Անսովոր կամուրջներ. Կամբոջայի Բամբուկե կամուրջը
| |
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 1794 | 22:00 | |
Կամբոջայի արևելյան մասում՝ Մեկոնգ գետի վրայով է անցնում հայտնի 300 մետրանոց կամուրջը, որն ամբողջությամբ բամբուկից է պատրաստված։ Այն համարվում է աշխարհի ամենաերկար բամբուկե կամուրջը, և միացնում է Կո Պեն կղզին ու արևմտյան ափը, որտեղ գտնվում է Կամպոնգ Չամ քաղաքը։ Կամուրջը կառուցելու համար 50 հազար բամբուկի փայտիկ է անհրաժեշտ։ Անձրևների շրջանում՝ մայիսից նոյեմբեր, տեղացիները հավաքում են կամուրջն ու պահում են բամբուկը մինչև մյուս տարի։ Ապա նորից կառուցում են այն։ Այս գործընթացը տեղի է ունենում արդեն տասնամյակներ շարունակ, իսկ իր գոյության ողջ պատմության ընթացքում կամուրջը միայն մի քանի անգամ չի վերակառուցվել՝ Կամբոջայում քաղաքացիական պատերազմի տարիներին։ Առաջին հայացքից թեթև ու փխրուն թվացող կամուրջը դիմանում է ոչ միայն հետիոտնի, այլ նաև հեծանիվների ու նույնիսկ ավտոմեքենաների ծանրությանը։ Կամուրջով անցնելը վճարովի է՝ տեղացիների համար մի քանի ցենտ արժե, իսկ զբոսաշրջիկների համար այն մոտ մեկ դոլար է։ Հայտնի չէ, թե որքան կշարունակվի բամբուկե կամուրջը կառուցելու սովորույթը։ Անցյալ տարի նրա կողքին ժամանակակից 800 մետրանոց բետոնե կամուրջ է կառուցվել։ Համապատասխանաբար, այն ունակ է ավելի մեծ ծանրություն տանել՝ 30 տոննա, ի տարբերություն բամբուկե կամուրջի, որը 4 տոննայի է դիմանում։ Տեղացիները մտավախություն ունեն, որ նոր կամուրջը կփոքրացնի բամբուկե «գլուխգործոցի» պահանջարկը։ Անցյալ տարի Կամպոնգ Չամ այցելած զբոսաշրջիկները վկայում են, որ կամուրջը դեռ իր տեղում է, պարզապես այն ավելի լայն են կառուցել։ |
|