ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սյուրռեալիստական բնապատկերներ. Պամուկալե տրավերտինները, Թուրքիա
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 2350 | 22:00 Ավելացրեց: Moder-003

Պամուկալեն համարվում է Թուրքիայի գլխավոր բնական հուշակոթողներից մեկը։ Այն իրենից ներկայացնում է լեռնային ծակոտկեն քարերով՝ տրավերտիններով ձևավորված ջերմային աղբյուրների և զարմանալի գեղեցիկ ջրամբար-սանդղավանդների մի ամբողջություն։ Տեղական հանքային աղբյուրներում մեծ քանակությամբ կալցիում է պարունակվում, որի շնորհիվ էլ բնական այս լողավազանները կուրացնող սպիտակ գույն ունեն, իսկ ջուրը նրանց մեջ երկնագույն երանգ է ստանում։ Ներդաշնակ հանքային ձևավորումներն ու բնական լողավազանները միասին հեքիաթային գեղեցիկ Պամուկալե կոմպլեքսն են ձևավորում, որն ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում։

Բնական այս կոմպլեքսի անունը թուրքերենից կարելի է թարգմանել որպես «բամբակե դղյակ»։ Պամուկալեն բաց է հանգստացողների համար, իսկ նրա որոշ հանքային լողավազաններ հասանելի են նաև լողանալու համար։ Միակ կանոնը, որին պետք է հետևեն զբոսաշրջիկները, կոմպլեքսի տարածք կոշիկներով չմտնելն է։ Հանքային նստվածքները բավականին փխրուն են, այնպես որ՝ տրավերտիններով պետք է զգուշորեն քայլել։

Կոմպլեքսի մի հատվածը փակ է այցելությունների համար, այնպես որ՝ դրանով հիանալ կարելի է միայն հատուկ դիտահարթակներից։

Բնական այս կազմավորման կենտրոնական մասը զբաղեցնում է բլուրը, որի գագաթին հանգստի համար հարմարավետ գոտի են ստեղծել։ Երեկոյան ժամերին բլուրը լուսավորվում է, այնպես որ՝ զբոսաշրջիկներից շատերը սիրում են այստեղ այցելել երեկոյան ժամերին։

Փորձված զբոսաշրջիկները խորհուրդ են տալիս Պամուկալե այցելել աշնանը, քանի որ ամռան շոգին բաց տարածքում տաք հանքային ջրերում լոգանքը կարող է անհարմարություններ ստեղծել։ Պետք է նաև նկատի առնել, որ բնական կոմպլեքսի մուտքը վճարովի է։

Սյուրռեալիստական բնապատկերներ. Պամուկալե տրավերտինները, Թուրքիա
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 2350 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: սյուրռեալիստական բնապատկերներ | Վարկանիշ: 5.0/5