ու ոչ կոնֆլիկտային մարդիկ են:

Կարիերան

Բնությունը Կշեռք-Առնետներին օժտել է բազմազան տաղանդներով: Առաջին հերթին նրանք ինտելեկտուալ զարգացած մարդիկ են: Նախընտրում են զբաղվել մտավոր աշխատանքով, իսկ ահա ֆիզիկական աշխատանքը նրանց շատ ծանր ու անշնորհակալ գործ է թվում: Հիանալի ինտուիցիա ունեն, դրա շնորհիվ խուսափում են տհաճ իրավիճակներից: Հեշտությամբ են ընդհանուր լեզու գտնում գործընկերների հետ, կարողանում են կառավարել մարդկանց: Առնետ-Կշեռքները ամբիցիոզ, ակտիվ մարդիկ են, հաճախ ղեկավար պաշտոններ են զբաղեցնում:

Մարդկանց տրամադրությունը զգալու, իրենց մտքերը գրագետ շարադրելու ունակության շնորհիվ Կշեռք-Առնետները կարող են հաջողակ հոգեբաններ դառնալ: Ունակ են իմաստուն խորհուրդ տալ, ճիշտ որոշում հուշել, համոզելու շնորհ ունեն: Բացի այդ, խելացի են, հնարամիտ ու գործնական: Այնպես որ՝ նրանց շատ հարմար են իրավաբանի կամ լրագրողի մասնագիտությունները: Գործունեության ցանկացած ոլորտում Կշեռք-Առնետները կարող են մեծ հաջողության հասնել, եթե դադարեն ծուլանալ ու բորբոքվել դատարկ բաների պատճառով:

Կշեռք-Առնետ տղամարդը

Առնետի տարում ծնված Կշեռք տղամարդը ծանոթության առաջին րոպեներից հաճելի տպավորություն է թողնում: Նրբանկատ մարդ է, ուժեղ ինտուիցիա ունի, գիտի՝ ինչպես համակրանք շահել, դրա հետ մեկտեղ՝ երբեք այդ համակրանքը նենգ նպատակներով չի օգտագործում: Նրա բնավորության առանձնահատկություններն են պատասխանատվությունն ու սկզբունքայնությունը: Նրան հարմար է գործունեության ցանկացած ոլորտ, հատկապես՝ կապված մարդկանց հետ մշտական շփումների հետ: Նյութական դժվարություններ չի ունենում, բայց աշխատում է գումարը ծախսել իսկապես անհրաժեշտ իրերի վրա: Կշեռք-Առնետ տղամարդը լավ ընտանիքի մարդ է, պատասխանատու է մոտենում կնոջ նույնիսկ ամենափոքր առաջադրանքներին: Բայց կենցաղը ձանձրացնում է նրան, այնպես որ՝ նրա կինը պետք է պատրաստ լինի իրադարձություններով հարուստ ընտանեկան կյանքի:

Կշեռք-Առնետ կինը

Կշեռք-Առնետ կինը զրուցակցին գրավում է մեղմ շարժումներով ու ձայնով: Տղամարդիկ նրա գերությունից դուրս պրծնելու շանս չունեն, բայց դրա կարիքն էլ չկա: Նա լավագույն կինն է՝ տնարար, հավատարիմ ու հնազանդ: Նրա միակ թերությունը շատախոսությունն է, չնայած՝ նրա հետ շփումները միայն հաճույք են պատճառում: Խելացի, կարդացած այս կինը գիտի՝ ինչպես գրավել զրուցակցին, բայց իրեն նրբանկատ է պահում, չի ցուցադրում, վեր չի դասում իր կրթվածությունը: Փորձում է կյանքում կայանալ, սովորաբար լավ պաշտոն է վայելում: Այդ իսկ պատճառով նյութապես ապահովված է, բայց, միևնույն է, միշտ ուրախ է թանկ նվեր ստանալ: Սիրում է շքեղ իրեր, ճամփորդություններ, երբեք գումար չի խնայի այն բանի վրա, ինչն իրեն հաճույք է պատճառում:

ԿՇԵՌՔ-ՑՈՒԼ

Իմաստուն Կշեռք-Ցուլերը միայն կշռադատված, լավ մտածված որոշումներ են ընդունում: Նրանց բնորոշ չէ շտապելն ու ուրիշներին շտապեցնելը, նախընտրում են դանդաղ, բայց ճիշտ գործել: Ցուլի ուժը Կշեռքներին ինքնավստահություն է հաղորդում, թույլ չի տալիս տրվել կասկասծներին ու ապրումներին: Իր հերթին Կշեռքի նշանը մեղմացնում է Ցուլի համառությունն ու իշխելու, բոլորին կառավարելու նրա ցանկությունը: Հնարավոր չէ Կշեռք-Ցուլին պատկերացնել նյարդայնացած, իր գործողությունների համար հաշիվ տալու անընդունակ: Միշտ հանգիստ են, բարյացակամ ու խիստ բարեհամբույր: Զգույշ են, քչերին են վստահում, բայց դա անտարբեր վերաբերմունք դրսևորելու համար պատճառ չէ: Այնպես որ՝ յուրաքանչյուր զրուցակցի հետ իրենց պահում են որպես լավագույն ընկեր, ձգտում են դուր գալ:

Բնութագիրը

Շփվող Կշեռք-Ցուլերը ցանկացած ընկերախմբի հոգին են, հեշտությամբ են լեզու գտնում ամենատարբեր մարդկանց հետ: Մեղմությունը, զիջելու պատրաստակամությունը, բարությունը նրա բնավորության առաջատար գծերն են: Ցուլ-Կշեռքներն այնքան բարեհամբույր են, որ ունակ չեն մերժել նույնիսկ պահանջի տոնով ասված խնդրանքը: Հաճախ նրանց այդ բնավորությունից օգտվում են ոչ այնքան բարեխիղճ մարդիկ: Չնայած՝ Ցուլի ամրությունը նրանց վրա դրական ազդեցություն է թողնում. վաղ թե ուշ ինքնասիրությունը հաղթում է: Այնպես որ՝ պետք չէ չարաշահել այս մարդկանց բարի վերաբերմունքը, նրանք ունակ են հակահարված տալ: Զուսպ են, սթափ են դատում, ծանոթների ու գործընկերների շրջանում հեղինակություն են վայելում:

Նրանք հուսալի ու ջանասեր մարդիկ են, եթե խոսք են տվել, անպայման կպահեն իրենց խոստումը: Ճիշտ է, Ցուլ-Կշեռքները առանձնապես ցանկություն չունեն իրենց վրա ավելորդ պարտավորություններ վերցնել: Եթե չլիներ բնածին օգնելու պատրաստակամությունը, իրենց չէին ծանրաբեռնի մտերիմներին օգնելու հարցով: Չեն սիրում ֆիզիկական աշխատանքը, փոխարենը հաճույքով տրվում են երազանքներին ու մտորումներին: Չնայած իրենց բարեհամբույր լինելուն, բավական փակ մարդիկ են: Մտերիմներից շատ քչերն են նրանց ամբողջությամբ ճանաչում: Կշեռք-Ցուլերը հաճելի ու անվնաս արարածներ են, բայց բավականին համառ ու ինքնասեր են: Չնայած բաց տեքստով հարաբերություններ չեն պարզի, բայց կգտնեն իրենց պաշտպանելու ձևը: Ցանկացած գործում կգտնեն խնդիրները լուծելու ամենակարճ ուղին, չեն սիրում դժվարություններ հաղթահարել:

Կշեռք-Ցուլերը չեն սիրում անկեղծանալ, իսկ ահա լսելը նրանց սիրելի զբաղմունքն է: Կարող են ժամերով զրուցել, բայց միայն հետաքրքիր մարդկանց հետ: Շատ լավ հասկանում են, որ բարեհամբույր լինելն ու հարգալից վերաբերմունքը որքան հնարավոր է շատ ինֆորմացիա հավաքելու լավագույն ձևն է: Նրանք լավ ռազմավարներ են ու նույնիսկ մի փոքր մանիպուլյատոր, այդ իսկ պատճառով միշտ գիտեն՝ ինչպես է պետք օգտագործել ստացած տեղեկությունները: Կշեռք-Ցուլերն, անկախ սեռից, ձգտում են կատարելության ու ներդաշնակության հասնել: Չի կարող երջանիկ լինել, եթե շուրջը կոնֆլիկտներ են ու ապագայի հանդեպ վստահություն չկա: Կշեռք-Ցուլին նորմալ կյանքի համար քիչ բան է պետք՝ հանգստություն ու խաղաղություն: Չնայած՝ դեմ չէ զվարճանալուն, սիրում է աղմկոտ խնջույքները: Հաճույքով համաձայնում է ուրախ ժամանակ անցկացնելու հրավերներին:

Սիրո մեջ

Այս ազնիվ, բաց մարդիկ չեն սիրում ձևացնել, բայց ողջ ճշմարտությունն էլ չեն ասի իրենց ընտրյալին: Կնախընտրեն դիվանագիտորեն շրջանցել խոչընդոտները, ամեն ինչ կանեն հարաբերություններում սուր անկյունները հարթելու համար: Նույնիսկ եթե փոխադարձ զգացմունքով չպատասխանեն, կտրուկ չեն վանի սիրահարված մարդուն: Կշեռք-Ցուլերն իրենց ամենալավը զգում են հին ծանոթների շրջանում, թեթևամիտ չեն: Նրանց ժամանակ է պետք մարդուն ավելի լավ ճանաչելու համար, միայն դրանից հետո կարող է խոսք լինել ամուսնության մասին:

Կշեռք-Ցուլերի ընտանեկան կյանքը բավական հանգիստ է անցնում, առանց լուրջ սկանդալների: Ամեն հնարավորը կանեն կոնֆլիկտները հարթելու համար: Ինքը՝ Ցուլ-Կշեռքը երբեք տհաճություններ չի պատճառի իր երկրորդ կեսին: Նա ընտանիքին նվիրված մարդ է, դավաճանելու իմաստ չի տեսնում: Շատ ժամանակ է տրամադրում երեխաների դաստիարակությանը, նրանց հետ լավ հարաբերությունների մեջ է: Նրան հունից հանելը դժվար է, եթե ոչ՝ անհնարին: Այնպես որ՝ նրա ընտանիքում խնդիրներ չեն լինում:

Կարիերան

Կշեռք-Ցուլը տաղանդավոր անձնավորություն է: Չկա մի աշխատանք, որից այս մարդը գլուխ չհանի: Նրա արժանիքների շարքում կարելի է դասել աշխատասիրությունը, սրամտությունն ու զսպվածությունը: Ցանկացած գործում իրեն դրսևորում է որպես պատասխանատու ու սկզբունքային աշխատակից: Նախընտրում է մտավոր գործունեությունը, շատ ինքնասեր է ուժերը ցածր վարձատրվող աշխատանքի վրա վատնելու համար: Չի հանգստանա, մինչև չհասնի ամենաբարձր պաշտոնին և մինչև չկայանա որպես մասնագետ:

Փառասեր Կշեռք-Ցուլերի համար մեծ նշանակություն ունի աշխատանքի հարգը: Շփվելու իր հրաշալի ունակությունների շնորհիվ արագ ընդհանուր լեզու է գտնում գործընկերների հետ: Նրանք հիանալի տնօրեններ են, կարողանում են աշխատել մարդկանց հետ: Չեն կարող հաճույքով ու ջանասիրությամբ աշխատել թշնամության ու ատելության մթնոլորտում: Ցուլ-Կշեռքներին հարմար է գործունեության ցանկացած ոլորտ՝ իրավաբանություն, ֆինանսներ: Համբերատար են, կատարողական, հնարամիտ, այնպես որ՝ լավագույն ու անփոխարինելի աշխատակիցներն են համարվում:

Կշեռք-Ցուլ տղամարդը

Հանգիստ Կշեռք-Ցուլ տղամարդը վստահություն է առաջացնում, նրա վրա կարելի է հույս դնել: Արժեքավոր խորհուրդներ տալու ունակություն ունի, սրամիտ է, զուսպ, ճկուն, գործնական: Այս հատկությունները նրան թույլ են տալիս կշռադատված որոշումներ ընդունել: Շատ լավ գլուխ է հանում ֆինանսների, վերլուծական գործունեության հետ կապված գործերից: Կարող է թվալ, թե այս մասնագիտությունների մարդիկ պետք է զուսպ լինեն ու հակված չլինեն շփումների: Բայց Ցուլի տարում ծնված տղամարդ Կշեռքը բավականին հետաքրքիր, կիրթ մարդ է: Այս հմայիչ զրուցակիցը հեշտությամբ լեզու է գտնում կանանց հետ, բայց կյանքի ուղեկցին շատ երկար է ընտրում: Հաճույքով սիրավեպեր է սկսում վառ գեղեցկուհիների հետ: Ձգտում է դեպի տունը, սիրում է համեղ ուտել, այնպես որ՝ նախապատվությունը տալիս է հանգիստ, տնտեսվար կանանց:

Կշեռք-Ցուլ կինը

Հմայիչ Կշեռք-Ցուլ կինը շրջապատված է բազմաթիվ հարազատներով ու ընկերներով: Մարդկանց գրավում է նրա մեղմությունը, բարեհամբույր վերաբերմունքը: Նա գիտի՝ ինչպես լիցքաթափել լարված իրավիճակը, շատ է կատակում: Նրա հետ շփումները ջերմության ու հարմարավետության զգացում են պարգևում: Դրա հետ մեկտեղ՝ բավականին խելացի է, գործնական, կենսական ամենաբարդ խնդիրները լուծելիս իմաստուն է: Փառասեր, ակտիվ Կշեռք-Ցուլ կինը, որը հակված է հաջողության հասնել, ցավոք, ընկնում է ուրիշի ազդեցության տակ: Սովորաբար հետաքրքրություն է ցուցաբերում միայն այն գործերին, որոնք հոգեհարազատ են նրան: Սիրային հարաբերություններում երկրպագուից անթիվ հաճոյախոսություններ ու ճոխ նվերներ է սպասում: Այս ռոմանտիկ կինը շատ է իդեալականացնում իր ընտրյալին ու հաճախ հիասթափություն է ապրում:

ԿՇԵՌՔ-ՎԱԳՐ

Բարեհամբույր, մեղմ ու քաղաքավարի Կշեռք-Վագրը հիանալի զրուցակից է: Այս մարդկանց կողքին գտնվելը ոչ միայն հաճելի է, այլև՝ անվտանգ: Երբեք չեն վիրավորի կոպիտ խոսքով, կհասկանան, կհանգստացնեն ու անպայման արժեքավոր խորհուրդ կտան: Արժանապատիվ, ուժեղ Վագրը զիջում է երկար խորհրդածությունների հակված դիվանագետ Կշեռքին: Այնպես որ՝ այս համադրությամբ մարդիկ ավելի քիչ ակտիվ են, ավելի շատ մտորումների հակված ու հավասարակշռված, քան մյուս Վագրերը: Իրենց տեսակետը պարտադրելու ցանկություն չունեն, ուժերը դատարկ բաների վրա չեն ծախսում: Փոխարենը կենսուրախ են, պաշտում են աշխարհիկ զրույցներ վարել և իրենց շրջապատել գեղեցիկ իրերով ու հաճելի մարդկանցով: Վագր-Կշեռքներն ամեն ինչում ներդաշնակության են ձգտում, փորձում են հաշտ ապրել իրենք իրենց ու շրջապատող աշխարհի հետ:

Բնութագիրը

Այս մարդկանց կյանքում, հնարավոր է, տարբեր տհաճություններ լինեն, բայց դրանք բոլորը հաջողությամբ կհաղթահարվեն: Նրանք մեծ լավատեսներ են, հավատում են իրենց երջանիկ ապագային: Նույնիսկ անհաջողության դեպքում նրանց տրամադրություն չի փչանա: Վագր-Կշեռքները չեն ուզում ուշադրությունը կենտրոնացնել վատի վրա, հոգու ողջ ուժով ձգտում են գեղեցիկին: Նրանց դուր է գալիս շփվել, ուրախանալ, երբեմն շատախոս են դառնում: Կարող են ինչ ասես խոստանալ, և իրենք էլ կհավատան իրենց ասածին:  Չնայած՝ հաճախ նրանց խոսքը համապատասխանում է գործին, շատ թեթևամիտ ու անկայուն չեն լինում: Այս մարդկանց համար ավելի կարևոր է ներքին հանգստության զգացումը, այլ ոչ թե սեփական թերությունների դեմ պայքարը: Այնպես որ՝ նախընտրում են իրենց չտանջել ապրումներով:

Վեներայի ազդեցությունը Կշեռք-Վագրին ներդաշնակության ու կատարելության ձգտմամբ է օժտում: Աշխատում են իրենց կյանքը չբարդացնել ավելորդ խնդիրներով, խուսափում են պատասխանատվությունից, բավականին ծույլ մարդիկ են: Չնայած՝ անսահման բարի են, օգնող, միշտ հաճույքով են արձագանքում օգնության խնդրանքներին: Նրանք ռոմանտիկ են, իդեալիստներ, ցավագին են արձագանքում անարդարությանն ու չարին: Չեն հանդուրժում ո՛չ սեփական տանջանքները, ո՛չ ուրիշներինը: Կշեռք-Վագրերը կարողանում են անհրաժեշտ տպավորությունը թողնել, այնքան հմայիչ են, որ նրանց գրավչությանը դիմադրելն անհնար է: Այս մարդիկ ունակ չեն վճռական գործողությունների, չեն առանձնանում ուժեղ կամքով ու ամուր խառնվածքով: Փոխարենը հրաշալի են որպես ընկեր կամ գործընկեր. նրանց հետ ձանձրալի չի լինում:

Կշեռք-Վագրերն անկախ սեռից պաշտում են հաճոյախոսությունները, հասարակության ուշադրության կարիքն ունեն: Բացարձակ չեն հոգնում մարդկանցից, ցանկացած ընկերախմբում իրենց ազատ են զգում: Իսկ ահա իրենց հանդեպ անտարբեր վերաբերմունքը շատ վատ են տանում, միայնության մեջ տառապում են: Չնայած Կշեռք-Վագրը շատ կապված է տանը՝ դեմ չէ նաև տան պատերից դուրս ժամանակ անցկացնելուն: Միայն թե չի սիրում ինքն իր հետ մենակ մնալ, մտերիմ մարդկանց ընկերակցության կարիքն է զգում: Վագր-Կշեռքը յուրահատուկ մարդ է, նրան անհնար է չնկատել, միշտ ուշադրության կենտրոնում է: Հայտնի է իր բարությամբ, ուրախ տրամադրությամբ, բայց դրա հետ մեկտեղ՝ նեղացկոտ ու վրեժխնդիր է: Չի կարողանում ներել, ամոթ չի համարում իր թշնամիներից վրեժ լուծելը:

Սիրո մեջ

Խարիզմատիկ Կշեռք-Վագրերը հակառակ սեռի մոտ մեծ ճանաչում են վայելում: Նրանք այնքան հմայիչ են և որ ամենակարևորն է՝ չեն թաքցնում իրենց հետաքրքրվածությունը հակառակ սեռով, որ դիմադրելն անհնար է: Վագր-Կշեռքների շուրջ միշտ շատ մարդ կա, ընդ որում՝ ոչ միայն երկրպագուներ ու երկրպագուհիներ: Նրանց հետ շատերն են ձգտում ընկերություն անել, իսկ թե որքան սրտեր են նրանք կոտրել՝ մեծ գաղտնիք է: Շատ թեթևամիտ են, անկայուն, չեն կարողանում դիմակայել գայթակղություններին, այնպես որ՝ հաճախ փոխում են կողակիցներին:

Հնարավոր է, հենց թեթևամտությունն ու հաճախակի սիրահարվելն էլ խոչընդոտ են հանդիսանում Կշեռք-Վագրի համար ամուր ընտանիք ստեղծելու հարցում: Բայց ընդհանուր առմամբ նրանք շատ հոգատար ու սիրող մարդիկ են: Ընտանեկան կյանքում լավ ամուսին են, իսկ որպես ծնող պարզապես կատարյալ են: Ողջ ուժերով փորձում են բոլորին հաշտեցնել, նրանց տանը վստահության ու փոխհասկացողության մթնոլորտ է: Կշեռք-Վագրերը բնածին դիվանագետներ են, խելացի կերպով հարթում են ընտանեկան վեճերն ու տարաձայնությունները:

Կարիերան

Աշխատանքին ու իր ողջ կյանքին Կշեռք-Վագրը խելամիտ է մոտենում: Ընտրում է մասնագիտություն, որը համապատասխանում է նրա բնատուր հակվածություններին: Հարուստ երևակայություն ու զարգացած էսթետիկ ճաշակ ունի, այնպես որ՝ իրեն վստահ է զգում ստեղծագործ մասնագիտություններում: Բավական հաջողակ է նաև կոմերցիայի ու ֆինանսների ոլորտում: Հաճախ աշխատում է հաճույքի, այլ ոչ թե կարիքի կամ հնարավորինս շատ գումար աշխատելու համար: Գործերում շատ հաջողակ է, կարող է փայլուն կարիերա կառուցել:

Վագր-Կշեռքները միշտ շրջապատված են համախոհներով ու բարյացակամ տրամադրված մարդկանցով: Եվ դա նրա շնորհիվ, որ շատ լավ են հասկանում մարդկանց հոգեբանությունը: Չեն վախենում փոխել աշխատավայրը, քանի որ նոր կոլեկտիվի հետ լեզու գտնելը նրանց համար դժվարություն չի ներկայացնում: Միակ բանը, որը կարող է վախեցնել նրանց՝ կոլեկտիվի աշխատանքի համար անձնական պատասխանատվությունն է: Դժվարությամբ են որոշումներ ընդունում, սկսած գործն ավարտին հասցնելու համար բավականաչափ ամուր չեն: Այնպես որ՝ նրանք պատասխանատու աշխատանքի փոխարեն ընտրում են ազատ գրաֆիկը:

Կշեռք-Վագր տղամարդը

Կշեռք-Վագր տղամարդը միշտ նրբանկատ ու քաղաքավարի է: Բոլոր գործերում խելամիտ ներդաշնակություն է պահպանում՝ լավ աշխատել է, նշանակում է կարելի է և հանգստանալ: Հակված չէ ծանր ֆիզիկական աշխատանք անել, նրան հոգեհարազատ է ինտելեկտուալ գործունեությունը: Ղեկավարությունը գնահատում է Կշեռք-Վագրին ամենամռայլ ու քչախոս մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու ունակության համար: Բանակցություններ վարելու արվեստի մեջ նրան հավասարը չկա, դրսևորում է իր լավագույն որակները՝ թեթևություն, շփումների հանդեպ սեր, քաղաքավարություն: Չնայած՝ այս հատկանիշները կարող են լուրջ խոչընդոտ դառնալ անձնական երջանկության ճանապարհին: Նշանների այս համադրությամբ տղամարդը շատ հաճախ է փոխում կողակիցներին, որոնցից յուրաքանչյուրի հետ նույնանման բարեհամբույր ու մեղմ է: Սիրահարված կինը ինքը պետք է նրա փոխարեն որոշիչ ընտրություն կատարի ու կանգնեցնի ամուսնության փաստի առաջ:

Կշեռք-Վագր կինը

Վագրի տարում ծնված կին Կշեռքը կարող է կայանալ դերասանության մեջ: Բարեհամբույր, թեթևամիտ կնոջ կերպարի տակ թաքցնում է սառը, հաշվենկատ խելքը: Իր առաջատարի ամբիցիաները բաց չի դրսևորում, բայց նրան հետաքրքրում է բացառապես ղեկավարի պաշտոնը: Կշեռքի նշանի ազդեցությունն այս համադրությամբ կնոջն անվճռական է դարձնում, նա երկար ու մանրամասն կշռադատում է բոլոր հնարավոր տարբերակները: Բայց ընտրություն կատարելուց հետո ակտիվ ստանձնում է գործը, իսկ մտածածը հաջողությամբ կյանքի կոչելու հարցում օգնում է Վագրի ուժը: Սիրո մեջ արժանի զուգընկեր է փնտրում, նրան չի հետաքրքրի թուլակամ տղամարդը, ով կարիերայում հաջողության չի հասնել: Այս վառ ու հետաքրքիր կինը պաշտում է ֆլիրտը, բայց ձգտում է ամուր ընտանիք ստեղծելուն, որտեղ հենց ինքը պետք է լիդեր լինի:

ԿՇԵՌՔ-ԿԱՏՈՒ

Հմայիչ Կշեռք-Կատուները օժտված են մարդկանց իրենց սիրահարեցնելու տաղանդով: Այս գրավիչ անձանց դիմակայելը բարդ խնդիր է, քանի որ նրանք բոլոր միջոցներով փորձում են գոհացնել: Շրջապատողներին դուր է գալիս նրանց մեղմ, զիջող բնավորությունը: Կշեռք-Կատուներն այնքան են սիրում շփումը, որ լավ հարաբերությունների համար շատ զոհողությունների են պատրաստ: Չեն կարողանում երկար ժամանակով նեղացած մնալ, քննադատությանը թեթև են վերաբերվում, չեն վախենում ծիծաղել իրենք իրենց վրա: Հավասարակշռված Կշեռքները բարեհամբույր Կատվի հետ համադրությամբ էլ ավելի շատ նրբանկատություն ու բարեսրտություն են ձեռք բերում: Նշանների այս համադրությամբ մարդիկ օրինակելի վարքի ու լավ դաստիարակվածության հրաշալի օրինակ են: Նրանց հետ վիճելն անհնարին է. անպայման կգտնեն ցանկացած կոնֆլիկտ հարթելու ձևը: Նրանց համար առաջին տեղում հոգեկան անդորրն է, իսկ մնացյալը երկրորդական է:

Բնութագիրը

Կշռադատող Կշեռք-Կատուն ունակ է հասնել այն ամենին, ինչ ուզում է: Այլ հարց է ամբիցիաների բացակայությունը: Այս մարդը չի սիրում իր վրա պատասխանատվություն վերցնել, ուստի խուսափում է ցանկացած տիպի դժվարությունից: Նա չի էլ փորձի համառորեն հաղթահարել խոչընդոտները, այլ կգնա ամենահեշտ ու դիմադրություն չպահանջող ճանապարհով: Նրան ծույլ ու անգործունյա անվանել չի կարելի, քանի որ նա բոլոր դեպքերում բավականաչափ նպատակասլաց ու աշխատասեր մարդ է: Պարզապես Կատու-Կշեռքն այնքան հանգիստ ու նույնիսկ, կարելի է ասել, պասիվ է, որ անհրաժեշտ չի համարում անհանգստանալ դատարկ բաների պատճառով: Բնատուր իմաստնությունը նրան թույլ է տալիս հարցերն այնպես լուծել, որ բոլորը գոհ մնան: Նրա համար կյանքում ամենակարևորը ներքին ներդաշնակությունը պահպանելն է: Միայն այդ նպատակի համար նա մինչև վերջ կպայքարի:

Շփվող Կշեռք-Կատուները պատրաստ են ցանկացած թեմայով երկար զրույցներ վարել: Սիրում են աղմկոտ ընկերախմբերում ուրախ ժամանակ անցկացնել, քանի որ միայնությունը նրանց ձանձրացնում ու վախեցնում է: Նույնպիսի զգացումներ է առաջացնում նաև անհետաձգելի գործերով զբաղվելու անհրաժեշտությունը: Կատու-Կշեռքները ծնվել են փայլի, վառ ու հագեցած կյանքի, այլ ոչ թե միապաղաղ աշխատանքի համար: Անհրաժեշտ չեն համարում իրենց ողջ ժամանակը նվիրել օգտակար աշխատանքին, ավելին, հնարավոր բոլոր միջոցներով խուսափում են այդ պատվավոր գործից: Փոխարենը մեծ հաճույքով այցելում են աշխարհիկ միջոցառումների: Նրանք գեղեցկության իսկական գիտակներ են, նրանց դուր է գալիս ուրախ ժամանակ անցկացնել: Ոչ միայն հասարակությունը, այլ նաև պայմանները պետք է բավարարեն նրա բարձր ճաշակին: Իսկ ահա անճաշակ ինտերիերն ու ձանձրալի մարդիկ ամենասարսափելի բանն է, որ կարող է նրա հետ տեղի ունենալ:

Շրջահայաց Կշեռք-Կատուները հազվադեպ են տհաճ իրավիճակներում հայտնվում: Շատ բարի են, հիշաչար չեն, թշնամիներ էլ չունեն: Բավական խելացի ու աշխատասեր են հաջողության հասնելու համար: Այդ իսկ պատճառով Կշեռք-Կատուների կյանքն անցնում է առանց ավելորդ բարդությունների: Այս մարդիկ կարողանում են ընկերություն անել, գիտեն՝ ինչպես ամենահասարակ մեթոդներով հասնել հիանալի արդյունքների: Բնությունը նրանց իմաստնությամբ ու կշռադատելու ունակությամբ է օժտել, իսկ որ ամենակարևորն է՝ բարությամբ: Կշեռք-Կատուները միշտ պատրաստ են օգնության հասնել, ընդ որում՝ դա անում են ամենաբարի մտադրություններից ելնելով ու պարգևատրում չեն ակնկալում: Չնայած՝ ուրախ կլինեին նաև մի փոքրիկ նվեր ստանալ ու շնորհակալության խոսքեր լսել: Կատու-Կշեռքները կարողանում են անկեղծորեն ուրախանալ նույնիսկ մանրուքներով, պետք չէ նրանց նեղացնել անուշադիր լինելով:

Սիրո մեջ

Այս մարդիկ վատ են տանում միայնությունը, նրանց դուր է գալիս սիրահարված լինելը, ընդ որում՝ կարևոր չէ, թե ում: Կարևորը երջանկության զգացումն է: Հակառակ սեռի ուշադրությունը գրավելու համար Կշեռք-Կատուները սովորաբար լուրջ ջանքեր չեն գործադրում: Նրանք ուշադիր են իրենց արտաքին տեսքին, լավ դաստիարակված են ու միշտ շատ նրբանկատ: Այդ իսկ պատճառով նրանք մշտապես շրջապատված են երկրպագուներով ու երկրպագուհիներով: Սիրառատ Կշեռք-Կատուները միշտ ուրախ են նոր ծանոթություններ հաստատել:

Ցանկացած Կշեռք-Կատու անկախ սեռից չի ձգտում առաջատարի դերին: Պատրաստ է ենթարկվել իր երկրորդ կեսին, քանի որ դերերի նման բաշխումը ձեռնտու է իրեն: Առանձնապես մեծ ցանկություն չունի լուծել կարևոր ընտանեկան հարցերը, փոխարենը հաճույքով կատարում է բոլոր հանձնարարությունները: Վեճեր ու սկանդալներ չի սիրում, այնպես որ՝ պատրաստակամ բավարարում է կողակցի քմահաճույքները: Մինչև վերջ կպայքարի իր ամուսնության համար. Կշեռք-Կատուն ընտանիքի մարդ է: Միշտ ուշադիր է երեխաներին, նրանց շատ ժամանակ է տրամադրում:

Կարիերան

Խելացի, կշռադատող ու շատ զգույշ Կշեռք-Կատուները ցանկացած գործատուի երազանքն են: Օժտված են այն բոլոր որակներով, որոնք կարող են նրանց հաջողության ու բարձունքների հասցնել: Սակայն ցանկություն չունեն իրենց թանկագին ժամանակը վատնել իշխանության համար պայքարի վրա: Նրանք հիանալի կատարողներ են, կարգապահությամբ հետևում են ղեկավարության բոլոր հրահանգներին: Կշեռք-Կատուները լրիվ գոհ են իրենց վիճակից, քանի որ ժամանակ է մնում նաև գործընկերների հետ շփվելու համար:

Կշեռք-Կատուները կարող են ընտրել ցանկացած մասնագիտություն, բայց նրանց ավելի հարմար է մարդկանց հետ կապված աշխատանքը: Մեծ հաճույք են ստանում հասարակության մեջ լինելուց: Ունակ են կազմակերպել մասշտաբային միջոցառումը կամ գլխավորել բարեգործական ֆոնդը: Շահի հետևից չեն ընկնում, կյանքի իմաստը գումար աշխատելու մեջ չեն տեսնում: Չնայած՝ կարող են հաջող աշխատել առևտրի ոլորտում կամ զբաղվել ֆինանսական գործունեությամբ: Այս մարդկանց համար բացի սեփական ծուլությունից այլ խոչընդոտներ չկան:

Կշեռք-Կատու տղամարդը

Այս երկու նշանների միությունը Կշեռք-Կատու տղամարդուն օժտում է զարմանալի հանգստությամբ, երբեմն թվում է, թե նա անտարբեր է ամեն ինչի նկատմամբ: Իսկ իրականում նա հաճույք է ստանում կյանքից, իմաստ չի տեսնում դատարկ բաների պատճառով անհանգստանալու մեջ: Բարձր պաշտոնի չի ձգտում, բայց լավ աշխատող է համարվում, քանի որ ազնիվ է: Իրեն չի տանջում գումարի հետևից ընկնելով, բավարարվում է նրանով, ինչ ունի: Այս բարեհամբույր մարդը դուր է գալիս բոլորին, տղամարդ Կշեռք-Կատուները թշնամիներ չունեն ու չեն էլ կարող ունենալ: Սիրային հարաբերություններում անթերի են. առիթների դեպքում և անառիթ նվերներ են մատուցում, հաճոյախոսություններ են անում, հոգատար են: Բայց նախաձեռնող պետք է լինի կինը, հակառակ դեպքում ողջ կյանքը փեսացու դերի մեջ կմնա չնայած այն բանին, որ իր հետ ամուսնանալ ցանկացող կանայք բազմաթիվ են:

Կշեռք-Կատու կինը

Մտավոր բարձր ունակություններով օժտված Կշեռք-Կատու կինը մարդկանց հետ իրեն անթերի է պահում, հանգիստ ու մեղմ բնավորություն ունի: Նրա համար կարևոր է փոխանակվել հույզերով, տպավորություններով, չի կարող ապրել միայնության մեջ: Կարողանում է կապեր հաստատել, նա հիանալի կազմակերպիչ է, միշտ շրջապատված է համախոհներով: Ճիշտ է, մի քիչ ցրված է, դրա համար էլ հուսալի գործընկերների օգնության կարիքն ունի: Այս հմայիչ կինը մեծ սեր է վայելում տղամարդկանց մոտ: Վերջիններիս գրավում է այս կանանց մեղմությունը, նրբությունն ու կանացիությունը: Շատ պատասխանատու է վերաբերվում կնոջ ու մոր պարտականություններին, նա իդեալական կին է: Կշեռք-Կատվին չեն վախեցնում դժվարությունները, նա հավատարիմ, սիրող, ընտանիքին ողջ սրտով նվիրված կին է:

ԿՇԵՌՔ-ՎԻՇԱՊ

Նրբանկատ, կրթված Վիշապ-Կշեռքը դուր է գալիս մարդկանց, բայց պետք չէ նրանց ամբողջովին վստահել. չէ՞ որ հմայիչ արտաքինի տակ ուժեղ խառնվածք է թաքնված: Այս մարդը շփման մեջ զուսպ է, իր ներքին աշխարհը պաշտպանում է օտար միջամտությունից: Վիշապի տարում ծնված Կշեռքն առանձնանում է մեղմությամբ ու բարյացակամությամբ: Դրա հետ մեկտեղ, ակտիվ է, առույգ, չի վախենում համարձակ որոշումներ ընդունել: Միշտ ուշադիր է շրջապատողների խնդրանքներին, չնայած նրան իրականում հուզում են միայն սեփական խնդիրները: Բայց բնածին մեղմության ու բարության պատճառով չի կարող անտարբեր անցնել ուրիշի դժբախտության կողքով: Այնպես որ՝ մշտապես զբաղված է ինչ-որ օգտակար գործերով: Նա սիրում է միայնությունը, նրան դուր է գալիս մտածելն ու երազանքներին տրվելը:

Բնութագիրը

Խաղաղասեր Վիշապ-Կշեռքը չի սիրում վիճել ու հարաբերություններ պարզել: Ավելի շուտ կլռի ու կթաքցնի կոնֆլիկտը, քան բաց վեճի մեջ կմտնի: Հակառակ կողմի նույնիսկ ամենահամոզիչ փաստարկները նրան չեն ստիպի փոխել իր տեսակետը: Վիշապ-Կշեռքն այնքան ինքնավստահ է, որ շրջապատողների կարծիքը նրա համար մեծ նշանակություն չունի: Իհարկե, նա լսում է խորհուրդները ու նույնիսկ հետևում է դրանցից մի քանիսին, բայց առանց ֆանատիզմի: Նա արդարամիտ է, հանգիստ, կշռադատող, կարողանում է ճիշտ եզրակացություններ անել: Շտապողական որոշումներ չի ընդունում ու կախված չէ հասարակության կարծիքից: Բոլոր Կշեռք-Վիշապներն, անկախ սեռից, բարոյական բարձր որակներ ունեն, հակված չեն բամբասանքների ու խարդավանքների:

Վիշապ-Կշեռքն այնքան էլ շփվող չէ ու սիրում է միայնությունը: Ճիշտ է, շրջապատին դուր է գալիս նրան շեղել իրենց խնդրանքներով: Մարդիկ չեն էլ կռահում այս մարդու միայնության ձգտման մասին, քանի որ նա շատ մեղմ ու բարի է: Կշեռք-Վիշապներն ազատ ժամանակը սիրում են անցկացնել ընտանիքի հետ, իսկ աղմկոտ զվարճանքները նրանց հոգնեցնում են: Չնայած՝ հանուն քաղաքավարության կարող են ընկերակցել ու ուրախ երեկույթի մասնակցել: Բայց դրանից կփորձեն առավելագույն շահ քաղել՝ նոր ծանոթություններ հաստատել: Այս գրավիչ անձնավորությունը զարմանալի կերպով միշտ ուշադրության կենտրոնում է: Մարդկանց դուր է գալիս Վիշակ-Կշեռքի ընկերակցությունը, իսկ ահա նրա մտքերն ու ցանկությունները բոլորի համար գաղտնիք են: Եվ շատ ավելի լավ, քանի որ հետաքրքրասիրությունը կարող է բարկացնել նրան:

Կշեռքի ու Վիշապի նշանների տակ ծնված մարդու կյանքը լի է ամենատարբեր հաճույքներով; Այս մարդը զարգացած էսթետիկ ճաշակ ունի, սիրում է գեղեցիկ իրեր գնել: Ուշադիր է իր զգեստապահարանին, գիտի նորաձևության բոլոր նորույթների մասին: Կշեռք-Վիշապը չի հանդուրժի կարիքն ու աղքատությունը: Նա ձգտում է հաջողության ու բարեկեցության, պատրաստ է պայքարել լավագույն տեղի համար: Նա կփորձի իր ուզածին հասնել ազնիվ աշխատանքով, քանի որ պատասխանատվությունն ու նպատակասլացությունը նրա արյան մեջ են: Այս կշռադատող, փառասեր մարդը հեշտությամբ է բարձր դիրքի հասնում: Իսկ եթե նույնիսկ դժվարություններ են առաջանում, չի բողոքում, այլ լուռ հաղթահարում է դրանք:

Սիրո մեջ

Անձնական հարաբերություններում Կշեռք-Վիշապը զգույշ է, երկար է ընտրում: Խուսափում է քիչ ծանոթ մարդկանց հետ շփումներից, միայն քաղաքավարության համար երկու բառ կփոխանակի: Հակված չէ թեթևամիտ կապերի, չի սիրում ֆլիրտն ու դատարկ զրույցները: Նախընտրում է երկար սիրատածությունը. նրա համար ժամանակը սիրային գործերում լավագույն խորհրդատուն է: Չի կարելի նրան անզգացմունքային ու սառը մարդ համարել: Հակառակը, սիրային հորոսկոպը վկայում է Վիշապ-Կշեռքի տաքարյուն էության մասին: Պարզապես բոլորին տրված չէ տեսնել նրա իրական դեմքը:

Այս համադրությամբ մարդիկ լուրջ են վերաբերվում ամուսնությանը: Ընտրության հարցում չեն շտապում, մանրամասն վերլուծում են կողակցի վարքը: Վիշապ-Կշեռքը միասեր է, կողքից զվարճանքներ չի փնտրում: Ամուր հարաբերությունների կարիք ունի, այնպես որ՝ բոլոր ուժերով փորձում է պահպանել իր ամուսնությունը: Բարեբախտաբար, ընտրության հարցում հազվադեպ է սխալվում, նրա ընտանեկան կյանքը բավականին հաջող է դասավորվում: Շատ ժամանակ է հատկացնում, մտերիմներին, երեխաներին: Փորձում է իր երեխաներին արժանավոր մարդիկ դարձնել:

Կարիերան

Կշեռք-Վիշապի համար նշանակություն ունի ոչ միայն նյութականը, եկամուտը, այլ նաև հոգեկան վիճակը: Այնպես որ՝ իրեն հոգեհարազատ մասնագիտություն է ընտրում ու ողջ կյանքում ծառայում է սիրելի գործին: Աշխատանքին լուրջ է վերաբերվում, մեծ նվիրվածությամբ է աշխատում: Չի սիրում ցուցադրել իր արժանիքները, բայց պարգևատրում է ակնկալում: Այս ազնիվ, պատասխանատու աշխատողն իրավունք ունի մասնագիտական աճ ու աշխատավարձի բարձրացում սպասել: Կշեռք-Վիշապին աշխատանքային կոլեկտիվում գնահատում են բարձր պրոֆեսիոնալիզմի համար:

Օժտված, շփումների մեջ ճկուն Վիշապ-Կշեռքը կարող է կայանալ ցանկացած մասնագիտության մեջ: Նա համբերատար է, կարողանում է հարթել կոնֆլիկտները: Նրան հարմար է մարդկանց հետ կապված աշխատանքը: Նրա տաղանդները պահանջարկ կունենան հաղորդակցման ու կառավարման հետ կապված գործունեության մեջ: Վիշապ-Կշեռքն առանձնանում է նպատակասլացությամբ, վճռականությամբ ու աշխատասիրությամբ: Հաջող կարիերային խանգարող միակ խոչընդոտները կարող են դառնալ ինքնամփոփ լինելն ու խնդիրները չափազանցնելու հակվածությունը:

Կշեռք-Վիշապ տղամարդը

Ինչքան էլ որ ուժեղ լինեն Վիշապի տարում ծնված Կշեռք տղամարդու ապրումները, նա դրանք շրջապատին ցույց չի տա: Նա հանգիստ, հավասարակշռված մարդ է, ձգտում է ներքին ներդաշնակության հասնել: Նրա համար շատ կարևոր է սեփական առաքելությունը գիտակցելը, ընդ որում՝ նա ինքնուրույն պետք է ամեն ինչից գլուխ հանի: Խորհուրդ չի հարցնի նույնիսկ մտերիմներից: Վիշապի էներգիան ու Կշեռքի իմաստնությունը կօգնեն նրան հաջողության հասնել առանց օտար միջամտության: Սովորաբար նրա կյանքը հաջող է դասավորվում. Կշեռք-Վիշապը մասնագիտության մեջ ու անձնական կյանքում կայացած մարդ է: Կանայք գնահատում են նրա խաղաղասեր բնավորությունը, բայց թերագնահատում են նրա համառությունն ու անկախության ձգտումը: Նա ճնշումներ չի հանդուրժի, միշտ վարվում է իր ուզածով:

Կշեռք-Վիշապ կինը

Բարի ու սրտաբաց Կշեռք-Վիշապ կինը մարդկանց հարազատ ու ծանոթ է թվում, նրան կարելի է համարձակ վստահել գաղտնիքները: Նա փորձում է չմտածել վատ բաների մասին, միշտ բարեհամբույր ու շփվող է: Առանձնանում է ապագայի հանդեպ լավատեսական հայացքով: Այս համադրությամբ կինը ինքնավստահ է, խելամիտ, այնպես որ՝ առանց թռիչքների ու անկումների հանգիստ կյանք է վարում: Չնայած՝ Վիշապի էներգիան նրան երբեմն զրկում է հանգստից, չմտածված արարքների ու մշուշոտ հեռանկարների է մղում: Բայց պետք չէ անհանգստանալ նրա բարեկեցության մասին. Կշեռք-Վիշապը ինքնաբավ կին է: Ընտանեկան կյանքը նրան չի զրկում աղջկական հմայքից, միշտ պահպանում է լավ տրամադրությունը: Մտերիմների մասին հոգ տանելը նրան չի ձանձրացնում, այլ միայն ուրախացնում է:

ԿՇԵՌՔ-ՕՁ

Իմաստուն Օձի ու դիվանագետ Կշեռքի համադրությունը զարմանալի ներդաշնակ է: Այս նշանների համադրությամբ մարդիկ հանգիստ, հավասարակշռված մարդկանց հեղինակություն են վայելում: Միշտ քաղաքավարի են, բարեհամբույր, հարգում են ուրիշների կարծիքն ու համընդհանուր ուշադրության չեն ձգտում: Օձ-Կշեռքները շփման մեջ թեթև ու անհոգ են, մեծ լավատեսությամբ են նայում ապագային: Այս հաճելի, բարեհոգի մարդիկ համակրանք ու անսահման վստահություն են առաջացնում: Կշեռք-Օձերը մարդկանց հիպնոսացնում են իրենց հմայքով, ցածր ձայնի ու հաճելի շարժուձևի օգնությամբ թմրեցնում են նրանց զգոնությունը: Սակայն նրանք այնքան հասարակ ու միամիտ չեն, որքան թվում են: Համատեղելիության հորոսկոպում Կշեռք-Օձը ոչ ստանդարտ մտածողությամբ մարդ է: Նա խելացի է, հաշվենկատ, զոհ չի գնում հասարակության կարծիքին. ամեն ինչի մասին միշտ ունի իր սեփական տեսակետը:

Բնութագիրը

Այս մարդն այնքան հմայիչ է, որ առանց բացառության բոլորին դուր է գալիս: Օձ-Կշեռքը հեշտությամբ է նոր ծանոթություններ հաստատում, շփման մեջ էլ հասարակ ու բարեհամբույր է: Անտարբեր չէ, պատրաստ է օգնության հասնել, իսկ որ ամենակարևորն է՝ կարողանում է ուրախանալ ուրիշների հաջողություններով: Նրան առանձնացնում են մշտական բարձր տրամադրությունն ու բարությունը, ներդաշնակության ձգտելը: Օձ-Կշեռքը հազվադեպ է նեղանում, չի կարողանում երկար ժամանակ չարանալ: Նրա վրա կարելի է հույս դնել, բարդ իրավիճակում արագ ու վճռական է գործում: Թվացյալ թեթևության ու անհոգության հետ Կշեռք-Օձը կշռադատող է, հակված է երկար մտորումների: Միշտ գիտի, թե ինչպես վարվել տվյալ իրավիճակում: Անհրաժեշտության դեպքում կարող է ստել, ավելի շուտ՝ մոլորության մեջ գցել, բայց միայն հօգուտ գործի:

Օձ-Կշեռքի գլխավոր առանձնահատկությունը վերլուծական խելքն է: Եզրակացությունների հարցում չի շտապում, երկար կշռադատում է գործողությունների հնարավոր բոլոր տարբերակները: Չնայած հակված է ապրումների, բայց նրա արտաքինից դա չի երևում: Օձ-Կշեռքը կարողանում է արժանապատվորեն դուրս գալ ցանկացած իրավիճակից: Ճակատագիրը բարեհաճ է նրա հանդեպ. նա միշտ հասնում է իր նպատակներին: Նա երջանիկ ձևով խուսափում է տհաճություններից ու առանց տագնապների անհոգ վայելում է իր կյանքը: Շրջապատողները նախանձում են նրա հաջողություններին, քանի որ նրանց շատ քիչ է հայտնի այն դժվարությունների մասին, որոնց այս մարդը հանդիպում է: Օտարների համար նա ուրախ ու բարեհոգի մարդ է, իսկ մնացյալը՝ գաղտնիք է:

Համեստ, աշխատասեր Կշեռք-Օձեր չեն սիրում պարծենալ իրենց ձեռքբերումներով: Տաղանդավոր են, խելացի, ստրատեգիական մտածողություն ունեն ու կարողանում են ցանկացած խնդրի լուծման ինքնատիպ եղանակ գտնել: Մարդկանց մնում է միայն կռահել, թե ինչպես է նա կարողանում միշտ բարձրության վրա մնալ: Օձ-Կշեռքները նախընտրում են չբացահայտել իրենց կյանքի մանրամասները: Միշտ բարեհամբույր են, ուշադիր են մարդկանց հանդեպ, բայց ոչ ավելին: Նրանք ունակ են փոքրիկ ստի, վիրավորանքները չեն ներում, շատ հազվադեպ դեպքերում վրեժ են լուծում: Սակայն Օձ-Կշեռքն օժտված է մարդկանց իր կողմը գրավելու տաղանդով, այնպես որ՝ համարյա թշնամիներ չունի: Փոխարենը մեծ թվով ընկերներ ունի, քանի որ բոլորին է հաճելի վայելել այս հմայիչ մարդու ընկերակցությունը:

Սիրո մեջ

Դյութիչ, խորհրդավոր Կշեռք-Օձերը անջնջելի տպավորություն են թողնում շրջապատողների վրա: Նրանց հետ հաճելի է շփվել ու ֆլիրտ անել: Սակայն Կշեռք-Օձերը չեն շտապում միանգամից մատնանշել իրենց բռնած դիրքը: Միայն որոշ ժամանակ հետո են դադարում գաղտնապահ լինել ու ակտիվ արտահայտել զգացմունքները: Սիրային հորոսկոպում Օձ-Կշեռքը ռոմանտիկ կողակից է, կարողանում է գեղեցիկ սիրատածել: Երբեմն շատ է տարվում ու զուր խոստումներ է տալիս, բայց նրանից անհնար է նեղանալը:

Բոլոր Կշեռք-Օձերն անկախ սեռից շատ նվիրված են իրենց ընտանիքին: Հատկապես շատ սեր ու հոգատարություն են տալիս երեխաներին, անսահման հպարտանում են նրանցով: Մտերիմների հանդեպ ագրեսիա չեն ցուցաբերում, հակառակը, աշխատում են օգնել: Ճիշտ է, երբեմն իրենք իրենց թույլ են տալիս թուլանալ ու հանգստանալ նաև ընտանիքից դուրս: Նման ցանկությունը բացատրելի է. Կշեռքները միայնության կարիք են զգում ու ողջ ուժով ձգտում են ներքին ներդաշնակության հասնել: Բացի այդ, իմաստուն Օձը հասկանում է, որ չի կարելի մտերիմներին նյարդայնացնել նրանց գործերին ակտիվ միջամտությամբ:

Կարիերան

Նպատակասլաց, կազմակերպված Կշեռք-Օձը ձգտում է հաջողության: Չնայած իր դանդաղկոտությանն ու երկար մտորումների հակվածությանը՝ այս մարդը հասկանում է, թե ինչ է սպասում կյանքից: Կարողանում է լեզու գտնել մարդկանց հետ, միշտ դրական է տրամադրված փոփոխությունների հանդեպ: Նա հիանալի կազմակերպիչ է, անգերազանցելի ստրատեգ ու պրակտիկ: Այնպես որ՝ իրեն նույնանման լավ է զգում ինչպես կատարողի, այնպես էլ ղեկավարի դերում: Դրա հետ մեկտեղ ամբիցիաներից զուրկ է, հասարակ է, նրա բոլոր մտքերը զբաղված են միայն գործով:

Աշխատասեր Կշեռք-Օձը չի վախենում խոչընդոտներից, ցանկացած բարդության աշխատանք նրա ուժերի սահմաններում է: Իր մտավախությունները չի բարձրաձայնում, այլ փորձում է ինքնուրույն լուծել խնդիրները: Վստահ է իր ուժերին, գիտի ինչպես առանց մեծ ջանքեր գործադրելու բարձր արդյունքների հասնել: Գործին հիմնավոր մոտեցման շնորհիվ Օձ-Կշեռքը կարող է ֆինանսների ոլորտում հաջող մասնագետ դառնալ: Վառ տպավորությունների չի ձգտում, նրա սրտով է հանգիստ, միապաղաղ աշխատանքը:

Կշեռք-Օձ տղամարդը

Օձի տարում ծնված տղամարդ Կշեռքի համար անհանգստության համար պատճառներ գոյություն չունեն: Ցանկացած խնդիր մտածելու ու առանց շտապելու դրա լուծմանն անցնելու նոր առիթ է: Խելացի է, աշխատասեր, շատ լավ տիրապետում է իրեն, այնպես որ՝ հեշտությամբ է հասնում իր նպատակներին: Ճիշտ է, հակված չէ շատ ծանրաբեռնել ինքն իրեն, բավարարվում է նրանով, ինչ ունի: Իրեն լավ է դրսևորում ինչպես ղեկավարի դերում, այնպես էլ հասարակ պաշտոնում: Պետք չէ մտածել, որ Կշեռք-Օձ տղամարդն այնքան անվնաս է, որ նրա հետ կարելի է ուզածի նման վարվել: Նա կարողանում է պաշտպանել իր հետաքրքրությունները՝ անկախ դիմացինի դիրքից: Անձնական կյանքում էլ թույլ չի տա, որ կինը ղեկավարի իրեն: Նրա հանգստությունը չպետք է ձեզ մոլորության մեջ գցի. նա անձնական արժանապատվության զգացում ունեցող իսկական տղամարդ է:

Կշեռք-Օձ կինը

Իմաստուն Կշեռք-Օձ կինը շատ լավ գիտի, թե ինչ է ուզում կյանքից: Նրան քիչ է հետաքրքրում շրջապատի կարծիքը, առավել ևս, որ նա կարողանում է ցանկացած մարդու հետ ընդհանուր լեզու գտնել: Անհրաժեշտության դեպքում կարող է ցանկացածին իր կողմը գրավել: Սակայն ամեն ինչից գլուխ է հանում նաև առանց դրա, պարզապես հետևում է իր նպատակներին: Առանց ավելորդ խուճապի իր կյանքն այնպես է դասավորում, որ ապրի հանգստության ու լիության մեջ: Մասնագիտական աճն ու տղամարդկանց հետ հարաբերությունները սովորական հոգսեր են, որոնք նա լուծում է փուլ առ փուլ ու առանց նյարդայնանալու: Այս զարմանալի կինը գրավում է տղամարդկանց ուշադրությունը, բայց ընտրության հարցում չի շտապում, ունակ է վստահել միայն նրանցից ամենաարժանավորին: Ընտանեկան կյանքում սովորաբար երջանիկ է, քանի որ չի չափազանցնում իր արժանիքները ու չի նվազեցնում իր տղամարդու արժանիքները:


Տարվա և ամսվա համադրությունը. ԿՇԵՌՔ (Մաս 2-րդ)

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 3055 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: Կշեռք | Վարկանիշ: 5.0/5